Մեքենա վարելը միակ փրկությունս էր, որն օգնում էր փախչել մտքերից Քո մասին:
Իսկ Քո կարոտի թելն իմ մտքում նման էր բաց նյարդալարի, որը բթացնող էր և առանց իմ հավանության ապրում էր իմ գլխում: Քսաներկու ամյա կապտասև Մերսեդեսի թավ շարժիչը, կանաչ լանդշաֆտները, հուլիսյան այրող արևը, վարդագույն մայրամուտները, փշոտ վարդերի դաշտերը, վանգոգյան արևածաղիկները, ձանձրացած բենզալցակայանները, իմ անվտանգության մասին հոգ տանող կարմիր ճանապարհային նշանները, հեռվում նշմարվող Ալպերի արծաթափայլ գագաթները, հեռավոր Դոլոմիտների համբույրները ժամանակավոր շեղում էին ուշադրությունս, գողանում Քեզ իմ մտքերից: Ես դեմ չէի այդ մտքերին. նրանք իմ ընկերներն էին, ինչպես գրողներն էին իմ ընկերները, որոնց այդքան դժվար էր գտնել իրական կյանքում, բայց նրանք ընդմիշտ մնում էին իմ կյանքում, չէին լքում ինձ: Ես նրանց հետ զրուցում էի իրենց գրի միջոցով, իսկ կյանքում այնքան դժվար էր գտնել այդպիսի ընկերներ: Իրական կյանքում ընկերները լուռ լքում են, անէանում, ինչպես աստղերը, որոնք անսպառ սեր են խոստանում ու գովերգում թուխ աչքերիս գեղեցկությունը, բայց իսկույն գոլորշանում են սառն ու դժգույն լուսաբացին: Մայրամուտներում ես փնտրում էի իմ սփոփանքը: Հազարավոր ձանձրույթի ու տխրության ժամեր եմ անցկացրել՝ ցավս մոռանալով կարմրանարնջագույն երկնքին նայելիս:
Իմ սիրելի Մերսեդեսը նույնպես իմ ընկերն էր, նա ինձ հետ սուսուփուս ունկընդրում էր քաղցր հուլիսյան քամու մեղեդին, որը լսվում էր իջեցրած պատուհանից: Քամու մեղեդին թափանցում էր ներս, դիպչում ձեռքիս, որը պինդ հպված էր ղեկին, խլացնում էր ռադիոյից եկող խորթ երաժշտությունը, խլացնում էր Քո այդքան հարազատ դարձած խաղցրահնչյուն ձայնը, որը դեռ ծորում էր իմ ականջներում ու, թե ինչքան էր ծորելու, դեռ ոչ ոքիս հայտնի չէր…
Ես քամուն նույնպես դեմ չէի, նա իմ ընկերն էր:
Իսկ իմաստուն ու բազում ճանապարհներ տեսած Մերսեդեսը, որը նույնպես տեսել էր դառնալի իրողություններ, զգացել էր իր վրա կորուստի ցավեր, փրկում էր ինձ իմ խենթությունից:
Գիշերը, երբ աշխարհը ննջում էր, Մերսեդեսի նրբագեղ լուսարձակներն իրենց լազուր փայլով սիմֆոնիա էին ստեղծում աստղերով շաղված կապույտ երկնքի հետ ու միահյուսված լուսնի լույսով՝ արևի կարոտի երգն էին նվագում: Տաք ասֆալտի ջերմագին ու փոշոտ խաղը գիրկն էր առնում անծանոթ ու տխրադեմ փողոցների լապտերներին:
Թանկագին ճանապարհորդությանս իմ այս հետամուտ ընկերակիցները շշնջում էին ականջիս, որ ջերմաշունչ ամառը մի կտոր երիտասարդություն է: Սերն ու ամառը մերձակիցներ են:
Նրանք ինձ փրկում էին իմ խելագարությունից, նրանք ջնջում էին իմ հիշողության այն փոշոտ դարակը, որը լի էր Քո լուսանկարներով, Քո նամակներով, Քո մասին հիշողություններով ու Քո այն մազակալով, որն ինձ էիր նվիրել մի գեղեցիկ հունիսյան երեկո:
Միացրի աջ թարփիչն ու կանգ առա ինչ-որ մի անծանոթ գյուղի ճանապարհի եզրին: Գլուխս հենած բարձին՝ գրկախառնված հոգատար ամրագոտու հետ, որոշեցի ունկնդրել աստղերի սիմֆոնիան: Շուտով մի քանի մեքենա անցան իմ կողքով: Անհանգստացած վարորդներն ինձ հարցնում էին, թե ամեն ինչ լա՞վ է, օգնության կարիք ունե՞մ արդյոք: Ես պատասխանում էի, որ այո, օգնության կարիք ունեմ, բայց ոչ մեքենայի հետ կապված: Խնդրում էի նրանց՝ այդ անծանոթներին, որոնց մեջ տեսնում էի իմ փրկչին, օգնել ինձ, որ մոռանամ Քեզ: Ապշահար եղած անծանոթները՝ կարծելով, որ խելքս թռցրել եմ, թափ էին տալիս ուսերն ու արագ հեռանում՝ իրենց հետևից թողնելով զարմանահար մեքենայի ծուխը: 235 կմ հեռավորությունն էր բաժանում ինձ Քեզնից ու նաև մեր միջև ծնված անդունդը: Իմ ընկեր Մերսեդեսը գիտեր դա և հրաժարվում էր շարժվել դեպի Քեզ, անցներ այն ճանապարհը, որը կբերեր ինձ դեպի Քո տուն, որի ջահերը լույս էին սփռում Քո ոսկեփայլ վարսերին ու իրենց հիշողության մեջ լուռ պարուրում մեր երկուսիս երբեմնի երջանիկ ծիծաղը: Այն ժամանակ ես համոզված էի, որ սա է իմ տունը, որ ես վերջապես տանն եմ:
Հռոմեական վեհաշուք տաճարներն այլևս անհասանելի երազ չէին, Դանթեի տան պատերն ու եկեղեցին այլևս անհասանելի երազ չէր, Միքելանջելոյի Դավիթը՝ այդ մարմարե կատարյալ մարմնով պատանին այլևս անհասանելի երազ չէր, Տոսկանայի, Լոմբարդիայի դաշտերը, հայացքների դեպի վեր հառած կանաչ ծառերը, լազուր խաղաղ երկինքը այլևս անհասանելի երազ չէին: Պիզայի աշտարակը, որը ձանձրույթից էլ ավելի էր թեքվել, այլևս անհասանելի երազ չէր: Հարավային Թիռոլի կանաչ լանջերը, Ալպերի փայլուն ձյունը կարմիր մայրամուտին այլևս անհասանելի երազ չէին: Սերն էր անհասանելի, այն սերը, որի մասին երազում եմ : Սերն էր երազը անհասանելի՝ փոխադարձ սերը, որը չգտա աշխարհի ոչ մի հասանելի անկյունում: Ահա այս քնաթաթախ մտքերիս մեջ էի սուզվել և հանկարծ սթափվեցի մեքենայի շարճիչի ձայնից: Մերսեդեսը խելացի էր, նա գիտեր, որ կոտրված տեղը միշտ էլ մնում է կոտրված, ինչքան էլ փորձես տարբեր միջոցներով սփոփել կորուստի ու կարոտի տառապանքը: Դեռ չէր լուսացել, մթնշաղ էր, զով քամին օծանելիքիս բույրը սփռում էր խաղաղ դաշտերի կանաչ խոտերին: Եվ հանկարծ, իմ հին ընկեր Մերսեդեսը ղեկը դարձրեց հակառակ կողմ և ուղղորդեց իր ճակատը դեպի տուն: Նա լուռ ու մունջ փոխադրեց ինձ տուն, որտեղ լսվում են մորս ու հորս ծիծաղն ու եղբորս բազում պատմություններն առավոտյան սուրճի սեղանին: Եվ ես հասկացա, որ դա էր տունը, ամենաիրական տունը, որտեղ կա սեր, այն սերը, որ հավերժ է, անսպառ, փոխադարձ, առանց կեղծիքի ու սնափառության: Ես տանն էի, ամեն ինչ լավ էր…