Տարեսկզբին բուռն քննարկումների առիթ տված Apocalypto բանաստեղծությունը ակամա դարձավ այս թավշյա հեղափոխության ահազանգը: Իսկ հաջորդող բանաստեղծությունները գրվել են հեղափոխության օրերին և արտահայտում են ինչպես համազգային զարթոնք ու ցնծություն, այնպես էլ անհատի մենությունն ու տագնապը:
Apocalypto
Իմ երկիրը՝ արևելյան թերմացք,
նեխելու է կեղծիքի մեջ ու ստի,
կեղտից-կեղտ սողալու է ճապաղ
ու չի բարձրանա իր կղանքից վեր:
Անսպիտակեղեն, մնալու է ցեխին տապկած՝
թևերի տակ սարդոստայն ու ոչ մի թռչող երազ.
մեր փախուստն է աշխարհում՝ ելք դեպի ներս,
որ ճակատագիր է այլևս, ոչ թե հեգնանք:
Դիվապետ
Մի ուրուր է անցնում
մեր լեռների պարով.
Վահագնի հետ է շփոթել իրեն,
նստել է փայտե ձի չներկած,
կարծում է՝ վիշապ է հեծնել:
Քշում է Գալ-ուսին,
ոչ այն վեհությամբ,
ինչպես վայել էր Կեսարին.
ոտքերի արանքում վրնջում է մի բան,
որ նման չէ ձիուն Հուլիոսի.
մի քոսոտ յաբու է՝ սմբակ ու հեծան,
անունը Շեռ-Մեզ:
Մի տրցակ այլայլ ոգիներ
կարգել են իրենց սև խնջույքին պետ սույն դևին.
այդ գիշերն է թթվել մեր աշխարհում հիմա՝
մի նոր Ներոն ու դիվապետ:
Ամֆիթատրոնն է շրջել բութ մատը ներքև,
իսկ այդ ընկածը վստահ է,
թե պար են բռնել շուրջը վերնուղեշ:
Մի սև՝ առանց թևեր,
անցնում է մեր լեռների պարով՝
հեծած փայտե ձի,
ինչպես դև՝ դուրս պրծած հեքիաթներից:
Կուլիս
Ինչ-որ բան նեխել է
Դանեմարքում, միլորդ.
մեր դերը խաղանք խելագար,
գուցե դա է փրկությունը մեր:
Միշտ էլ ծափ կտա ամբոխը,
հետո կշպրտի քար.
հիմա չեն հարցնում`կա՞ մեկը ձեր մեջ,
որ լինի արդար:
Մենք կամավոր ենք`
շալակը դրած ծաղր ու պարսավանք`
հանուն ճշմարիտ խոսքը ասելու.
դեռ խոցվելու ենք սրից`սայրը թունավոր,
մենամարտում արքայի մատնած:
Իսկ հետո մեկը`պալատի ծաղրածուն,
կասի մեր փոխարեն`
բառեր, բառեր… մնացյալը լռություն է:
Կարևոր մի բան անդարձ է նեխել
Դանեմարքում, միլորդ.
մենք խելագարվում ենք,
և սա է փրկությունը մեր:
Քայլերթ
Մեր ձեռքում է մեր դրոշը`երեք գույն.
փշալար, ոստիկաններ ու շուրջկալ:
Աշխարհը ուղիղ է տեսնում,
մեր հայացքը շեղ նայեց.
և գնում են մեր ոտքերը անթեք`
առավոտ, կեսօր ու իրիկուն:
Իմ թևերին` գարնան ապրիլ,
իմ աչքերում` այսվայրկյանի նորալույս,
թոքերիս մեջ եկող օրն է` շնչառություն.
իմ քայլն եմ անում
և սիրո անշեջ հուրն եմ բերում քեզ`
կանաչ-կարմիր քո աշխարհը անթեղված:
Հեքիաթի այն տղան ես,
որ խոցեց սիրտը
և գլուխ առ գլուխ կտրում է
ջրի ակունքը փակած վիշապին:
Մենք անկախ ենք,
ազատ ենք,
միասին ենք,
Հայաստան:
Քայլ արա
Քայլ-քայլ,
քայլ առ քայլ,
էլի մի քայլ.
ու ճանապարհ ենք,
հրապարակ ենք,
երկիր ենք:
Զանգ է,
ահազանգ է
ու ղողանջ է զվարթ,
որ կախվել է հող ու արևի միջև:
Դու ես,
ես եմ,
այս տոնը մենք ենք.
ամբողջ, ամբողջ
սիրո ցնծություն ամբողջ:
Լույսի, ճերմակ լույսի ժամանակ:
Կաթիլ-կաթիլ,
կաթիլ առ կաթիլ,
էլի մի կաթիլ,
ու դուրս է եկել օվկիանոսն ափե-ափ:
Երկբա
Խավարը երկար էր.
չհավատացինք, որ ցայգ է
և լուսաբաց է լինելու:
Ծանր նստել էր մեր մեջ մի կույտ ցեխ,
որ նման չէր կավին նախամարդու,
և վախ կար չարի հորինած մուտանտից:
Ձեռքս բռունցք պարզած վանկարկել եմ բառեր`
շուրթերիս վրա երգ,
ատամներիս տակ սեղմած տագնապ.
անցել եմ երիզներով փողոցների`
հանրահավաք, ցույց ու երթեր,
և վստահ չէի,
որ քո կորցրածն եմ գտել ես:
Երբ քայլում էիր ջրերի վրա,
թերահավատ էի մակույկում նստած.
միչդեռ պիտի գայի ընդառաջ,
ձեռքդ բռնեի աներկբա,
որ չսայթաքեիր դու,
ու չընկնեի ես,
և ասեիր`
քո հավատը փրկեց քեզ:
Երեկ` խավարում հոգնած,
այսօր` լույսերի երկիր.
մե’կը հավատաց մեր մեջ,
և ազատ ենք:
Հեղափոխություն
Տվածդ մի կյանք է, երկիր,
ու երկու հեղափոխություն.
օրերս կում-կում բարակեցին
այդ երկճյուղ թավշյա կոկորդում:
Մանրաթելեր մնացին ինձ
ու սարդի մի ձիգ լար,
և կախ-կախվել եմ հող ու ամպի արանքում:
Տարվում էր մարմինս տերև`ալիքը ալիքի վրա
ու բերվում տաշեղ`հոսանքը հոսանքից հետո.
փողոցեփողոց, հրապարակ ու կայարան:
Հետո գույները էլ տաք չէին`խամր ու մրոտված,
բառերի փոշին էր թափվում,
ծածկում էր սավանը սպիտակ խոսքի,
և հյուսվում էր պարան ու էլի պարան:
Մի պատերազմից մյուսը անցնող
անկանոն կրակահերթ.
ժամանակավոր դադար է կյանքս
ապրել-չապրելու սևխոռոչ երախում:
Ներս
Ներսից է լինելու հաստատ փրկությունը,
որովհետև ներսից ենք փչացած
Թումանյան
Սպիտակ շապիկներ դրսից,
ներսը երազներ` անշփոթ իրական,
որ սպասում են դեռ:
Մակընթաց ալիք` սեր ու ջահել.
երկիրն է հոսում` սպիտակ սավան:
Չկա’ վերադարձ,
կամուրջներն այրված են ետդարձի բոլոր,
նամակներ, որ չունեն հետադարձ հասցե,
և գնացքն է` միակողմանի տոմս:
Քա’յլ արա` մերժիր քո մեջ չարը,
քա’յլ արա` մերժիր քո նվաստը,
քա’յլ արա` մերժիր մաղձը.
մի քայլ էլ`ժխտիր ինքդ քեզ`
նախընթաց ու վաղեմի:
Մնա’ ալիքի կատարին`
անունը հեղափոխություն,
որ միշտ էլ մրուր է թողնում ու տիղմ,
և դուրդն է մնում գինարբուքից հետո
բաժակներում:
Մեր ելքն է`մուտք դեպի ներս: