… ՔԵԶ ՀԱՄԱՐ
Արև սիրող իրիկնամո՛ւտ,
Ցերեկային ոսկե լուսի՛ն,
Անհնարին տեղատվության՝
Ցամաքային ոսկե ձկնի՛կ,-
Մի կաթի՛լ էլ հանուն կյանքի,
Մի կաթի՛լ էլ՝ ցավից անդին,
Կաթիլ-կաթիլ լցվի՛ր հիմա
Վտառներով կենսաթրթիռ –
Ալեկոծիր ջրերը քո օվկիանոսի,
Միայն՝ լողա՜, միայն՝ ապրի՛ր։
ՓՈԽ – ԱՆՑՈՒՄ
Մեկ, երկո՛ւ – անվե՛րջ,
մեկ, երկու՝ անվե՜րջ,
ամպերի վրա՝
երկու ելևէջ. –
Նա, ով որ գնաց՝
իր տանն է արդեն,
ով եկավ՝ մեզնի՛ց,–
մեզ հետ է, մեր մեջ…
Մեկ, երկո՛ւ – անվե՜րջ,
մեկ, երկու՝ անվե՛րջ,
տասը պատվիրան
ու տաս հազար վեճ.-
Տասը առասպել՝
ողջը իրական,
մեկը պառակտիչ –
յոթը՝ տառապանք…
Մեկ, երկո՛ւ – անվե՛րջ,
մեկ, երկո՛ւ՝ անվե՛րջ,
միշտ եսակենտրոն,
ու մերթ՝ մարդասեր.
Նա, ով մարդասեր –
գտել է Աստծուն,
ով՝ եսակենտրոն,
աստվա՛ծ է թաքուն…
Մեկ, երկո՛ւ – անվե՜րջ,
մեկ, երկո՛ւ՝ անվե՜րջ,
Աստված հալածվեց
սիրելիիդ մեջ՝
երբ որ քեզ աստված
կարգեցիր մտքում. –
Նա հենց խռովեց՝
երկի՜նք է գաղթում…
ՉԵՍ ԹՈՂՆԻ, ՉԷ՞…
– Դու չե՛ս թողնի, չէ՞,
որ ես ինչ-որ բան մոռանամ քեզնից…
Մի մանրամասնով՝
ոտնաթաթերիս նմանողությամբ,
եղունգիս ծայրով –
Չնչին թվացող մի ծեղից անգամ՝
կհայտնակերպվես
և ամբողջովին կելնես իմ առաջ.
– Չէ՜, Աստարտեյի նման չեմ ասում,
հողից չեմ կանչում,
Գիտես՝ ես անգամ քո երկինքներից
չեմ կառչել երբեք…
Ո՛չ էլ Լենորի նման –
գիշերվա խավարում արթուն՝
Սև թռչունի հետ հանգով չեմ թախծում՝
պնդելով նորից «այլևս՝ երբեք»…
– Քեզ որտե՞ղ փնտրեմ՝ երբ ամենուր ես,–
Ինքդ պարզապես
գալիս ես մեկ-մեկ՝ ապրելու իմ մեջ,
Եվ ես թողնում եմ քեզ՝ ուզածիդ պես,
երբ դո՛ւ ես գալիս.
… Ուզածդ պահին՝ «գնա՜մ», ասում ես,
«ազա՜տ ես ինձնից»…
Եվ երբ մարգարտե շարանի նման՝
կտրված արդեն՝
իմ շուրջը նորից քեզ շա՜ղ ես տալիս,
Ես՝ փախչող ամեն հատիկիդ հետքից՝
էն մեր մանկության արագավազով՝
մինչև լուսաբաց վազո՜ւմ եմ վազո՛ւմ –
Չի՛ լինում հասնել…
ԹԵ՞ … ԴԵՌ ՊԻՏԻ ԳԱՍ
Ժպիտ ունեի քեզ համար պահած –
արցունք չունեի,
Բայց էս որտեղի՞ց լույսը խայտացող՝
աչքիս թարսության,
Բայց էս որտեղի՞ց հոգուս թախիծը՝
աշնան թացությամբ. –
Դեռ հույսն է ջրում, հույսը խաբկանքի,
թե՝ դեռ պիտի գաս…
ԵԹԵ ՄԻԱՅՆ…
Եթե միայն քեզ տեսնեի՝
Երբ իմ խոսքով խանդավառված,
Դուռն ես փնտրել –
ճիշտ դուռը իմ,
Բայց քեզ շեղել – ետ են պահել՝
Հորդորելով,
Թե՝ մտել ես դու փակուղի,
Թե այլ տեղ է ինձ հասցրել
կյանքիս ուղին,
Երբ ես ներսում աղոթել եմ,
Որ՝ վերևից
Տերը փրկի ինձ փնտրողին՝
խոտորողից,
Այն պահին, երբ եկել ես ինձ՝
Եթե միա՜յն քեզ տեսնեի –
Մե՛ն մի բառով
Հետո պիտի խիզախեիր…