I
]2 տարեկանում[
միայն հիշում եմ,
որ Մեծ տատս ինձ վեր-վեր էր թռցնում
և երգում մի շատ անուշ երգ
կարմիր գինու և շեկ աղջկա մասին
բայց այդ տարիքում
այդ անուշ երգից ես քնում էի
II
]6-7 տարեկանում[
երազիս շեկ աղջկան էի տեսնում երբեմն
բայց այդպես էլ դեմքը չէր տպավորվում․․․
միայն անունն էր մնում՝ Սոփիա
բայց այդ անունն էլ Պապիս երգերից էր
Սմբատի ու Սոփիայի մասին
III
]18 տարեկանում[
դեռ չգիտեի
սիրել,
հուսալ և
ափսոսալ
հասկացա
որ ի վիճակի չէ գեղեցկությունն
աշխարհը փրկելու
քանի որ այն այլևս ամբողջական չէ
որոշեցի մեկնել ծառայության
աշխարհը փոխելու
մտադրությամբ
IV
]22 տարեկանում[
շատերն այս տարիքում ամուսնանում են
կամ էլ կամուրջներ են գցում
երբ հրաժարվում են
աշխարհը փոխելու մտքից
մինչդեռ ես ափից ափ էի նետվում
և ափեր էի կառուցում
և ուրախանում այն ամենով
ինչ մնում էր ինձ հետ
ինչ ինձ էր վերադառնում
V
]33 տարեկանում[
ամուսնացա
իմ Սոփիան շիկահեր չէր սակայն
ես սիրեցի գեղեցկությունը
որը բխում է և ոչ պարզապես պարուրում
հորիզոնը դարձել է ծովի ալիք
VI
]40 տարեկանում[
արդեն հայր եմ
բայց շատ չեն իմ իմացած հեքիաթները
և բոլորն էլ արջերի մասին են
մինչդեռ տղաներս ամեն օր սովորեցնում են
թե ինչպես կարելի է հաղթել վիշապներին
VII
]44 տարեկանում և ∞[
հասկանում ես
որ Սեպտեմբերը միակ ամիսն է
որ ոչ շտապում է
ոչ էլ ուշանում