Ռոլան Բարտ | Տեքստի հաճույքը [1]

Միակ չարչարանքը կյանքիս եղել է վախը։

Հոբս

 Տեքստի հաճույքը՝ Բեկոնի կեղծչի (simulateur) պես, կարող է ասել. Երբեք մի՛ արդարացիր, երբեք մի՛ բացատրիր։ Նա երբևէ ոչինչ չի հերքում. «Ես կշեղեմ հայացքս. միակ ժխտումս այդ կլինի»։

***

[Երևակայենք] մի անհատի հորինվածք (իր տեսակով, ասենք, Պ. Տեստի[2] շրջոն), ով իր ներսում ի չիք կդարձներ ամենայն սահման, դասակարգում, բացառություն՝ ոչ թե սինկրետիզմով[3], այլ պարզապես ազատվելով այդ վաղեմի ուրվականից (spectre), այն է՝ տրամաբանական հակասությունից․ ով կխառներ բոլոր լեզուները՝ նույնիսկ եթե դրանք համարվեին անհամատեղելի, ով լռելյայն կընդուներ անտրամաբանական և հավատուրաց լինելու ամենայն մեղադրանք, ով կմնար անշարժ ու անխռով՝ սոկրատյան հեգնանքի առաջ (երբ զրուցակցին հասցնում են առավելագույն խայտառակության՝ ստիպելով նրան հակասել ինքն իրեն[4]) կամ իրավական ահաբեկման առաջ (քանի դատական համակարգեր են հիմնված միասնության պահանջող հոգեբանության վրա)։

Նման մարդը օտար մարմին կլիներ մեր հասարակության մեջ, դատարանները, դպրոցը, հոգեբուժարանները, զրույցները նրան կդարձնեին օտարական. ո՞վ կարող է անամոթաբար հանդուրժել հակասությունը։

Սակայն, այդ հակահերոսը գոյություն ունի. դա տեքստի ընթերցողն է՝ այն պահին, երբ նա հաճույք է ստանում։ Այսու հինկտակարանյան առասպելը շրջվում է. լեզուների խառնաշփոթն այլևս պատիժ չէ, ենթական հասնում է հաճույքի՝ լեզուների գոյակցությամբ, որոնք գործում են կողք-կողքի։ Հաճույքի տեքստը երջանիկ Բաբելոնն է։

(Հաճույք / Վայելք․ եզրաբանորեն սրանք դեռևս երերուն են, ես սայթաքում եմ, խճճվում[5]։ Ամեն դեպքում միշտ էլ գոյութուն կունենա մի անորոշ եզրաբառ։ Տարբերակումը երբեք չի դառնա հստակ դասակարգումների աղբյուր, հարացույցը կճռճռա, իմաստը կլինի խախուտ, չեղարկելի, շրջելի, խոսքը՝ կիսատ)։

***

Եթե ես հաճույքով եմ կարդում այս նախադասությունը, այս պատմությունը կամ այս բառը, նշանակում է՝ դրանք գրվել են հաճույքով (այդ հաճույքը հակասության մեջ չէ գրողի դժգոհության հետ)։ Իսկ հակառա՞կը։ Եթե ես՝ որպես գրող, գրում եմ հաճույքով, արդյո՞ք դա երաշխավորում է իմ ընթերցողի հաճույքը։ Բացարձակապես՝ ոչ։ Այդ ընթերցողին ես պետք է փնտրեմ («գրավեմ» նրան), առանց իմանալու, թե որտեղ է նա։ Եվ այդտեղ է, որ ստեղծվում է վայելքի տարածութուն։ Ինձ անհրաժեշտ չէ մյուսի «անձը», ինձ պետք է այդ տարածությունը՝ ցանկության (désir) տրամախոսության (dialectique), վայելքի անսպասելիության հնարավորությունը․ որպեսզի խաղերը կանխորոշված չլինեն, լինի այլ խաղ։

Ինձ հրամցնում են մի տեքստ։ Այդ տեքստը ձանձրացնում է ինձ։ Այն, ասես, թոթովում է։ Տեքստի թոթովանքը լեզվի այդ փրփուրն է, որ առաջանում է գրելու պարզ անհրաժեշտությունից։ Սա դեռևս խանգարում (perversion) չէ, այլ պահանջ։ Տեքստը գրելիս հեղինակը որդեգրում է ծծկերի լեզու՝ հրամայական, ինքնաշարժիկ (automatique), անանձնական, չփփոց-ճպպոցների փոքր հոսք՝ (այդ կաթնային հնչույթները (phonèmes), որոնք հրաշալի ճիզվիտ վան Գիննեկենը[6] տեղակայում էր գրության (écriture) և լեզվի միջև)։ Սրանք ծծման աննպատակ շարժումներ են, չտարբերակված բանավորություն (oralité)՝ զատված այն բանավորությունից, որ ծնունդ է տալիս և՛ գաստրոսոֆիական[7] և՛ լեզվական հաճույքներին։ Դուք հասցեագրում եք ինձ, որպեսզի ես ձեզ կարդամ, սակայն ես ձեզ համար, բացառությամբ այդ հասցեի, ոչինչ եմ։ Ես ձեր աչքին ոչնչի փոխարինողն եմ, անկերպարան մեկը (հազիվ թե Մոր կերպարան), ես ձեզ համար ո՛չ մարմին եմ, ո՛չ էլ առարկա (և դա ինձ ամենևին էլ չի հուզում, քանզի իմ ներսում հոգի չկա, որ երախտագիտություն պահանջի), այլ պարզապես մի դաշտ եմ, մի անոթ՝ ձեր ընդարձակման համար։ Կարելի է ասել, որ ի վերջո դուք գրել եք այս տեքստը առանց որևէ հաճույքի. և այս տեքստ-թոթովանքը վերջին հաշվով սեռականորեն անտարբեր տեքստ է, ինչպես ցանկացած պահանջ, նախքան ցանկությունը, նյարդախտը (névrose)։

Նյարդախտը փոխզիջում է. ոչ թե «առողջության» հարաբերությամբ, այլ այն «անհնարինության», որի մասին խոսում է Բատայը[8] («Նյարդախտը վախվորած ընկալումն է անհնարինի խորքից», ևն)։ Բայց հենց այդ փոխզիջումն է միակ ճանապարհը գրելու (և ընթերցելու) համար։ Այդտեղից էլ ծագում է այս հարակարծությունը (paradoxe). Բատայի նման հեղինակների տեքստերը՝ գրված նյարդախտի դեմ, խելագարության գրկից, եթե ցանկանում են լինել ընթերցված, պիտի ներառեն այդ անհրաժեշտ մի պծար նյարդախտն իրենց ընթերցողին գայթակղելու համար։ Այս սարսափելի տեքստերը, այդուհանդերձ, կոկետ տեքստեր են։

Այսպես, ամեն գրող կասի. Ես չեմ կարող խելագարվել, ես չեմ արժանանում ողջախոհության, ես նյարդախտավոր եմ:

Ձեր գրած տեքստը պետք է ինձ ապացուցի, որ ցանկանում է ինձ։ Այս ապացույցը գոյություն ունի․ դա գրությունն (écriture) է։ Գրությունն այն է, ինչ կոչվում է՝ լեզվական վայելքների գիտություն, լեզվի kāmasūtra[9] (այս գիտության միայն մեկ տրակտատ կա՝ ինքը՝ գրությունը)։

***

Սադ[10]. ակնհայտ է որ նրա ստեղծագործությունները կարդալու հաճույքը գալիս է որոշակի խզումներից (կամ որոշակի բախումներից). հակակրելի կոդերը (օրինակ վեհանձնը և գռեհիկը) սերում են փքուն և ծաղրական նորաբանություններ (néologismes). պոռնոգրաֆիկ հաղորդագրությունները ձևավորվում են այնքան մաքուր նախադասությունների մեջ, որ դրանք կարող են օգտագործվել որպես քերականության օրինակ: Ինչպես ասում է տեքստի տեսությունը՝ լեզուն վերաբաշխված է։ Արդ, այս վերաբաշխումը միշտ լինում է կրճատումների միջոցով։

Գծված է երկու եզր․ մեկը՝ իմաստուն, պատշաճ, բանագող (plagiaire) եզր (այսինքն՝ լեզուն կրկնօրինակել իր կանոնական վիճակում, այնպիսին, ինչպիսին այն հաստատվել է դպրոցի, վայելուչ լեզվի, գրականության, մշակույթի կողմից),
իսկ մյուսը՝ շարժուն, դատարկ (հարմար՝ ցանկացած ուրվագծի), որը երբեք այլ բան չէ, քան իր իսկ ազդեցության վայրը՝ այն վայրը, ուր լեզվի մահը սկսում է երևալ: Այս երկու եզրերը, այն փոխզիջումը, որ նրանք բեմադրում են, անհրաժեշտ են։
Ո՛չ մշակույթը, ո՛չ դրա կործանումը էրոտիկ չեն. էրոտիկ է դառնում դրանց միջև ճեղքը։

Տեքստի հաճույքը նման է այդ անտանելի, անկարելի, զուտ վիպական պահին, որ զգում է հեշտասերը հանդուգն դավի (machination) ավարտին՝ կտրելով պարանը ճիշտ այն պահին, երբ նրան համակում է հաճույքը։

շարունակելի․․․

 Թարգմանությունը ֆրանսերենից՝ Սահակ Գալոյանի

[1] Թարգմանությունը կատարվել է Éditions du Seuil հրատարակչության 1973 թվականին լույս ընծայած հրատակության հիման վրա (Roland Barthes, Le plaisir du texte / Éditions du Seuil, 1973

[2] Ֆրանսիացի նշանավոր գրող Պոլ Վալերիի (1871-1945) նույնանուն էսսեի (Monsieur Teste, 1896) գրական հերոսը՝ Պարոն Տեստը։ Տեստն անհատ է, ով ձգտում է ամբողջությամբ ձերբազատվել զգացմունքներից և մարդկային ամենայն տկարությունից՝ հանուն զուտ մտածողության։ Այս կերպարի միջոցով Վալերին ուսումնասիրում է ինքնագիտակցության և մտածողության ինքնավարության սահմանները։ Բավականին շատ զուգահեռներ կարելի է տանել վալերիական «անհնարին Տեստի» (Վալերիի ձևակերպամբ) և մուզիլյան «առանց հատկությունների մարդու» միջև (այս և հետայսու բոլոր ծանոթագրություններն ու մեկնությունները թարգմանչինն են)։

[3] Syncrétismeքրկն. լեզվաբանական երևույթ, երբ լեզվի պատմական փոփոխության արդյունքում՝ որոշակի լեզվական միջավայրում երկու կամ ավելի քերականական կարգեր միաձուլվում են մեկի մեջ։

[4] Աթենացի փիլիսոփա Պլատոնի (Ք․ա․ 427-347 թթ․) դիալոգներում, վերջինիս ուսուցիչ Սոկրատեսը ներկայանում է իբրև մեկը, ով ոչինչ չգիտի, սակայն գիտի, որ ոչինչ չգիտի․ ինչն էլ նշանակում է, որ նա միշտ ավելին գիտի նրանցից, ովքեր չգիտեն իրենց չիմացության մասին։ Հակասություն առաջացնող, տարբերություն հաստատող հեգնանքով նա աշակերտին առաջնորդում է դեպի սեփական անձը (ծանի՛ր զքեզ), որպեսզի վերջինս ազատագրի հոգին և բարեփոխի այն։

[5] Այս երկու բառերն սույն թարգմանության մեջ հստակ զատված են հայերեն համարժեքների ընտրությամբ և փոխադրությամբ (jouissance-վայելք, plaisir-հաճույք)։

[6] Jacobus Joannes Antonius (Jac.) van Ginneken (1877-1945) — հոլանդացի լեզվաբան, մանկավարժ, պրոֆեսոր և ռեկտոր՝ 1923 թվականին հիմնված Հռոմեական-կաթոլիկ համալսարանում, ճիզվիտ։

[7] Գաստրոսոֆիա – Գաստրոսոֆիան (կազմված է հունարեն γαστήρ  (gastèr)՝ «ստամոքս», «որովայն» և σοφία (sophia)՝ «իմաստություն» բառերից) համի և սննդի վերաբերյալ փիլիսոփայական մի հասկացություն է. մի տեսություն, որը, Շառլ Ֆուրիեի արտահայտությամբ, նպատակ ունի փոխանցել վայելքի մշակույթը։

[8] Georges Bataille (1897-1962) – ֆրանսիացի գրող, փիլիսոփա, ում աշխատանքները ներառում են գրականության, մարդաբանության, փիլիսոփայության, աստվածաբանության, տնտեսագիտության, սոցիոլոգիայի և արվեստի պատմության ոլորտները: Հայտնի աշխատություններն են «Ներքին փորձառությունը» (L’Expérience intérieure, 1943), «Աչքի պատմություն»-ը (Histoire de l’œil, 1928) վիպակը և «Մադամ Էդվարդա»-ն (Madame Edwarda, 1941)։ Ժորժ Բատայի ազդեցությունը անչափելիորեն մեծ է հետկառուցողական փիլիսոփաների շրջանում։

[9] Կամասուտրա (սնսկր․՝ कामसूत्र) – Կամասուտրան յոթ բաժնից (վաթսունչորս գլուխ՝ հավաքված քառասունինը մասերի մեջ, որոնք միավորված են յոթ բաժիններում) կազմված հին հնդկական տրակտատ է, որի հեղինակը հնդիկ փիլիսոփա և գիտնական Վաթսյայանա Մալլանագան է։ 3-4-րդ դարերում գրված այս տրակտատը նվիրված է կամայի՝ զգացմունքային ոլորտի, հուզական կյանքի, տարփանքի և սիրո թեմային։

[10] Marquis de Sade (1740-1814) – Ֆրանսիացի գրող, հանրահայտ «Սոդոմի 120 օրերը» վեպի հեղինակ։ Երկերի մեծ մասը գրել է բանտում։ 1834 թ․ ի վեր բառարաններում հայտնվեցին «սադիստ» և «սադիզմ» նորաբանությունները, որոնք վերաբերում են նրա աշխատություններում նկարագրված դաժանություններին: Նրա գրական ժառանգությունը, XIX դարում քողարկված և գաղտնի պահված լինելով, վերակենդանացվեց XX դարի սկզբին Գ․ Ապոլիների (1880-1918) և մի շարք սյուրռեալիստների կողմից, սակայն հեղինակը դեռևս շարունակում էր մնալ արգելված։ Ժան-Ժակ Պովերը դարձավ առաջին հրատարակիչը, որ համարձակվեց տպագրել նրա գործերը իր իսկ անունով։ 1956 թ.-ին նրան դատի տվեցին անբարո գործունեություն ծավալելու պատճառով։ Պովերը դատապարտվեց, բայց 1958 թ.-ին վերաքննիչ դատարանում արդարացվեց։ Հավանաբար ճանաչման վերջին քայլը և ընդունելության դրսևորումը եղավ 1990 թ.-ին Սադի գործերի ներառումը Պլեյադ (Pléiade) գրադարանում։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *