Աշխեն Քեշիշյան | Տես, թե ինչպես են թափվում օրերը

***
Պատուհանիս
հպվել ու մնացել է
գիշերը,
և շնչառությունը նրա
նման է քո ներկա լինելու
խաղաղությանը։

 

***
Կյանքը իսկապես ապրվեց
վատ, թե լավ
40 -ից հետո մի տեսակ
Էական չէ,
կոկետության մի քանի փշուր,
կամ մեկ ափսե տաք ճաշ
կարելի է դեռ պահել
սիրած տղամարդու համար։
Կյանքը իսկապես ապրվեց.
Նո՞րը, թե՞ ուրիշն է սկսվում։
Վեր կենալ գալ քեզ մո՞տ,
թե՞ սուրճը փոխարինել
եղերդակի լուծույթով,
երկուսն էլ լուրջ քայլեր են,
բավական լուրջ։

 

***
Այստեղ, որ քայլում ենք հուլիսյան տապին,
որ գնում ենք
անծանոթ օրերի ետևից,
որ գնում ենք,
որ գնում ենք,
առանց նայելու…
առանց երկինք նայելու
և գիտենք մեր հոգու խորքում,
թաքուն գիտենք,
որ ավելի հեշտ սրբերը
մեր կողքին կիջնեն,
կիջնեն թեթևաքայլ,
քան մենք երբևէ
այս տղմոտ ոտքահետքերով
կհասնենք նրանց…

 

***
Իմ մեջ փակվել
գետերին եմ նայում.
մի փոքրիկ կարմիր
գետաքար մտքերիցս ազատվում
ափիս մեջ է ընկնում՝
լռությունից պոկված
աղոթքի սքանչելիությամբ։

 

***
Տես, թե ինչպես են
թափվում այն օրերը,
թափվում միայնակ,
գլխիկոր,
որ առանց քեզ են անցել։
Մանրամաղ
մանրամաղ
կաթկթում են
օրերը…

 

***
Երբ հեռանում եմ քո մոտից,
գիշերը լցվում է զգեստիս ծալքերում,
մազերիս մեջ։
Տուն վերադառնալիս
գիշերը թափվում է ինձնից
և լուռ
և լուռ է
հետոն այնքան։

***
Գալու են ժամանակներ, որ մեր հիշողության
մեջ չեն մնալու,
գալու են պատկերներ, որ մեր հիշողության
մեջ չեն լինելու,
հեծանիվով երեխաներ են լինելու,
օճառի պղպջակներ փչող երեխաներ են լինելու,
քամին տարուբերելու է պարմանուհու մազափունջը,
նորից միլիոնավոր մարդկանց երազների ծվեններ են
գիշերներում սավառնելու,
լինելու են պատերազմներ,
լինելու են նոր երգեր։
Գալու են ժամանակներ, որ մեր հիշողության
մեջ չեն մնալու։
Բայց դու մի վախեցիր տղաս,
դու մի վախեցիր,
ես միշտ լինելու եմ.
ես քեզ ժպտացող ամեն անծանոթի աչքերում
լինելու եմ,
ես քեզ ստվեր տվող ամեն ծառի ճյուղերում
լինելու եմ,
ես լինելու եմ տաճարի զանգերում,
և այն ջրի կաթիլներում,
որին կկպնի ծարավ շուրթերդ։
Դու մի վախեցիր տղաս…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *