Երբ գլխավերևում փակվեց դռնակը, և վերևում մնացած մարդկանց ձայները լռեցին, Չարլզ Դարվինը սանդուղքով զգուշորեն ներքև իջավ՝ մի ձեռքով բռնվելով բազում ձեռքերի ափերով ողորկված բռնակից, մյուսով սեղմելով հաստ մոմի ճրագով մոմակալը։ Վերջին ճռճռան աստիճանից իջնելով՝ թողեց բռնակն ու զգուշորեն առաջ գնաց։
Հատակն արդեն լվացել էին։ Մոմը բավականաչափ լույս էր տալիս, որպեսզի կարողանար տեսնել պատերի պլոկված փայտերը, արտաքինից կպչուն թվացող տակառը, գետնին ընկած մի քանի կարտոֆիլները և միանման արկղերի երկարաձիգ շարքերը, որոնք գնում էին դեպի թանձրացող մթություն․ արկղերը մի քանի շարքով դրված էին անցատեղիի երկու կողմերում և հաստ պարաններով ամրացված էին պատերին։ Մի քանի քայլ հետո մթության միջից երևացին գինու մի քանի տակառներ և պատերի մոտ դրված պարկերի կույտեր։ Անցատեղը լայնացավ։ Առջևում ասես ինչ-որ շարժ զգացվեց։ Դարվինը ցնցվեց և հետ-հետ գնաց, բայց միանգամից գլխի ընկավ, թե բանն ինչում էր․ մթության միջից փչում էր միջանցիկ քամին, մոմի լույսը թեթևակի առկայծում էր, իսկ դրանից անմիջապես հետո տարուբերվում էին ստվերները, դրա պատճառով էլ թվում էր, թե առջևում ինչ-որ բան էր շարժվում։
Երբ երկու կողմերում շարված արկղերի շարքն ավարտվեց, Դարվինը բավականին ընդարձակ տարածքում հայտնվեց, որի անկյուններում տարբեր տեսակի անպետք բաներ էին լցված՝ պարուսինի կտորներ, մրոտ կաթսաներ և փայտի անկանոն կերպով դրված կտորներ։ Անմիջապես նրա դեմքի դիմաց պարանի մի կտոր էր օրորվում։ Դարվինը բարձրացրեց մոմակալն ու առաստաղին նայեց․ դրա փայտե հաստ տախտակների վրա հսկայական կեռ էր ներպտուտակված, որին ամրացված էր այդ պարանի կտորը։ Շրջանցելով այն՝ Դարվինը զգուշորեն մի քանի քայլ արեց տարուբերվող հատակի վրայով ու կանգ առավ պատի մոտ դրված սեղանի և նստարանի մոտ։
Բորբոսի և մկների հոտ էր գալիս, բայց այդ հոտը տհաճ չէր, ավելի շուտ հարմարավետության նման մի բան էր ստեղծում։ Պատի մոտ դրված էին մի երկար փայտ և հյուսածո կափարիչով փակված զամբյուղ․ ճիշտ նույն տեղում էին, որտեղ նախորդ երեկոյան թողել էր։ Սերթուկի երկար փեշերը հետ գցելով՝ Դարվինը նստեց նստարանին, մոմակալը դրեց սեղանին և մտազբաղ հայացքը հառեց մթությանը։
«Մի՞թե ճիշտ այսպիսի խավարի մեջ չէ,- մտածեց նա՝ նայելով առարկաների՝ մթության միջից դուրս ցցված անկյուններին և դրանց ստվերներին,- որ թափառում է մարդկային բանականությունը։ Մի՞թե ճիշտ նույն կերպ չենք կորզում անգիտության խավարի՝ մեր բանականությանը հասանելի համապատասխանություններից քչերը, որոնց վրա հետագայում աշխարհն ըմբռնելիս փորձում ենք հիմնվել։ Ահա տակառը, ահա դրա կողքին դրված արկղը, բայց այն, որ ես այժմ տեսնում եմ դրանք, ամենևին էլ չի նշանակում, որ նույն տակառներից և արկղերից դրված է լինելու ամենուրեք, ուր գնամ․․․ Բայց ի՞նչ կապ ունեն արկղերը։ Արկղերը կապ չունեն, հարցը դա չէ, այլ որ Լամարկը[1] մեխանիկական կերպով բնությանն է փոխանցում մարդկային գիտակցության գործառույթներից մեկը։ Նա խոսում է կյանքի ինչ-որ վերացական շարժման մասին, որ տանում է դեպի ինքնակատարելագործում։ Բայց եթե այն իսկապես կենդանի աշխարհի փոփոխման և զարգացման գլխավոր պատճառը լիներ, ինչպես պնդում է Լամարկը, ապա նույն կերպ կկատարելագործվեին նաև բոլոր կենդանի արարածները։ Բայց չէ՞ որ մենք բոլորովին այլ բան ենք տեսնում։ Մի տեսակն իր տեղը մյուսին է զիջում, իսկ հետո դրա փոխարեն երրորդն է գալիս․․․ Երեկ պարզեցինք, որ կյանքի վրա որոշիչ ազդեցություն են թողնում հենց այն պայմանները, որոնցում այն գոյություն ունի։ Բայց ինչպե՞ս։ Ինչո՞ւ է մի տեսակը մահանում, իսկ մյուսը բազմանում։ Ո՞րն է այդ փառահեղ գործընթացների շարժիչ ուժը։ Ի՞նչ ուժի ազդեցությամբ է կյանքը նոր ձևեր ստանում։ Եվ ինչպե՞ս ներդաշնակություն տեսնել այն ամենում, ինչն առաջին հայացքից կատարյալ քաոս է թվում․․․»։
Գրպանում դրված բրեգետից[2] կամացուկ հնչեց «Ռոբերտ Հրեշին» նվիրված նախանվագից մի քանի նոտա, և Դարվինը սթափվեց։ Ինչպես միշտ մտովի նա շատ հեռուն էր գնացել, այնքան հեռու, որ աչքերը բացելով՝ միանգամից գլխի չընկավ, թե որտեղ էր գտնվում և ինչի համար էր այնտեղ։
«Ի՛ գործ, – մտածեց նա։ – Շարունակենք այնտեղից, որտեղ երեկ կանգ էինք առել»։
Ոտքի կանգնեց, գնաց դեպի պատը, վերցրեց փայտը, բարձրացրեց այն ու երեք անգամ ուժեղ հարվածեց առաստաղին։ Մեկ վայրկյան անց այնտեղից ճիշտ նույն երեք հարվածները լսվեցին։ Այդ ժամանակ Դարվինը ևս մեկ անգամ հարվածեց և փայտն իր տեղը դրեց։ Հանեց սերթուկն ու խնամքով դրեց սեղանին։ Հագին մնաց հաստ կաշվից ժիլետը, որն առատ կերպով ծածկված էր մետաղյա սեպերով։ Կրծքավանդակի քուղակապը թուլացնելով՝ Դարվինը հեռացավ սեղանի մոտից և սկսեց թափահարել ձեռքերն ու տեղում թռչկոտել, որպեսզի փորձից առաջ տեղը տեղին տաքացներ մկանները։ Բայց գրեթե ժամանակ չէր մնացել մարմնամարզության համար․ մթության միջից լսվեցին բացվող դռնակի ճռռոց, սպառնալից ձայներ ու խուլ մռթմռթոց․ մի ակնթարթ լույս ընկավ անցատեղիի վրա, որից քիչ առաջ դուրս էր եկել, բայց դռնակն անմիջապես աղմուկով փակվեց և նորից մթություն ու լռություն տիրեց։
Մի քանի րոպե անցավ, որի ընթացքում Դարվինն անշարժ կանգնել էր սեղանի մոտ և ականջ էր դնում։ Վերջապես լուսավորված տարածության սահմաններից դուրս քերծելու հնչյուններ լսվեցին․ ինչ-որ ծանր բան էին տեղափոխում։ Հետո լսվեցին փայտե տախտակների ճռռոց և ծիծաղ հիշեցնող ինչ-որ բան, և անցատեղիից ուղիղ Դարվինի ոտքերի մոտ գլորվեց մի տակառ։ Դարվինը քմծիծաղ տվեց և մի կողմ գնաց։ Տակառը նրա կողքով անցավ, բախվեց ալյուրով պարկերին ու կանգ առավ։
Նորից լռություն տիրեց։ Հանկարծ Դարվինի կրծքին դիպավ ինչ-որ կոշտ բան և մի կողմ թռավ։ Դարվինը մի կողմ քաշվեց և հատակին ընկած մեծ կարտոֆիլ տեսավ։ Արկղերի միջից մեկ ուրիշ կարտոֆիլ դուրս թռավ և դիպավ նրա ուսին։ Անցատեղիում ինչ-որ աղոտ կերպար հայտնվեց․ թափով բարձրացրեց երկար ձեռքը, ու ևս մի կարտոֆիլ գրեթե նրա ականջի կողքով անցավ։ Դարվինը հատակից բարձրացրեց կարտոֆիլներից մեկը, նշան բռնեց և ամբողջ ուժով այն նետեց լղոզված ուրվապատկերի վրա։
Մթության միջից սրտնեղած ծվծվոց լսվեց, որն աստիճանաբար հեկեկանք հիշեցնող ձայնի վերաճեց, և Դարվինին ընդառաջ եկավ մի հսկայական, փրչոտ ստվեր։ Սպառնալից մռնչալով՝ այն առաջ շարժվեց և լուսավորված տարածության եզրին կանգ առավ։ Այժմ ամբողջովին տեսանելի էր։ Թեև Դարվինի համար սովորական տեսարան էր, անկախ իրենից՝ մի քայլ հետ գնաց։
Երկար ձեռքերով հատակին կռթնած օրանգուտան էր կանգնած նրա առաջ։ Նրա՝ առաջ ցցված մռութով սրացող գլուխը այլանդակ երեխայի գլուխ էր հիշեցնում, որը չափից ավելի շատ սնունդ էր խցկել բերանի մեջ․ շրթունքներն ուռած և կնճռոտ էին, քիթը՝ տափակ և մուգ գույնի, իսկ միանգամայն մարդկային աչքերը ծույլ և արհամարհական հայացքով էին նայում։ Գոտկատեղից վերև գտնվող հատվածը էդինբուրգյան փաբերի տռզած մշտական հաճախորդի էր հիշեցնում՝ գարեջրի սիրահարի, որը շոգի պատճառով հանել էր վերնաշապիկը։ Նրա գրեթե անմազ կրծքին երևում էին մեծ ծալքերը, որոնք կանացի կախ ընկած կրծքեր էին հիշեցնում․ այդ նմանությունն ընգծում էին մուգ գույնի պտուկները, բայց Դարվինը գիտեր, որ կենդանու պողպատյա մկանների վրա ոչ մի գրամ ճարպ չկար։ Ինչ-որ կանացի բան կար նաև երկար, շիկակարմրավուն հյուսքերի մեջ, որոնց միահյուսվում էին մորթու երկար մազափնջերը, որոնք աճում էին ուժեղ մարմնի երկու կողքերին, լայն, մեծ կոնքերին և առաջ ցցված փորին։
Օրանգուտանը ձեռքերը պոկեց հատակից և երկու բռունցքները հատակին խփեց։ Ի պատասխան դրան՝ Դարվինը ոտքը հատակին խփեց, ևս մեկ անգամ մարտահրավեր նետեց և առաջ գնաց։ Նրանց հայացքները հանդիպեցին, և Դարվինը հասկացավ, որ կապիկն ամեն բան շատ լավ հասկանում էր։ Նա չգիտեր, թե ինչ կերպով է նրա պարզունակ ընկալումն արտացոլում տեղի ունեցողի էությունը, բայց զգում էր, որ նա, ինչպես և ինքը, պատրաստ էր վերջին բախմանը` այս դաժան աշխարհում գոյատևելու համար մղվող կատաղի և անողոք մարտին։ Դարվինը իր վարպետացած աչքի համար միանգամայն պարզ նախանշաններից էր հասկանում էր։
Որձի կարճ վիզը ցնցվում էր, իսկ այն ծածկող խորը ծալքերը ձգվում էին․ ինչպես միշտ գերագույն գրգռվածության պահին օրանգուտանն ուռցնում էր իր կոկորդային պարկը։ Երբեմն մի ակնթարթ փակում էր աչքերը, կամացուկ ձայն էր հանում՝ նման «օ՜»-ին, հաջորդաբար սահուն շարժումներ էր անում թաթերով․ նրա մարմնի ողջ ծանրությունը հատակին հենած ձեռքերի մեջ էր։ Դանդաղ մոտենալով օրանգուտանին՝ Դարվինը հենց նրա ձեռքերին էր նայում, և երբ դրանք պոկվեցին հատակից, կտրուկ պպզեց։
Հսկա թաթն անցավ նրա գլխի վրայով, բայց ոչինչ չբռնեց՝ բացի դատարկությունից։ Դարվինը համարյա նրա կողքին էր։ Կտրուկ ուղղվեց և չսպասելով մինչև որձը նորից փորձի բռնել նրան՝ ողջ ուժով կրծքից հրեց նրան։ Մի պահ օրանգուտանը կորցրեց հավասարակշռությունը, անշնորհք կերպով թափահարեց ձեռքերը, և Դարվինը բռունցքով կարճ ու դիպուկ հարված հասցրեց նրա տափակ, մուգ գույնի քթին։
Օրանգուտանը դրխկոցով վայր ընկավ, բայց միանգամից ոտքի կանգնեց։
-Օ՜, – մռնչաց նա։
Դարվինը սուլեց, և որձը սկսեց թռչկոտել նրա շուրջ, սակայն չէր համարձակվում շատ մոտենալ։ Ձեռքերը հատակին հենելով և մազոտ, կարճ ոտքերը մի կողմ հրելով էր տեղաշարժվում։ Դարվինը սառը ժպիտով հետևում էր նրան՝ իր առանցքի շուրջն այնպես պտտվելով, որպեսզի ամբողջ ժամանակ դեմքով դեպի օրանգուտանը լիներ։ Օրանգուտանը կանգ առավ, հատակից պոկեց թաթերը և մոխրագույն, երկարավուն դաստակներով ուժեղ հարվածեց իր փորին։
-Օ՜, – նորից ոռնաց նա և տարածեց ձեռքերը։
Դարվինը սրընթացորեն թռավ նրա կրծքին, և նրանք երկուսով ընկան գետնին։ Դարվինի մատները սեղմեցին որձի կնճռոտ վիզը, իսկ կիսածալված ոտքերը ամուր գրկեցին դուրս ցցված փորը։ Օրանգուտանը փորձեց դուրս պրծնել և մի քանի անգամ կտրուկ շարժումներ արեց, բայց Դարվինը մնաց նրա վրա նստած և ավելի ուժեղ սեղմեց մատները։ Որոշ ժամանակ որձի թաթերը անկանոն և թեթև հարվածներ էին հասցնում նրա կողերին, իսկ հետո հանկարծ կառչեցին նրա այտամորուքից․ ըստ երևույթին, կապիկը նույնպես ուզում էր նրա կոկորդից բռնել, բայց Դարվինը շրջահայացորեն կզակն իր կրծքին սեղմեց։ Օրանգուտանն ավելի ուժեղ կառչեց այտամորուքից և սկսեց քաշել այն՝ համարյա իր մռութին սեղմելով Դարվինի դեմքը։
Մի որոշ ժամանակ մարդն ու կապիկն անշարժ պառկած էին, և միայն նրանց խռպոտ, ծանր շնչառությունն էր խախտում լռությունը։
«Ըստ էության,- մտածում էր Դարվինը՝ կենդանու երախի գարշահոտից ծռմռելով դեմքը, – բնությունը մի ամբողջություն է։ Մեկ ընդհանուր օրգանիզմ է, որում տարբեր արարածներ և տեսակներ տարբեր օրգանիզմների կամ բջիջների գործառույթներ են կատարում։ Եվ այն, ինչ մակերեսային դիտելուց գոյամարտ է թվում, ոչ այլ ինչ է, քան այդ օրգանիզմի ինքնաթարմացում՝ նման այն գործընթացին, որը կատարվում է ցանկացած կենդանի արարածի ներսում, երբ հին բջիջները մահանում են և ասես դուրս են մղվում դրանց փոխարեն ծագող նորերի կողմից․․․Ի՞նչ է առանձին կեցությունը, եթե նայենք տեսակի հայեցակետից։ Ի՞նչ է տեսակի կեցությունը, եթե նայենք բոլոր կենդանի բաների հայեցակետից։ Թվացյալ մի բան․․․»։
Երկու մարմիններն անշարժ էին, երկու զույգ աչքեր միմյանց էին նայում։ Հանդիպել էին երկու գոյություն, սիրային ողջագուրման պես միաձուլվել էին, և դրանցից միայն մեկը կարող էր հաղթել, և դրանցից միայն մեկը կարող էր շարունակվել, իսկ երկրորդը՝ իբրև պակաս հարմարվածը և դրա համար ոչ արժանի լինելու, պետք է մահանար և սնունդ դառնար ուրիշ անթիվ-անհամար արարածների համար՝ փոքր և մեծ, աչքի համար անտեսանելի, որոնք նույնպես պետք է մահացու պայքարի մեջ մտնեին մահացած մարմնի յուրաքանչյուր մասնիկի համար։
«Ուրեմն,- մտածում էր Դարվինը՝ ուժ հավաքելով վերջին ջանքերի համար,- երկու արարածների նույնիսկ ամենակատաղի պայքարը ուղղակի կեցության երկու ատոմների փոխներգործությունն է, ինքնատիպ քիմիական ռեակցիա։ Իրականում բոլորս մեկ ենք, բոլորս մի անմահ արարածի բջիջներն ենք, որն անդադար խժռում է ինքն իրեն, և որի անունն է Կյանք։ Բնությունը չի ճանաչում անհաա՜ա․․․»։
Օրանգուտանը ցնցվեց, կորացրեց մեջքը, և ատելությամբ լի երկու հառաչանքներ միախառնվեցին ու մեկ ծորուն, տառապանքով ու կյանքի հանդեպ սիրով լի մռնչյուն դարձան։ Մի պահ ասես չորսձեռնանի և չորսոտանի մի մարմին ձևավորվեց․ արդեն դժվար էր ասել, թե որտեղ ում իրանն ու վերջույթներն էին։ Դաստակը մխրճվեց կոկորդի մեջ, մատները մի փունջ մազ պոկեցին, ցնցվող մի իրանը սեղմվեց մյուսին։ Կրճտացին կողոսկրերը, ճռճռացին ատամները, և մերկացան ժանիքնեըը։ Պղպջաց թուքը, կոկորդում շռնդաց օդը, և կրուկներն արագ-արագ սկսեցին բախվել հատակին։ Լարվածությունից փայտացած մկանների յուրաքանչյուր բջիջ մահացու պայքարի մեջ էր մտել և ձգտում էր գործի դնել ներսում կուտակված ողջ ուժը, ասես զգում էր, որ նման հնարավորություն այլևս երբեք չէր ընձեռվելու։ Ամուր ազդրերը սեղմվեցին աճուկին, կոնքը դուրս ցցվեց, սրնքամսերը սկսեցին սողալ միմյանց վրայով, մազոտ ծունկը սեղմվեց փափուկ փորին, քթանցքները լայնացան, դուրս պրծավ բշտիկավոր կապույտ լեզուն։
Երկու հակադիր կամքի ուժեր որոշ ժամանակ դողում էին հավասարկշռության մեջ, բայց հարցն արդեն լուծված էր․ նրանցից մեկը երերաց, տեղի տվեց, նահանջեց և մյուսի ճնշման տակ քայքայվեց: Մի քանի վայրկյան անց չորս աչքերից երկուսը, անտարբերությամբ շղարշվելով, սկսեցին դանդաղ ապակիանալ։
Դարվինը նորից հավաքեց ինքն իրեն, տարուբերեց գլուխը, բաց արեց փրչոտ կոկորդին սեղմած մատները և դանդաղ ոտքի կանգնեց։ Ամբողջ մարմինը մղկտում էր․ ցավում էր աջ ձեռքի պոկված եղունգը, մղմղում էր վնասված ծունկը, բայց այդ բոլորը չէր կարող համեմատվել զգացման հետ, որ հոգու խորքից էր գալիս, և որն աստիճանաբար սկսում էր գիտակցել բանականությունը։ Դողացող ձեռքով Դարվինը թափ տվեց կրծքավանդակի վրայի աղբը։
«Մահվան և տառապանքի դիմակի տակ միշտ պետք է տեսնել կեցության բերկրանքը,- մտածեց նա։- Ըստ էության, ոչ մի մահ էլ չկա, կան միայն ծննդյան ցավեր, որոնք ուղեկցում են թարմացված և ավելի կատարյալ աշխարհի ծնունդը։ Ահա այդ հարցում Լամարկը միանգամայն իրավացի է»։
Շուրջը նայեց։ Շրջակա անպետքության բոլոր բաղադրիչ մասերը՝ արկղերը, պարկերը, հատակին ընկած կարտոֆիլները, ինչ-որ նոր որակավորում էին ձեռք բերել․ յուրաքանչյուր առարկա հաղթանակի հիացմունքով էր համակված և արդեն առաքինի կերպով բացել էր իր ներսում թաքնված գեղեցկությունը, ինչպես կույս աղջիկն է իջեցնում դեմքը ծածկող քողը իրեն գրաված զինվորի առաջ։ Աշխարհը հիասքանչ էր։
Վերջին լարվածության պատճառով չծալվող ոտքերով Դարվինը վերադարձավ սեղանի մոտ, որի վրա դրված էր վառած մոմը, և նստեց նստարանին։ Որոշ ժամանակ ոչ մի նոր միտք չէր ծագում նրա գլխում։ Հետո նայեց իր ճանկռտված մազոտ բռունցքին և Լամարկի մասին հիշեց։
«Այնուամենայնիվ,- մտածեց նա,- բանը ամենևին էլ բնության դեպի կատարելություն ձգտելու մեջ չէ։ Մենք տեսնում ենք, որ ընտրություն է կատարվում, և պակաս ընտելացվածները տեղի են տալիս նրանց, ովքեր ավելի լավ են ընտելացված։ Դրա համար էլ մի տեսակը դուրս է մղում մյուսին՝ տարաբնակվելով վերջինիս արեալում։ Բայց հարց է ծագում․ հատկապես ի՞նչն է որոշում ընտելացվածության մակարդակը։ Ո՞ւժը։»։
Եվս մեկ անգամ զննեց իր բռունցքը։ Դաստակի հետևի կողմում դաջվածք կար, որը երեք սխեմատիկ թագեր և դրանց միջև դրված բացված գիրք էր պատկերում, որի էջերի վրա կապույտով գրված էր «Dominus illuminatio mea[3]»։ «Dominus»-ի և «illuminatio»-ի միջև՝ մաշկի տակ արագ-արագ բաբախում էր կապտավուն զարկերակը։
«Ո՛չ,- մտածեց Դարվինը։- Եթե դա ուղղակի ֆիզիկական ուժ լիներ, այդ դեպքում Երկիր մոլորակը միայն փղերով և կետերով բնակեցված կլիներ։ Անկասկած, բանն ուրիշ է։ Բայց ի՞նչն է։ Ի՞նչը։ Երբեմն ես այնքա՜ն մոտ եմ լինում բացահայտմանը․․․»։
Ձեռքերով բռնելով վիթխարի գանգը՝ երկար ժամանակով մտորումների գիրկն ընկավ։ Մոմի ճրագը թեթևակի առկայծում էր, մոմը ճրթճրթում էր, և ծվծվում էին անտեսանելի մկները։ Դարվինը երկար էր մտածում։ Նրա վեհ մարմինը լիովին անշարժ էր և արձանի էր նմանվել։
Վերջիվերջո նա ոտքի կանգնեց, վերցրեց պատին հենած փայտն ու չորս անգամ բախեց առաստաղը։ Այնտեղից միանգամից լսվեցին պատասխան չորս թակոցները, և Դարվինը ևս մեկ անգամ թակեց առաստաղը։ Մի կողմ դնելով փայտը՝ կռացավ դեպի զամբյուղը, բարձրացրեց հյուսածո կափարիչը և երկու կանաչ բանան հանեց դրա միջից։ Լայն, սև տաբատի գրպանը դրանք խցկելով՝ վերջնականապես քանդեց ժիլետի ժապավենը, հանեց այն և նետեց սեղանի վրա՝ սերթուկի կողքին։
Երբ անտեսանելի դռնակը շրխկոցով փակվեց, արկղերի միջով անցնող անցատեղից լսվեցին փափուկ, բայց ծանր քայլեր, որոնց տակ ճռճռում էին տախտակները։ Դարվինն արդեն պատրաստ էր։ Այս անգամ կարտոֆիլով ոչ մի հարված չկար․ նոր հյուրը հանգիստ էր պահում իրեն։ Առաջանում էր՝ առանց ձեռքերով հատակին դիպչելու, և անշտապ ու վստահ կերպով էր շարժվում։
Լույսի նշույլի մեջ հայտնվեց մի հսկայական գորիլլա՝ հավասարաչափ ծածկված կարճ, սև մորթիով։ Միայն դեմքն ու դաստակներն էին մերկ, դրա համար էլ գորիլլան սև տրիկո հագած հսկա էր հիշեցնում։ Դարվինը հանկարծ փոքրիկ և թույլ զգաց իրեն․ թեև գորիլլայի ուսերը գրեթե նույն լայնությունն ունեին, ինչ նրանը, մի գլուխ ցածրահասակ էր նրանից։
«Այսպիսով,- մտածեց նա՝ կուլ տալով թուքը և ամուր կանգնելով տարուբերվող հատակին, – բանը կոպիտ ուժի մեջ չէ։ Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված էությունը։ Միգուցե գոյության պայմաններին հարմարվածությա՞մբ։ Շրջակա աշխարհի հնարավորությունները ճիշտ օգտագործելու հմտությա՞մբ»։
Քայլ արեց դեպի գորիլլան։ Նրա՝ գանգի վրա խորը տեղակայված աչքերը լարված, բայց առանց վախի, նայում էին կամարաձև հոնքերի տակից, իսկ քիթը տգեղ սպիի էր նման, միայն ականջներն էին լրիվ մարդկային, որոնք Դարվինը նկատել էր, երբ գորիլլան թեքել էր գլուխը, որպեսզի նայեր իր նախորդի դիակին։
Անշունչ դիակը գրգռիչ ազդեցություն թողեց գորիլլայի վրա։ Շան նման սկսեց գռմռալ, մերկացրեց մեծ, դեղին ժանիքները և հայացքը թեքեց Դարվինի վրա։ Մեկ վայրկյան անգամ չէր կարելի հապաղել։
Դարվինը երկու արագ քայլ արեց, ամբողջ ուժով ցատկեց և ցատկի ընթացքում բռնվեց առաստաղից կախված պարանից։ Հսկայական ճոճանիվի նման նրա մարմինն առաջ եկավ, և երբ մեկ յարդից մի փոքր ավելի էր մնացել մինչև գորիլլային հասնելը, որը վախից մի քայլ հետ էր գնացել, ծալեց ոտքերը և երկու բռունցքներով հարվածեց ուղիղ նրա լայն, անխռով մռութին․ վերջին պահին կապիկը փորձեց պաշտպանվել, բայց չհասցրեց։
Ահեղ հարված էր։ Գորիլլան թափով հետ քաշվեց, կորցրեց հավասարակշռությունը և ծանրաշարժ կերպով վայր ընկավ։ Ըստ երևույթին, ուշաթափվել էր, քանի որ անշարժ էր։ Դարվինը թեթև ցատկեց հատակին և մի քայլ արեց դեպի գորիլլան։
«Վերջապես ի՞նչ է հարմարվածությունը,- մտածեց նա։- Ինչո՞վ է պայմանավորված արարածի՝ այս կամ այն միջավայրում ապրելու պատրաստականության մակարդակը։ Գոյատևելու ունակությա՞մբ։ Բայց այդ դեպքում փակ շրջան է ստացվում։ Հարմարվածությունը պայմանավորված է գոյատևելու ունակությամբ, իսկ գոյատևելու ունակությունը՝ հարմարվածությամբ։ Ո՛չ։ Կորցրի տրամաբանական օղակը․․․»։
Հետ տարավ ոտքը, որպեսզի հարվածեր, բայց այդ պահին գորիլլան բացեց աչքերը, դիմացի թաթերով հետ հրվեց, և փորձեց ծնոտով բռնել Դարվինի աջ ճտքավոր կոշիկից։ Բարեբախտաբար վերջինս հասցրեց ոտքը հետ տանել, և կենդանու ատամները խրվեցին նրա կրունկի մեջ՝ կծել-կտրելով հաստ, երկաթե պայտիկը։ Դարվինը արագ տեղից շարժվեց, և նրա ոտքը դուրս թռավ կոշիկի միջից։ Մեկ ցատկով գորիլլան ոտքի կանգնեց և ձեռքերն ու ծնոտն աշխատեցնելով՝ կոշիկը պատառոտված կաշվի տձև կտորի վերածեց։ Մի կողմ շպրտելով այն՝ դեպի գիտնականը շարժվեց, մռնչաց, թաթերն առաջ պարզեց, իսկ նրա գլխի ալիքավոր մորթին բիզ-բիզ կանգնեց։
«-Իսկ,- մտածեց Դարվինը, – հնարավո՞ր է, որ թեև բնության օրենքները համընդհանուր են, բայց յուրաքանչյուր տեսակի կենսագործունեության ժամանակ տարբեր ինտենսիվությամբ են դրսևորվում։ Այսինքն՝ ասես տեղի է ունենում տարբեր ձևերի փոխներգործություն, որոնց ամբողջությունն էլ հենց սահմանում է բնական ընտրության արդյունքը»։
-Ռռռ, – բղավեց նա։
Գորիլլան մի քայլ հետ ցատկեց։
Դարվինը գրպանից բանան հանեց, գորիլլայի մռութի առաջ տարուբերեց և վերև գցեց այն։ Կապիկը վերև նայեց, բարձրացրեց ձեռքերը՝ փորձելով բռնել այն, բայց այդ պահին Դարվինը մերկ կրունկով ուժեղ հարված հասցրեց նրա անպաշտպան փորին։ Գորիլլան հեծկլտաց և կռացավ, և հենց նույն պահին աջ կողմից հասցված ուժեղ հարվածը նորից տապալեց նրան գետնին․ կրծքավանդակի վրա ընկավ, և Դարվինն առանց ժամանակ կորցնելու, վրա հասավ նրա մեջքին և կոկորդից բռնեց։
«Բանականությունը, – մտածեց Դարվինը, – ավելի ու ավելի ուժեղ սեղմելով կոկորդին, – կամ այն, ինչը նախորդում է բանականությանը, միակ գործոնն է, որն ունակ է ուժեղացնելու ֆիզիկական առումով պակաս հարմարված տեսակների գոյապայքարը․․․»։
Սակայն գոյապայքարը դեռ նոր էր սկսվել։ Գետնին ընկնելուց հետո առաջացած ցնցումից ուշքի գալով՝ գորիլլան մռնչաց և փորձեց մեջքի վրա պտտվել։ Դարվինը լայն բացեց ոտքերը, որպեսզի մեծացներ հենակետի մակերեսը, և կրկնապատկեց ջանքերը։ Ինչ-որ բան կլկլաց գորիլլայի կոկորդում, իսկ հետո իր մեծ թաթը հետ տարավ․ Դարվինը տեսավ մի ակնթարթ նրա դեմքի առաջ հայտնված կնճռոտ դաստակը, որի մեջտեղի մատները միացած էին հաստամաշկով, և բռնեց ծոծրակի հյուսքից։ Ցավից Դարվինի աչքերի առաջ մթագնեց, և նա թուլացրեց բռնելաձևը։ Գորիլլան միանգամից օգտվեց դրանից և կտրուկ ձգումով կողքի պտտվեց։ Այդ պահին Դարվինը ստիպված լարեց բոլոր ուժերը, որպեսզի կարողանար նույն տեղում պահել նրան․ եթե թեկուզ մի փոքր պտտվեր, Դարվինն անպաշտպան էր մնալու նրա սարսափելի ատամների առաջ։
Դարվինը տնքաց և զգաց, որ կորցնում էր գիտակցությունը։ Կարմրավուն շաղվածք անցավ նրա աչքերի առաջ, հետո հանկարծ շատ պարզ՝ գունազարդ փորագրության նման, տեսավ գետի բարձր ափին վեր խոյացող եռահարկ շենքը, որը համարյա մինչև տանիք պատատուկներով էր պատվել․ Շրուսբերիի տունն էր, որտեղ անցել էր նրա մանկությունը։ Տեսավ իր սենյակը, որտեղ խեցիների թռչունների ձվերի հավաքածուներով լի բազմաթիվ արկղեր կային, իսկ հետո ինքն իրեն տեսավ նեղլիկ, անհարմար սերթուկը հագին՝ տեղատվության ժամանակ ծովափին թափառելիս՝ ուսումնասիրելով կակղամորթներին և ձկներին, որոնց ալիքները ափ էին բերել։ Հետո պարզ տեսավ պրոֆեսոր Գրանտի՝ իր առաջին ուսուցչի ոգեշնչված դեմքը, որը խոսում էր տզրուկների և բրիոզոաների թրթուրային ձևերի մասին, իսկ հետո այլ դեմքեր երևացին աչքին, որոնք թեև դիմանկարներում էր տեսել, բայց շատ իրական էին թվում․ Էրազմ[4] պապիկը, որ նրա ծնվելուց յոթ տարի առաջ էր մահացել, Կառլ Լիննեյը[5], Ժան Բատիստ Լամարկը, Ջոն Սթիվենսը[6] (և միանգամից հիշեց իր՝ բրիտանական միջատների մասին գրքում հազվադեպ հանդիպող բզեզի նկարի տակի գրությունը՝ «բռնել է Չ․ Դարվինը»)։ Եվ այդ բոլոր դեմքերը հույսով լի հայացքներով նայում էին նրան, նրանք բոլորը սպասում էին, որ պետք է հավաքեր իր ուժերը, հաղթեր և ավարտին հասցներ նրանց սկսած գործը․ նրանք բոլորն այդ բազում տարիների միջով իրենց օգնությունն ու աջակցությունն էին ուղարկում նրան։
«Մահանալու իրավունք չունեմ, – մտածեց Դարվինը։ – Բացի այդ՝ ես չգիտեմ գլխավորը․․․ Հիմա չեմ կարող մահանալ»։
Գերմարդկային ջանքերով գործադրելով՝ լարեց իր խոշոր մարմնի բոլոր մկանները, ծալեց կապիկի կոկորդը սեղմող ձեռքը և լսեց վզաողերի խռթխռթոցը։ Գորիլլան միանգամից թուլացավ նրա ուժեղ գրկում, բայց մի որոշ ժամանակ Դարվինը չէր կարողանում թուլացնել բռնելաձևը և պառկել էր նրա վրա՝ վերականգնելով շնչառությունը։
«Այո՛, – մտածեց նա, – ոչ միայն բանականությամբ, այլ նաև կամքով։ Ապրելու կամքով։ Պետք է այս ամենի մասին հանգիստ մտածել»։
Վեր կենալով՝ դանդաղ մոտեցավ սեղանին, ուսերին գցեց սերթուկը և վերցրեց հանգչող մոմով մոմակալը։ Ճանկռված կրծքավանդակն արյունահոսում էր, ոտքը ցավում էր, գերլարված վիզը մղկտում էր, բայց Դարվինը երջանիկ էր։ Եվս մի քանի քայլով էր մոտեցել ճշմարտությանը, իսկ դրա վեհ լույսը, որը թեև այդքան վառ չէր, բայց արդեն պարզ տեսանելի էր, համակել էր նրա հոգին։ Դարվինն անցավ մահացած Գորիլայի վրայով, շրջանցեց անպարկեշտ կերպով ոտքերը չռած օրանգուտանին և գնաց դեպի ելքը։
Երբ դեպի տախտակամած տանող դռնակը բացվեց, արևի լույսը կուրացրեց Դարվինին։ Որոշ ժամանակ լարված թարթում էր՝ ճաղաշարից բռնվելով, հետո հարգանքով լի մի քանի զույգ ձեռքեր օգնության հասան նրան և օգնեցին բարձրանալ տախտակամած։
Դարվինը ձեռքի ափով փակեց դեմքը։ Երբ աչքերը մի փոքր վարժվեցին լույսին, թուլացրեց կոպերը և տեսավ օվկիանոսի վառ կապույտ, անեզր հարթությունը, որի վերևում երևում էին սպիտակ թռչունները։ Հեռվում՝ նավակողի ցածր պատից այն կողմ՝ նավի պարանների նոսր ցանցի միջից ինչ-որ անհայտ կղզու կանաչ ափն էր երևում․ այն մե՛րթ ներքև էր իջնում, մե՛րթ վերև էր բարձրանում։
-Պարո՛ն Չարլզ, լա՞վ եք, – ականջի տակ լսեց նավապետի ձայնը։
-Ինձ «պարոնով» մի՛ դիմեք, – փնթփնթաց Դարվինը։ – Աստծու սիրուն։
-Հավատացե՛ք, – հանդիսավոր կերպով ասաց նավապետը, – և՛ ինձ, և՛ «Բիգլ» առագաստանավի ողջ անձնակազմի համար մեծ պատիվ է Ձեզ ուղեկցել։
Դարվինը թեթևակի թափահարեց ձեռքը, ասես հաստատում էր նավապետի խոսքերը, նավաքթից լսվեց թնդանոթի ձայնը, ջրի վրայով տարածվեցին սպիտակ ծխի երկար քուլաները։ Դարվինը բարձրացրեց հայացքը։ Նավաստիները ուղիղ տողանով կանգնած էին նավակողի երկայնքով, այնտեղ էր գրեթե ողջ անձնակազմը։ Տասնյակ աչքեր սիրահարված հայացքով նայում էին նրան, և երբ նավապետի օգնականը, որը հանդիսավոր կիտելը հագին կանգնած էր շարքի առաջ, բարձրացրեց թրադաշույնը, տախտակամածով և ծովով մեկ որոտաձայն «ուռա» տարածվեց։
-Չէ՞ որ ես խնդրել էի, – ասաց Դարվինը։ – Իսկապես անհարմար եմ ինձ զգում։
-Դուք Բրիտանիայի հպարտությունն եք, – ասաց նավապետը։ – Այս մարդկանցից յուրաքանչյուրը Ձեր մասին է պատմելու իր թոռներին։
Դարվինը, մռայլ և շփոթված հայացքով խեթ-խեթ նայելով նավաստիների շարքին, քայլեց տախտակամածով։ Նրա կողքով քայլում էր նավապետը՝ փորձելով հետ չընկնել, իսկ նրանց հետևից շտապ-շտապ քայլում էր սպիտակ ձեռնոցներ հագած բոցմանը՝ ձեռքերի մեջ տանելով դույլը, որի մեջ դրված էր սառեցված շամպայնը։ Խոնավ քամին, բացելով սերթուկի փեշերը, հաճելի կերպով սառեցնում էր նրա մերկ կրծքավանդակը, և նա զգում էր, թե ինչպես էին ուժերն արագ վերականգնվում։
-Ինչի՞ մասին եք մտածում, – հարցրեց նավապետը։
-Մտածում եմ․․․ Աստվա՜ծ իմ, ասե՛ք, որ դադարեցնեն աղաղակը։
Նավապետը ձեռքով նշան արեց, և որոտալից «ուռա»-ն լռեց։
-Հետազոտություններիս մասին եմ մտածում, – սառը կերպով ասաց Դարվինը։
-Պարո՛ն Չարլզ, – ասաց նավապետը, – հավատացե՛ք, երբ պատկերացնում եմ այն բարձունքները և անդունդները, որոնցով ճանապարհորդում է Ձեր խիզախ միտքը, շփոթվում եմ։ Գիտեմ, որ Ձեր գաղափարները կարող են անհասանելի լինել հասարակ սպային, բայց ես ինձ այնքան էլ տգետ մարդ չեմ համարում։ Ժամանակին ես էլ եմ Օքսֆորդում սովորել․․․
Նավապետը արագ շարժումով բարձրացրեց սերթուկի թևքը և Դարվինին ցույց տվեց դաջվածքը․ երեք աղոտ թագեր և դրանց միջև դրված բացված գիրքը՝ ծանոթ գրությամբ։ Դարվինի հայացքը բարիացավ։
-Ես Քեմբրիջում եմ սովորել, – ասաց նա, բայց բանը դրանում չէ։ Ես գոյության մասին եմ մտածում։ Գոյություն ունենալն այնքա՜ն հրաշալի բան է, այնպես չէ՞։ Բայց միայն պայքարն է, որ այդ ուրախությունը զգալի է դարձնում։ Անողոք, դաժան պայքարը հանուն այս օդը շնչելու, այս ծովին և ճայերին նայելու իրավունքի։ Հասկանո՞ւմ եք։
Հայացքը գցեց նավապետի վրա։ Նավապետը խոհուն գլխով էր անում, ինչպես մարդը, որ դեռ չի հասկանում ականջին հասած բառերը, բայց ջանում է մտապահել դրանք, որպեսզի ըմբռնի դրանց իմաստը՝ ավելի ուշ միայնության մեջ անընդհատ դրանք կրկնելով։ Նրանց հայացքները հանդիպեցին միմյանց, և Դարվինը բարձրացրեց ձեռքը, որպեսզի զրուցակցի ուսին դներ այն, և հանկարծ նավապետի աչքերն ասես գունաթափվեցին, հիացմունքը փոխարինվեց գրեթե ֆիզիկապես զգացվող վախով։ Դարվինը տխուր ժպտաց և իջեցրեց ձեռքը։ Արդեն քանիերորդ անգամ էր զգում այն պատը, որը առանձնացնում էր նրան մնացյալ մարդկանցից՝ առօրեականության փութկոտ բնակիչներից, որոնց մեջ ապրելն այդչափ դժվար էր՝ պատկանելով հավերժությանն ու պատմությանը։
Որպեսզի չշփոթեցներ նավապետին, հայացքը թեքեց նավախիլին դրված վանդակների երկարաձիգ շարքերին։ Դրանց միջից անտարբեր հայացքներով նրան էին նայում մի քանի տասնյակ խոշոր կապիկներ․ ոմանք թաթերով բռնվել էին մետաղալարերից, մյուսները ոտքերը ծալած նստած էին հատակին, երրորդները ծուլորեն շարժվում էի։
Ձեռքը գրպանը տանելով՝ Դարվինն ինչ-որ մածուցիկ և թաց բան զգաց և հանեց շիլա դարձած բանանը, որին մի քանի սևաշիկակարմիր մազիկներ էին կպած։ Բանանը նավից դուրս նետեց և պտվվեց դեպի նավապետը։
-Մոտավորապես երկու ժամ հետո նորերի՛ն բաց թողեք, – ասաց նա,- կարծում եմ ևս երկուսը լիովին բավական են։ Իսկ հիմա․․․
-Շամպա՞յն, – հարցրեց ինքն իրեն հաղթահարած նավապետը։
-Շնորհակալ եմ, – ասաց Դարվինը, – շնորհակալ եմ, բայց պետք է աշխատեմ։ Եվ եթե անկեղծ լինեմ, գլուխս սաստիկ ցավում է։
Թարգմանությունը ռուսերենից` Էլիզա Ստեփանյանի
[1] Ֆրանսիացի բնագետ, գիտնական, որը դարձավ առաջին բնագետը, որը փորձեց ստեղծել կենդանի օրգանիզմների էվոլյուցիայի մասին ամբողջական պատկերը, որն այդ ժամանակ կոչվում էր «լամարկիզմ»։ 1809 թվականին Լամարկը գրեց իր ամենակարևոր աշխատությունը՝ «Կենդանաբանության փիլիսոփայություն»։
[2] Գրպանի՝ զանգ տվող ժամացույցի հին տեսակ։
[3] Աստված իմ լույսն է։
[4] Էրազմ Ռոտերդամցի՝ նիդեռլանդական մարդասիրական գրականության ամենաականավոր դեմքերից։
[5] Շվեդ բնագետ և բժիշկ։
[6] Անգլիացի բուսաբան։