Այն օրվանից ինչ սենյակիցս անհետացավ օծանելիքիդ բույրը,
ամեն օր սպասում եմ որ ուր որ է ինչ-որ բան կկրկնվի նորից,
գիշերները քեզ հետ եմ քնում,
առավոտներն եմ մենակ արթնանում:
***
Եկել ես
ու էլի թեյիս բաժակում սառչում է աշունը,
ինչ էիր տարել
որ չկարողացար ետ բերել:
ԳՅՈՒՂ
Անտարբեր, սառը աշունը թուխս է նստել ծեր կնոջ ձեռքում,
և վիրավոր պատի ետևում մրսում է սպասումը,
կիսավեր կտուրի տակ ծնկած դողում է որբ թոնիրը,
ոլոր-մոլոր ճանապարհի սրտի միջով անձրևը
սովորական ջրի նման է հոսում,
լեռան գագաթից նայելիս բարձրացող ծուխ չի երևում,
արնահոսում է ջարդված կտուրներից ներս թափվող ձյունը…
Ո՞վ ումից է հեռացել,
ո՞վ ում է մոռացել,
գնացողները իրենց երազներում ամեն օր վերադառնում են,
մնացողները՝ դիմավորում,
բոլոր սեղանները սակայն հրաժեշտի համար են բացվում միայն:
Երբ են միմյանց գրկած տները կրկին քուլա-քուլա ծուխ
շնչելու դեպի երկինք՝ իբրև կրծքազարդը Աստծու:
***
Երբեմն մոռանում
և ափերս բացում եմ գրքի նման
որ այտերիդ դնեմ:
***
Ամենից սարսափելին այն էր թերևս
որ պատահաբար հանդիպեցինք խանութում
և չհասկացա ինչ լեզվով էին խոսում աչքերդ…
Երկար կանգնեցի
կապույտ էի փնտրում վաճառողուհու աչքերում:
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
Փողոցում հանդիպեցինք,
բոլորը սովորական անցորդներ էին
բացի նրանից:
***
Տարօրինակ է,
պառկած եմ ու ոչ մի ձեռք չի գրկում մեջքս,
և դու չես տեսնում երազիս կեսը
ուրեմն մեռել եմ…
Անձրև
Մեքենաների աղմուկը խանգարում է,
հողն ու արմատը չեն լսում իրար,
և գիշերվա պաղ համբույրի մեջ ավարտվում է
երկնքի օրորոցայինը:
***
Հիշողության դեմքին իբրև վաղամեռիկ կարոտ
սառել է ժամանակի գերանդին,
գնում ես որ չշարունակվեմ
և արդեն երեք օր է ինչ թվում է
թե երեսուն տարի չեմ տեսել քեզ…
Հիմա մարդիկ հանդիմանում են ինձ
խմելու և շատ ծխելու համար
և միայն ծարավ յասամանն է հիշում
որ գարունը քո կարիքն ունի:
***
Աղավնիներից հետո
եկավ որսորդը,
ինչ ծանր է կաթսայում լռել խաղաղությունը…