ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ | Ցուրտ քաղաք, տաք ծովեր

Դավիթ Մուրադյան

Իհարկե, այս պատմվածքը՝«Երազների մեկնություն» գրքից, ավելի ճիշտ է կարդալ «Կաղանդի ծառ» պատմվածքից առաջ, որովհետև փոքրիկ տղա Արտակը …

 

Կարճահասակ աղջիկը կանգնել էր աթոռակին և զգուշորեն հանում էր խաղալիքները: Փշերը թափվում էին: Պառավը կռացել, հավաքում էր գորշացած բամբակները, լցնում դույլի մեջ:

-Ձեր տոնածառը դեռ կա՞– հարցրեց Փառանձեմը:
– Կա,– պատասխանեց Կարոն:

Փառանձեմը շաքարավազով լի տոպրակը կշռեց, մեկնեց Կարոյին: Աղջիկն իջավ աթոռակից, թափ տվեց թևքերին մնացած փշերը, մի քանի քայլ հետ գնաց ու ասաց. – Մնաց մեխերը հանենք: – Ոչ մի խաղալիք չկոտրեցի՞ր,– հարցրեց Փառանձեմը:
– Չէ,– ասաց աղջիկը:
– Ափսոս, մեկը պետք է կոտրվեր: – Ինչո՞ւ, –զարմացավ Կարոն:
– Լավ նշան է, – բացատրեց Փառանձեմը:
Կարոն ժպտաց: Տարիներ առաջ, երբ դեռ փոքր էր, դպրոցից տուն վերադառնալիս մտնում էր խանութ, չամիչով բլիթ առնում: Վաճառողը նույն Փառանձեմ մայրիկն էր, թեև այդ ժամանակ, իհարկե, մորաքույր: Հայրն ամեն օր քսան կոպեկ էր տալիս` դպրոցի բուֆետում նախաճաշելու համար, բայց Կարոն գերադասում էր դասերից հետո խանութ գնալ: Այդպես ավելի լուրջ էր, մեծավարի: Մինչև տուն հասնելն ուտում-վերջացնում էր, թանաքոտ մատներով քչփորում, հանում հատուկենտ չամիչները……
Մնում էր մի տուփ ծխախոտ առնել, և Կարոն գնաց դեպի հակառակ ծայրը: Պառավը, դույլը ձեռքին, անցավ նրա կողքով, իսկ դրամարկղի դիմաց խմբված գնորդները համբերությամբ սպասում էին աղջկան: Աղջիկն, ըստ երևույթին, նոր աշխատող էր: Մեկ շաբաթ առաջ, երբ Կարոն վերջին անգամ խանութ էր եկել, գանձապահը տարեց կին էր` նիհար ու ծաղկատար դեմքով:
– Հիմա’, հիմա’,– սպասողների կողմը դարձավ աղջիկը,– գալիս եմ:
Կարոն ծխախոտ էլ առավ և դուրս գալուց առաջ շրջվեց ու նայեց տոնածառին: Խեղճը ցցվել էր խանութի անկյունում, փողոցներում սրթսրթացող ծեր ու մուրացիկ երաժշտի նման, որը լուռ մտաբերում է իր երբեմնի փառքն ու չի մխիթարվում… Նորից ժպտաց: Գլուխը ցավում էր:«Գնամ ու քնեմ,– ասաց ինքն իրեն,– միայն թե հեռախոսը չխանգարի:»

Աղջիկը եկավ, գրավեց իր տեղը, և հաշվող մեքենան սկսեց աշխուժորեն չխկչխկալ: Նա մտածեց, որ մի տասը-տասնհինգ րոպե անց կսկսվի ընդմիջումը, ու Փառանձեմ մայրիկը սուրճի նստվածքով բախտ կգուշակի: Մեկ շաբաթ էլ չկար, ինչ նա աշխատում էր, և խանութում բոլորն ասում էին, թե Փառանձեմը գուշակելու վարպետ է, շաքարավազ ու մարմելադ վաճառող կախարդուհի: Դիմացի մայթին թերթի կրպակն էր: Կարոն կտրեց-անցավ դատարկ փողոցը, մոտեցավ կրպակին: Ցուրտ էր, իսկ ձյուն բոլորովին չկար: Դեռ ոչ մի ձմեռ այսքան ժլատ չէր եղել: Ամեն առավոտ նա արթնանում էր, հուսալով, որ հնոցատան տանիքը, գաճաճ խնձորենիներն ու հնամաշ ասֆալտը ճերմակած կտեսնի, բայց առավոտները հաջորդում էին մեկը մյուսին, ու ոչինչ չէր փոխվում:
– Հա, դո՞ւ ես,– աչքերը բացելով՝ մրթսրթաց թերթավաճառը,–«Նեդելյա՞՚ ես ուզում:
– Այո,– ասաց Կարոն,– ինչպե՞ս եք:
– Մրսում եմ,– թնկթնկաց Ենոքը,– Նոր տարին վրաս չեկավ:
Նրա գլուխը մի պահ անհետացավ (»Նեդելյան», երևի, շատ խորն էր պահված), հետո նորից երևաց:
– Վերջինն է,– ասաց Ենոքը:– Տեսնո՞ւմ ես, քեզ համար միշտ պահում եմ:
– Շնորհակալ եմ,– ժպտաց Կարոն,– Քնած էիք, իզուր խանգարեցի:
– Իմ քնելը ո՞րն է,– ձեռքը թափ տվեց Ենոքը,– եղած-չեղածը՝ մրափում եմ: Հենց որ գնաս, էլի կմրափեմ:
– Ուրեմն՝ ցտեսություն, –թերթը գրպանը դնելով՝ ասաց Կարոն: Եվ, չիմանալով ինչու, ավելացրեց.– Դուք գունավոր երազներ տեսնո՞ւմ եք…
– Գունավո՞ր,– զարմացավ Ենոքը:
Աղջիկը ճանապարհեց վերջին հաճախորդին ու հաճույքով ճլմկոտաց: Հետո շրջվեց ու նայեց ապակե պատից: Ապակին քրտնել էր, և նա, ձեռքը երկարելով, սրբեց գոլորշու շերտն ու տեսավ ձմեռային դատարկ, անհրապույր փողոցը, սևացած ճյուղերով ծառերը, հանդիպակաց մայթի կրպակն ու քիչ առաջ շաքարավազ գնող երիտասարդին, որը փոքր-ինչ կռացել ու, երևի, զրուցում էր թերթավաճառի հետ:«Դուրեկան տղա է, – մտածեց նա,– միայն թե շատ էր թթված: Երևի գիշերներ է լուսացնում ասպիրանտուրա ընդունվելու համար»: Մի նոր գնորդ մոտեցավ:
– Փառանձե՛մ մայրիկ, – կանչեց աղջիկը, – դուռը չփակե՞նք:
– Չե՞ս համբերում, – պատասխանեց Փառանձեմը, – դեռ ութ րոպե կա:

– Այո, գունավոր, – կրկնեց Կարոն:–
– Չէ, – գլուխը տարուբերելով՝ քմծիծաղեց Ենոքը: – Իսկ էդպիսի երազներ լինո՞ւմ են:
– Ասում են, – ուսերը թոթվեց Կարոն:
– Ուրեմն՝ ինքդ չե՞ս տեսել:
– Ոչ: Կամ գուցե չե՞մ հիշում…
– Հաստատ փչոց կլինի:
– Ո՞վ իմանա– ժպտաց Կարոն:
– Չէ, չէ, փչոց է,– կրկնեց Ենոքը:
Նրանք մի պահ լռեցին, ու Կարոն ասաց.
– Դե լավ, ես գնամ:
– Հաջողություն,– քրթմնջաց Ենոքը:

Երբ նա տուն հասավ, տեսավ, որ բակի կենտրոնում հավաքվել են երեխաներն ու ջարդոտած արկղեր են դարսում իրար վրա: Արտակի ծոպավոր գդակը մերթ երևում էր, մերթ՝ կորչում խմբի մեջ: Կարոն կանչեց եղբորը: Արտակը չլսեց: Կարոն ավելի բարձր կանչեց, և երբ տղան վազելով եկավ, հարցրեց.– Ի՞նչ եք անում:
– Խարույկ ենք վառում,– ասաց Արտակը: Ցրտից նրա շրթունքները կապտել էին, գլխարկը թռել էր ծոծրակին ու հրաշք բան էր, որ չէր ընկնում:
– Շա՛տ խելոք եք, – ասաց Կարոն:– Ո՞վ է քեզ լուցկի տվել:
– Լուցկին ինձ մոտ չի,– խեղճացավ Արտակը:
– Հետո՞ ինչ,– ասաց Կարոն,– կրակի հետ խաղա՞լս որն է:
Արտակը շրթունքն ատամի տակ առավ. հուզվել էր:«Ոնց որ աղջիկ լինի»– քնքշանքով մտածեց Կարոն՝ թմբլիկ եղբորը նայելով:«Հենց նեղն ես գցում, սիրտը լցվում է»: Նա ուղղեց ծոպավոր գլխարկը, վերարկուի տակից դուրս թռած շարֆը:
– Արտակ, չե՞ս գալիս,– ձայնեցին ընկերները:
– Չէ, չի գալիս,– պատասխանեց Կարոն: Հետո բռնեց եղբոր ձեռքն ու առաջ ընկավ: Արտակը լուռ էր: Նրանք այդպես էլ լուռ բարձրացան չորրորդ հարկ, և Կարոն սկսեց փնտրել բանալին, իսկ աղջիկը վրա բերեց խանութի ծանր դռներն ու կողպեց:
– Վերջ,– ասաց նա,– մի ժամ շունչ քաշենք,– ու գնաց լվացվելու: Ջուրը սառն էր: Աղջիկն արագ-արագ օճառեց ձեռքերը, լվաց, չորացրեց ու հանկարծ նրա աչքերի առաջ նորից հայտնվեց կանաչ, վառ կանաչ ծովը՝ հուսահատության պես մեծ և հույսի պես անհատնում, ամայի լողափը, ճեփ-ճերմակ ճայերի երամը և ինքը, որ թևերը թափահարելով՝ վազում էր ափի երկայնքով, ինչ-որ բա՞ն էր գոռում ճայերի ետևից, թե՞ իզուր ջանում հասնել նրանց…Նա ժպտաց, հետո տխրեց, որովհետև առավոտվանից արդեն թվում էր, թե ինքը պետք է մեկ անգամ էլ տեսած լիներ այդ երազը, նույն կանաչ-ճերմակ-կանաչ երազը, վրա եկող ու դավաճանաբար փախչող ալիքները, հարյուրավոր ճայերը, ի՛նքը, դարձյալ ի՛նքը, որ ապարդյուն կանչում էր նրանց կամ փորձում թռչել, հասնել…
«Արդյոք հնարավո՞ր է նույն երազը երկրորդ անգամ տեսնել» – անցավ նրա մտքով: -«Գուցե երազներն իրո՞ք կարող են կրկնվել, ու միայն կյանքում է ամեն ինչ մեկ անգամ լինում:» Սրբիչը տեղը կախեց, նայեց թեթևակի խունացած հայելու մեջ, որն ամրացված էր լվացարանի գլխավերևում: Ոչ ծով էր նշմարվում, ոչ էլ՝ թևատարած մի ճայ: Հեռացավ լվացարանից ու որոշեց հարցնել այդ մասին Փառանձեմին: Գուցե Փառանձեմը երազնե՞ր էլ է գուշակում:

Իսկ Կարոն սուրճ էր եփել և հիմա խմում էր՝ բազմոցին նստած: Գլխացավը կարծես թե թուլացել էր: Արտակը տեղավորվել էր պատուհանի գոգին, ճակատն ապակուն հենել և դուրս էր նայում:
– Դասերդ պատրաստե՞լ ես,– հարցրեց Կարոն:
– Այո,– ուսուցչուհու հետ խոսելու նման՝ պատասխանեց Արտակը:
– Խնդիրը մենա՞կ լուծեցիր:
– Էս անգամ խնդիր չկար:
– Տոնածառը չհավաքե՞նք,– առաջարկեց Կարոն:
– Չէ ,– առանց շրջվելու ասաց Արտակը,– թող մի քիչ էլ մնա:
«Տեսնես ո՞ւմ տանն է տոնածառ մնացել: Հունվարն արդեն կես է լինում»: Նա հիշեց, որ երբ ինքն էլ Արտակի տարիքին էր, խելքը գնում էր տոնածառի համար, և տոնածառը իրենց տանը մնացել է մինչև տասներեքը՝ հին տոմարի համաձայն, մինչև որ ճյուղերն ուժասպառ են եղել ու կախ ընկել, իսկ խաղալիքները՝ սահել ցած:«Ոչ մի հատ չկոտրեցի՞ր: – Չէ: – Ափսոս, մեկը պետք է կոտրվեր: – Ինչո՞ւ: – Լավ նշան է»:
Նա խմեց-վերջացրեց սուրճը, ոտքի ելավ ու մի պահ նրան թվաց, թե ինքն Արտակն է, ոչ, ավելի ճիշտ՝ Արտակը Կարոն է, և նստել է լուսամուտագոգին, ծնկները գրկել ու լեռներն է դիտում: Թվաց, թե դիմացի բազմահարկը դեռ չեն կառուցել, և հորիզոնում մեղեսիկի հատիկների պես կողք-կողքի շարված լեռները, որոնք հիմա կուչ են եկել այդ անդուր շենքի ետևում, մայրամուտից առաջ անընդհատ փոխում են իրենց ուրվագիծն ու գույները, դառնում մերթ ծխաքուլայի պես թափանցիկ, մերթ՝ մանուշակագույն, մերթ գորշ… Գույները հաջորդում են ու չեն կրկնվում:
:

– Բաժակդ տուր,– ասաց Փառանձեմը:
Աղջիկը տվեց: Փառանձեմն ակնոցը հարմարեցրեց քթին, թեքվեց լույսի կողմը: Աղջիկն սպասում էր: Հիմա նրան ամենևին չէր հետաքրքրում, թե ինչ է կարդալու իր կյանքն այս խանութի հետ ապրած կիսապառավը՝ նստվածքի չորացած նախշերի մեջ: Փառանձեմն էլ առայժմ լուռ էր, չէր շտապում: Շաքարավազ ու մարմելադ վաճառող կախարդուհի, որի հանդիման բաց են մարդկային հոգու գաղտնիքները և ում համար ճակատագիրը հանելուկներ չունի…

Կարոն եկել, կանգնել էր լուսամուտի առաջ: Բազմահարկ շենքը պինդ – պինդ փակել էր հորիզոնը: Հնոցատան տանիքին, միջահասակ խնձորենիների ճյուղերին ձյուն չկար: Եվ նա հանկարծ հասկացավ, որ Արտակը ոչ մի անգամ չի հետևել գույների խաղին ու չգիտե, որ սապատավոր ամպերը մութն ընկնելուց առաջ լողում ու մոլորվածի պես դեմ են առնում լեռնագագաթներին: Նա ոչ մի անգամ չի լսել, թե ինչպես էր հայրը՝ սարերի կողմը նայելով ասում. -«Ոնց որ թե դրանց գլխին անձրև է գալիս;, Նա տեսել է միայն դիմացի պատշգամբներից կախված սավանները:
– Սիտդ նեղված է,– վերջապես խոսեց Փառանձեմը,– երկու թե երեք կետից լուր կստանաս, կպարզվի:
– Մեկ էլ ե՞րբ ես գործուղման գնալու,– հարցրեց Արտակը:
– Երևի հաջորդ ամիս:
– Որ չգնաս, չի՞ լինի:
– Չի լինի,– ասաց Կարոն: Գիշերը, երբ վերադարձավ, Արտակն արդեն քնած էր: Այսօր, երբ արթնացավ, եղբայրն արդեն դպրոց էր գնացել:
– Մայրիկն ասում է, որ մի օր քո գլխին փորձանք է գալու:
– Մայրիկներին միշտ թվում է, թե մենք վտանգի մեջ ենք:
– Ճի՞շտ է, որ գազը պայթում է ու մարդիկ մեռնում են:
– Հազարից մեկ է լինում:– Կարոն զարմացած էր: Արտակը երբեք այսքան զրուցասեր չէր եղել: Գոնե՝շարունակ բացակայող եղբոր հետ:
– Սովորաբար վթարային վիճակները կանխում ենք:
– Իսկ ինչո՞ւ է պայթում:
– Խցանում է առաջանում կամ արտահոսք,– բացատրեց Կարոն:
– Մայրիկն ասում է, որ դու քեզ չես խնայում: Ասում է, որ ինչքան ծանր գործ կա, քեզ վրա են բարդում, իսկ հանգստյան տան ուղեգրերը պահում իրենց:
– Բա ո¯նց,– ասաց Կարոն:
– Ճամփա գնալը լավ է, չէ՞,– հարցրեց Արտակը:
– Ճամփա գնալուց լավ բան չկա,– ասաց Կարոն:

Աղջիկը մտքով էր ընկել: Փառանձեմը երկար-բարակ խոսեց, բայց նա ականջ չէր դնում: Միայն գլուխն էր շարժում, որ կարծեր, թե ուշադիր է:«Ոչ,– մտածեց նա,– Փառանձեմին չեմ պատմի երազս: Որովհետև կսկսի նույն երկար-բարակ հեքիաթները: Որովհետև իմ երազն իմ գաղտնիքն է: Իմ ուրիշ կյանքը:» Եվ նա մտածեց ծովի մասին, թեպետ երբեք իսկական ծով չէր տեսել, ու ճայերի մասին, ու հավատաց, որ իր երազը բարի էր: ՙԹող այդպես լինի,– ասաց նա մտքում,– թող կյանքը բարի երազների նման լինի»: Ու շատ զարմացավ ինքն իր վրա, իր տարօրինակ մտքերի, իր միամիտ ցանկությունների, և նորից նրան պաշարեց հին-ծանոթ երկյուղը.«Ես չեմ մեծանում: Միշտ էլ ներսից երեխա եմ մնալու: Թե՞ բոլորն են ներսից երեխա: Հավերժական ու թաքուն:»
– Ես ճանապարհորդ եմ դառնալու,– ասաց Արտակը:
Կարոն ցանկացավ ասել, որ այդպիսի մասնագիտություն չկա, բայց չասաց: Ու գոհ մնաց իր լռությունից: Արտակն իջավ լուսամուտագոգից, գնաց խոհանոց: Կարոն ծխեց: Հիշեց, որ ուզում էր քնել:«Դե լավ,– մտածեց նա,– չեմ քնի:» Ծխաքուլաները կուրորեն բախվում էին ապակուն, համբարձվում: Հեռախոսը, որքան էլ տարօրինակ լիներ, դեռ շարունակում էր լուռ մնալ: Կարոն տուն էր եկել: Տեղամասը հանձնել էին: Գազամուղը երեք անգամ վթարվել էր: Երեք անգամ ժամկետները խախտել, բայց, վերջապես, հանձնել էին: Իրենք մեղավոր չէին, դժվար տեղանք էր, մատակարարումն էլ՝ Աստված հեռու պահի, իսկ լեռնանցքում սառնամանիք էր ու սղոցի նման կտրող քամիներ: Իր պատուհանից մի ժամանակ երևացող սարերը անծանոթ – օտարականի պես էին ընդունել նրան:
– Անցավ, – չգիտես թե ում դիմելով՝ ասաց Կարոն, – էս մի հին – նոր տարին էլ անցավ:

Աղջիկը բաժակներն էր լվանում: Խանութի դռների մոտ արդեն մի քանի մարդ էր սպասում: Քիչ անց ինքը նորից տեղ է գրավելու հաշվիչ մեքենայ մոտ, մեջքով դեպի կիսաթափանցիկ պատը: Պատից այն կողմ ձմեռային փողոցն է, իսկ դիմացի մայթին՝ թերթավաճառի կրպակը: Ու նա, ինքն էլ չհասկանալով, թե ինչու, հիշեց շաքարավազ առնող եչիտասարդին, որ հետո զրույցի էր բռնվել թերթավավաճառի հետ: Հիշեց, որ այդ երիտասարդը ոչ այն է՝ թթված, ոչ այն է՝ հոգնած դեմք ուներ:«Մի՞թե նա գունավոր երազներ չի տեսնում, – ժպտալով մտածեց աղջիկը: – Ասենք թե՝ զմրուխտ – կանաչ ծով:»

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *