Սիրված երգերը հայերեն | Բաժանման զանգ

(THE DIVISION BELL)

The Division Bell, Փինք Ֆլոյդ անգլիական պրոգրեսիվ ռոք խմբի տասնչորսերորդ ալբոմը։ Մեծ Բրիտանիայի տարածքում սկավառակը հրապարակվել է 1994 թվականի մարտի 28-ին, EMI լեյբլով, ԱՄՆ-ում պրեմիերան տեղի է ունեցել նույն թվականի ապրիլի 4-ին՝ Columbia Records-ում։
“Division bell” ալբոմի անունը վերցված է վերջին երգի (“High Hopes”) առաջին տան վերջին նախադասությունից (“the ringing of the division bell had began…”)։
Այս անունը կապված է այն զանգի հետ, որը Բրիտանիայի խորհրդարանում ազդարարում է առաջիկա քվեարկությունը։
Ներկայումս այն փոխարինվել է էլեկտրական զանգով։ “Division” բառը այս առումով նշանակում է քվեարկություն, ասել է՝ տարակարծություն, խորհրդարանի անդամների բաժանումը թերի և դեմի միջև։
Ալբոմի վերնագիրը սերտ առնչություն ունի ալբոմի կոնցեպցիայի հետ ու խորհրդանշում է կապերի խզումը, թյուրըմբռնումը, մարդկանց միջև  հակասությունները։
Ալբոմի վերնագրի ընտրության հարցում կարևոր դեր է ունեցել գրող Դուգլաս Ադամսը։
Երաժշտությունը մեծ մասամբ գրել են Դեյվիդ Գիլմորն ու Ռիչարդ Ռայթը, երգերի բառերը առավելապես վերաբերում են մարդկային շփման թեմային։
Փինք Ֆլոյդ խմբի անդամներից բացի ալբոմի ձայնագրմանը մասնակցել են նաև պրոդյուսեր Բոբ Էզրինը, ինժեներ Էնդի Ջեքսոնը, սաքսոֆոնահար Դիք Փերրին։ Երգերի մի մասի բառերի համահեղինակը Դեյվիդ Գիլմորի վերջին կինն էր՝ Պոլի Սեմսոնը։ 1994 թվականի հունիսին սկավառակն ԱՄՆ-ում արժանացավ ոսկի, պլատինե և կրկնակի պլատինե, իսկ 1999 թվականի հունվարին եռակի պլատինե անվանակարգերին։

 

Ի՞նչ ես ուզում ինձնից

Այս գիշեր, երբ նայես շուրջը սենյակի,
Թիկնի՛ր աթոռիդ ու լու՛յսը մարիր։
Արյու՞նս ես ուզում, թե՞ արցունքներս։
Ի՞նչ ես ուզում։

Ի՞նչ ես ուզում ինձնից։
Երգե՞մ այնքան, մինչև ձայնս խզվի։
Նվագե՞մ, մինչև մատներս թմրեն ցավից։
Հեշտ չես գոհանում։
Ինձնից ի՞նչ ես ուզում։

Կարծում ես՝ մի բան գիտեմ, որ չգիտես
(ինձնից ի՞նչ ես ուզում)։
Թե պատասխաններ չխոստանամ, կլքե՞ս
(ինձնից ի՞նչ ես ուզում)։
Թողնե՞մ երկինքն ինձ անձրևի։
Հյուսե՞մ քեզ համար պսակ երիցուկի։
Պետք չեմ ես քեզ։
Ի՞նչ ես ուզում ինձնից։

Քոնը կդառնա, ինչ ուզես։
Կարող ես սուզվել, երազել, անգամ ջրի վրա քայլել։
Ինչ սիրտդ ուզի։

Քոնը կդառնա, ինչ տեսնես։
Ծախի՛ր հոգիդ հանուն իշխանության։
Քեզ պե՞տք է նման բան։

Այս գիշեր կարող ես կորցնել քեզ։
Թաքուն բան չկա, նայի՛ր ներս։

Միացրու՛ լույսն ու տե՛ս։
Ի՞նչ ես ուզում ինձնից։

 

Հակառակ բևեռներ

Գիտե՞իր, որ քեզ համար ամեն բան սխալ էր գնալու,
Իսկ ինձ համար այնքան ճիշտ։
Ինչու՞ ասացինք մենք քեզ,
որ ոսկե տղան ես եղել,
որ չէիր կորցնի երբեք լույսն աչքերիդ։

Հե՜յ դու, գիտե՞իր՝ ինչ էիր դառնալու։
Տեսա՞ր՝ ես միակը չէի, ումից փախչում էիր դու։
Ամբողջ ժամանակ գիտե՞իր ու մե՞կ էր։
Առաջնորդում էիր կույրերին, մինչ սևեռվել էի աչքերիդ պողպատին։

Մեղմ անձրև էր թափվում
անորոշության կտուրներին։
Մտածում էի քո ու տարիների մասին, ու հանկարծ թախիծներս լքեցին։
Գիտե՞իր դու…
(գիտե՞իր դու)։
Երբեք չէի մտածի, որ կկորցնեիր լույսն աչքերիդ։

 

 

Մեծ օր ազատության համար

Այն օրը, երբ պատը փշրեցին,
Բանալին գետին նետեցին։
Բաժակները վեր պահած՝
Մեզնից մի ճիչ թնդաց.
Ազատությունն էր զարթնել քնած։

Այն օրը, երբ պատը փշրվեց,
Խելագարների նավը ափին զարնեց։
Խոստումներ, որ փայլեցին գիշերում,
Ինչպես թղթե աղավնին իր սլացքում։

Երազվեց ինձ, որ դու չկայիր։
Ջերմունթյուն, հպարտություն էլ չմնաց։
Ոչինչ չէի կարող անել քեզ համար,
Իմ կարիքն ունեիր չնայած։

Օրեցօր կյանքն է իմաստազրկվում,
Երբ ընկեր ու բարեկամ երես են թեքում։
Կան բաներ, որ հետ չես բերի,
Ինչքան ուզում ես փոշմանիր։

Զինվորները շարժվում են, ինչպես ավազն անապատի։
Ազգերը լվանում են իրենց ձեռքերն արյունոտ
Հավատարմությունից, պատմությունից, անորոշությունից գալիքի։

Արթնացա թմբկազարկերից։
Հնչում էր մի մեղեդի. արևը փախել էր քնից։
Քեզ տեսա, երբ շրջվեցի,
Ու ամեն բան մռայլ հուշերից բացի
սահեց, սահեց հեռուն դեպի։

 

Հագնելով թարսուշիտակ

Առավոտից գիշեր ոչ մի հայացք ինձ չէր գտնի։
Չգիտեի՝ ինչ էի դարձել՝
Հազիվ բռնած փեշից մահի։
Մի բառով՝ մեկուսարան կյանքի։

Ոչ մի շշուկ
(անկյունում էր նա)
Իմ բերանից
(բայց էկրանը մարմրում է դեռ)։
Շատ երկար
(աղբի անվերջ հոսանքով)
Եղել եմ քաոսում
(անիծված մի տեղ)։
Սառն է մաշկն իմ
(ծովում պատահական դեմքերի)
Հպման համար մարդկային
(ինքնակործան կենդանի)։
Սիրտն այս արյունվող
(ալիքների փշրվելուն սպասելով)
Չունի էլ զարկեր բաբախող։

Մրմնջացի երդում լռության ու հիմա
Չգիտեմ՝ երբ եմ մտածում բարձրաձայն։
Միացրի գիշերը՝ լույսից հանգած։
Հագի՛ր խավարը ժպիտով՝ ոչնչով լցված։

Ես սողում եմ դեպի կյանք։
Խախտված նյարդային համակարգ։
Ամեն ինչ է թարսուշիտակ։

Հիմա նրան նայի՛ր,
Գունատ է ավելի։
Բայց գալիս է մոտ,
Խեղդում՝ չթողնելով օդ։
Վաղուց չէր խոսել.
Կարող է բառերն իմ բերանից խլել։

Բառերով այս ճեղքում եմ ամպերը՝ ինձ ծածկած։
Սպասի՛ր մի քիչ, հետո անու՛նս ասա։
Մենք կարող ենք մեզ նորից անսալ։

Ես սպասում եմ
(նա կանգնած է շեմքին հենց)
Նոր օրվան
(ցասումով կրակված),
Երբ ամպերը ողջ
(մակերես շպրտված)
Ցրվել են հեռուն
(անիծվի տեղն այդ)։
Քեզ հետ եմ հիմա
(բոլոր կողմերից քրքրված)։
Անունդ կասե՞ս
(էկրանը մարմրում է դեռ)։
Կարող ենք մեզ նորից անսալ
(կրակների մարելուն սպասելով)։

 

Հե՛տ վերցրու

Սերը նրա անձրևում է ինձ վրա նրբին, ինչպես քամին։
Լսվում է շունչը՝ նման ծովի ալիքներին։
Թափառում էին մտքերս միայն նրա մասին. կար կիրք ու ցասում։
Պտտվում էինք խավարում, ու
երկիրն էր կրակվում։

Նա մի օր կզղջա, կզղջա մի օր նա։

Ես հետևում եմ նրան, խաբում՝ տալով պատիր խոստում։
Հետո լսում ծիծաղը նրա, ծիծաղը խորքից։
Իր սերն ապացուցել էի ստիպում, ու սիրուց ամենը վերցնում։
Ցավեցնում էի նրան՝ տեսնելու՝ կդիմանա։

Նա գուցե զղջա, կզղջա մի օր նա։

Գիտեմ զգուշացումները բոլոր՝ չորս կողմից ճչացող։
Հեշտ է անտեսել դրանք, փորձել եմ. Աստված գիտի։
Այս մոլորությունները բոլոր հավատս վերածեցին ստի,
Երբ չէի տեսնում վտագն ու լսում ձայնն ալիքի։

Գուցե նա զղջա, կզղջա մի օր նա։
Գուցե նա զղջա, կզղջա մի օր նա։
Նա կզղջա մի օր, կզղջա մի օր։

 

Վերադառնալով կյանք

Ուր էիր դու, երբ մոխրացած էի ու ջարդված,
Մինչ պատուհանիցս երևում էին օրերը չվող։

Ուր էիր դու, երբ անօգ էի ու փշրված։
Քանզի քեզնով եմ օղակված,
Մինչ ճոճվում ես՝ ուրիշի բառերից կառչած։
Լսածիդ հավատալ տենչալով՝
Նայում էի ուղիղ արևին փայլող։

Խճճվել էր միտքս ու թելը ժամանակի՝
Մինչ սերմերն էին ցանվում փոփոխման ու կյանքի։
Սև անձրև էր թափվում նրբին,
Երբ խորհում էի այս ժամանցի մասին՝ երկյուղալի, բայց անդիմադրելի։
Երկնային ճամփեքով անցա մեր լռության միջով։
Գիտեի՝ եկել էր պահը
անցյալի սպանդի ու
դեպի կյանք վերադարձի։

Երկնային ճամփեքով անցա մեր լռության միջով։
Չմնաց ոչինչ սպասումից բացի,
Ու ուղիղ դեպի արևը նետվեցի։

 

Շարունակի՛ր խոսել

Պատել է ինձ մի լռություն,
Ու մտքերս են թրևում։
Նստում եմ անկյունում.
Ոչ ոք չի խանգարում։
Գուցե խոսեմ հիմա
(ինչու՞ ինձ հետ չես խոսում)։
Չեմ կարող խոսել հիմա
(երբեք չես խոսում ինձ հետ)։
Բառեր չունեմ տեղին
(մտածում ես, ինչի՞մասին)։
Զգում եմ՝ խեղդվում եմ
(ի՞նչ ես զգում)։
Թույլ եմ զգում հիմա
(ինչու՞ չես խոսում ինձ հետ)։
Թուլությունս չեմ կարող ցույց տալ
(երբեք չես խոսում ինձ հետ)։
Հետաքրքիր է՝
(ի՞նչ ես մտածում)
այստեղից հետո ուր ենք գնում
(ի՞նչ ես զգում)։

Զգում եմ՝ խեղդվում եմ
(երբեք չես խոսում ինձ հետ)։
Գիտես՝ չեմ կարող շնչել հիմա
(ի՞նչ ես մտածում)։
Մենք գնում ենք ոչ մի տեղ
(ի՞նչ ես զգում)։
Մենք գնում ենք ոչ մի տեղ
(ինչո՞ւ չես խոսում)
(երբեք ինձ հետ չես խոսում)
(ի՞նչ ես մտածում)
(այստեղից հետո ու՞ր ենք գնում)։

 

Բառերը կորցրած

Ժամանակս էի սպանում փակուղիներում,
Եփվում ատելության կաթսայում։
Զգում էի հալածված ու հաշմված։
Թվում էր՝ կարող էր սպասել
մնացած ամեն բան։

Մինչ մսխում էիր ժամերդ թշնամուդ վրա՝
Տանջելու տենդով տարված։
Քո թունելային տեսողությունից անդին
իրականություն չկա ամենևին, Ու չկան ստվերներ գիշերային։

Հանուն զգուշությա՞ն զոհել քեզ։
Չի փրկի ընդհանրապես։
Շատերի մեջ անդորր չես գտնի,
երբ միակդ քեզ լքի։

Տե՛ս, օրերդ նեխել են մթությունից։
Բռունցքնե՞րդ ես զարկում գետնին։
Կառչած ես մենությունից,
Մինչ բաղեղն է աճում դռնից։

Թշնամիներիս առաջ դռներս եմ բացում
Ու հարցնում՝ կարո՞ղ ենք ամեն բան մոռանալ։
Բայց նրանք ասում են “գնա՛, ռա՛դ էղի.
Դու գիտես, որ երբեք չես հաղթի”։

 

Մեծ հույսեր

Մեր մանկության հորիզոնից անդին՝
մագնիսների ու հրաշքների աշխարհում,
մտքերը մեր միշտ թափառում ու սահմանն էին ճեղքում,
մինչ զանգը բաժանման սկսել էր կանչել։

Լոնգ Րոուդից ու Քոզվեյից գալով՝
նրանք դեռ հանդիպու՞մ են Քաթ գետի մոտ։

Քրքրված մի խումբ վազում էր մեր հետևից,
նախքան ժամանակը կխլեր երազները մեզնից։
Լքեցինք անթիվ թզուկներին,
որ փորձում էին շղթայել մեզ գետնին՝
քայքայումից սպառված կյանքին։

Խոտը կանաչ էր ավելի։
Լույսն ավելի պայծառ։
Ամենուր ընկերներ։
Մոգական գիշերներ։

Կամուրջների մարմրող մոխիրներից անդին
ամեն բան ներկվել է կանաչ։
Քայլում ենք առաջ,
բայց վերդառնում, ինչպես լուսնոտ։
Ներսի անսանձ ալիքով,
վեր պահած դրոշով՝
հասանք երազած աշխարհը մեր՝ պատված մշուշով։

Միշտ լճացած նույն տենչով՝
ապրում է անհագուրդ մի սով։
Հորիզոնում են թափառում աչքերը մեր թմրած։
Այս ճամփան մեր քայլերից շատ է մաշված։

Խոտը կանաչ էր ավելի։
Լույսն ավելի պայծառ։
Համը քաղցր էր ավելի։
Գիշերները մոգական։
Կողքին ընկերների։
Շողում է մշուշն արշալույսի
Ու հոսում է ջուրը հավիտյան
Դեպի գետն անհուն։

Թարգմանիչ՝ Գոհար Գրիգորյան

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *