ՈՒՄԲԵՐՏՈ ԷԿՈ «ՎԱՐԴԻ ԱՆՈՒՆԸ» (վեպ): Թարգմանությունն իտալերենից, մեկնություններն ու ծանոթագրությունները՝ ԶԱՎԵՆ ԲՈՅԱՋՅԱՆԻ: Երևան, «Անտարես», 2014, 856 էջ («Օտար գիր» մատենաշար):
Ումբերտո Էկոյի մեծ բեսթսելերը՝ «Վարդի անունը» (1980), որ բնորոշվել է իբրև XIV դարի դեկորներում ծավալվող փիլիսոփայական կամ աստվածաբանական դետեկտիվ, միջնադարյան աշխարհն իր բոլոր շերտերով ընդգրկող հանրագիտարանի արժեք ունի և դրա հետ մեկտեղ պոստմոդեռնիստական գրականության կոթողներից մեկի համարում: Ծննդյան 80 տարին բոլորելուն պես Էկոն անդրադառնալ իր անդրանիկ վեպին՝ հրատարակելով իրեն մեծ գրողի համբավ բերած երկի վերամշակված տարբերակը: Նոր «Վարդի անունը», որտեղ հեղինակը բազմաթիվ խմբագրական ու լեզվական շտկումներ է արել, ինչ-ինչ կրճատումներ, մասնավորապես լատիներեն մեջբերումների առումով, լույս տեսավ 2013-ին, և ֆրանսերենից հետո հայերենը երկրորդ լեզուն է, որով թարգմանվել է: Հանգամանալի մեկնություններն ու ծանոթագրությունները շահեկանորեն առանձնացնում են այս հռչակավոր վեպի հայերեն հրատարակությունը այլ լեզուներով կատարված թարգմանություններից:
(Հատված)
Առաջին օրվա
Երրորդ աղոթաժամ
Երբ Ուիլյամը ուսանելի զրույց է ունենում աբբահոր հետ
Հայր տնտեսը գիրուկ մարդ էր, անշուք տեսքով, բայց սրտաբաց, ճերմակահեր, բայց դեռ ամուր, կարճամարմին, բայց ժրաջան: Նա մեզ հասցրեց ուխտավորների ասպնջատուն, ավելին՝ տարավ մինչև վարդապետիս հատկացված խուցը՝ խոստանալով, թե մեկ օրից մի ուրիշն էլ ի՛նձ կտրամադրի, քանի որ, մոնթ էի թեպետ, սակայն հյուր էի իրենց, ուստի և պետք է հավուր պատշաճի ընդունվեի: Իսկ այդ գիշեր կարող էի քնել խոր ու ընդարձակ որմնախորշում, որտեղ նա լավորակ թարմ ծղոտ էր փռել: Այդպես է արվում երբեմնակի, ավելացրեց նա, այն տիարաց ծառաների համար, ովքեր կամենում են, որ իրենց քունը հսկեն:
Հետո վանականները գինի բերեցին, պանիր, ձիթապտուղ, հաց ու ընտիր չամիչ և մեզ առանձին թողեցին: Մեծ հաճույքով կերանք, խմեցինք: Վարդապետս չէր հետևում բենեդիկտյանների խստաբարո նիստուկացին և լուռ ուտելու սովորություն չուներ: Դրա փոխարեն միշտ այնքան բարեմիտ ու խոհեմ բաներից էր խոսում, որ կարծես կրոնավորը վարք սրբոց ընթերցեր:
Այդ օրը չդիմացա, որպեսզի դարձյալ հարցուփորձ չանեմ ձիու մասին:
– Ինչևէ,– ասացի,– երբ ձյան վրա և ճյուղերին դուք հետքեր նկատեցիք, դեռ չէիք տեսել Աշխետին: Այդ հետքերը հավաստյավ վկայում էին ցանկացած ձիու կամ առնվազն որոշակի ցեղի ցանկացած ձիու մասին: Հետևաբար չե՞նք կարող ասել, որ բնության գիրքը խոսում է մեզ հետ միայն ընդհանուր առմամբ, ինչպես և ուսուցանում են անվանի շատ աստվածաբաններ:
– Ոչ լիովին, սիրելի Ադսոն,– պատասխանեց վարդապետս:– Իրավ է, նման հետքերն ինձ փոխանցում էին, եթե կուզես, ձիու գաղափարը՝ որպես verbum mentis,[1] և նույնը կարտահայտեին, որտեղ էլ որ հայտնաբերեի: Բայց հետքը տվյալ տեղում և օրվա տվյալ ժամին ինձ ասում էր, որ առսակավն մեկ ձի բոլոր հնարավոր ձիերից անցել է այդ վայրով: Արդ, ես հայտնվեցի ձիու գաղափարի ընկալման և մեն մի ձիու վերաբերող իմացության միջև կես ճանապարհին: Ամեն պարագայում, այն ամենը, ինչ հայտնի էր ինձ ընդհանրապես ձիու մասին, հասանելի էր դարձել սույն եզակի հետքերի շնորհիվ: Կարող եմ ասել, որ այդ պահին երկու քարի արանքում էի՝ հետքերի եզակիության և իմ չիմացության միջև, որն ընդհանուր գաղափարի խիստ թափանցիկ ձև էր ընդունել: Երբ հեռվից բան ես տեսնում՝ չհասկանալով, թե ինչ է, բավարարվում ես «ճապաղ մարմին» բնորոշմամբ: Մոտ գնալիս տեսածդ բնութագրում ես որպես կենդանի, թեկուզ և տակավին չգիտես՝ ձի՞ է դա, թե՞ ավանակ: Հուսկ ուրեմն, է՛լ ավելի մոտենալով, կարող ես ասել, որ ձի է, թեև դեռ հասու չես՝ Աշխե՞տն է, թե՞ Սևուկը: Եվ միայն բավականաչափ ի մոտո է երևում, որ Աշխետն է (կամ հենց ա՛յս ձին և ոչ մեկ ուրիշը, ինչպես էլ նրան կոչելու լինես): Ահավասիկ և լիակատար իմացությունը՝ եզակիի ներըմբռնումը: Այսպիսով, մի ժամ առաջ ես պատրաստ էի ենթադրություն անել ամեն ձիու մասին, բայց ոչ թե իմ լայնախոհության պատճառով, այլ ի հետևանս իմ անբավարար ներըմբռնողության: Իսկ մտքիս քաղցը սոսկ այնժամ հագեցավ, երբ տեսա եզակի ձին, որը բերում էին վանականները՝ սանձից բռնած: Լոկ այդ պահին իրապես համոզվեցի, որ իմ նախնական տրամախոհությունը մերձեցել է ճշմարտությանը: Եվ արդ, այն գաղափարները, որ գործ էի ածել ի սկզբանե նախկինում չտեսած ձիուն պատկերացնելու համար, նշաններ էին զուտ, ինչպես որ ձյան վրա սմբակների թողած հետքերն էին ձիու գաղափարի նշաններ, իսկ նշանները կամ նշանաց նշանները կիրառվում են միայն իրերի պակասության դեպքում:
Ես քանիցս լսել էի, թե ինչ մեծ թերահավատությամբ էր վարդապետս խոսում ընդհանուր գաղափարների մասին և ինչ ընդգծված հարգանքով՝ անհատական բաների վերաբերյալ. հետագայում ևս ինձ թվում էր, թե այս հակումը գալիս է և՛ բրիտանացի, և՛ ֆրանցիսկյան լինելուց: Բայց այդ օրը աստվածաբանական վեճեր վարելու ուժ չունեի, այնպես որ կուչ եկա ինձ հատկացված խորշում, ծածկոցով փաթաթվեցի և խոր քուն մտա:
Ներս եկողը հակի տեղ կդներ: Անտարակույս, հենց դա էլ կատարվել էր, երբ աբբահայրը երրորդ աղոթաժամի մոտ այցի եկավ Ուիլյամին: Ահա թե ինչպես եղավ, որ աննկատ մնալով՝ կարողացա ականջ դնել նրանց անդրանիկ զրույցին: Եվ առանց հետին մտքի, որովհետև անսպասելիորեն ի հայտ գալը պակաս վայելուչ կլիներ, քան խոնարհությամբ պահ կենալը, որպես և արեցի:
Եվ ահա, Աբբոնը եկավ: Ներողություն հայցելով ներխուժման համար՝ նա վերստին ողջունեց Ուիլյամին և ասաց, որ կուզենար խոսակցել հույժ կարևոր գործի մասին:
Սկսեց նրան դրվատելուց քաջահմտության համար, որը դրսևորվել էր ձիու հետ կապված պատմության մեջ, և հարցրեց, թե ինչպես է կարողացել այդքան ստույգ տեղեկություններ տալ մի կենդանու մասին, որին երբեք չի տեսել: Ուիլյամը համառոտակի բացատրեց իր մտքի ընթացքը, և աբբահայրը մեծ գովեստներ շռայլեց նրան խորաթափանցության համար: Ասաց, թե ուրիշ բան սպասելի էլ չէր մի մարդուց, որը մեծ իմաստունի համբավ է հանել: Ասաց՝ նամակ է ստացել Ֆարֆայի աբբայության վանահորից, որտեղ նա խոսում է ոչ միայն Ուիլյամին կայսեր վստահած առաքելության մասին (ինչը կքննարկեն առաջիկա օրերին), այլև պատմում է, թե վարդապետս՝ որպես հավատաքննիչ, հանդես է եկել ինչ-ինչ դատավարություններում և աչքի ընկել իր խորատեսությամբ ու դրա հետ մեկտեղ՝ մեծ մարդկայնությամբ:
– Սրտագին գոհունակությամբ իմացա,– հավելեց աբբահայրը,– որ շատ դեպքերում դուք մեղադրյալին անպարտ եք ճանաչել: Ես հավատում եմ, առավել ևս այս տրտմալի օրերին, որ մարդոց գործերում չարը մշտակա է,– և նա շուրջն աչք ածեց աննկատորեն, կարծես ոսոխը շրջում էր այս պատերի ներսում,– բայց հավատում եմ նաև, որ ամենից հաճախ չարը գործում է անուղղակիորեն ու երկրորդաբար: Եվ գիտեմ, նա կարող է այնպիսի եղեռնագործության դրդել իր զոհերին, որ մեղքը բարդվի բարեպաշտի վրա, իսկ ինքը ցնծալ այն իրողությանն ի տես, թե բարեպաշտին ինչպես են խարույկ հանում դիվակցի փոխարեն: Ստեպ հավատաքննիչները ջերմեռանդությունն ապացուցելու համար ամեն գնով խոստովանություն են կորզում ամբաստանյալից՝ այն համոզմամբ, թե լավ հավատաքննիչը լոկ նա է, ով դատավարությունն ավարտին է հասցնում՝ քավության նոխազ գտնելով…
– Հավատաքննիչն էլ կարող է սատանայի գործիքը դառնալ,– ասաց Ուիլյամը:
– Հնարավոր է,– համաձայնեց աբբահայրը մեծ զգուշավորությամբ,– քանզի անիմանալի են ուղիները Երկնից արքայի, բայց ես չէ, որ պիտի կասկածի ստվեր նետեմ այդ արժանավոր մարդկանց վրա: Մանավանդ որ դուք էլ նրանցից մեկն եք, և ձեր կարի՛քը ես այսօր ունեմ: Մեր աբբայությունում տեղի է ունեցել մի բան, որը կարոտ է քննախույզ ու շրջահայաց մարդու ուշիմության և խորհրդի. քննախույզ՝ բացահայտելու և շրջահայաց՝ քողարկելու համար (եթե հարկ է): Հաճախ, հիրավի, անհրաժեշտ է լինում հաստատել այն մարդոց մեղքը, որոնք պարտավոր էին առանձնանալ իրենց սուրբ վարքուբարքով, բայց չարից արմատն այնպես արմատախիլ անել, որ մեղավորը հրապարակավ արգահատանքի թիրախ չդառնա: Եթե հովիվը մոլորվել է, պիտո է նրան մեկուսացնել մյուսներից, սակայն վա՛յ մեզ, եթե հոտը սկսի չվստահել հովիվներին:
– Պարզ է,– ասաց Ուիլյամը:
Ես արդեն առիթ էի ունեցել նկատելու, որ երբ նա արտահայտվում էր նման հակիրճ ու բարեկիրթ եղանակով, սովորաբար իր անհամաձայնությունը կամ տարակուսանքն էր թաքցնում հանուն պատշաճության:
– Ուստի,– շարունակեց աբբահայրը,– ես համարում եմ, որ հովվի մոլորությանը վերաբերող յուրաքանչյուր գործ պետք է հանձնել ձեր կարգի անձանց քննությանը, ովքեր ոչ միայն գիտեն տարբերել չարն ու բարին, այլև նպատակահարմարը աննպատակահարմարից: Ինձ հաճություն է պարգևում այն միտքը, որ դուք մեղադրական եք կարդում, եթե միայն…
– …ամբաստանյալը մեղավոր է հանցագործ արարքների՝ թունավորման, մանկապղծության և այլ զազիր գործերի համար, որոնք շուրթերս չեն համարձակվում արտաբերել…
– …որ դուք մեղադրական եք կարդում, եթե միայն,– շարունակեց աբբահայրը՝ ուշք չդնելով միջամտությանը,– չար ոգու ներկայությունն այնքան ակներև է բոլորի համար, որ անհնար է ուրիշ կերպ վարվել առանց ներումն ավելի խայտառակ դարձնելու, քան հանցանքն ինքը:
– Երբ ես ինչ-որ մեկին մեղավոր եմ ճանաչում,– ճշտեց Ուիլյամը,– ուրեմն նա իրոք այնպիսի ծանր հանցանքներ է գործել, որ կարող եմ հանգիստ խղճով աշխարհիկ դատաստանի ձեռքը տալ:
Աբբահայրը մի պահ վարանեց:
– Ինչպե՞ս է,– հարցրեց նա,– որ շարունակ խոսում եք հանցավոր արարքների վերաբերյալ առանց հիշատակելու դրանց դրդապատճառը՝ սատանայի սադրանքը:
– Որովհետև շատ դժվար է դատել պատճառների և հետևանքների մասին, և ես կարծում եմ, որ միակ դատավորը կարող է Տեր Աստված լինել: Իսկ մեզանից դեռևս մեծ տքնանք է պահանջվում նույնիսկ այրված ծառի նման ակնհայտ հետևանքի և ծառին զարկած կայծակի նման պարզ պատճառի միջև կապ հաստատելու համար, այնպես որ պատճառների և հետևանքների երբեմն անվերջանալի շղթային հետամուտ լինելը ինձ նույնքան խելահեղ ձեռնարկ է թվում, որքան երկնահաս աշտարակ կառուցելու ճիգերը:
– Ուսուցչապետ Աքվինացին,– հիշեցրեց աբբահայրը,– չերկյուղեց լոկ բանականության ուժով ապացուցել Ամենաբարձրյալի գոյությունը՝ պատճառ առ պատճառ հասնելով նախապատճառին, որն իր պատճառը չունի:
– Ո՞վ եմ ես,– խոնարհաբար ասաց Ուիլյամը,– որպեսզի հակառակվեմ ուսուցչապետ Աքվինացուն: Եթե, ի լրումն, Աստծու գոյության նրա ապացույցը հիմնավորվում է այնքան այլևայլ վկայություններով, որ ուսուցչապետի եզրահանգումները հաստատվում են: Աստված մեզ է դիմում ի խորոց մեր հոգու, ինչպես դա հայտնի էր դեռ Օգոստինուսին, և դուք, Աբբոն, կփառաբանեիք Տիրոջն ու նրա ներկայության առհավատչյան, եթե նույնիսկ Թովման չապացուցեր…– Ուիլյամն ընդհատեց խոսքը և ավելացրեց.– Այդպես եմ պատկերացնում:
– Օ՛հ, անշուշտ,– աճապարեց հավաստիացնել աբբահայրը, և վարդապետս այս հոյակապ եղանակով վերջ դրեց մտահայեցական բանավեճին, որն ակներևակի նրա սրտով չէր: Իսկ հետո շարունակեց.
– Դառնանք դատավարություններին: Դիցուք թե մի մարդ սպանվել է թունավորմամբ: Դա է փորձով ստուգված փաստը: Շատ հավանական է, որ առանձին անհերքելի նշաններից ելնելով՝ ենթադրեմ, թե թունավորողն այլ ոք է: Իմ միտքն ի վիճակի է նման պարզ պատճառական շղթա շաղկապել՝ լիավստահ իր ունակության վրա: Բայց ինչպե՞ս կարող եմ այդ շղթան բարդացնել՝ երևակայելով, թե չարագործության տեղիք է տվել մի ուրիշ միջամուխ ուժ, այս անգամ՝ ոչ թե մարդկային, այլ սատանայական: Ես չեմ ասում, թե դա անհնար է. սատանան ևս իր անցած տեղում հստակ նշաններ է թողնում, ինչպես ձեր Աշխետ նժույգը: Միայն թե ես ինչո՞ւ պիտի փնտրեմ այդ ապացույցները: Արդեն իսկ բավական չէ՞, որ գիտեմ. հանցավորը տվյալ մարդն է, և նրան հարկ է հանձնել աշխարհիկ դատաստանի ձեռքը: Ամեն դեպքում, նա մահվան կդատապարտվի, Աստված թողություն տա այդ մեղսավորին:
– Սակայն ես տեղյակ եմ, որ երեք տարի առաջ Քիլքենիում բացված դատավարության ժամանակ, որտեղ մեղադրվում էին որոշ անձինք խորշելի ոճիրներ գործելու համար, դուք չեք ժխտել սատանայի միջամտությունը, երբ մեղապարտներն ի հայտ են եկել:
– Բայց և չեմ հաստատել բացահայտ խոսքերով: Ճիշտ է, չեմ էլ ժխտել: Ես ո՞վ եմ, որ դատողություններ անեմ չարի խարդավանքների մասին, մանավանդ եթե,– ավելացրեց նա՝ կարծես ցանկանալով շեշտել այս փաստարկը,– նման դեպքերում գործը հարուցող եպիսկոպոսը, քաղաքային իշխանավորները, ամբողջ ժողովուրդն ու երևի թե մեղադրյալներն իրենք էլ, հիրավի, տենչում են տեսնել սատանայի ներկայությունը: Ահա՛, նրա ներկայության միակ հավաստի ապացույցը թերևս համառությունն է, որով բոլորն այդ պահին ձգտում են երևան բերել, թե նրա մատը խառն է գործին…
– Ուրեմն,– ասաց աբբահայրը մտահոգ եղանակով,– ըստ ձեզ՝ շատ դատավարություններում սատանան իր կամքն է թելադրում ոչ միայն մեղապարտներին, այլև իցե թե և նույնիսկ ամենից առաջ դատավորների՞ն:
– Իսկ ես ի զորո՞ւ եմ նման պնդում անել,– հարցրեց Ուիլյամը, և ես նկատեցի, որ հարցն այնպես ձևակերպվեց, որպեսզի աբբահայրը չկարողանա հաստատական պատասխան տալ. այդ կերպ, օգտվելով նրա լռությունից, Ուիլյամը շրջեց խոսակցության թեման:– Բայց այս ամենը, ըստ էության, անցած-գնացած բաներ են: Ես արդեն թողել եմ այդ ազնիվ գործունեությունը և եթե ձեռնարկել էի, ապա՝ մեր Տիրոջ կամոք…
– Անտարակույս,– համաձայնեց աբբահայրը:
– …իսկ այժմ,– շարունակեց Ուիլյամը,– զբաղվում եմ ուրիշ փափկանկատ հարցերով: Եվ կուզենայի զբաղվել նաև ձեզ տանջող հարցով, եթե պատմեիք ինձ դրա մասին:
Ըստ երևույթին, աբբահայրը գոհ էր, որ զրույցի նյութը կարող է փոխել: Եվ այսպես, բառերը մեծ զգուշությամբ ընտրելով և երկար-բարակ շրջասությունների դիմելով՝ նա սկսեց պատմել մի արտակարգ դեպքի մասին, որը տեղի էր ունեցել մի քանի օր առաջ և մեծ հուզմունքի մատնել վանականներին: Աբբոնն ասաց, թե խոսքն ուղղում է Ուիլյամին, քանզի նա և՛ մարդկային հոգու, և՛ չարի որոգայթների խորիմաց գիտակ է, հույս փայփայելով, որ պատվարժան հյուրը կկարողանա իր թանկ ժամանակից ինչ-որ մաս նվիրել մի վշտակեղեք գաղտնիքի վրա լույս սփռելուն: Երիտասարդ վանական Ադելմ Օտրանտացուն, որը, չնայած ջահել տարիքին, արդեն ճանաչվել էր որպես վարպետ մանրանկարիչ, մի լուսաբացի այծարածը հայտնաբերել էր վանատան արևելյան աշտարակի տակ գտնվող զառիթափի ստորոտին ընկած: Քանի որ մյուս վանականները հանգստյան ժամերգությանը Ադելմին տեսել էին դասում, բայց ցայգի աղոթաժամին նա այլևս չէր երևացել, հավանաբար ընկել էր վիհը գիշերվա ամենամթին ժամերի ընթացքում: Այդ գիշեր բուք ու բորան էր եղել, դանակի նման կտրող ձյուն տեղացել, համարյա թե ինչպես կարկուտ արևմուտքից փչող վայրագ հողմի ուղեկցությամբ: Դին, որ փափկել էր տամկությունից, մինչ սկզբնապես հալչող ձյունը, կարծրանալով, սառցասալերի կվերածվեր, առլեփի փեշին էր հայտնաբերվել՝ ապառաժներին բախվելուց բզկտված: Հեգ ու նկուն մահկանացու մարմին, Աստված գթա քեզ: Շեշտակի գահավիժելիս մարմինն այնքան էր դիպել այս ու այն կողմ, որ դժվար էր ասել, թե ինչ կետից է ընկել. խոսքը, իհարկե, այն եռաշար պատուհաններից մեկի մասին էր, որոնք բացվում էին վիհի գլխին կանգնած աշտարակի երեք կողմից:
– Որտե՞ղ եք թաղել թշվառ մարմինը,– հարցրեց Ուիլյամը:
– Գերեզմանատանը, անշուշտ,– պատասխանեց աբբահայրը:– Երևի նկատած կլինեք. եկեղեցու հյուսիսային թևի, վանատան և բանջարանոցի միջև է ընկած:
– Հասկանալի է,– ասաց Ուիլյամը:– Հասկանալի է նաև խնդրո էությունը, որ հետևյալն է. եթե այդ դժբախտը, Աստված մի արասցե, ինքնասպանություն է գործել (զի անհնար է կարծել, թե դիպվածաբար է ընկել), հաջորդ օրը պատուհաններից մեկը բաց կլիներ, մինչդեռ բոլորը փակ են եղել, և ոչ մեկի գոգին ջրի հետքեր չեն երևացել:
Աբբահայրը, ինչպես նշեցի արդեն, վերին աստիճանի զուսպ ու դիվանագետ մարդ էր, բայց այս անգամ զարմանքի մի շարժում արեց, որն իսկույն ևեթ նրան զրկեց արտաքին վայելչության ամեն նշույլից, մինչդեռ, ինչպես Արիստոտելն է համարում, այդ վալելչությունն է ի դեպ ծանրաբարո և վեհանձն անհատին.
– Ո՞վ ասաց ձեզ:
– Դո՛ւք ասացիք,– վրա բերեց Ուիլյամը:– Եթե պատուհանը բաց լիներ, անմիջապես կմտածեիք, որ նա ցած է նետվել: Դատելով դրսից՝ բանը վերաբերում է փայլատ ապակիներով մեծադիր պատուհանների, իսկ այդ կարգի պատուհանները սովորաբար նման զանգվածեղ կառույցներում մարդահասակից բարձր են տեղադրված: Հետևապես եթե նույնիսկ պատուհանը բաց լիներ, բացառված է, որ այդ տարաբախտը, ձգվելով դուրս նայելու համար, կորցներ հավասարակշռությունը. մնում է միայն ինքնասպանության մեկնակերպը: Այդ դեպքում էլ դուք թույլ չէիք տա, որպեսզի նրան հանձնեին սրբագործված հողին: Բայց քանի որ հուղարկավորել եք քրիստոնեաբար, ուրեմն պատուհանները փակ են եղել: Իսկ եթե փակ են եղել, ինձ էլ երբեք չի պատահել, անգամ կախարդությանն առնչվող դատավարություններում, որ մեռյալը Աստծու կամ սատանայի զորությամբ վեր ելնի անդունդից իր հանցագործության հետքերը ջնջելու համար, ակնհայտ է. կարծեցյալ ինքնասպանը, ավելի շուտ, դուրս է նետվել կա՛մ ադամորդու ձեռքով, կա՛մ չարյաց ջանքով: Արդ, դուք հարց եք տալիս ձեզ, թե ով կարող էր, չասենք, թե նրան անդունդը հրել, այլ թեկուզ, կամքին հակառակ, հանել-հասցնել պատուհանագոգ, և խռովահար եք, որովհետև այժմ աբբայությունում մի չար ուժ է շրջում՝ բնական թե գերբնական, կարևոր չէ:
– Այդպես, այդպես…– ասաց աբբահայրը, և պարզ չէր՝ հաստատում է Ուիլյամի խոսքե՞րը, թե՞ ինքն իրեն հաշիվ տալիս այն փաստարկների մասին, որոնք Ուիլյամն այդքան հրաշալիորեն շարադրեց:– Բայց ինչպե՞ս իմացաք, որ պատուհաններից ոչ մեկի գոգին ջուր չկար:
– Դուք ասացիք՝ հողմը փչում էր արևմուտքից, ուրեմն ջուրը չէր կարող ներս լցվել դեպի արևելք բացվող պատուհաններից:
– Ձեր շնորհների գովքը ինձ դեռ քիչ են տվել,– ասաց աբբահայրը:– Իրավացի եք, ջուր չկար, և ես նոր եմ ըմբռնում, թե ինչու: Ամեն բան ձեր ասածի պես է: Այժմ կհասկանաք անհանգստությունս: Արդեն իսկ մտահոգիչ կլիներ, եթե իմ վանականներից որևէ մեկը արատավորեր իրեն ինքնասպանության եղկելի մեղքով: Սակայն հիմքեր կան կարծելու, որ մի ուրիշը նրանցից արատավորվել է նույնքան քստմնելի մեղքով: Եվ իցիվ թե միայն դա լիներ…
– Նախ և առաջ, ինչո՞ւ վանականներից մեկը: Աբբայությունում շատ կողմնակի մարդիկ կան՝ ախոռապաններ, այծարածներ, փոքրավորներ…
– Այո, աբբայությունը մեծ չէ, բայց ունևոր է,– հավաստեց վանահայրը ինքնագոհորեն:– Վաթսուն միաբանին հարյուր հիսուն սպասավոր է գալիս: Սակայն ամեն ինչ կատարվել է վանատանը: Անդ, ինչպես արդեն գիտեք հավանաբար, թեև առաջին հարկում խոհարարոցն է ու սեղանատունը, վերին երկու հարկում գրչատունը և գրադարանն են: Իրիկնահացից հետո վանատունը կողպվում է, և խստիվ արգելված է ամենեցուն մուտք գործել անդ,– ասաց նա ու կռահելով Ուիլյամի հաջորդ հարցը՝ իսկույն ավելացրեց պարզորոշ դժկամությամբ,– ներառյալ և վանականներին, անշուշտ, բայց…
– Բայց ի՞նչ:
– Բայց ես հիմնովին, հասկանո՞ւմ եք, հիմնովին բացառում եմ, թե որևէ սպասավոր կհամարձակվեր գիշերը մտնել վանատուն:– Աբբահոր աչքերի մեջ հանդուգն ժպիտի նշողյուն ցոլաց, թեպետ և մարեց միանգամից շանթի կամ ասուպի պես:– Ասեմ ձեզ, որ նրանք կսահմռկեին. գիտե՞ք… պարզամիտներին տրված հրահանգները երբեմն հարկ է զորացնել ինչ-որ սպառնալիքով, օրինակի աղագավ, այն նախազգուշացմամբ, թե անհնազանդների հետ զարհուրելի բան կկատարվի, և կամա թե ակամա՝ գերբնական: Իսկ վանականը, ընդհակառակը…
– Հասկանալի է:
– Բացի դրանից, վանականը կարող է արգելված վայրը թափանցելու այլ շարժառիթներ ունենալ, այսինքն՝ շարժառիթներ, որոնք, ինչպե՞ս ասեմ… հիմնավոր են, թեկուզ և ապօրեն:
Ուիլյամը նկատեց աբբահոր վարանքը և հարց տվեց նրան՝ թերևս նպատակ ունենալով զրույցն այլ կողմ շեղել, բայց այդ հարցն աբբահորը է՛լ ավելի մեծ վարանման մատնեց:
– Հավանական մարդասպանի մասին խոսելիս դուք ասացիք՝ «և իցիվ թե միայն դա լիներ»: Ի՞նչ նկատի ունեիք:
– Այդպե՞ս ասացի: Դեհ, ոչ ոք սպանություն չի գործում առանց պատճառի, թող որ այդ պատճառն աղտապիղծ լինի: Եվ ես սարսռում եմ այն մտքից, թե որքան աղտապիղծ պիտի լինեն պատճառները, որպեսզի վանականին դրդեն սպանելու իր եղբայրակցին: Ահա: Սա է ամենը:
– Ոչինչ ավելի՞:
– Ոչինչ ավելի, քան ի զորու եմ ասել:
– Այսինքն՝ ոչինչ ավելի, որ իրավազո՞ր եք ասել:
– Աղաչում եմ, եղբայր Ուիլյամ, եղբայր իմ,– և աբբահայրը շեշտեց թե՛ «եղբայր», թե՛ «եղբայր իմ» բառերը:
Ուիլյամը, կաս-կարմիր կտրած, վրա բերեց.
– Դու հավիտյան քահանա ես [2]:
– Շնորհակալ եմ,– ասաց աբբահայրը:
Ո՜հ, Տեր Աստված, ի՜նչ ահեղ գաղտնիքի հպվեցին այդ պահին սրբազան հայրերն իմ անխոհեմ, մեկը՝ մտատանջությունից, իսկ մյուսը՝ հետաքրքրասիրությունից մղված: Քանզի թեև մոնթ էի, որը նոր էր հաղորդակից դառնում Տիրոջ սուրբ սպասավորության խորհուրդներին, ինձ նման նվաստն անգամ հասկացավ. աբբահայրն ինչ-որ բան գիտեր, բայց իմացել էր խոստովանության գաղտնիքի քողի տակ: Ըստ երևույթին, նա մեկի շուրթերից մեղսավոր մանրամասներ էր լսել, որոնք վերաբերում էին Ադելմի ողբերգական վախճանին: Դրա համար էլ երևի աբբահայրը թախանձում էր Ուիլյամին բացահայտել մի գաղտնիք, որն ինքն արդեն առեղծանել էր, սակայն չէր կարող հաղորդել ոչ մեկին, և նա հուսով էր, թե վարդապետս իր մտքի ուժով լույս աշխարհ կհանի այն, ինչ ինքը հարկադրված էր ստվերում պահել՝ հանուն գթասրտության վերին օրենքի:
– Լավ,– ասաց Ուիլյամը,– կարո՞ղ եմ հարցաքննել վանականներին:
– Կարող եք:
– Իսկ կարո՞ղ եմ անկաշկանդորեն շրջել աբբայությունում:
– Oժտում եմ այդ իրավունքով:
– Ինձ կլիազորե՞ք հրապարակավ, coram monachis [3]:
– Հենց այս երեկոյան:
– Ուրեմն այսօր ևեթ կսկսեմ, նախքան միաբանները կիմանան ձեր հանձնարարության մասին: Բացի դրանից, մեծ ցանկություն ունեմ, և սա վերջինը չէ իմ ուղևորության պատճառների մեջ, այցելել ձեր գրադարանը, որի մասին սքանչանքով են արտահայտվում քրիստոնեական աշխարհի բոլոր մենաստաններում:
Աբբահայրը գրեթե վեր թռավ տեղից խիստ լարված դեմքով.
– Դուք կարող եք շրջել ամբողջ աբբայությունում, ինչպես ասացի: Բայց վանատան վերնահարկի՝ գրադարանի մասին խոսք չի կարող լինել:
– Ինչո՞ւ:
– Ես պետք է կանխօրոք բացատրեի, սակայն կարծում էի, թե բանից տեղյակ եք: Ձեզ հայտնի է, որ մեր գրադարանը մյուսների նման չէ…
– Գիտեմ, շատ ավելի գիրք ունի, քան քրիստոնեության ուզածդ գրադարանը: Գիտեմ, ձեր հավաքանու համեմատ Բոբբիոյի կամ Պոմպոզայի, Կլյունիի կամ Ֆլյորիի աբբայությունների գրապահոցները թվում են այբուբենը նոր-նոր յուրացնող տղեկի դասասենյակ: Գիտեմ, այն վեց հազար մատենագրերը, որ Նովալեզայի միաբանության պարծանքն էին առավել քան մեկ հարյուրամյակ առաջ, մանրուք են ձեր ունեցածի կողքին, և հավանորեն այդ մատենագրերից շատերը այժմ ձեզ մոտ են: Գիտեմ, ձեր աբբայությունը միակ փարոսն է, որ քրիստոնեությունը կարող է հանդիպադրել Բաղդադի երեսունվեց գրադարաններին, վեզիր Իբն ալ-Ալքամու տասը հազար մատյաններին: Գիտեմ, ձեր Աստվածաշնչերի քանակը հավասար է Կահիրեի հպարտությունը կազմող երկու հազար չորս հարյուր ղուրանների թվին, և ձեր գրապահոցների գոյությունը վառ հավատչյա է հեթանոսների ամպագոռգոռ հերյուրանքի դեմ, որոնք տարիներ առաջ պնդում էին (զի խաբեության իշխանի մերձավորներն են), թե Տրիպոլիի դիվանը վեց միլիոն հատոր ունեցվածքի տեր է և ութսուն հազար մեկնիչների ու երկու հարյուր դպիրների կեցարան:
– Այդպես է, այո, փառք տանք Երկնակալին:
– Գիտեմ, ձեր հարկի տակ իջևանում են շատ վանականներ, որոնք գալիս են աշխարհով մեկ սփռված այլ աբբայություններից. ոմանք մնում են կարճ ժամանակով, որպեսզի ընդօրինակեն այնպիսի ձեռագրեր, որ անգտանելի են այլուրեք, և ապա իրենց եզերքը տանեն, իսկ ի տրիտուր բերում են արտակարգ հազվագյուտ ուրիշ ձեռագրեր, որոնք էլ դուք եք ընդօրինակում և հավելում ձեր գանձարանին: Մյուսները հաստատվում են խիստ տևականորեն՝ երբեմն հանգրվանելով մինչ ի մահ, որովհետև լոկ այստեղ են գտնում այն երկերը, որ լուսաբանում են իրենց հետազոտությունները: Ուստի ձեր մեջ կան գերմանացիներ, դակեր, իսպանացիներ, ֆրանսիացիներ և հույներ: Գիտեմ, Ֆրիդրիխ կայսրը շատ ու շատ տարիներ առաջ ձեզ է պատվիրել գիրք կազմել Մերլինի մարգարեությունների մասին և թարգմանել արաբերեն որպես ընծա Եգիպտոսի սուլթանին առաքելու համար: Վերջապես, գիտեմ, Մուրբախի նման փառավոր աբբայությունն անգամ այս տխրագին ժամանակներում այլևս ոչ մի դպիր չունի, Սուրբ Գալլուսի մենաստանում սոսկ մի քանի վանականներ են մնացել, որոնք տիրապետում են գրչությանը, իսկ քաղաքներում արդեն աշխարհականների արհեստակցական միություններ ու համքարություններ են երևան գալիս, որոնք գործում են համալսարանների պատվերով, և միայն ձեր աբբայությունն է, որ բարգավաճում է օրավուր, ավելին ասեմ, հարազատ ուխտի համբավը շարունակ ավելի ու ավելի վեհ բարձունքների հասցնում…
– Monasterium sine libris,– հիշեցրեց աբբահայրը մտախոհ,– est sicut civitas sine opibus, castrum sine numeris, coquina sine suppellectili, mensa sine cibis, hortus sine herbis, pratum sine floribus, arbor sine foliis…[4] Եվ մեր ուխտը, աճելով ու զորանալով զույգ պատվիրանների՝ տքնանքի և աղոթասիրության շուրջը բոլորված, եղել է համայն ճանաչ աշխարհի լույսը, գիտելիքի շտեմարանը, հրդեհներից, ասպատակությունից ու երկրաշարժերից մազապուրծ դարավոր իմաստության փրկագործը, նոր դպրության դարբնոցը և հնի բազմապատկիչը… Մթին ժամանակներ ենք ապրում. ժողովուրդն Աստծու հակված է այժմ դեպի առևտուրն ու երկպառակությունները, ցածը՝ մեծ բնակավայրերում, որտեղ սրբության ոգին ապաստան չունի, ոչ միայն խոսում են ռամկական բարբառներով (աշխարհականներից ուրիշ բան չես էլ սպասի), այլև արդեն գրում այդ լեզվով. քավ լիցի, որ նման գրքերից մեկը երբևէ մուտք գործի մեր պատերից ներս, հերետիկոսության հարուցիչ կդառնա անխուսափելիորեն: Մարդոց մեղքերի պատճառով աշխարհը կախվել է անդունդի եզրին, համակվել այդ անդունդով, որ հենց անդունդ է կանչում դեպ իրեն: Իսկ վաղը, ինչպես Հոնորիուսն է դիտել, մարդիկ ավելի մանրակազմ կլինեն, քան մենք, ինչպես որ մենք ենք մանրակազմ՝ նախնյաց համեմատ: Mundus senescit.[5] Արդ, եթե Աստված առաքելություն է վստահել մեր ուխտին, դա հետևյալն է. դիմակայել անդնդեզրը տանող սլացքին՝ աչքի լույսի պես պահելով, պահպանելով ու երկրորդելով իմացության այն գանձը, որը մեր հայրերն են ավանդել մեզ: Աստվածային նախախնամությունն այնպես է տնօրինել, որպեսզի համընդհանուր իշխանությունը, որ ի սկիզբն երկանց արևելքում էր, հետզհետե, ժամանակի լիր առնելուն պես, շարժվի արևմուտք՝ ծանուցելով մեզ աշխարհի մոտալուտ վախճանի մասին, զի դեպքերի գնացքն արդեն հասել է աշխարհակարգի սահմանագծին: Բայց քանի դեռ հազարամյակը չի բոլորել վերջնականապես, քանի դեռ չի հաղթանակել պիղծ գազանը՝ Նեռը, թեպետ և կարճատև, մենք պարտավոր ենք պահապան լինել քրիստոնյա աշխարհի գանձեղենին և բուն իսկ Աստծու խոսքին, որը նա փոխանցեց մարգարեներին ու առաքյալներին, և որը մեր հայրերը կրկնում էին երկյուղածորեն՝ առանց բառ անգամ փոխելու, և որը դպրանոցներում ջանադրաբար ճգնում էին մեկնել, թեև այսօր այդ դպրանոցներում բույն է դրել սնապարծության, նախանձի ու խոլամտության օձը: Այս վերահաս մայրամուտին մենք հորիզոնի բարձունքին ճաճանչող լուսափայլ ջահ ենք տակավին: Եվ որքան սույն պատերը կանգուն կլինեն, մենք Աստծու խոսքի պահապանները կմնանք:
– Եվ եղիցի,– ասաց Ուիլյամը բարեպաշտորեն:– Բայց այդ ամենն ի՞նչ կապ ունի գրադարան մուտք գործելու արգելքի հետ:
– Գիտե՞ք, եղբայր Ուիլյամ,– ասաց աբբահայրը,– ի կատարումն անհուն սրբազան գործի, որ գեղեցկացնում է այս պատերը,– և նա գլխով ցույց տվեց խցի պատուհաններից երևացող, աբբայության եկեղեցուց էլ բարձրաբերձ վանատան զանգվածը,– ջերմեռանդ մարդիկ տքնել են դարեդար՝ հետևելով երկաթե կարգ ու կանոնի: Գրադարանը ծնվել է մի հատակագծից, որը մնացել է մութ հընթացս բոլոր այս դարերի, և վանականներից ոչ ոքի տրված չէ գաղտնիքն իմանալ: Միայն գրապետն է իր նախորդից հասու դարձել գաղտնիքին և կյանքի օրոք պետք է իմացածը պատգամի օգնականին, որպեսզի հանկարծահաս մահը միաբանությանը չզրկի այդ գիտելիքից: Եվ երկուսի շուրթերն էլ կնքված են գաղտնապահությամբ: Բանից իրազեկ գրապետն է սոսկ, որ իրավունք ունի շրջել գրոց լաբիրինթոսում, սոսկ նա է տեղյակ, թե որտեղ գտնի գրքերը և որտեղ դնի, սոսկ նա է պատասխանատու դրանց ապահովության համար: Մնացյալ վանականներն աշխատում են գրչատանը և կարող են ծանոթանալ միայն գրադարանի մատենացանկին: Սակայն գեթ վերնագրեր պարունակող մատենացանկը ամենից հաճախ քիչ բան է ասում, լոկ գրապետն է, որ գրքի դրվածքից, դրա մատչելիության աստիճանից ելնելով՝ վերահասու է, թե ինչ գաղտնիքներ, ճշմարտություններ կամ կեղծիքներ է բովանդակում տվյալ հատորը: Լոկ նա է որոշում, թե երբ ու ինչպես և արդյոք, ընդհանրապես, գիրքը տրամադրի, պատվիրատու վանականին, երբեմն էլ ինձ հետ խորհրդակցելուց հետո: Քանզի ամեն ճշմարտություն չէ, որ ամեն ականջի համար է, ամեն կեղծիք չէ, որ հավատավոր հոգին կարող է ծանել, և վանականներն էլ, ի վերջո, գրչատանն են որոշակի աշխատանքի վրա ճգնելու համար, որը պահանջում է հենց այս ու այս հատորները և ոչ թե այլ գրքեր կարդալ, ուստի անկ չէ տարվել իր անձը համակած պանդույր հետաքրքրասիրությամբ, մտքի տկարությունից լինի դա, ամբարտավանությունից թե սադայելի թելադրանքով:
– Ուրեմն գրադարանում կան և գրքեր, որոնք կեղծիք են բովանդակում…
– Հրեշները ևս աստվածային հղացման մի մասն են, և դրանց ահազարհուր կերպարանքների միջոցով է հենց ի հայտ գալիս Արարչի զորությունը: Այդպես էլ աստվածային հղացմամբ գոյություն ունեն նաև մոգության գրքերը, հրեից կաբալան, հեթանոս հագներգուների առակներն ու անհավատների հերյուրանքները: Եվ այնքան անսասան ու սուրբ է եղել մեր աբբայությունը հիմնողների և դարեցդար պահպանողների հավատը, որ նրանք համոզված են եղել, թե նույնիսկ կեղծուպատիր գրքերում խորահայաց ընթերցողի աչքը կնշմարի աստվածային իմաստության թեկուզ տմույն ցոլքը: Եվ այդ գրքերի պատճառով է նաև, որ գրադարանը փակ պահոց է: Բայց հենց նույն պատճառով էլ, ինչպես հասկանում եք, ամեն ոք չի կարող մուտք գործել անդ: Ավելին,– հավելեց աբբահայրը՝ կարծես ներում հայցելով վերջին փաստարկի անբավարարության համար,– գիրքը դյուրափխուր ստեղծվածք է, վնասվում, մաշվում է հընթացս ժամանակի, երկյուղում կրծողներից, վատ եղանակից, անփույթ ձեռքերից: Եթե հարյուրավոր տարիներ շարունակ ով ասես ազատորեն ձեռնահարեր մեր մատենագրերը, դրանց մեծ մասն այլևս գոյություն չէին ունենա: Ուստի գրապետը պահպանում է գրքերը ոչ միայն մարդկանցից, այլև տարերքից՝ իր կյանքը նվիրելով մոռացման՝ ճշմարտության թշնամու դեմ մղվող ոգորանքին:
– Ուրեմն ոչ ոք, երկու հոգուց բացի, մուտք չունի վանատան վերնահարկ…
Վանահայրը ժպտաց.
– Ոչ ոք մուտք չունի: Չի կարող ունենալ: Եվ եթե անգամ ցանկանա, չի հաջողի: Գրադարանը հենց ինքն է պաշտպանվում, անհասանելի է իր պատսպարած ճշմարտության պես և խաբուսիկ է իր պահած կեղծիքի նման: Հոգևոր լաբիրինթոսը նաև հողեղեն լաբիրինթոս է: Կարող ես մուտք գործել, բայց անկարող ես դուրս գալ: Այսու կկամենայի, որ համակերպվեիք աբբայության կարգ ու կանոնին:
– Սակայն դուք չեք բացառում, որ Ադելմը գուցե և գահավիժել է գրադարանի մի պատուհանից: Ես ինչպե՞ս դատեմ նրա մահվան մասին առանց տեսնելու այն վայրը, ուրկից թերևս սկիզբ է առել կործանման պատմությունը:
– Եղբայր Ուիլյամ,– ասաց աբբահայրը հաշտարար եղանակով,– մի մարդ, որ նկարագրել է իմ Աշխետ նժույգն առանց տեսնելու, և Ադելմի մահը՝ գրեթե բանից անտեղյակ, չի դժվարանա դատել այն վայրի մասին, որտեղ մուտք չի գործել:
Ուիլյամը գլուխ տվեց.
– Դուք իմաստուն եք անգամ խստության մեջ: Ինչպես կամենաք:
– Եթե երբևէ իմաստուն եմ եղել, ապա՝ իմ խստության շնորհիվ,– պատասխանեց աբբահայրը:
– Եվ, ի վերջո,– ասաց Ուիլյամը:– Ուբերտի՞նը:
– Աստ է: Ձեզ է սպասում: Եկեղեցո՛ւմ կգտնեք:
– Ե՞րբ:
– Միշտ,– ժպտաց աբբահայրը:– Դուք լավ կիմանաք, որ թեպետ հույժ գիտուն մարդ է, գրադարանը բարձր դասողներից չէ: Աշխարհիկ խաբկանք է համարում: Նա եկեղեցում է մեծ մասամբ, խորհում է, աղոթում…
– Ծերացե՞լ է,– հարցրեց Ուիլյամը երկմտանքով:
– Վաղո՞ւց է, որ չեք տեսել:
– Շատ տարիներ:
– Հոգնաբեկ է: Լիովին անհաղորդ այս աշխարհի անցուդարձին: Վաթսունութ տարեկան է արդեն: Բայց, ըստ իս, հոգին երիտասարդ է դեռ:
– Իսկույն կգտնեմ նրան: Շնորհակալություն ձեզ:
Աբբահայրը հրավիրեց վեցերորդ աղոթաժամից հետո սեղան նստել միաբանների հետ: Ուիլյամն ասաց, որ նոր է նախաճաշել, այն էլ՝ ըստ հարկի, և կգերադասեր անմիջապես տեսնել Ուբերտինին: Աբբահայրը հրաժեշտ տվեց:
Նրա դուրս գալու պահին բակից մի աղեկտուր ճղավոց բարձրացավ, ասես ինչ-որ մեկը մահացու վիրավորվել էր, իսկ դրան հետևեց նույնքան ահազդու վայնասուն:
– Այս ի՞նչ է,– հարցրեց Ուիլյամը շփոթահար:
– Ոչինչ,– պատասխանեց աբբահայրը ժպտադեմ:– Տարվա այս ժամանակ խոզ են մորթում: Խոզարածների գործը բացվել է: Այդ արյունը չէ, որ պետք է ձեզ մտահոգի:
Նա գնաց և հեռատես մարդու իր վարկը գետնով տվեց: Քանզի հաջորդ առավոտյան… Բայց զսպիր անհամբերությունդ, իմ ապերասան լեզու: Որովհետև հենց նույն օրը, որի մասին պատմում եմ, և նախքան մութն ընկնելը, դեռ շատ բաներ կատարվեցին, որ պետք է շարադրվեն:
[1] Ընդհանուր հասկացություն (լատ.):
[2] Սաղմոս 110 (109).4:
[3] Վանականների առաջ (լատ.):
[4] Մենաստանն առանց գրքերի, նույնն է, թե քաղաքն առանց միջոցների, ռազմաճամբարն առանց զորքի, խոհարարոցն առանց սպասքեղենի, սեղանն առանց ուտեստների, պարտեզն առանց խոտերի, մարգագետինն առանց ծաղկունքի, ծառն առանց սաղարթի (լատ.):
[5] Աշխարհը զառամում է (լատ.):
Իտալերենից թարգմանությունը՝ Զավեն Բոյաջյանի