Արամ Դովլաթյան | TOEFL, կամ անավարտ դաս

-Hello, my dears,- նրբին և երգեցիկ ձայնով ողջունում է իր սաներին TOEFL-ի դասընթացավար Դանիելը, ում դիմում էին mr. Daniel-ով:
Բանասիրականի մագիստրատուրան շուտով ավարտող ու դեռևս բակալավրիատի տարիներից ուսումն արտասահմանում շարունակելու երազանքով հրկիզվող, բայց ճակատագրի հետ հաշտված Գոհարը, որը,մնալով իր երկրում՝ պետք է ընդունվեր ասպիրանտուրա՝ մի փոքր ուշացել էր դասից, բայց, բարեբախտաբար, mr. Daniel-ը դեռ չէր ներկայացրել նորեկներին, որոնցից մեկն էլ ինքն էր: Ասպիրանտուրայի համար անգլերենի բավարար իմացության վկայական էր պետք, ինչի համար էլ Գոհարին անհրաժեշտ էր անցողիկ միավոր վաստակել TOEFL-ի թեստից: Այդտեղ օգնության էր հասել mr. Daniel-ը․ նա Գոհարից բացի երեկոյան ժամին անցկացվող պարապմունքների խմբում էր ներառել նաև Գառնիկ անունով մի հեռուստաօպերատորի, որը 42 տարեկան հասակում նոր էր գլխի ընկել, որ ինքը հեշտությամբ կկարողանա արտասահմանյան ուսումից հետո փորձել աշխատանքի անցնել ոչ հայրենական հեռուստաալիքում, իսկ դրա համար կնոջ հորդորով գրանցվել էր TOEFL-ի դասերին՝ չիմանալով անգամ, թե դրանք ինչ դասընթացներ են և կարծելով, թե սովորական անգլերեն է պարապելու: Այդ խմբում էր նաև երեք երեխայի տեր Արմենուհին, որը տնային գործերի և ուրիշ խառը վազվզոցների պատճառով արդեն երկրորդ տարին էր TOEFL պարապում, քանզի չէր կարողանում յուրացնել ոչ միայն TOEFL-ի առաջադրանքներն ի կատար ածելու հիմնական սկզբունքները, այլև առհասարակ անգլերեն լեզուն:
Mr. Daniel-ը, Messenger-ի խմբակային չատով զանգահարելով, ֆորմալ ողջույնից հետո դասը սկսում է իր համար վաղուց սովորական դարձած և նորեկների համար նախատեսված խոսքերով.
-Ես mr. Daniel-ն եմ, դասավանդում եմ American University of Armenia-ում, որտեղ ուսանողներն ինձ այդպես էլ դիմում են՝ mr. Daniel, բայց կարող եք ինձ պարզապես Danny ասել, որովհետև ձեզ շատ եմ սիրում:
-Ընչի՞,- զարմացած բացականչեց Գառնիկը:
-Դե՜, երկար ժամանակ կլինի, որ Արմենուհին ու Ալեքսանդրան պարապում են ինձ մոտ, իրենց վաղուց ի վեր է, ինչ սիրում եմ, իսկ ձեզ դեռ կհասցնեմ սիրել,- քաղցրումեղցր ժպիտով ասում է mr. Daniel-ն ու ձեռքերի ընդգծված շարժումներով նստեցնում իր ցից-ցից մազերից մի երկուսը,- so, my dears, let’s start, հա, ի դեպ, Ալեքսանդրան ո՞ւր է:
-Չատում գրել էր, որ մի հինգ րոպե կուշանա,- պատասխանում է Արմենուհին:
-Շատ լավ, դե ուրեմն՝ սկսենք. Գոհար, Գառնիկ, կարծում եմ՝ դուք տեղյակ եք, որ TOEFL-ի թեստը բաղկացած է…
Գոհարենց շենքի լույսն անջատում են, և տեսազանգն ընդհատվում է: Մինչ Գոհարը գլուխը դուրս է հանում պատուհանից՝ համոզվելու, թե արդյոք միայն իրե՞նց բնակարանի լույսն անջատեցին, թե՞ ամբողջ շենքի՝ նրա տատը՝ Ամալյան, գնում է խոհանոց և վերցնում հատուկ նման դեպքերի համար նախապատրաստած մոմը: Սուրճի ամանի վրա վառելով՝ Ամալիան բերում դնում է մոմը Գոհարի սենյակում, բայց հենց այդ պահին էլեկտրաէներգիան վերականգնվում է:
-Oh, Gohar is back,- ուրախ ձայնով բացականչում է mr. Daniel-ը:
Այդ ընթացքում դասին էր միացել Ալեքսանդրան: Ի տարբերություն մյուսների՝ Գեղարվեստի պետական ակադեմիայի այդ երիտասարդ ուսանողուհին արդեն իսկ գրանցվել էր TOEFL-ի քննությանն ու գրեթե լիարժեք տիրապետում էր անգլերենի գրավոր և բանավոր խոսքի հմտություններին:
Գառնիկը սկսում է ընթերցել առաջին թեման, որն այնուհետև պետք է վերաշարադրեր իր բառերով: Կինը՝ Մարինան, կողքից գրում, Google Translate-ով թարգմանում, ապա Messenger-ով ուղարկում է ամուսնուն, քանի որ վերջինս ոչնչից գլուխ չէր հանում և չէր հասկանում, թե ինչ է կատարվում:
-Գառնիկը սեքսիստ է,- մեղմ ժպիտով հայտարարում է mr. Daniel-ը:
-Էդի ո՞րն ա,- հանկարծակիի է գալիս Գառնիկը:
-Դա կանանց հանդեպ խտրականությունն է:
-Յա՜:
-Չէ, դե դա, իհարկե, հումորով ասացի, Գառնիկ ջան, բայց միշտ հիշեք, որ եթե օրինակ եք բերում, երբեք չպետք է գործածեք He, քանզի տղամարդու տեսանկյունից իրավիճակը ներկայացնելով՝ Դուք կխախտեք կանանց իրավունքները, և ոչ էլ She, որովհետև այդկերպ էլ կխախտեք տղամարդկանց իրավունքները: Եվ որպեսզի նման խնդիր չառաջանա՝ պետք է գործածեք There, Their և They’re եզրերը, որոնց շնորհիվ Դուք, խոսելով միաժամանակ տղամարդկանց և կանանց տեսանկյունից, Ձեր, այսպես կոչված, հարգանքի տուրքը կմատուցեք թե՛ հակառակ, թե՛ Ձեր սեռի ներկայացուցիչներին:
Գառնիկը ոչինչ չհասկացավ, բայց գլուխը դրական շարժեց: Ալեքսանդրայի հերթն էր՝ թեման ընթերցելու և վերաշարադրելու: Մինչ նա երկու րոպեի ընթացքում կարդում և իր չնաշխարհիկ անգլերենով վերապատմում էր տեքստը՝ Արմենուհու էկրանին երևում է վերջինիս մայրը՝ Արուսը, որը եկել էր թոռներին տեսնելու: Թարսի պես երեխաները բակից տուն վերադառնալուց հետո դուռը չէին կողպել, ինչի հետևանքով Արուսը առանց հրավերի ներս է խուժում տուն, մտնում Արմենուհու ննջասենյակ և փարվում դստերը՝ ամբողջ տնով մեկ բղավելով.
-Վա՜յ, բալա ջան, արի տենամ ոնց ես… էս ի՞նչ ա վիճակդ, աղջի, հաց չե՞ս ուտում… նիհարել ես, դառել փեդի կտոր:
Արմենուհին չէր անջատել իր միկրոֆոնը, և բոլորը խմբում պարզ լսում են Արուսին, իսկ Ալեքսանդրան, բնականաբար, ընդհատում է իր խոսքը:
Արմենուհու ննջասենյակ են մտնում և տեսազանգի էկրանին հայտնվում նրա երկու որդիները՝ 6 տարեկան Ռուբենը և 8 տարեկան Երվանդը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, էկեք… էկեք տատին մի հատ գրկի իրա անուշ բալեքին, իրա

2
սիրուն բալեքին,- իր հաստ ճարպոտ թևերով Արուսը գրեթե խեղդելու չափ ամուր գրկում է երկու թոռներին միաժամանակ:
-Արմենուհի ջան, միկրոֆոնը կանջատե՞ք,- բարեհամբույր ժպիտով ասում է mr. Daniel-ը, բայց Արուսի լաչառ ձայնը խլացնում է նրա խոսքերը, և միկրոֆոնը շարունակում է միացած մնալ:
-Այ տղա, էս ոնց ես բոյովացել,- ասում է Արուսը՝ խառնելով Երվանդի մազերը,- հես ա հասնելու ես պապուդ բոյին,- հայացքը թեքում է Արմենուհու կողմը,- տնաշենը հետս չեկավ թոռներին տենա, սաղ օրը գառաժում ավտոյի վրա գործ ա անում:
Արմենուհուն չի հաջողվում ձեռքի շարժումներով հասկացնել մորը, որ օնլայն դաս է ընթանում, իսկ Արուսը չգիտեր, թե ինչ բան է Messenger-ով տեսազանգը, և առհասարակ գլուխ չէր հանում համակարգչից: Հասկանալով, որ չի տիրապետում իրավիճակին՝ Արմենուհին փորձում է ձեռքը մոտեցնել նոթբուքի մկնիկին և դուրս գալ տեսազանգից, բայց իր առջև գտնվող Արուսի ճարպագունդ մարմինը պատնեշ էր հանդիսանում՝ թույլ չտալով դստերը հասնել նոթբուքին:
-Տադին ուտի…,- կոկորդով մեկ գոռում է Արուսը՝ ձեռքը տանելով մյուս թոռան՝ Ռուբենի ոտքերի արանքը:
Mr. Daniel-ի գլխավորությամբ՝ TOEFL-ի խմբում բոլորի հայացքները մի պահ ապշահարությունից քարանում են, և տեսազանգի էկրանները սկսում են նմանվել ստոպ կադրերի: Երբ Արմենուհու ձեռքը վերջապես դիպչում է մկնիկին, նա դուրս է գալիս տեսազանգից, և գրեթե կես րոպե անհարմար լռություն է տիրում, որի ժամանակ mr. Daniel-ը երկու անգամ հազում է՝ իբր մաքրելով կոկորդը:
-Well, Արմենուհի will be back, իսկ մենք շարունակենք,- ասում է mr. Daniel-ը՝ վերադարձնելով իր դեմքին քնքուշ ժպիտը,- Ալեքսանդրա ջան, ավարտեք, որ հաջորդը Գոհարն է կարդալու:
Երբ հերթը Գոհարին է հասնում, նա միացնում է միկրոֆոնը և կարդում, ապա պատրաստվում վերաշարադրել տեքստը, բայց հենց այդ պահին նրա ննջասենյակի դուռը բացում է Ամալյա տատը:
-Գոհարի՜կ,- բղավում է նա,- արի ստեղ, Ռաֆոն ա էկել:
Ընկերոջ անունը լսած-չլսած՝ Գոհարը ցնցվում է և, առանց միկրոֆոնը անջատելու, կակազելով ասում տատին.
-Իրան ասա… ասա, որ անգլերենի դասի…
Չի հասցնում ավարտել խոսքը, երբ Ամալյա տատի կողքով անցնում և առանց հրավերի սենյակ է մտնում նրա սիրեցյալը, նույն ինքը՝ Ռաֆոն: Նրա գլխի մազածածկույթը, որն իր առատությամբ ավելի շուտ մուսուլմանի մորուք էր հիշեցնում, Adidas-ի ճմրթված սպորտային հագուստն ու աննկարագրելի մեծության մուգ ապակիներով արևային ակնոցը, կարծես, միայն ամբողջացնում էին Գոհարի սիրո մարմնավորումը:
-Կես ժամ առաջ, որ զանգում էի՝ ընչի՞ չէիր վերցնում,- կոպիտ տոնով հարցնում է Ռաֆոն և առաջ գալով՝ բռնում ընկերուհու թևը:

3
-Խնդրում եմ, Ռաֆ, մի րոպե սպասի…,- հուզված ձայնով ասում է Գոհարը և ձգվում դեպի համակարգիչը, որ անջատի տեսախցիկը:
-Ինչը սպասեմ, արա, էս ի՞նչ ես ստե անում,- բռնում է աղջկա մյուս թևը՝ թույլ չտալով նրան շարժվել, ապա գլուխը մոտեցնում- նայում է համակարգչի էկրանին և առաջին հերթին նկատում mr. Daniel-ին,- էս ո՞վ ա, արա:
Նա ասես ուշադրություն էլ չի դարձնում մյուսներին, այլ զայրույթն անմիջապես թափում է թշվառ հայացքով իր կողմը նայող mr. Daniel-ի վրա:
-Արա, ո՞վ ես դու, արա՛,- գոռում է Ռաֆոն՝ բերանը տեսախցիկին այնպես մոտեցնելով, որ թվում է, թե ուր որ է կուլ է տալու խեղճ mr. Daniel-ին՝ նրա սաների հետ միասին:
-Հա լավ, ապեր, մի քիչ հանգիստ, չե՞ս տենում՝ ստե աղջիկ կա,- միացնելով միկրոֆոնը՝ բորբոքվում է Գառնիկը:
Ռաֆոն ձեռքը տնկում է Գառնիկի կողմը՝ պատրաստվելով ի պատասխան այդ դիտողությանը մի երկու քաղցր խոսք ասել նրան, բայց Գոհարը հասցնում է դեմն առնել՝ սեղմելով լսափողի նշանը և դուրս գալով տեսազանգից: Ալեքսանդրան իր հերթին վիրավորվում է Գառնիկի խոսքերից՝ «էստեղ աղջիկ կա»-ն վերագրելով սեփական անձին, քանի որ ինքը թեպետ աղջիկ է, բայց իրեն աղջիկ չի համարում:
Այդ ամբողջ խառնաշփոթության մեջ mr. Daniel-ը չէր գտնում իր տեղը, բայց Գոհարի դուրս գալուց հետո շատ արագ հարթում է իրավիճակը՝ ինչպես միշտ գործի դնելով իր անգլերենը:
-I hope they’ll be ok,- անհանգիստ ձայնով ասում է նա,- let’s… let’s continue:
Կարդալու հերթը Գառնիկինն էր: Անգլերեն մի փոքր բլբլացնելուց հետո, երբ Գառնիկն արդեն վերապատմում է տեքստը, mr. Daniel-ն ընդհատում է նրան՝ անելով ընդհանուր հայտարարություն.
-Գառնիկը եվրոցենտրիկ է:
-Ինչ ե՞մ,- խոժոռվում է Գառնիկը:
-Եվրոցենտրիկ,- դեմքին խորամանկ ժպիտ խաղացնելով՝ ասում է mr. Daniel-ը,- բայց մի զարմացեք, Գառնիկ ջան, մեր ժամանակներում շատերն են եվրոցենտրիկ:
-Հա, բայց էդ ի՞նչ ա:
-Եվրոցենտրիկն այն մարդն է, որը միայն եվրոպական մշակույթն է համարում ուշադրության արժանի, իսկ այն, ինչ Եվրոպայից դուրս է ստեղծված՝ իր համար անկարևոր է: Հիմա, երբ Դուք վերաշարադրում էիք այս lecture-ը՝ Դուք չարտասանեցիք նորզելանդական այն երկու կղզիների անվանումները՝ Տե Իկա-ա-Մաուի և Տե Վաի Պաունամու: Միգուցե բառերի դժվար արտասանելիության, միգուցե ասիական մշակույթը անտեսելու պատճառով, բայց փաստը մնում է փաստ, Գառնիկ ջան, որ երկու դեպքում էլ քննությանը կարող են մի քանի բալ իջեցնել գնահատականից՝ Ձեր անուշադրությունն ընդունելով իբրև եվրոցենտրիզմ:
-Ա՛յ Դանիել ջան, այ ցավդ տանեմ, տո՛ ինձ ո՛չ եվրոպացին ա հետաքրքրում, ո՛չ ասիացին, իմ երկրի պռոբլեմներն ինձ լրիվ հերիք են:

4
-Հասկանում եմ, Գառնիկ ջան, բայց քանի որ այսօր Ձեր առաջին դասն է՝ ես կուզեի մենք շեշտադրությունը դնեինք նաև այսպիսի մանրուքների վրա, որպեսզի TOEFL-ի առաջադրանքները հասկանալուն զուգահեռ՝ Դուք նաև իմանաք, թե ինչ պետք է ասել և ինչ պետք չէ ասել ամերիկացիներին:
-Իսկ կարող ա ինձ էլ դուր չի գալի էն, որ իրանց էդ դուր չի գալի: Կրա՞կն ենք ընգել, որ ամերիկացի են, մեր ասել-չասելն է՞լ պետք ա իրանք որոշեն:
Mr. Daniel-ն ու Ալեքսանդրան զարմացական հայացքներ են փոխանակում:
Գառնիկը խոր հոգոց է հանում, ապա հարցնում է.
-Դրանց հետ կապված է՞լ ինչ կա, միանգամից ասեք՝ իմանանք:
-Դե, օրինակ, չի կարելի վիրավորական խոսք ասել իրենց:
-Պա՜հ:
-Այո, Գառնիկ ջան: Եթե իրենց հասցեին որևէ գռեհիկ արտահայտություն հնչեցնեք կամ գրի առնեք՝ դա կհաշվեն 0 միավոր: Ինչ էլ որ Դուք գրեք քննության թեստում, թեկուզ Ձեր կյանքը պատմեք, միևնույն է՝ մեկ միավոր կունենաք, բայց միայն հայհոյելու դեպքում կստանաք 0, էդպես է կարգը:
-0-են դնում, թող դնեն, տո վափշե ով են, է՛, դրանք, բերել սաղ աշխարհը գոմիկներով են լցրել:
-Լավ, ինչևէ, չվիճենք, կխնդրեմ՝ շարունակեք, Գառնիկ ջան:
Գառնիկն իրենից գոհ հարմար տեղավորվում է աթոռին ու շարունակում վերապատմել կամ ճիշտ կլինի ասել՝ ընթերցել այն նախապես վերաշարադրված տեքստը, որը կինն էր նախադասություն առ նախադասություն հայերենից անգլերեն թարգմանել և ուղարկել ամուսնու Messenger-ին: Երբ Գառնիկն իր բողոքն էր հայտնում արևմտյան մշակույթի հանդեպ, Մարինան, ժամանակ շահելով, հասցրել էր ամբողջությամբ վերամշակել նյութն ու այդպիսով քողարկել ամուսնու թերի անգլերենը, որից վերջինս կաշկանդվում էր:
Մինչ Գառնիկը BBC-ի հաղորդավարին բնորոշ արտիստիզմով ճառ էր կարդում՝ Ալեքսանդրայի էկրանին երևում է չսափրված, գրեթե ճաղատ, փորն առաջ ցցած, մազոտ թևերն ի ցույց դնող շապիկով մի տղամարդ: Քանի որ Ալեքսանդրայի միկրոֆոնն անջատված էր՝ Գառնիկը, ոչինչ չլսելով, շարունակում էր թերթել կնոջ ուղարկած ֆեյսբուքյան նամակներն ու ճառաբանել, իսկ mr. Daniel-ը, թեպետ չէր լսում, բայց տեսնում էր, որ ի հայտ եկած տղամարդը բարկանում է Ալեքսանդրայի վրա և փորձում խլել նրա ձեռքից սմարթֆոնը:
-Ուզում ես ամեն ինչից զրկե՞մ,- բառաչում էր տղամարդը՝ աչքերը ոլորելով Ալեքսանդրայի վրա:
Mr. Daniel-ն անմիջապես ճանաչեց Ալեքսանդրայի հորը՝ Սիմոնին, որը առաջին անգամը չէ, որ խանգարում էր դստերը դասի ժամանակ: Ալեքսանդրայի ծնողները վաղուց էին ամուսնալուծվել, աղջիկն ապրում էր մոր հետ, բայց հայրը ժամանակ առ ժամանակ հիշեցնել էր տալիս իր գոյության մասին:
-Քեզ չէ՞ի ասել՝ կեթաս քթիդ էրկաթը կհանես,- ապտակում է Ալեքսանդրային և վերցնում հեռախոսը:

5
-Հետ տուր, դասի եմ,- լացակումած ձայնով ասում է Ալեքսանդրան՝ փորձելով ետ խլել սմարթֆոնը, բայց ի պատասխան ստանում է երկրորդ ապտակը:
-Էս ի՞նչ ա տեսքդ, աղջի, քեզ հայելու մեջ տեսե՞լ ես:
Այդ ընթացքում Գառնիկն ավարտում է իր անգլերեն մենախոսությունը և հպարտ դեմքով բացում տեսազանգի պատուհանը, որպեսզի արժանանա mr. Daniel-ի գովեստին, բայց տեսնելով Ալեքսանդրայի տանը տեղի ունեցող իրարանցումը, որով տարված էր mr. Daniel-ը՝ թևաթափվում է այն մտքից, որ իրեն ուշադիր չեն լսել:
Ալեքսանդրայի էկրանն այսուայնկողմ էր տարուբերվում, և կադրում երևալու ակնթարթներին նշմարվում էին աղջկա արտասվախառն և հոր գազազած դեմքերը: Սիմոնին զայրացնում էր դստեր հետ կապված գրեթե ամեն ինչ՝ թե՛ քթի փիրսինգը, թե՛ կարճ կտրած, կարմրամանուշակագույն վարսերը, թե՛ մուգ գոթական ոճով դիմահարդարումն ու հագուկապը և թե՛ Ալեքսանդրա անունը, որը աղջիկն ինքն էր ընտրել՝ հրաժարվելով իր Հեղինե անունից:
Սիմոնը հատակին է շպրտում սմարթֆոնը, և մարտկոցը դուրս է ընկնում միջից: Երբ Ալեքսանդրան լքում է տեսազանգը, խմբային դասը վերածվում է անհատականի, որի ժամանակ mr. Daniel-ն ու Գառնիկը միմյանց են նայում այնպես, ասես սպասում են աքաղաղի կանչին՝ փորձելով կռահել, թե ով առաջինը կխախտի լռությունը: Այս անգամ mr. Daniel-ի անգլերենն օգնության չի հասնում լարված մթնոլորտը թուլացնելու համար: Համամարդկային սիրո հանդեպ իր լավատեսությունը կորցրած mr. Daniel-ն առանց իր հերթապահ ժպիտի ասում է.
-Հաջորդ թեման կարդացեք, Գառնիկ ջան:
Դեռ ընդամենը առաջին դասն էր, իսկ Մարինան արդեն հոգնել էր ամուսնու փոխարեն TOEFL պարապելուց, բայց ճանաչելով նրա դյուրաբորբոք բնավորությունը՝ չհամարձակվեց ասել այդ մասին, այլ մի փոքր մրթմրթաց, ինչից հետո նորից մտավ Google Translate:
-Հիմա էլ դարձաք էյջիստ,- ասում է mr. Daniel-ը՝ վերստին ընդհատելով Գառնիկի խոսքը:
-Ինչի՞ստ:
-Էյջիստ, Գառնիկ ջան: Դա տարիքային խտրականություն դրսևորող մարդն է, որը կարծիք է կազմում դիմացինի մասին՝ ելնելով նրա տարիքից: Դուք հենց նոր ասացիք՝ մարդն ապրում է 80-ից 85 տարի, բայց տեքստում այդպես չէր գրված: Վերապատմելիս պետք է խուսափեք նման կարծրատիպերից, քանի որ քննական հանձնաժողովում կարող է լինել 80 տարեկան մի կին, որն ունի 25-ամյա սիրեկան, և հանկարծ հայտնվում եք Դուք ու այդ կենսուրախ կնոջն ասում եք, որ նա 5 տարի հետո պետք է մեռնի:
Գառնիկը փոքր-ինչ մտածում է, ապա ասում.
-Միստռ Դանիել:
-Այո՜:
-Ասում ես՝ քանի՞ միավոր կստանամ, եթե քֆրտեմ:

6
-0, Գառնիկ ջան:
-Դե ուրեմն՝ գնա քու…,- մի կուշտ հայհոյում է mr. Daniel-ին և դուրս գալիս տեսազանգից:
Mr. Daniel-ը մնում է շվարած: Մի պահ, ասես, ամբողջ կյանքն է անցնում նրա աչքերի առջևով: Նա հիշում է իր հորն ու մորը, ովքեր վաղ էին հեռացել կյանքից: Հիշում է Բեռլինի համալսարանում ուսանելու իր տարիները, երբ 28 տարեկան էր, բայց չափազանց երիտասարդ էր իրեն զգում, սակայն վերադառնալով հայրենիք՝ երկու օրում ծերացավ 10-ը տարով: Այժմ նա 39 տարեկան է, բայց իրեն մի տեսակ զգում է ծերունու կարգավիճակում: Նա հիշում է իր այցելությունները Նյու Յորք: Հիշում է Բրոդվեյի թատրոնը, որտեղ բազմիցս ներկայացումներ է դիտել: Հիշում է իր կյանքի անմոռանալի սերը՝ Ավետիքին, ում հետ առաջին անգամ ժամադրվել էր Կենտրոնական պարկում:
Կարճատև կարոտախտին տրվելուց հետո նա ինքն էլ դուրս է գալիս տեսազանգից, ապա ֆեյսբուքից: Անջատելով համակարգիչը՝ նա վեր է կենում և գնում խորդանոց, որտեղ պատին ամրացված մեխից հանում է բանալիների մի տրցակ: Դրանցով նա բաց է անում ննջարանին կից սենյակը, որի դռանը չորս կողպեք էր ամրացված: Այդ սենյակում անսովոր դատարկություն էր՝ չհաշված պատից կախված բռնցքամարտի տանձիկը, որը գտնվում էր կենտրոնում: Մտնելով ներս՝ mr. Daniel-ը հանում է վերնաշապիկն ու անմիջապես վրա տալիս տանձիկին: Բռունցքի ուժգին հարվածներով նա ցնցում է տանձիկն ու ինքն էլ ցնցվում է մարմնի անկանոն, նյարդային շարժումներից: Անհամար հարվածներ տեղալով կաշվե պարկին՝ նա պատկերացնում է քարանձավային մարդկանց և կոկորդը պատռելով գոռում.
-Քունեմ ձեր լավը…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *