Թոմաս Հոբս | Լևիաթան

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ[1]

Մարդկային արվեստը (արվեստը[2], որով Աստված արարել ու կառավարում է աշխարհը), ինչպես շատ այլ բաներում, այս հարցում ևս ընդօրինակում է բնությանը՝ ստեղծելով արհեստական կենդանիներ։ Քանի որ, ինչպես տեսնում ենք, կյանքը վերջույթների շարժում է, որի սկիզբը գտնվում է ներսում՝ որևէ գլխավոր մասում, միթե չե՞նք կարող ասել, որ բոլոր ինքնաշարժ սարքերը (որոնք շարժվում են զսպանակների ու անիվների միջոցով, ինչպես ժամացույցը) ունեն արհեստական կյանք։ Ի վերջո, ի՞նչ է սիրտը, եթե ոչ զսպանակ, նյարդերը՝ բազմաթիվ լարեր, հոդերը՝ անիվներ, որոնք շարժում են ամբողջ մարմինը՝ ինչպես որ նախատեսել է Ճարտարագործը։ Արվեստն ավելի հեռուն է գնում՝ ընդօրինակելով Բնության բանական և առավել հրաշալի ստեղծագործությունը՝ մարդուն։ Արվեստով է ստեղծվում այն մեծ ԼԵՎԻԱԹԱՆԸ[3]՝ որ կոչվում է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (COMMONWEALTH[4]), կամ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ (STATE) (լատիներենում՝ CIVITAS[5]), որն արհեստական մարդ է՝ թեև առավել բարձրահասակ և զորնդեղ, քան բնական մարդը, քանի որ ստեղծված է վերջինիս պահպանելու և պաշտպանելու համար․ և նրանում ինքնիշխանությունն[6] (sovereignty) է արհեստական հոգին, որը կյանք ու շարժում է տալիս ողջ մարմնին։ Դատավորներն ու մյուս պաշտոնյաները՝ դատական և գործադիր իշխանության, արհեստական հոդերն են, պարգևներն ու պատիժները (որոնք, կապված լինելով ինքնիշխանության աթոռին, ստիպում են յուրաքանչյուր հոդի և անդամի կատարել իր պարտականությունը) նյարդերն են, որոնք նույն գործառույթն են իրականացնում բնական մարմնում։ Բոլոր առանձին անդամների բարեկեցությունն ու հարստությունը՝ ուժն է, salus populi[7]ն՝ նպատակը, խորհրդատուները, որոնցից ստացվում են բոլոր անհրաժեշտ գիտելիքները՝ հիշողությունն են։ Արդարությունն ու օրենքները արհեստական բանականությունն  (artificial reason) ու կամքն են, համերաշխությունը՝ առողջությունը, ապստամբությունը՝ հիվանդությունը, իսկ քաղաքացիական պատերազմը՝ մահը։ Ի վերջո, այն դաշինքներն ու պայմանագրերը, որոնցով այս քաղաքական մարմնի մասերը ի սկզբանե արարվել, հավաքվել և միավորվել են, նմանում են այն fiat[8]-ին՝ «Մարդ ստեղծենք»[9], որ արտասանեց Աստված Արարչագործության ժամին։

Այս արհեստածին մարդու բնույթը նկարագրելու համար ես քննության կառնեմ մի քանի հարցեր։ Առաջին հերթին՝ նրա նյութը և վարպետը, որոնք երկուսն էլ մարդ են։ Երկրորդ՝ թե ինչպե՞ս և ի՞նչ պայմանագրերով է այն ստեղծվում․ որոնք են ինքնիշխանության իրավունքներն ու արդար իշխանությունը, և ի՞նչն է պահպանում կամ քանդում այն։ Երրորդ՝ ի՞նչ է Քրիստոնեական Հանրապետությունը։ Եվ ի վերջո՝ ի՞նչ է Խավարի Թագավորությունը։

Ինչ վերաբերում է առաջին կետին, վերջերս հաճախ է շրջանառվում մի ասացվածք՝ իբր իմաստությունը ձեռք է բերվում ոչ թե գրքեր կարդալով, այլ մարդկանց։ Այս ասույթից ելնելով՝ նրանք, որոնք, որպես կանոն, չեն կարող ուրիշ որևէ ապացույց բերել հօգուտ իրենց իմաստության, հաճույք են ստանում ցույց տալուց, թե ինչ են կարդացել մարդկանց մեջ չարամտորեն իրար թիկունքում՝ միմյանց զրպարտելով։

Սակայն կա մեկ այլ՝ վաղեմի, բայց այժմ քիչ հասկացվող ասացվածք, որը, ջանք թափելու դեպքում, կարող էր նրանց իսկապես սովորեցնել ընթերցել միմյանց․ ասացվածքը հետևյալն է․Nosce teipsum[10]։

Սա չէր նշանակում, ինչպես հիմա է երբեմն օգտագործվում, սատարել իշխանավորաց վայրագ վարքագծին իրենց ստորադասների հանդեպ, ոչ էլ քաջալերել ցածր խավի մարդկանց՝ իրենց վերադասների հանդեպ անպատշաճ վարքի դրսևորումը։ Այլ նպատակ ուներ սովորեցնել մեզ, որ քանզի մարդու մտքերը և կրքերը նման են մեկ այլ մարդու մտքերին ու կրքերին՝ ով նայում է իր ներսը և դիտում, թե ինչ է անում, երբ մտածում է, կարծիք հայտնում, դատողություն անում, հույս փայփայում, վախենում և այլն, և թե ինչ հիմքերով է անում այդ, նա այդպես կկարողանա կարդալ և ճանաչել մյուս բոլոր մարդկանց մտքերն ու կրքերը՝ այդօրինակ դեպքերում։

Սա այն իմաստով չէ, ինչպես այժմ են օգտագործում՝ արդարացնելու համար կամ իշխանություն ունեցողների դաժան վարքագիծը իրենցից ցածր կանգնածների հանդեպ, կամ էլ՝ ստոր դիրքերում գտնվողների գռեհիկ վերաբերմունքը բարձր դիրք ունեցողների նկատմամբ։

Ես խոսում եմ կրքերի նմանության մասին, որոնք ամենքի մեջ նույնն են՝ ցանկություն, վախ, հույս և այլն, բայց ոչ՝ կրքերի առարկաների նմանության, այսինքն՝ այն բաների, որոնք ցանկալի են, վախեցնող կամ հուսադրող։ Քանզի այդ բաները՝ անհատական բնույթով և հատուկ դաստիարակությամբ, այնքան տարբեր են և այնքան հեշտությամբ կարելի է դրանք պահել մեր տեսադաշտից դուրս, որ մարդու սրտի նշանները՝ ինչպես որ արատավորված ու խառնակված են քողարկմամբ, խաբեությամբ, կեղծարարությամբ և կեղծ ուսմունքներով, ընթեռնելի են միայն Նրա համար, ով սրտերն է քննում։

Արդ, թեպետ մարդկանց արարքները նկատառելով երբեմն կարող ենք բացահայտել նրանց ծրագրերը, սակայն եթե դա կատարվի առանց համեմատելու մեր սեփական մտադրության հետ և առանց տարբերելու բոլոր այն հանգամանքները, որոնք կարող են փոխել հարցի էությունը, ապա դա նշանակում է գաղտնի գրություն ընթերցել առանց բանալիի և, մեծամասամբ, խաբվում ենք՝ կամ չափազանց վստահության, կամ չափազանց անվստահության պատճառով՝ այն կերպ՝ ինչպես որ ընթերցողը ինքն է՝ բարի մարդ կամ չար։

Իհարկե, որքան էլ հիանալի որևէ մարդ կարողանա մեկ ուրիշի ներսն ընթերցել՝ ելնելով նրա արարքներից, նա կարող է անել այդ միայն իր ծանոթների նկատմամբ, որոնց թիվը սահմանափակ է։ Իսկ նա, որ պիտի ղեկավարի մի ողջ ժողովրդի, պետք է կարողանա ընթերցել իր մեջ ոչ թե այս կամ այն առանձին մարդուն, այլ մարդկային ցեղը։ Եվ թեև սա անելն ավելի դժվար է, քան որևէ լեզու կամ գիտակարգ ուսումնասիրելը, սակայն այն բանից հետո, երբ ես շարադրեմ այն, որ ընթերցում եմ իմ մեջ՝ կանոնավոր և պարզ եղանակով, մնում է միայն մյուսներին դիտարկել, արդյոք իրենք նույնպես չեն գտնում նույն բանն իրենց մեջ։ Քանզի այս տեսակի ճանաչելի առարկաները որևէ այլ ապացույց չեն հանդուրժում։

Թարգմանությունն անգլերենից՝ Սահակ Գալոյանի

[1] Թարգմանությունը կատարվել է Oxford University Press-ի 2008 թ․ հրատարակության հիման վրա (Hobbes, Thomas. Leviathan. Edited by J. C. A. Gaskin, Oxford University Press, 2008):

[2] Տեքստում art բառի համար որպես համարժեք ընտրված «արվեստ» (լատիներեն ars բառից, որն ի սկզբանե նշանակում էր հմտություն կամ վարպետություն) բառը պետք է հասկանալ «technique» նշանակությամբ (այս և մյուս բոլոր ծանոթագրությունները թարգմանչինն են)։

[3] Լեվիաթանը (միջնադարյան հայ մատենագրության մեջ՝ Ղեւիաթան), ըստ հինկտակարանային ավանդության, վիթխարի ծովային հրեշ էր` վիշապօձ։ Հրեական հավատալիքի համաձայն`  Լևիաթանը, որն անհավատալի ուժ և անչափարկելի մեծություն ուներ, ժամանակների վերջում պետք է սպանվեր Աստծո կողմից, իսկ արդարները Մեսիայի եկից հետո պիտի սնվեին պարտված Լևիաթանի մսով և օգտագործեին նրա մաշկը։ Հոբսի աշխատության մեջ Լևիաթանը պետության փոխաբերությունն է։ Լևիաթանը պետությունն է (հանրապետությունը․ հիշե՛նք Կիկերոնի հայտնի արտահայտությունը․ «Est igitur, inquit Africanus, res publica res populi», «Այսու, — ասաց Սկիպիոն Աֆրիկացին, հանրային (պետական) գործը ժողովրդի [ընդհանուր] գործն է», [39] Liber Primus, Cicero, De re publica), որն առաջանում է հասարակական դաշինքի միջոցով և ներառում է բոլոր անհատների ուժը՝ միավորվելով մեկ գերիշխանության մեջ։ Հոբսը ցանկանում էր, որ ընթերցողը պետությունն ընկալի որպես ուժ (power), որը կարող է սանձել մարդկային բնությունը: Վերջինս հեղինակը համարում էր ի բնե ինքնապաշտ (Homo homini lupus est, «Մարդը մարդուն գայլ է») և բռնի (Bellum omnium contra omnes, «Ամենքի պատերազմը ամենքի դեմ»)։ Հեղինակն օգտագործում է այս կերպարը՝ նկարագրելու համար հզոր պետությանը («մահկանացու աստծուն»)։

[4] Եզրույթը ծագում է 15-րդ դարից, և ի սկզբանե ուներ «հանրային բարօրություն» նշանակությունը, և համարժեք է համարվել լատիներեն res publica (հանրային գործ. տե՛ս ծնթգր  2) եզրույթին։ Commonwealth կարելի է թարգմանել մի շարք ձևերով («Հասարակապետություն», «Համայնապետություն», ավելի բառացիորեն՝ «Ընդհանուր բարիք», «Ընդհանուր հարստություն»), որը վերաբերում է քաղաքական համայնքին՝ ստեղծված ընդհանուր բարօրության նպատակով։ 17-րդ դարում commonwealth բառի իմաստն ընդարձակվում է՝ դուրս գալով իր սկզբնական իմաստից («հանրային բարօրություն»), և ձեռք բերում նոր նշանակություն, որ է՝ «պետություն, որի գերագույն իշխանությունը պատկանում է ժողովրդին՝ հանրապետություն»։ Ի թիվս մի շարք տարբերակների, նախընտրել ենք օգտագործել «Հանրապետություն» բառը՝ ընթերցողին չխճճելու համար, քանզի բառակազմական և ստուգաբանական տեսանկյունից՝ չկա էական տարբերություն «Հասարակապետություն» և «Հանրապետություն» բառերի միջև և Հոբսն ինքն էլ հստակեցնում է («…LEVIATHAN called a COMMONWEALTH, or STATE…»), որ նկատի ունի «Պետություն» (State) ասվածը։

[5] Civitas-ը վարչական միավոր էր Հռոմեական տարածքային համակարգում։ Ծագելով լատիներեն civis (քաղաքացի) բառից՝ այս տերմինը վերաբերել է այնպիսի համայնքի, որի անդամներն օրենքով և ընդհանուր պարտավորություններով միավորված քաղաքացիներ էին։

[6] Sovereign բառի համար հայերենում երկու բառ ունենք (ինքնիշխան և գերիշխան), մինչդեռ եվրոպական լեզուները միայն մեկ բառ են գործածում (անգլ․՝ sovereign, ֆր․՝ souverain, գերմ․՝ souverän իտալ․՝ sovranoSovereign բառը, ըստ ամենայնի, առաջացել է հին ֆրանսերենի soverain-ից (գերագույն, ծայրագույն), որն իր հերթին գալիս է վուլգար լատիներենի (չվկայված) superānus ձևից, վերջինս՝ դասական լատիներենի super (վեր, գեր) բառից։ Բառի ձևավորման վրա ազդեցություն է թողել նաև անգլերեն reign (թագավորել, իշխել) բառը, որից էլ բառի այժմյան տեսքը sovereign։ Միով բանիվ, sovereign-ն այն է, որ վեր է կանգնած մյուսներից իշխանությամբ կամ կարգավիճակով։ Կարելի է նկատառել գրաբարյան գեր ի վերոյ (ὑπερθετικός)  լինել դարձվածը։ Հաշվի առնելով լեզվական հոլովույթը, միաժամանակ ի մտի ունենալով Հոբսի sovereign-ի վերջնանպատակն ու դրսևորման տիրույթը՝ ինքնիշխան և գերիշխան բառերից, սույն թարգմանության մեջ ես կօգտագործեմ ինքնիշխան բառը, քանզի գերիշխան բառը համաբանություն և հարաբերակցություն է առաջ բերում այժմյան superpower համ hegemony հասկացությունների հետ, մինչդեռ, համաձայն Հոբսի՝ ինքնիշխանության նպատակն է խաղաղության և հասարակական կարգի պահպանումը, մարդկանց պաշտպանությունն անիրավությունից և պատերազմի վտանգից, օրինականության և արդարության  իրականացումը, իսկ դրսևորման տիրույթը պետությունն է։

  Հարկ է նշել, որ փիլիսոփայական-քաղաքական մտքում ինքնիշխանության (անգլ․՝ sovereignty, ֆր․՝ souveraineté) հղացքը (concept) առաջին անգամ համապարփակ կերպով ձևակերպել է Ժան Բոդենն (1529/30-1596) իր Վեց գիրք հանրապետության մասին (Les Six Livres de la République, 1576) աշխատության մեջ, որտեղ ինքնիշխանությունը սահմանում է հետևյալ կերպ․ «Ինքնիշխանությունը հանրապետության բացարձակ և մշտական իշխանությունն է»։ Բոդենի համար res publica-ն և ինքնիշխանությունը միանգամայն անբաժանելի հասկացություններ էին․ «République est un droit gouvernement … avec puissance souveraine» («Հանրապետությունն իրավական կառավարման ձև է՝ ինքնիշխան իշխանությամբ»)։ Ինքնիշխանությունը՝ «…est la puissance absolue et perpétuelle d’une République…» («քաղաքական համայնքի գլխավոր նպատակի արտահայտությունն է»)։

Միջնադարյան մտածողությունից խզումը պայմանավորված էր Թոմաս Հոբսի (1588–1679) հետ, ով 1640–1651 թվականներին տեղափոխվեց և բնակություն հաստատեց Ֆրանսիայում, որտեղ էլ գրեց իր De Cive (1642) և Leviathan (1651) աշխատությունները։ Սկսելով ճանաչողական նոմինալիստական տեսությունից և այդժամանակյա մաթեմատիկայի ու ֆիզիկայի (Պ․ Գասենդ, Գ․ Գալիլեյ) անալիտիկ մեթոդը կիրառելով մարդկային հասարակությունների վրա՝ նա հանգեց այն եզրակացությանը, որ մարդկանց «բազմության» գոյատևումը, խաղաղությունն ու անվտանգությունը հնարավոր է հաստատել և պահպանել միայն այն դեպքում, երբ բնութենական վիճակում (կամ բնավիճակում, state of nature) տիրող իր իսկ ձևակերպամբ պատերազմն ամենքի` ամենքի դեմ-ն (bellum omnium contra omnes) ու պլավտոսյան մարդը մարդու համար` գայլ [է]-ը (homo homini lupus [est]), մարդային ինքնապաշտ, ոչ հասարակամետ և անառողջ համակեցությունը՝ հաղթահարվում ու կարգավորվում է մարդկանց միջև դաշինքով՝ հասարակական դաշինքով։ Այդ համաձայնությամբ տվյալ բազմության յուրաքանչյուր ոք դաշինք է կնքում իր կողքինի հետ՝ փոխանցելով իր ամբողջ ուժն ու կարողությունը մեկ մարդու կամ մարդկանց ժողովին (խմբին), այդպիսով միավորելով բոլորի կամքը մեկ ընդհանուր կամքի մեջ։ Այս կերպ ձևավորվում է քաղաքական մարմինը՝ ծնունդ տալով «հսկա Լևիաթանին», «մահկանացու աստծուն», որին կոչում են ինքնիշխան, և դրանից բացի բոլորը նրա ենթականերն են։

  Հետաքրքրական է Գեորգ Սաբինի (1880-1961) նկատառումը նախասացյալի վերաբերմամբ․ «Հոբսը լիովին ազատեց ինքնիշխանությունն այն սահմանափակումներից, որոնք Բոդենը հակասական կերպով պահպանել էր»։ Ըստ Հոբսի՝ ինքնիշխանի օրենքներ սահմանելու իրավունքը չի կարող սահմանափակվել որևէ մարդկային իշխանության կողմից՝ լինի այն վերին, թե ստորին [իշխանություն]։ Պետության մեջ ինքնիշխանի կողքին այլ հավասար կամ մրցակից իշխանություն չկա։ Ինքնիշխանը գերագույն իշխանությունն է, նա է օրենքի աղբյուրը և միակ մեկնաբանը։ Նույնիսկ աստվածային օրենքները չեն տարածվում ինքնիշխանի վրա, քանզի նա նաև այդ օրենքների միակ մեկնաբանն է։ Հոբսն ինքնիշխանությունը սահմանել է որպես քաղաքացիների և հպատակների նկատմամբ գերագույն իշխանություն, որն անկախ է որևէ օրենքից։

   Ուշարժան է Թ․ Հոբսի Լևիաթանի  1651 թ․ հրատարակության ճակատանկարը, որտեղ պատկերված է հաղթանդամ մեկը (ինքնիշխանը), որի մարմինը կազմված է փոքր մարդկանցից։ Ինքնիշխանի մի ձեռքին սուր է, մյուսին՝ գավազան, գլխին՝ թագ, իսկ թագի վերևում Հոբի Գրքի ԽԱ գլխից համար 25-ը (որոշ տեղերում 24 կամ 33) է («Non est potestas Super Terram quae Comparetur ei» / «Եւ չիք ինչ յերկրի՝ որ նման է նմա»)։

[7] Ժողովրդի ապահովությունը (լատ․)

[8] եղիցի (լատ․):

[9] «Արասցուք մարդ ըստ պատկերի մերում» (Ծնունդք Ա, 26)։

[10] Ծանի՛ր զքեզ (լատ):

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *