Նելլի Տոնոյան | Ցավը դեղնած ծաղիկների

-Մե՜րդ,- հայհոյում է Եղիան:
Եղիան երեւի մարգարե է:
Գերեզմանոցում սպասում է ժողովրդի հեռանալուն, որ լակի:
– Ձեր մերն էլ ,- նկատի ունի շրջակայքում հավաքված ու անվերջ հաչող շներին: Նեղանում է:
Ձեռքերը մրոտ են, աչքերը` արնախառը:
Կուչ է գալիս քարի առաջ,
ծալապատիկ, ու նեղանում է մտահորիզոնը.
նրա մայրը առարկայական է, աներեւույթ,
անշոշափելի,
ստամոքսում հավաքված մեռելաջուր:
Եղբորը թաղելուց լավ առիթ չի լինում,
Մի օր պիտի սատկի,
բայց Եղիան մարգարե է,
ով լակել գիտի ու
իր մարգարեությունը խմելն է:

 

***
Ինչպիսի՞ն է ցավը դեղնած ծաղիկների,
երբ աչքերդ փոսի մեջ են
ու քունքիցդ արյուն է ծորում բարակ-բարակ …
Ասում եմ ինքս ինձ,
մինչ կանաչ կլինի,
մինչ անցնելը փողոցի
կրկնում եմ, որ
անգամ եթե կանաչ է,
զգույշ պետք է լինենք,
կողքիս մանկիկը ինձ չի հավատում՝ փողոցն անցնելով,
ինչպիսին է՞ ցավը մեռած ծաղիկների:

 

***
Հայրենիքում անվերջ խցանում է,
ու հայհոյում են բոլորը անկախ տարիքից,
– ժողովուրդ ջան, արագացրեք, էդ անտերը ժամ ա դրած վրեքներս,-
վերքեր եմ լսում ականջակալից այն կողմ:
Խցանումն էլ խցանված ժողովրդից է, մտածում եմ:

Հենց վերջին մուրացիկ ունենանք, աստված կգա…

 

***
Ակնագնդերից դուրս եկող ցավն է
ու քաղաքի փոշին
իր ամենօրյա հացը
հիշեց, որ հայրը իրեն վաղուց մի չթի կտոր էլ չի նվիրել,
ակնագնդերում ուռչող ցավ
մեծացող սիրտ,
գիտի, որ փոշին կերակուրն է իր
կծեց լեզուն …

 

***
Սկզբում՝ չկառուցվող միտք
կնոջ կողքին չամուսնացած որդի, գրեթե չամուսնացած մարմնավաճառ է ճանապարհին,
ով կամ գիտի ինչ է ամուսնությունը, կամ չի էլ իմացել,
չկառուցված շենքեր,
որդի
շան կամ մոր:
Դեպի ներս են լացում բառերը:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *