Սիրելի՛ ընթերցողներ, մայիսի 25-ին, ժամը 18:30-ին սիրով հրավիրում ենք Նոյյան Տապան գրախանութ` Արամ Ավետիսի «Ճարտարապետական մուտացիա» գրքի շնորհանդեսին։
Ի՞նչ է քննադատական ռեալիզմը,-հարցնում էր Օսկար Ուայլդը և պատասխանում:
-Դա Կալիբանն է, որ իրեն տեսավ հայելու մեջ: Կալիբանը Շեքսպիրի Փոթորիկ պիեսի գործող անձանցից մեկն էր՝ հրեշի ահասարսուռ կերպարանքով: Մեղավո՞ր էր արդյոք հայելին, որ նրան ներկայացրեց իր ողջ զազրելիությամբ:
Դասական գրականության հումանիստական ավանդություններով դաստիարակված և ձևավորված երիտասարդ արձակագիր Արամ Ավետիսն իր «Ճարտարապետական մուտացիա» գրքում ձգտում է հավատարմորեն ներկայացնել արդի՝ ապամարդկայնացող աշխարհի ճշմարիտ արտացոլումը: Մեղավո՞ր է արդյոք այդ գիրք-հայելին, որ իր՝ անխաթար ներկայացրած աշխարհը չի ենթարկվում ոչ մի տրամաբանության և միայն սոսկում է պատճառում: Երազն ու իրականությունն իրար են խառնվել այդտեղ: Մի աշխարհ, ուր մարդը դարձել է կատարելապես ավելորդ, և միայն ցնորքներով կարող է ապրել: Հոռետե՞ս է արդյոք հեղինակը: Այո, այնքանով, որքանով հրաժարվում է գունազարդել մարդազերծ այդ իրականությունը:
Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ