Թևոս պապը դժգոհում էր, որ որդին՝ Ստեփանոսը ողջ գիշեր վառ էր պահում ձեթի ճրագը:
– Այս թանկ տարին չես ուզում ձեթը խնայել,- ասում էր նա:
Հետո, շատ անգամ կշտամբում էր որդուն, չէր կարողանում քնել, շուռ ու մուռ էր գալիս անկողնում, էլի նստում, կրկին պառկում, հազում ու վերջապես հանդարտվում էր: Թևոս պապը, սակայն, ցերեկն այլևս չէր բարկանում: Մոտենում էր որդուն, նայում գիշերվա նրա կատարած աշխատանքի վրա և ժպտում բարի ժպիտով: Թոռը՝ Կարենը, ճանաչում էր պապի քաղցր ժպիտը:
– Տե՛ս, Կարեն,- ասում էր նա թոռանը՝ կատակելով,- հայրդ մաքուր գործ անող է, դու փսլնքոտ ու անշնորհք տղա ես,- քաշում էր ականջից, հետո ձեռքերը ետևին դրած հեռանում էր:
Թևոս պապի որդին, Կարենի հայրը՝ Ստեփանոսը, ծաղկող էր: Գնում էր վանք, գրիչ Վարդան երեցի մոտից բերում մագաղաթի վրա գրած գրքեր, և գիշերներն անքուն մնալով՝ նկարազարդում էր: Շատ ներկամաններ ու ներկեր ուներ Ստեփանոս ծաղկողը: Իրար կողքի շարված էին ոսկեգույն ու վառվռուն ալ կարմիրը, ճերմակը՝ աչք ծակող մաքուր, և՛ երկնքի պես կապույտը, և՛ կանաչը, արծաթագույնը, ինչպիսի գույնով փայլում են աստղերը ձմռան երկար ու պարզ գիշերվա երկնակամարում: Ամեն մի ներկից մի թել վերցնելով՝ թերթերի վրա հյուսում էր նրանց, ոլորում, գույն առ գույն ծաղիկներ դարսում իրար մոտ, նկարում թռչուններ – արագիլներ ու կաքավներ կարմիր ոտիկներով, աղավնիներ ու չար բազեներ:
– Սրանք լուսանցազարդեր են,- Կարենին ցույց էր տալիս նա գրքի լուսանցքներում նկարվախ երկարավուն զարդերը,- Սրանք էլ գլխատառեր են,- և նա մատը դնում էր կենդանակերպ նկարված մեծ տառերի վրա:
Երբեմն նա օգնության էր կանչում Կարենին.
– Վերցրու այդ կթխան, ջուր լցրու և դիր կրակի վրա, թող եռա,- ասում էր նա:
Կարենը տաքացնում էր ջուրը, հետո հայրը ինչ-որ մուգ փոշի էր լցնում նրա մեջ, խառնում փոքրիկ փայտով և փորձում ներկը:
Սենյակում նեղվածք էր: Մայրը բարկանում էր Կարենի փոքրիկ քրոջ՝ Անանուկի վրա, որ անզգուշաբար կպչում էր ներկամաններին և գույները շաղ տալիս հատակին ու շորերին:
– Ի՞նչ կասի հայրիկը, ի՞նչ պատասխան կտանք նրան:
– Էլ չեմ անի, էլ չեմ անի,- արդարանում էր Անանուկը՝ ձեռքերը թաքցնելով հագուստի տակ:
– Շորերդ ներկոտեցիր, չար աղջիկ,- շարունակում էր մայրը:
Կարենը հավաքում էր թափված ներկամանները, ապա թաքուն բացում հոր նկարած թերթերը և հետաքրքրությամբ դիտում: Ձեռքի շարժումով նա մատը տանում էր նկարած գծերի, ոլորումների վրայով, կարծես նորից հյուսում ու ներկում, շոշափում էր ներկերը, տախտակի վրա փորձում գրիչներն ու փետուրե վրձինները, որոնցով հայրը նկարում էր. Ստեփանոսը չէր սիրում, երբ ձեռք էին տալիս այդ ամենին:
– Իմ տասն օրվա աշխատանքը մի ձեռքով կկեղտոտենք ու կփչացնենք,- ասում էր նա:
Թևոս պապը Կարենին հաճախ իր հետ դաշտ էր տանում: Արևը մայր մտնելիս ետ էին գալիս, կամ, ամառվա տաք գիշերներին՝ քնում էին հանդում: Պառկում էր Կարենը մեջքի վրա, պապը հեքիաթ էր պատմում, իսկ ինքը նայում էր փայլփլուն աստղերին, որոնք հանդարտ պտույտ էին գործում երկնակամարում, մինչ լուսաբացի կաթնագույն մշուշի մեջ հալվում էին ու կորչում: Լուսաբացին խոտերի ու ծաղիկների վրա նստած ցողի կաթիլներն արևի ճառագայթների տակ՝ ցոլցլում էին հազարերանգ գույներով, բաց կարմրին և կապույտին տալով: Ծաղկաթերթերն առավոտյան լվացվում և փայլուն էին լինում, կեսօրին՝ հյութալի ու լայն տարածված, իրիկունը՝ ննջող և գոց: Նարգիզները փոփոխում էին գույները՝ վառ կարմրից մինչև աղյուսագույնն ու դեղինը, մինչև ոսկեգույնը:
Մի օր էլ, դաշտում, Կարենը երկար դիտեց ծաղկաթերթերն ու նրանց խիտ տերևները, մինչև հոգնեց: Հանկարծակի ծագած մի միտք ոգևորեց նրան: Նա մոտեցավ առվակի ափին և թաց կավի վրա սկսեց նախշեր գծել: Ոլորում էր գիծը, բացում, տարածում և կրկին հյուսում այլ գծերի հետ: Հետո կողերին արագիլներ էր նկարում, որթատունկի վրա թեքված կտուցներով, երկար ոտքերով, մի ոտքի վրա հենված, մյուսը բարձր, սեղմած փորին: Նա նկարեց մի աղվես, որ տարածել էր ոտքերը, նստել, պոչը բարձրացրել փորի ուղղությամբ վերև և ստացվեց «Ե» տառը, ինչպես հայրն էր վերնագրերի տառերը նկարում: Մտքով այդ գծերը գույներով էր լցնում, ծածկում կապույտով ու կարմիրով, սպիտակ կետերով ու կանաչով, նարգիզի թերթերով էր պսակում առվակի ափը՝ ողջ երկայնքով:
Պապը կանչում էր տուն դառնալու համար, իսկ նա տարվել էր զարդերով և չէր լսում: Թևոս պապը մոտեցավ, կանգնեց նրա գլխավերևը և ուզում էր բարկանալ, բայց զարմանքից միայն բերանը բացեց:
– Հորդ պես շնորհքով տղա ես երևում,- ասաց նա,- մաքուր գործ ես անում ցեխի վրա: Գնանք տուն:
Ճանապարհին պապը ստեպ-ստեպ նայում էր Կարենին և ժպտում էր: Երբ տուն հասան, նա որոնեց գրպաններում, մի փոքրիկ, ոսկորե կոթով դանակ հանեց և տվեց նրան:
– Ա՛ռ, թող քեզ լինի,- և դարձավ որդուն,- Ստեփանո՛ս, մի թերթ հին թուղթ տուր ինձ:
– Ինչի՞դ է հարկավոր,- զարմացավ որդին:
– Ներկամաններդ էլ տուր, այդ գրիչներից էլ մի երկուսը՝ թոռանս համար: Արի՛, Կարեն, ինչ որ արեցիր ցեխի վրա, հիմա թղթի վրա նկարիր:
Պապը պատմեց այդ օրվա զարմանալի դեպքը, գովեց թոռանը:
Վառեցին ճրագը, հայր ու որդի սկսեցին նկարել, հայրը ձեռագիր գրքի լուսանցքներում, գլուխների վերևը, որդին՝ հին ու մաշված մի թղթի վրա:
– Այդքան մի խառնիր գիծը, թեքիր աջ,- ցույց էր տալիս հայրը և շարունակում իր գործը:
Պապը նայե՜ց, նայեց նկարներին, թիկն տվեց բարձին և այլևս չբարկացավ ձեթի պակասության ու ճրագի անհանգստացնող լույսի համար:
– Հորդ պես շնորհքով տղա ես երևում,- ասաց նա կիսաքնի մեջ և քունն իջավ աչքերին:
Պապի հանգիստ դեմքը խրախուսում էր Կարենին:
Մի երկու անգամ նա նստեց հոր հետ, մինչև կես գիշեր ծաղկեց ողջ թերթը: Պապը բառեր չէր գտնում թոռանը գովելու համար, նրա մասին պատմում էր բոլորին:
– Այնպիսի մի խորան է նկարել, ո՜ր,- ծոր էր տալիս նա,- հազար գույն ու հազար նախշ ունի: Արագիլների ոտքերը կարմիր ու բարա՜կ, կարծես հիմի պիտի բարձրացնեն գետնից ու փորերի տակ սեղմած թռչեն վեր:
– Պապի՛,- նկարածը ցույց տալով՝ ասում էր Կարենը,- այս էլ տես, նռենի է ծաղիկներով ու նուռերով:
Հայրը շատ էր հոգնում, ցավում էին աչքերը, որ նա տրորում էր ափերով և հոգոց հանում: Մայրը ծածկում էր նրա ուսերը՝ շալով, հորդորում քնել ու հանգստանալ: Կարենը վերմակի տակից հանում էր գլուխը, նայում հոր դեմքին:
«Հայրիկը շատ է հոգնում»,- մտածում էր նա, ուզում էր խնդրել, որ թույլ տա իրեն նկարելու, բայց սիրտ չէր անում:
– Թույլ տուր ես էլ նկարեմ,- մի օր ասաց նա:
– Դու ի՞նչ կարող ես անել, կկեղտոտես գիրքը:
Պապը պաշտպանեց նրան:
– Թող մի փորձի՜: Քեզ համար ավելի լավ օգնական չես գտնի: Ինչո՞վ են վատ նրա զարդերն ու գույները:
Կարենը ուզում էր լաց լինել, որ հայրն այդքան թերահավատ էր իր շնորհքի հանդեպ: Հայրը համառեց, Կարենն էլ որոշեց միայն իր համար նկարել, բայց թուղթ չուներ: Մտածեց երկար, մինչև որ գտավ ելքը:
Նա առավոտյան գնաց առվի ափը, որտեղ երկարահասակ բարդիներ կային, կտրեց կեղևները և սկսեց չորացնել: Կտրանը, երթիկի կողերին շարեց թերթերի պես կտրած կեղևները: Մի քանի օրում, ամառվա արևի տակ նրանք դեղնեցին ու չորացան: Չորացածները դրեց ծանր քարերի տակ, որ հարթվեն և չոլորվեն: Շուտով չորս-հինգ թերթ չորացած կեղևներ արդեն պատրաստ էին: Այժմ կարելի էր նկարել: Երբ հայրը դուրս եկավ տնից, Կարենը ներկամաններից մի քանի գույն վերցնելով գնաց առվի ափը, ստվերի մեջ: Նկարում ու ներկում էր ամեն թերթն առանձին, և հետո նկարվածները կարում իրար: Շատ ժամանակ խլեցին կենդանակերպ մեծատառերը, նույնիսկ մարդկանցից գլխատառեր հյուսեց, որոնց նման հայրն էլ չէր նկարել: Կապույտ լազուրի ներկը դարսում էր փայլող բաց կարմիրից մինչև ալը խտացող ներկի կողքին, սպիտակ բողբոջներով օղակում հյուսված տերևների կողերը: Կարծես ցողն էր շողում տերևների վրա: Նուռը կիսվում էր, երևում էին նրա փայլուն հատիկները: Աղավնիները գլուխները դնում էին թևերի տակ, կամ ձգվում, պատրաստ թռիչքի:
Ամառվա կեսն էր: Կարենն արդեն կեղևների վրա նկարած մի գիրք ուներ, բայց ոչ ոքի ցույց չէր տալիս: Նույնիսկ Թևոս պապը չգիտեր, նա կրկին բարկանում էր:
– Անշնորհք տղա ես:
Հայրը բոլորովին ուշադրություն չէր դարձնում, միայն դժգոհում էր, որ պակասում են ներկամանների ներկերը:
– Շոգից է: Ո՞վ պիտի ձեռք տա,- նկատում էր մայրը:
Իսկ Անանուկը թաքնվում էր նրա փեշի տակ, վախենալով, որ իրեն կմեղադրեն:
Հայրն ավելի էր հոգնում: Գիշերն աշխատելով՝ հաճախ գլուխը ձեռագիր գրքի վրա հենած քնում էր: Արթնանալիս ցավում էր մեջքը, գլուխը պտույտ էր գալիս: Իսկ աշխատանք շատ կար: Գրիչ Վարդան երեցն ամեն օր գալիս, շտապեցնում էր.
– Այս գիրքն էլ վերջացնես,- ասում էր նա,- գնանք, վարձն ստանանք վանքից, թե չէ ձմեռը քաղցած կնստենք:
– Է՜, ինչ անեմ, հոգիս դուրս եկավ ողջ գիշեր այս ներկերին նայելով: Ձեռքս թմրում և զարդերը խառնվում են իրար: Ես նույնպես շտապում եմ, որ շուտ ավարտեմ ծաղկել այս հաստափոր գիրքը:
***
Մի օր Կարենն արթնացավ կես գիշերին: Ճրագը ծխում էր, ծռվել էր պատրույգն ու լույսը դողդողում էր պատի վրա: Հայրը թողել էր կիսատ նկարված թերթը:
– Վեր կա՛ց, վեր կա՛ց,- կամաց ձայնով ասում էր նա:
Կարենը նստեց տեղում:
– Այդ դո՞ւ ես նկարել,- ցույց տվեց նա կեղևների վրա նկարածը և ժպտաց:- Լավ ես նկարել:
– Ես եմ նկարել,- մեղավոր ձայնով պատասխանեց Կարենը՝ կարծելով, թե հայրը կբարկանա:
– Դե որ դու ես նկարել՝ վեր կաց և օգնիր ինձ: Ես քեզ մի նոր գիրք կտամ, որ պետք է շտապ նկարազարդել: Վեր կա՛ց, այսօրվանից սկսիր գործը:
Կարենն ուրախացած վեր թռավ, հագավ շորերն ու նստեց հոր կողքին: Հայրը բացատրում էր մանրամասնությունները:
– Այստեղ խորան կնկարես, այստեղ լուսանցազարդեր կանես, այս գլխատառերը կներկես ոսկով ու կարմրով:
Կարենը շփոթվել էր, նույնիսկ ձեռքերը սկսեցին դողալ, բայց երբ մոտ քաշեց ներկերն ու ու գրիչները՝ մոռացավ ամեն ինչ, սկսեց նկարել ու ներկել: Դրսից, երդիկից լսվում էին գիշերային շշուկներն ու ծառերի սոսափյունը: Ինչ-որ մի տեղ ճյուղ կոտրվեց, երևի ննջած թռչունը վայր ընկավ ու սթափվելով թևածեց ծառի ճյուղերի վրա:
Լուռ էր, և այդ լռության մեջ մի փոքրիկ տղա հրացայտ աչքերը լայն բացած դեղին մագաղաթի թերթերի վրա կախարդական գծեր էր դրոշմում, զարդեր նկարում, ամփոփում և ավարտում:
Լուսանում էր: Հայրը թիկնել էր բարձին մի պահ հանգստանալու համար և ննջել էր հոգնատանջ քնով: Կարենը ցավով նայեց հորը, զգույշ ծածկեց նրա կուրծքը մոր շալով, ուղղեց ճրագն ու շարունակեց նկարել: Մայրը շուռ եկավ անկողնում, Թևոս պապը տնքաց, Անանուկը սկսեց երազում լաց լինել:
Էջի վրա պատրաստ էին զարդերը, դեռ տեղ-տեղ փայլում էր թաց ներկը: Նա հանգցրեց ճրագը, մտավ անկողին, գլուխը ծածկեց վերմակով, փակեց աչքերը և հոգնած ու գոհ քուն եղավ:
Երկար ժամանակ քնեց նա: Երբ լուսացավ, տանը լռություն էին պահպանում, որ նա քնի: Մայրն ու պապը սիրով պտտվում էին նրա շուրջը, մայրը ծածկում էր վերմակով, պապը սաստում էր Անանուկին, որ աղմուկ չհանի: Իսկ Կարենը երազում այնքա՜ն գույներ էր տեսնում, այնքա՜ն գունագեղ զարդարանքներն, որ երբեք չէր տեսել հոր նկարներում:
Հայրը լուռ էր, երբ Կարենն արթնացավ, նա մոտեցավ որդուն ու նրա գլուխը բռնած երկար նայեց նրա աչքերին, կարծես ուզում էր գույներ տեսնել նրանց մեջ, գույներ, որոնց նա մնացել էր անհաղորդ և որոնք որդին դրոշմել էր այդ գիշեր՝ զարդերի մանր հյուսվածքներում:
– Շարունակիր նկարել,- ասաց նա,- այդ գիրքն էլ վերջացնենք, տանենք տանք, թե չէ ձմեռ է գալիս, քաղցած կնստենք:
Կարենն արագ հագնվեց, վազեց դուրս, գլուխն ու ձեռքերը թրջեց առվակի մեջ և տուն գալով շարունակեց աշխատանքը:
***
Հայրը հիվանդացավ և վախճանվեց: Այնքան անակնկալ եղավ այդ մահը, որ Կարենը ոչինչ չկարողացավ ըմբռնել՝ կար հայրը և չկա այժմ: Ձեռագիր գրքերը կրկին դարսված էին ներկամանների կողքին, անավարտ, իր և հոր ձեռքով սկսած: Պապն էլի բարկանում էր ձեթի թանկության և պակասության համար: Մայրը շատ էր փոխվել, ծանր վիշտը գունատ և խոր կնճիռներ էր գծել նրա դեմքին: Նրա աչքերում ցոլացող մշտական արցունքները տանջանք էին պատճառում Կարենին: Միանգամից նա զգաց հոգսի ծանրությունը, որը ստիպում էր մինչև առավոտ լուսացնել ձեռագիր գրքերի վրա:
Գարնանը լրացավ Կարենի տասն և հինգ տարին: Գրիչ Վարդան երեցը ամբողջ ձմռանը ձեռագիր գրքեր էր բերել և Կարենը նկարազարդել էր: Վերջին ամիսներին աշխատելով՝ նա արդեն ավարտում էր ամենամեծ գիրքը, ուր նա ամեն ջանք գործ էր դրել գեղեցիկ և հարուստ նկարներով զարդարելու: Մի գիշեր էլ աշխատեց և լուսադեմին գիրքը պատրաստ էր հանձնելու համար: Դեռ չէր պատրաստվել քնելու, երբ սկսեցին խփել եկեղեցու առավոտյան զանգերը՝ աղետի շտապ հարվածներով:
Գյուղում իրարանցում ընկավ: Թշնամի թաթարական մի ցեղ մտնում էր գյուղից գյուղ, ավերում ու թալանում, սպանում և գերի տանում: Աղետալի լուրը ստանալուց մի քանի ժամ հետո թշնամին մտավ գյուղ: Նրանց զինվորները շրջում էին փողոցները, մտնում խրճիթները, վերցնում ինչ դուր էր գալիս իրենց: Սպանել էին հանդապահ Հովհանին, տունը կրակ տվել, ընտանիքը խառնել գերիներին: Այրվում էր Բրուտ Նահապետի տնակը, կավե ամանները փշրված, թափված էին իրար վրա, որոնց մոտ գլխահակ նստել էր նա: Տղամարդիկ փախան լեռները՝ զենք ու զրահ կապելու, թշնամու դեմ ելնելու համար: Անակնկալ հարվածի դեմ արագ խմբավորվում էին ժողովրդական զինված խմբերը: Շատ տեղերում թեժանում էր մարտը. ջարդում էին թշնամու կողերը:
Թևոս պապը փակել էր դուռն ու նստել տանը, պատի տակ: Անանուկը լաց լինելու պատրաստ ծամածռում էր բերանը: Մայրը հավաքում էր ինչ ձեռքն էր ընկնում և թաքցնում անկողնու տակ, Կարենը նայում էր պապին և մի կողմի վրա հավաքում ներկամաններն ու գրիչները:
– Կգան, վերջին ունեցածն էլ կթալանեն, կգան ու կթալանեն,- ինքն իրեն խոսում էր պապը:
Դուռը հանկարծ ոտքի հարվածից կրնկի վրա բացվեց, խփվեց պատին: Հինգ զինվոր աղմուկով ներս մտան և իսկույն հարձակվեցին պապի վրա, Թևոս պապը տնքաց, հայհոյեց.
– Ձեր եկած ճամփեն չորանար, հրեշնե՛ր…
Զինվորներից մեկը խփեց նրա դեմքին: Դեմքն այլայլվեց, պապն ընկավ կողքի վրա: Մյուսները ծիծաղեցին: Անանուկը լաց եղավ:
– Ի՞նչ եք ուզում,- ճչում էր մայրը,- ի՞նչ եք ուզում…
Կարենն առաջ եկավ, բայց զինվորները ետ հրեցին նրան: Նա ընկավ պապի մոտ, քթից արյուն եկավ: Զինվորները սկսեցին թալանել, խառնեցին անկողինն ու վերցրին հին կարպետը, հագուստները: Մեկը վերցրեց այդ գիշեր ավարտված ձեռագիր գիրքը, նայեց և տեղավորեց պարկի մեջ, ապա շտապով պարկի մեջ լցրեց ձեռքն ընկած մյուս ձեռագրերը: Ներկը թափվեց, կեղտոտեց դեռ մնացած գրքերը, որոնց թերթերը ցրվեցին հատակի վրա: Այդ ժամանակ Կարենն այլևս չհամբերեց, ոստյունով հասավ պապի հաստ ձեռնափայտին և ուժով վրա բերեց ձեռագրերը հափշտակող զինվորի գլխին: Անսպասելի հարվածից զինվորները հանկարծակիի եկան: Շփոթությունը տևեց մի պահ միայն, երբ նրանք տեսան իրենց ընկերոջ գլուխն արյամբ ներկված, զգաստացան, բայց Կարենն արդեն փախել էր: Թաթարները վազեցին նրա ետևից: Կարենը չէր երևում: Նա թռավ հարևան ցանկապատը, բարձրացավ կտուրների վրա և անհետացավ այգիներում: Նրանց տնակը հրդեհեցին:
***
Անցավ կես տարի: Հայ ժողովուրդը հավաքեց իր ուժերը, ոտքի կանգնեց և դուրս վռնդեց թշնամուն իր սրբազան հողից: Պատերազմը վերջացավ, խաղաղություն տիրեց:
Կարենը թափառեց շենից շեն, ավանից ավան, բայց ընտանիքի անդամներից ոչ ոքի չգտավ: Ոմանք ասում էին, որ նրանց սրի են անցկացրել, ոմանք էլ պնդում էին, թե թշնամին գերի է տարել: Շատ որոնեց Կարենը, մինչև մի երեկո հասավ այն քաղաքը, որտեղ ապրում էր հայոց թագավոր Լևոն երկրորդը: Դեռ քաղաքի դռներից ներս չէր մտել, երբ մի ալեխառն ծերունի շտապեց դեպի նա, գրկեց, համբուրեց ճակատն ու հուզվախ բացականչեց.
– Վերջապես գտա քեզ, վերջապես գտա, որդիս, որդի՛ս…
Գրիչ Վարդան երեցն էր:
– Որտե՞ղ են մերոնք, մայրս, Անանուկը, պապը,- հարցնում էր Կարենը:
– Նրանց մասին ես էլ չգիտեմ, քեզ նույնպես նրանց հետ կորած էի համարում, բայց ահա գտա, որոնում էի և իսկույն գտա,- շարունակեց նա և պատմեց իր ուրախության պատճառը:- Այս քաղաքում է նստում հայոց Լևոն թագավորը: Գիտե՞ս նրա մասին:
Կարենը բացասաբար շարժեց գլուխը: Գրիչը շարունակեց.
– Նրա մարդիկ մի օր եկան ինձ մոտ և տարան թագավորի առաջ:
– Դո՞ւ ես Գրիչ Վարդան Երեցը,- հարցրեց թագավորը:
– Ես եմ,- ասացի, և մտածում եմ՝ ի՞նչ պիտի հարցնի ինձ: Հազար չար կա աշխարհում, տեսնես ո՞րն է ինձ վիճակվել: Իսկ թագավորը բարի՜, բարի՜ հայացքով նայում, ժպտում է:
– Իսկ ո՞վ էր նկարազարդում քո գրածը,- հարցնում է նա:
Ես պատասխանեցի.
– Ծաղկող Ստեփանոսը, հետո էլ ծաղկողի որդին, որ Կարեն են կոչում:
– Գիտեմ,- ասում է թագավորը,- որ Կարեն են կոչում: Ինձ հենց նա է հարկավոր, թե կարող ես գտիր և բեր ինձ մոտ:
– Որտեղի՞ց գտնեմ,- պատասխանում եմ,- հիմա կամ սպանել են խեղճին, կամ գլուխն առել ու կորել է քո տերության ընդարձակ սահմաններում:- Եվ պատմում եմ, որդիս, քո արկածները: Իսկ նա էլի ժպտում է, հրամայում, որ կերակրեն ինձ, հագուստ տան, վարձատրեն ու ճամբու գցեն: Այդպես էլ արին: Ասում էի ճանապարհներ կտրեմ, որոնեմ քեզ, բայց դու քո ոտքով եկար: Է՜, հիմա նրա մոտ գնանք, պետք չէ ուշացնել, գնանք:
Կարենը շատ էր զարմացել: Կանչել է իրեն թագավորը և գիտե, որ ինքը ծաղկողի որդի Կարենն է, կանչել է իր մոտ… Նա ոչինչ չէր հասկանում, բայց համաձայնվեց և գնացին:
Ամրոց-պալատի առաջ զինվորներ կային երկայն տեգերով ճանապարհը փակած: Նրանց գլխի ոսկեգույն սաղավարտները փայլում էին արևի տակ: Ամրոցի աշտարակների ու բարձր պարիսպների վրա նույնպես շողշողուն սաղավարտներ էին երևում: Նեղ և երկարավուն պատուհանների շարքը ոլորվում էր ամրոցի շուրջը: Կանգ առան պահակների մոտ:
– Ի՞նչ ես ուզում, ծերո՛ւկ,- հարցրեց զինվորներից մեկը:
– Ես ձեր մեծին եմ ուզում տեսնել, նա ինձ կլսի,- ասաց Վարդան երեցը:
Զինվորը գնաց կանչելու:
– Այդ մեծը ճանաչում է ինձ, ասել են, որ ներս թողնի, երբ գամ,- հպարտացավ գրիչը:
– Ա՜, գրիչ ծերունի՞ն է: Ողջույն, հայրիկ,- բացականչելով մոտեցավ մոտ հիսունն անց մի ռազմիկ:- Այս ո՞վ է,- ցույց տվեց նա Կարենին:
– Հենց ինքն է, մեր բարեպաշտ թագավորի ցանկացած ծաղկողի որդին, մեր Կարենն է:
– Ուրեմն գտա՞և: Այ քեզ ուրախություն, ինչ էլ լուրջ աչքեր ունի: Եկեք, ներս կթողնեմ: Մարո՛ւթ,- կանչեց նա մի այլ զինվորի,- տար սրանց ու հանձնիր սենեկապետին, նա գիտի, թե ովքեր և ինչ համար են եկել: Դե գնացեք:
Մեծ դարպասի մեջ մի փոքրիկ դռնակ կար: Երկաթե ծանր նիգը բարձրացնելուց հետո՝ հրեցին և նրանք ներս մտան ամրոցի բակը: Ուղեկցող զինվորը գնում էր առջևից, իսկ նրանք հետևում էին: Կարենը սկսվել էր: Նայում էր շուրջը, զարմանում, ուզում էր հարցնել տեսածի մասին, բայց վախենում էր ետ ընկնելուց: Փոքրիկ բակից անցնելով՝ մտան մեծ բակը, նրանց առջև իսկույն բարձրացավ պալատը: Դեմի դռներից ել ու մուտ էին անում մարդիկ, ոմանք զինվորական տեսքով, ոմանք քաղաքացուն, խոսում էին միմյանց հետ, կանգնում:
Սենեկապետը լսեց Մարութին և նրանց առաջարկելով սպասել, ինքը գնաց: Կարենը նայում էր շուրջը: Մետաքսե գահավորակներ էին դրված պատերի տակ, որոնցից մեկի ծայրին նստել էին իրենք: Գետնին և պատերի վրա մեծ, ընտիր գորգեր էին տարածված, սենյակի ճակատին փայլում էր թագավորական զինանշանը: Նեղ պատուհաններից երևում էին աշտարակները, ավելի հեռու՝ երկինքն ու ամպերը, և թռչունները, որ ճախրում էին օդում:
– Կարեն ծաղկողին թագավորն իր մոտ է կանչում,- ասաց ներս մտնող մի այլ մարդ:
– Գնա՛, որդիս, գնա,- շշնջաց Վարդան երեցը:
Կարենը քայլեց դեպի դուռը: Մարդը գնաց, ինքն էլ ետևից: Անցան մի միջանցքով, մտան սրահ, մոտեցան մի այլ սենյակի: Կարենը գնում և մտածում էր. «Ինչո՞ւ եմ ես պետք թագավորին: Երևի չարացել է, որ այսքան ժամանակ չեմ գտնվել և եկել իր մոտ»:
Մարդը բացեց դուռն ու մտավ ներս, Կարենը հետևեց նրան, մնաց դռան մոտ կանգնած: Դիմացի գահի վրա նստած էր թագավորը: Կերպասից, մետաքսաթել ասեղնագործված երկար զգեստ կար նրա հագին, որի տակից երևում էին կարմիր, սուր քթերով, ոսկի թելերով զարդարված մաշիկները: Թագավորի կողքին կանգնած էր տակավին մանուկ մի աղջիկ, որ հետաքրքրությամբ նայում էր Կարենին: Նա թագավորի աղջիկ Իզաբելն էր, որին հայրը շատ էր սիրում:
– Արի՛,- կանչեց թագավորը Կարենին:
Նա ուզում էր գնալ առաջ, բայց մնաց տեղում: Շփոթվել էր:
– Մոտ արի,- կրկնեց թագավորը:
– Արի՛,- ծիծաղելով ձեռքով արեց Իզաբելը:
Կարենը մոտեցավ և մինչդեռ մտածում էր գլուխ տալ՝ հայացքն ընկավ գահի կողքին դրված հաստ գրքի վրա, որից այլևս չկարողացավ աչքերը շրջել: Այն գրքերից մեկն էր, որ թշնամի թաթար զինվորը դրեց պարկի մեջ, իր նկարած վերջին գիրքը, միայն մի քիչ տրորվել էին կողերը: Ինքն էլ չիմացավ ինչպես մոռացավ շփոթությունը, պարզելով ձեռքը վերցրեց գիրքն ու սկսեց ագահությամբ թերթել: Իր նկարներն էին – լուսանցազարդեր ու խորաններ, ոսկի ու արծաթ, կապույտ և ճերմակ, նարգիզների գույները, նռենիները կիսված նռերով, թռչունները կարմիր ոտիկներով ու կարմիր կտուցներով… Թագավորն ու աղջիկը ժպտում էին:
– Դո՞ւ ես նկարազարդել,- հարցրեց թագավորը:
– Ըհը՛,- նույնպես ժպտալով գլխով արեց Կարենը:
– Պատանի ես, բայց մեծ շնորհք ունես,- ասաց թագավորը:
– Այս ինչպե՞ս այստեղ հասավ,- հարցրեց Կարենը՝ հայացքով ցույց տալով գիրքը:
– Իմ զինվորներն են խլել թշնամու ձեռքից:
– Հիմա ի՞նչ պիտի անես:
– Պիտի պահեմ ինձ մոտ: Դու էլ ինձ մոտ կապրես և կրկին կնկարես: Ես որոնում էի քեզ, որովհետև լավ ես նկարազարդել այս գիրքը: Գրիչ վարդան երեցի հետ կարտագրեք իմ թագավորության պատմությունը, կզարդարեք ըստ պատշաճի, շնորհքով, ինչպես այստեղ: Տես, աղջիկս,- դարձավ նա աղջկան,- սովորիր Կարենից, բոլորին չի տրվում նկարելու շնորհքը:
– Հայրիկ, նրանք այստե՞ղ կապրեն,- հարցրեց աղջիկը.- Կարենի հետ մենք ընկերներ կդառնանք:
– Այստեղ, իհարկե այստեղ, աղջի՛կս:
Թագավորը ծափ զարկեց մարդ կանչելու համար, որից սթափվելով Կարենը ետ ընկրկեց ու վախեցավ: Իզաբելը ծիծաղեց: Ներս մտավ իրեն ուղեկցող մարդը:
– Ծաղկող Կարենն ու գրիչ Վարդան երեցը կապրեն ամրոցում, հոգա նրանց ապրուստի և աշխատանքի համար, տուր ինչ պետք է և թող սկսեն կազմել այն գիրքը, որ գրել է պատմիչը:
Սպասավորը խոնարհ գլուխ տվեց:
– Հասկացա՞ր,- հարցրեց թագավորը Կարենին,- իսկ հիմա գնա:
Կարենը զարմանքից քարացել էր: Թագավորը վեր կացավ, մոտեցավ նրան, շոյեց գլուխը, բարությամբ նայեց նրան և ասաց.
– Քեզ պես շնորհքով հարյուրը պիտի լինեին:
Կարենը ետ-ետ քայլելով հասաց դռանը և հանկարծ պոկվելով տեղից՝ վազեց Վարդան երեցի մոտ: Ծերունին նրան տեսնելով ընդառաջ եկավ: Կարենը նետվեց նրա գիրկն ու սկսեց արագ-արագ պատմել՝ ինչ տեսել, լսել էր հայոց Լևոն թագավորի մոտ:
– Կրկին կսկսենք գրքեր կազմել, նորից ես կնկարեմ,- պատմելով բացականչում էր նա ուրախությունից դեմքը շիկնած:
Գրիչ Վարդան երեցի աչքերում արցունքներ ցոլացին, հանդարտ գլորվեցին դեմքի ակոսներով և կորան մորուքի մեջ:
– Ողջ լինեիր, Ստեփանոս, ու տեսնեիր, թե ուր հասավ որդիդ,-ասում էր գրիչը.- ողջ լինեիր ու տեսնեիր…
***
Նրանց տեղավորեցին մի փոքրիկ սենյակում, տվեցին գրելու և ներկելու բոլոր հարմարանքները՝ լավ ողորկած վարդագույն մագաղաթե թերթեր, որոնց վրա գրիչն արտագրում էր և նկարում էր Կարենը: Թագավորի աղջիկը հաճախ էր գալիս նրանց մոտ նայում էր հետաքրքրությամբ, հարցնում Կարենին ներկերի ու նկարների մասին, ծիծաղում, չարաճճիություններ անում, ներկոտում մատները:
Մի առավոտ էլ թագավորն ինքը եկավ:
– Գրո՞ւմ եք,- հարցրեց նա:
– Գրում ենք, տեր թագավոր,- երկրպագելով ասաց գրիչը:
– Քեզ տեսնենք, ծաղկողի որդի, քո շնորհքով պիտի գիրքը գեղեցկանա,- ծիծաղելով ասաց նա և սկսեց դտել նկարված թերթեը, որոնց շատ հավանեց:- Ա՜յ, այս այլ բան է,- թերթում էր նա գիրքը,- ավելի գունագեղ և ավելի նուրբ:
– Ե՞րբ կավարտեք,- դարձավ նա գրչին:
– Առաջիկա ամսում, տեր թագավոր:
– Խոստանո՞ւմ ես, Կարեն,- հարցրեց թագավորը:
– Խոստանում եմ, ինչո՞ւ չէ: Ես չեմ վախենում, կզարդարեմ ինչպես ցանկանաս:
– Ապրես: Հետո այլ գրքեր կգրեք, կզարդարեք, մի լավ գրադարան կպատրաստենք այստեղ, և թող աշխարհն իմանա, թե ինչքան շնորհքով պատանի է Կարենը:
Թագավորը գնաց:
Գիշերը ցերեկ դարձրած աշխատում էին՝ մի ծերունի գրիչ և մի պատանի ծաղկող: Առատ էր մագաղաթն ու թանաքը, ներկամանները լիքն էին պռնկեպռունկ, ոսկին ու արծաթը կթխաներում եփվելով բարակ թերթեր էին դառնում Կարենի հմուտ ձեռքերի տակ, փայ¬լեցնում գլխատառերը, ոլորում մեծ դեպքերի շուրջը, Լևոն երկրորդ թագավորի անվան վրա: Մոռացած աշխարհն ու իրեն՝ նա շարժում էր ձեռքը, թեթև քսում գրիչներն ու փետուրե վրձինները, և ներկը դարսվում էր կախարդող հմայքներով՝ ծիածանի պես հազարագույն, նարգիզների նման գունափոխվող, որպես աստղեր առկայծող և հորիզոնի պես լայն տարածված…
Հանգստ պահերին Կարենն իջնում էր բակ, թափառում պարտիզում, որտեղ զբոսնում և խաղում էր Իզաբելը: Ամեն ինչ զարմացնում էր նրան: Մի անգամ տեսավ թագավորին պատուհանի առաջ կանգնած և այնքան նայեց վեր, մինչև նա նկատեց իրեն: Թագավորը բարձրացրեց ձեռքը:
– Կարե՜ն,- կանչեց նա,- մոտենում է պայմանաժամը:
Կարենը թռչկոտաց, թափահարեց ձեռքերն ու ճչաց պատուհանն ի վեր.
– Վերջին մանուշակներն եմ նկարում, արի ու տես…
Թագավորն ու նրա շուրջը հավաքված մարդիկ ծիծաղեցին: Ծիծաղեց և Կարենը:
– Կգա՞ս,- հարցրեց նա:
– Կգա՛մ, կտեսնե՛մ,- պատասխանեց թագավորը՝ հեռանալով պատուհանից:
Կարենը ուզում էր վազել իր սենյակը, երբ մոտեցավ Իզաբելն ու հարցրեց.
– Ո՞ւր ես փախչում: Ես ուզում եմ, որ դու խաղաս ինձ հետ:
– Ե՞ս: Չէ, չեմ կարող, թագավորը կբարկանա, պիտի նկարեմ:
– Չի՛ բարկանա:
– Ախր ես ուզում եմ նկարել…
Կարենը չգիտեր ինչ անել, հետո գտավ միջոցը:
– Գնանք ինձ հետ,- ասաց նա աղջկան,- ես քեզ համար էլ մանուշակներ կնկարեմ:
Իզաբելը համաձայնվեց և նրանք վազեցին ներս: Աղջիկը ներկեր ու գրիչներ էր տալիս նրան, իսկ Կարենը ոգևորված նկարում էր, որոշելով ավարտել ամբողջ գիրքը նախքան ժամկետը: Երգում էր և գունավորում:
– Կսովորեցնե՞ս ինձ քո երգը,- հարցնում էր Իզաբելը:
– Կսովորեցնեմ,- պատասխանում էր Կարենը:
Հիշեց Թևոս պապին ու առվակի ափին նկարած իր առաջին զարդերը: Թողեց աշխատանքը, դիտեց, էլի հիշեց փոքրիկ Անանուկին, որ ներկոտում էր մատներն ու թաքնվում մոր փեշի տակ: Նույն ձևով ներկոտվել էին թագավորի աղջկա մատները: Նա պատմեց Իզաբելին Անանուկի մասին և արցունքոտվեցին աղջկա աչքերը, հետո հիշեց կեղևի վրա նկարած իր առաջին գիրքը, և գույները, որ թողել էր այդ հեռու հիշողության մեջ՝ կրկին ոգի առան, վերակենդանացան, և նա դրոշմեց նրանց Լևոն երկրորդ հայոց թագավորի համար գրվող՝ պատմության դեպքերի մեծ գրքում:
***
– Դե գնանք, որդի՛ս,- ասաց մյուս օրն առավոտյան գրիչ Վարդան երեցը, երբ գիրքը ավարտվեց,- գնանք թագավորի մոտ ու տանենք գիրքը:
Դեռ խոսքերը չէր վերջացրել նա, երբ թագավորն ինքը ներս մտավ:
– Տեր թագավոր,- ասաց գրիչը երկրպագելով,- գիրքը պատրաստ է,- և պարզեց նրան:
Թագավորը վերցրեց գիրքը, թերթեց, հետո մոտ գալով Կարենին՝ գրկեց նրան ու համբուրեց:
– Ապրես,- ասաց նա,- շատ ապրես: Կջնջվեն աշխարհից դեպքերի հիշողությունները, գուցե և իմ կյանքի պատմությունը մոռացվի մի օր, բայց քո նկարազարդած գրքերից գոնե մեկը կհասնի ապագա սերունդներին, կզարմանան, կհիանան նրանք, և նրանց մտքում կապրես դու թագավորներից վեր: Թող ուրեմն ես էլ քո նկարների տակ դնեմ իմ կնիքը:
Հետո գրիչներից մեկը վերցնելով գրքի սկզբում գրեց կարմիր թանաքով.
«Լևոն Բ. թագավոր հայոց»