***
-Սե՛բ, ախր մեր հիշելու բաները գարեջրեր ու իրար դեմ կայանալու փորձերն են, քեզ ի՞նչ հիշեցնեմ սրանցից դուրս, մի կրուասան էր, մի գարեջրի շիշ։ Էնպես ես երես թեքել, իբրև շատ բան կար հիշելու՝ քիչն եմ ասում։ Մեր հիշելու բաները ժամանցային են, հարաբերություն կառուցելու համար անհիմն, անպիտան, բայց մերն են, Սե՛բ, երկուսով ենք դատարկել էդ շշերը, երկուսով ենք աջներս քաշել իրարից, բայց պոկ չգալու պայմանով, ինձ գլխապտույտ առաջին անգամ քո հետ է պատահել։ Մենք որ հիշելու լինենք, պիտի մեծ նշանակություն տանք էս մանր բաներին, իրար ուղարկած երգերին, երբեք ձեռք բռնած չլինելուն ու հայելոտ ապակի տեսնելիս պարտադիր բոյերներս չափելուն։ Դե ասա՛, Սե՛բ, կողքիդ աղջիկը գոնե իմ կեսը ձգու՞մ է։
-Ի՞նչ հարցնելու բան է։
Չպատասխանե՛ս։ Սու՛ս մնա։ Ձա՛յնդ։
Ես անգիտակից փախուստ եմ։
Ամիսների բոլոր ջրալի երեսունմեկերն ու փետրվարի թերաճ քսանյոթն իրար գումարած չէր դառնում էն կլորիկ թիվը, որը մտքերիս քաշն էր ներսումս կշռվոռ էդ աղջկա մասին։ Հիմա մտքերից կսիրահարվեմ աղջկան։ Երևի էսպես են լեսբի դառնում։ Քո նման անտղաների պատճառով։
-Սե՛բ, տեղից կիսատ ես։ Հիմա էլ մասնատեմ, իմ ու իրեն անեմ, տակը բան չի մնա։ Արի քո եղած-չեղածով իմը եղիր, աղջկա մասին անձամբ կհոգամ։ Հատկապես՝ դուրս գալիս է, սիրտը նեղ չեմ թողնի։ Բայց նա էդ ի՞նչ է անում։ Հենց գրքի պես մեզ պիտի կարդամ, ուր որ է, պիտի մի քիչ աղջկանամ, համբուրեմ քեզ, շշնջամ՝ ի՜մը, էջանշանի պես իրեն ներս է գցում, փռվում մեր ամենասպասված էջին ու ասում. «Բավակա՛ն է, էլ մի՛ թերթիր, ինձ թո՛ղ ձեր արանքում, փակի՛ր, էլ մի՛ կարդա»։
Սեբը թույլ մարդ է։ Հիմա կիսատ կթողնի ինձ, կգնա։
Սու՛ս։ Խոսել եմ ուզում։
-Նա հանգամանք է, որ դնում է ինձ ընտրության առաջ։ Էլի քեզ եմ ընտրում՝ բանատեղ չդնելով կյանքումդ տեղ գտած ինձ պես մեկի՝ հավասարի կամ գուցե ինձնից առաջ անցածի փաստը… իսկ նա վհուկի պես քանդում է երազիս տեղից էլ ճոճվող պատերն ու ճչում. «Ես փրկել եմ Սեբին քո ճահիճներից»։
-Կանաչի՛ մեկը, ճահի՛ճ։ Վիրավորվի՛ր։
«-Քո հիշողության երջանիկ դուք-ը միայն դու էիր։ Էն, ինչ կատարվել է, մտքովդ է անցել»։
***
Վերջին անգամ էի գիշերում։ Սառնարանն աջատված էր։ Լռությունը սպառնում էր խոսել։ Գիշերը խոնարհում է մարդկային գոռոզությունը, թույլ տալիս քեզ մոտիկից ճանաչել։ Գիշերը, առհասարակ, կյանքի բոլոր պաշտոնները սպառվում են, թափուր է մնում միայնակ մարդը։ Էս պաշտոնում անձը ժամանակ է ունենում պայքարելու հիշողությունների դեմ, ուզածի չափով հորինելու իրեն։ Կեղծել չի կարող, քանի որ ի ծնե գրավ է դրված ուրիշների հիշողություններում, որը մարել երբեք չի լինում։ Միայնակ մարդը գիտակից է բոլորից, զոհ չի գնում նպաստավոր պայմաններին, դատում է ինքնուրույն, ներքինի քնած ռոմանտիզմն ուսումնասիրում գիտական ձևաչափով։ Եվ մարդը չի սխալվում, երբ միայնակ է։ Նրա դատողությունները զրկվում են սրությունից՝ բութ հասարակությանը հանդիպելիս։ Միայնակ մարդը գիշերվա մեջ գտնում է պատասխանը միայնության ու դառնում ամենաերջանիկը։ Մենության գիտակցումը գերազանցում է ամեն բանի։ Միայնակ մարդը պայքարում է իր դեմ ու չի հաղթում, քանզի նա միայնակ է կռվում ու միակողմանի։ Ու չի էլ պարտվում։
Էս գիշեր միայնակ էի։ Հետո պատահեցի իմ սատանային։ Դեմքը զգացնել չտվեց։ Մթությունից նրան տարբերեցի դեղին կետագծերով, ճիշտ համաստեղությունների նման։ Աղջիկ էր հիշեցնում։ Ժպտաց։ Չխոսեց։ Փոխարենը լիովին հասկացա.
-Դու հիմա կքնես, ու քեզ էլի ինձ կենթարկեմ։
Էս էր իմ հասկացածը։ Քնեցի ու հետագա իմ մնացած գիշերներում նրան չտեսա։
***
Ինչ-որ մեկի զանգից պարզվեց՝ մեր քաղաքում մեկը մեռել է: Ձնհալից: Դե մեր մոտ ամռանն են ձները հալում՝ հետները մի բան տանելով։ Մեր սարերի ձյունն իրեն էդպես էլ գնահատված չի զգում, վատ ընդունելության է արժանանում տեղացիների կողմից ու հեռանալիս միշտ մի բան վնասում է կամ հետը տանում ուշադրության մի վերջին հույսով։ Արևին էլ շատ են արևատեղ դնում, դրա համար էլ ալարում է մեր կողմերում երևալ։ Նազը թանկ է ծախում։
Պարզվեց՝ այգիների ամենամյա կանխատեսելի ցրտահարության փոխարեն մեր կողմերի ձյան նշանակետը մարդ է եղել։ Իմ տարիքի տղա երեխա: Չեմ ճանաչում, ուրեմն գոյություն չունի։ Բայց կողքիս կին է՝ մահացողի քույրը, իր լացով ստիպում է ընդունեմ եղբոր մահն ու ողբամ։ Նույն միասնության սկզբունքով։ Հրաժարվում եմ։ Մեռնելու պակասություն չունեմ՝ ամեն օր հետս կատարվում է։ Թե չկատարվեր՝ լոգարանումս պարտաճանաչ կերպով հոտող Սնեյփին հիշեցնող դիակի սիրտը պիտի կանգ առներ։ Բայց քանի որ նա իմ պատվավոր հյուրն էր, եկել էր հատուկ նպատակով, թույլատրում էի մահն ինձ վրա փորձարկեր։
Սկզբում երկուսս էլ գնում էինք տանեցիներին տեսնելու, ճանապարհին պարզվում է ` ինքը թաղում է գնում:
Կանգնել ենք մի տեղ գազ լցնելու, մեջքով շրջվել է աղջիկների զուգարանի կողմը, ագահաբար ծխում է․ չի կշտանում կարոտից: Կինը կարճ մազեր ունի, սառած մկաններ ու վիշտն անտանելի դարձնելու մեծ ունակություն։ Կինը նաև կարմրած քիթ ունի դեմքին, իսկ գրպանում՝ խաղալիք ծխախոտ` Ome: Կարծում է` ծխող է: Ատամների արանքում աղի ձողիկ շարժող երեխաների պես։
***
Մենք մերկացանք բեմի առաջ և ի տարբերություն նախորդ դարի, էս դարում Վոլանդին բեմում ոչ ոք չմիացավ։ Բեմը իջավ մեզ մոտ, որովհետև Վոլանդը հանդերձի պես ընկավ հատակին, ու քաոս չեղավ…