Կլարա Պողոսյան | Ծիածանված կիսադեմ

«Ես կարմիր էի»,- մտածումէր նա՝ կիսաբաց պատուհանիցդուրս նայելով երևանյան լույսերով ողողված քաղաքին: Քաղաքը եռում էր իր անցուդարձով, բնական ռիթմիկ կյանքով, վայրիվերումներով: Նրա կյանքն էլ էր նման այս առօրյա վազվզուքին և կամակոր` իր ելևէջներում: Նայում էր ինքն իր ստվերին և տեսնում, որ գունազրկվել է, ուզում է գտնել երբեմնի կարմիրը, լսել յուրաքանչյուր հնչյունը: Եվ յուրաքանչյուր հուշի պատառիկ, վարսի տեսքով, մատներին փաթաթած, վերադարձնում էր անցյալի գիրկը, ընկնում ու բարձրանում, ծիածանվում իր երանգներում՝ գույն փնտրելով: Որոնելով իր նոր եսը հնի ծոցում՝ փորձում էր չերկատվել. դա էր միակ ճանապարհը իր եսերի հաշտության:
Նա ուրիշ էր մինչև իր կարմիրը կորցնելը և բոլորովին ուրիշ է հիմա, երբ մտածում է, որ անգույն է: Այո՛, պետք է հաշտության եզրը գտնի, քանի դեռ ուշ չէ: Քանի դեռ կարողանում է երազել, քանի դեռ չի փոխել իր այս տունն ու հասցեն և չի հեռացել իր ակունքներից անդառնալի:
Անցյալի աստիճաններով մեկիկ-մեկիկ իջնելիս ակամայից դանդաղում ես, քանի որ արդեն գիտես, թե ուր են տանում յուրաքանչյուր քար ու կոպիճ: Գիտես՝ որտեղ է քեզ սպասել երջանկությունը, կամ ՝աչքով արել բախտը, գերի վերցրել նախախնամությունը: Հիմա գիշերային լռության մեջ պապիկի համրիչի կլոր հատիկների նման հատիկ-հատիկ, «խե՛ր, շա՛ռ, աստվա՛ծ» ասելով, գնում էր դեպի հետ՝ յուրաքանչյուր նոր հատիկը դանդաղ առաջ տանելով: Փոշոտ է, գուցե, կամ էլ դանդաղ է գլորում, ամեն մի հատիկ իր պատմությամբ տաք է ու թանկ: Անդառանալի թանկ է, նվիրական ու ամենաանկեղծը՝ իր երբեմնի լսած պատմություններից:
Հիշեց իրեն, երբ առաջին անգամ հասկացավ, որ դա ինքն է. հայելու արտացոլած պատկերն էր: Խ-ոպոպիկները ուսերին թափած, բոկոտն, գիշերային զգեստը հագին, ձեռքին կոնֆետի թուղթը, համով մռութիկով ու մի զույգ ժպտացող և չարաճճի աչուկներով թափանցիկ մի էակ: Կլիներ մոտ երեք տարեկան: Անուշ էր և լույս: Ա՛յ հենց այդ ժամանակ ինքն ուներ գույներ և այն էլ ինչքա՜ն ու բազմապիսի: Հիմա էլ կարելի է իրեն գեղեցիկ համարել, քանի որ տգեղ էլ չէ, սլացիկ է, ոչ բարձրահասակ, բայց…
Լսեց, թե ինչպես մոտակայքում ճռռաց հարևանի դուռը: Ինչ-որ տեղ հեռվում էլ՝ փողոցային թոհուբոհում, ինչ-որ տաքսու վարորդ Բղդոյի մեխակներն էր ինչ-որ մեկին նվիրում:
Այո՛, կյանքն իրոք ելևէջում էր, իրեն պատեպատ տալիս՝ դիմացի ժայռին զարկվող ծովի անհագուրդ ջրերի նման: Ծովն ուզում է վարսերով հպվել ժայռին, սիրաշահել, իսկ ժայռն անդրդվելի էր:
Նա էլ էր ալեկոծված: Ժպիտը մերթ վերադառնում էր, մերթ՝ փայլում, մերթ՝ աչքով անում: Ու հասկանում է, որ այսուհետ պետք է ապրի լայն բացած աչքերով, ապրի րոպե դարձած ամեն վայրկյանն այնքան ագահ, ասես մի տասը րոպե անց պիտի մահանա: Պիտի աշխարհն իր մեջ փորձի գտնել, պիտի տեսնել կարողանա, չէ՞ որ այն գեղեցիկ է յուրաքանչյուր երազանքից, որը պատրաստվել է ինչ-որ անհայտ ծագման գործարանում՝ գումարի դիմաց: Ամեն ինչի տնականն ուրիշ է… Պիտի չխնդրի առհավատչյա, պիտի չփնտրի հանգիստ՝ նման գազան չկա այս աշխարհում…
Ու հասկացավ, որ ուրիշի ծովում չի կարող լողալ՝ կխեղդվի: Եվ որոշեց իր ծովն ու իր ներկապնակը ստեղծել: Ուղղակի գույներ պիտի գտներ՝ երփներանգ, բազմաբույր, խոսող, ճչացող, գույներ, որոնց ամեն մի կաթիլը մի պատմություն պիտի ունենար՝ չկրկնվող:
Հիշեց իր երազներից նայող այն փոքրիկ աղջկան, որը մեծացել էր արդեն, ծամերը մեջքին փռած՝ մի ծաղկից մյուսին էր վազում: Թիթեռնիկ դարձած բյուր հազարավոր թիթեռների հետ պահմտոցի էր խաղում: Նրա աչքերի մեջ բազում արևներ էին վառվում՝ քողարկելով աշխարհի ստվերոտ կողմերը: Մի բուռ լույս դարձած աշխարհն էր կարծես վրձին ընտրել իր կյանքի կտավի համար: Որպեսզի ներկելը հեշտ լիներ ու խառնուրդների կարիք բոլորովին չզգար. չզատեր սևը սպիտակից, այլ միայն ներկեր հոգու ներկերով՝ նռան գույնով, որ բնական լիներ, ու իր խոլական, գողտրիկ հոգու յուրաքանչյուր ծվեն ցնծար, միայն չտատանվեր: Եվ այդպես խմորվելով միջավայրին՝ անխռով ու անբռնազբոսիկ, անցավ կյանքի տարբեր էջերով:
Հիշեց առաջին կարդացած գիրքը, թե ինչպես էր անհագուրդ ծարավով կլանում էջը էջի հետևից: Հիշեց բարի տատիկի խրախուսող հայացքն ու գոհունակ ժպիտը՝ սեփական թոռնուհու մեջ իր շարունակությունը տեսնելիս: Սիրեց տառը, գիրը, գիրքը… Եվ դա մի մեծ ու յուրօրինակ աշխարհ բացեց իր առջև, անարատ մի աշխարհ, որտեղ ոչ մի մարդկային ոտք դեռ չէր դիպել: Հավատաց ու սիրեց իր ստեղծած, բոլոր կերտած կերպարներին՝ մեծ ու փոքր, երջանիկ ու տխուր, բարի ու չար:
Եվ հասկացավ, որ գույները կամաց-կամաց լցվում են իր ներկապնակը: Ձևավորվում էր իր եսի կայացման նոր փուլը: Աշխարհայացքը գրկաբաց տեղ էր տալիս նորամուծությանը և այն ընդունում առանց երկմտելու: Մանկական խղճին եկավ փոխարինելու գութն ու կարեկցանքը, վարդագույն երազներին՝ կյանքն իր բոլոր դրսևորումներով ընկալելու կարողությունը, միամտությանը՝ մարդու մեջ մարդ տեսնելու ցանկությունը, հավատին՝ անսասանությունը: Քայլերը հստակվեցին, մտքերը պայծառացան, բանականությունը խաղաղության դաշինք կնքեց զգացմունքների հետ:
Եվ գույներն ավելացան: Երբ հայելու մեջ նայեց կրկին, տեսավ շատ ավելին, քան կարող էր երևալ այնտեղ: Դեռատի մի աղջնակ՝ ո՛չ կանաչ աչքերով, ո՛չ խարտյաշ մազերով, ո՛չ էլ գեղեցկուհի: Բայց գույն ուներ և ժպիտներ տարերանգ: Հենց այդ վայրկյանից նա իրեն կարմիր տեսավ: Գտել էր և՛ իր բույրը, և՛ թույրը:
Գիշերվա սրընթաց նժույգը հեծած՝ սլանում էր մտքերի արահետներով, շնչում գարնանային նվիրական անձրևի բույրը՝ խառնած կեսգիշերային սրճաբույրին և ապրում: Ապրում էր՝ քաջ գիտակցելով, որ դեռ ասելիք ունի, հետևաբար դժվար է լինելու իր ուղին: Բիլիարդի գնդակի նման այս ու այն կողմ ցատկոտելուց հետո նոր միայն կգտնի իր տեղը ինչ-որ «անցքի մեջ»: Ժպտաց՝ «անցքի մեջ», մի՞թե դա է իր ուզածը, կամ մի՞թե այսքան տարի ձգտել է այդ անցքի մեջ ընկնել:
Հիշեց քրոջը… Կան մարդիկ, որոնց հետ զրուցելիս, կարծես արև խմած լինես. սկսում ես լուսարձակել… Այդպես էր նաև իր և քրոջ ընկերությունը, ոսկեծամ մանկությունից լույս էր հորդում… Բարության և մանկական անկեղծ նվիրվածության լույսը, որն ափերի մեջ առած շարժվեցին կյանքի տարբեր կամուրջներով: Ամեն մեկն իր արևը գրկած, որը մինչև հիմա էլ լուսավորում է իրենց ճանապարհը…
Եվս մեկ գույն ավելացավ իր կյանքի կտավին՝ ծիրանագույնը: Ժպտաց (արդեն երկրորդ անգամ) ու տեսավ, որ ժպիտն էլ է երանգավորվել…
Փակեց աչքերը: Բայց մարդ մի՞թե աչքերով է քնում: Ուզում ես՝ նույնիսկ հանգուցիր կոպերդ աչքերիդ՝ միևնույն է՝ հոգիդ արթուն է, և անտեսանելի փայտփորիկը թմբկահարում է քունքերդ: Չի՛ օգնում: Ինչու՞ չի քնում: Վախենում է՝ հանկարծ կկորցնի լռության մեջ հնչած այն կարևոր խոսքերը, որոնք երբեմն ավելի ազդեցիկ ու մնայուն են: Իսկական են:
Թե՞ վերջապես հասկացավ, որ ինքը դեռ պատրաստ չէ համարձակության դիմել հանուն արտասովորի, այդ իսկ պատճառով պետք է լուռ համակերպվի սովորականին: Դա էր ցավալին: Նա ինքն իր աչքին էլի անգույն մնաց՝ թաց մտքերով: Հազիվ կուլ տալով մի կում սև սուրճը՝ կկոցեց աչքերը դառնությունից, բայց լավ էր՝ սթափվեց:
Հիշեց այն աղջկան, որ առաջին անգամ դպրոց մտավ ՝ որպես հյուր, պապիկի ուղեկցությամբ, երջանիկ ժպիտը շուրթերին սփռած: Այնքան սիրեց գիրն ու գրականությունը, պապիկի հանրահայտ ցուցափայտը, որ տարիների հետ մեկտեղ ձուլվեց դպրոցին՝ դառնալով նրա մի մասնիկը: Հիշեց առաջին դասարանում սովորած այբուբենը, թվաբանության լաբիրինթոսում՝ բազմապատկման աղյուսակը…
Բայց ամենակարևոր բաներն այդպես էլ չսովորեց: Թե ինչպես կյանքում անընդհատ բաժանվել մտերիմներից՝ կսկիծ ու ափսոսանք չզգալով, հույսերից, առանց որոնց գրեթե անկարելի է շնչել, ապրած ու չապրած օրերից… Սովորեց քիմիա, կենսաբանություն… Ո՜ր ի՞նչ… Եվ ոչ ոք չսովորեցրեց՝ ինչպե՛ս հասկանալ կողքինի տխրությունը տրտմության ժամին, ինչպե՛ս լսել լռությունը, ինչպե՛ս ճիշտ ժպտալ, որ բերանը չծռվի ժամանակի ապտակներից, ինչպե՛ս տառապել՝ արժանապատվությունը գրկած: Թողեցին, որ այդ ամենը սովորի զգալով՝ ինքնաբուժման ճանապարհին, ընկնելով և բարձրանալով… Ժողովրդի խոսքով ասած՝ իր սեփական մաշկի վրա պիտի սովորեր ամենակարևոր բաները: Իսկ բաց վերքերն արնահոսել գիտեն…
Մանկությունն ու պատանեկությունը մնացին դպրոցական նստարանի վերջին շարքերում: Աչքերը փակեց-բացեց և արդեն կանգնած էր համալսարանի շեմին: Գույները շա՜տ-շա՜տ էին ու վերադարձան իր ներկապնակի մեջ: Ժպտաց, յուրաքանչյուր ժպիտ ուներ իր հետնաբեմը: Եվ երբ պարապ ժամանակ վարագույրը մի փոքր հետ ես քաշում, տեսնում ես ժպիտների տիտանական տարբերություն: Հայացքով առաջ ես շարժվում՝ փնտրելով ամենաանկեղծ ու մաքուր ժպիտը… Չկա՛ ու չկա՛, երևի ժամանակի փոշում մաշվել է, ու ճիշտը չփնտրելն է:
Ոչինչ, դիմակավոր այս աշխարհում մի դիմակ ևս կգնի մոտակա խանութից և կապրի գոհ ու երջանիկ, հետո ոմանց համար նուռը կապույտ գույն ունի կամ էլ ամեն րոպե կարող է ճաքել: Կարևորը կյանքի ռեմիքս տարբերակով ապրելն է՝ թացը չորից չտարբերելով:
Եթե կկարողանաս տողադարձվել կյանքի ամեն մի եսի խաչմերուկում, ուրեմն՝ առաջ, էլ ու՞մ կամ ինչի՞ ես սպասում: Եթե չես ափսոսա ժամանակդ, որն անգին է, ապա կարող ես յուրաքանչյուր օրդ արևածաղկի սերմերի նման «չրթել», հոգ չէ՝ կարևորը նորաձև է: Այո՛, կրկին համոզվում է, որ ավելի լավ է Պանդորրայի արկղիկը չբացել, այդպես ավելի հուսալի է, գլխարկդ քաշիր աչքերիդ և ապրիր…
Իր ներկապանակն էլի լցվեց, այս անգամ, ցավոք, գորշ երանգներով: Այո՛, վատ է, երբ մարդիկ գնալով էժանանում են, իսկ հանրահայտ մոլերի ապրանքները՝ թանկանում… Ահավոր է, երբ իրապաշտությունն է ծաղկում աշխարհում՝ թելադրելով իր կանոնները: Հաստաշուրթ «սելֆիները» կիսամերկ հետույքներով ողողում են էկրաններն ու համացանցը: Կարևորը ֆինանասական զարգացումն ու ապահովվածությունն են, բարությունն ի՞նչ արժեք է որ կամ ու՞մ է պետք: Հաշմանդամների ու անտուն երեխաների կողքով կարելի է անտարբեր անցնել ՝ կարեկցանքն ո՞ւմ շունն է:
Գորշ գույնը գերակշիռ մասն է կազմում իր այսօրվա ներկապնակի, իսկ ինքն ընկած ծիրանագույն է ուզում գտնել նորից կամ էլ իր արևագույնի հարյուր երանգը: Վրձին էլ չունի հակառակի նման: Վաղը կգնա և մատիտ կգնի մոտակա գրախանութից, որ ջնջելու և վերստին ներկելու ևս մի հնարավորություն ունենա, մինչև մի լավ վրձին ճարի: Ինքն էլ է շատ նման մատիտների: Յուրաքանչյուր գիծ ու շարժում, ռիթմ ու ելևէջ, վայրիվերում, փայլատակում, նախապաշարմունք, կամք, վսեմություն, սեր, ատելություն… Նկարում է անձայն, նկարում է ինքն իր համար, ուղղակի երբեմն, ինչպես մատիտը կոտրվում է կամ բթանում, կամ էլ՝ սրվում և սկսում նկարել կյանքի մեծ ու անսահաման կտավին՝ առանց եսասիրության, ագահաբար, բայց նվիրվածորեն: Ի վերջո գնալով մաշվում է ու բարակում:
Ճիշտ են ասում, էլի, որ ամենալավ գիրքը մարդն է: Սյուժեն անընդհատ փոխվում է, իսկ վերջաբանն անհայտ է նույնիսկ հեղինակին, ուր մնաց թե՝ կարդացողի համար հեշտ լինի…
Մարդիկ: Շողեր: Դեմքեր: Մարմիններ: Իրենց մեջ էլ կա քամիների թարմություն, անտառային խոնավության անանձնական խաբկանք: Բոլորն էլ տարբեր հայացքներով, ժամանկավոր շնչող մարմիններ են դիմագծերով և գույներով: Բայց բոլորին կապում է միայնությունը՝ համեմված ջղաձգված թովչանքով:
Դեղինի պակաս էր զգում:
Հիշեց, երբ առաջին անգամ ոտք դրեց համալսարանի շեմից այն կողմ: Աչքերը վառվում էին հետաքրքրության կրակով: Նոր դուռ բացելու ճանապարհին ինչքա՜ն դժվարություններ պիտի հաղթահարեր: Առաջին դաս… Անծանոթ միջավայր… Հարյուր հազար ուսանող տեսած, հնամաշ ու բազմաչարչար լսարան: Իր երկրորդ տունը դարձած շինություն: Թե ինչ էր սպասում առջևում, բացարձակ անհայտ էր:
Ուսանողական տարիներն իր ներկապնակի ամենահարուստ գունամատակարարն էին: Միլիոն երանգ, բյուր գույներով լեցուն, հյութեղ, զգայական, որոնց չնկատելն անհնար կլիներ: Եվ անսպասելի մի գեղեցիկ օր նկատվեց. «Բալի շուրթերով իմ հեքիաթն» իր անսպասելի այցելուն դարձավ:
– Կներես, որ աչքերս կանաչ չեն,- ասաց նա՝ հմայիչ ժպիտը շուրթերին:
– Կներեմ, որ կանաչ չեն,- հնչեց իր ակամա պատասխանը:
Եվ այդպես հանդիպում հանդիպման հետևից, օրեր՝ լցված անմնացորդ կարոտներով, ժամանակի զգացողության կորուստ: Այդ ժամանակ բնությունն էլ էր երգում, ժանրը կարևոր չէր, ինքը պատարաստ էր նույնիսկ ծանր ռոք լսելուն: Կարևորն ի սրտե էր, իսկական: Ժամանակին համահունչ էր ընթանում, փորձելով չսայթաքել, գլուխը բարձր պահած, դրական հույզերով լեցուն:
Այդ պահից ի վեր հասկացավ, որ շատ հարուստ է, և եկել է պահը կտավը ստեղծելու՝ իր կյանքի կտավը, իր սիրած գույներով՝ ազատորեն: Էջերը շատ էին, բայց տարբեր հետնապատկերներով: Եվ յուրաքանչյուր էջ իր գույնն ուներ: Երբ հաջորդականորեն էր թերթում, կյանքի յուրաքանչյուր պատառիկը մի պահ բոցկլտում էր և հանգչում՝ մտածելու համար տեղ թողնելով: Գուցե շտկման կարիք դեռ կլինի:
Ապրելու համար միայն հաճախ շնչելն այնքա՜ն քիչ է, այնքա՜ն կիսատ, որ լրացնելու մեծ ցանկության ճանապարհին երբեմն մոլորվում ես: Բայց շնչելն անհրաժեշտություն է: Կում–կում պիտի շնչես, որ թարմությունն ըմբոշխնես. լցվի երակներովդ ՝ սթափություն հաղորդելով յուրաքանչյուր բջջիդ: Եվ մաքրվում ես երեկվա կպչուն փոշուց, կեղտն ու բիծը ոչնչանում են քո մեջ, ու սկսում ես բուրել այսօրվա թարմության վարակիչ բույրով: Իսկ երբ հաջողության քո վերելակը չի աշխատում, փորձում ես աստիճաններով բարձրանալ՝ քայլ առ քայլ: Ա՛յ այդ ժամանակ էլ ճիշտ շնչել պիտի կարողանաս: Որովհետև վերելքի ճանապարհն անկանխատեսելի է, և կարևորը չսայթաքելն է:
Հիշեց իր մանկության պատուհանից երևացող հայրական տունը: Ի՜նչ ջերմություն էր ճառագում իր կյանքի այդ էջերից: Ասես արևն էր նկարիչը, իսկ ինքը՝ լուռ հանդիսատեսը: Ամեն ինչ մանուշակագույն էր: Այնքա՜ն տաքություն, այնքա՜ն մաքրություն կար այդ պատկերի մեջ: Ներկապնակը պայթում էր գույների բազմազանությունից և նրանցից անդրադարձող բարությունից:
Հիշեց հոր գորովալից ժպիտը, խրախուսող դիմախաղերը… Մոր սիրատոչոր հայացքը… Ու սիրտը ուռե՜ց, ուռե՜ց, ուռե՜ց… Կծկվեց կարոտի ամենաուժգին այն տրոփից, կարծես պատրաստ է ամեն վայրկյան կրծքավանդակից դուրս թռչելու: Մոր խոհանոցի բույրը, խառնված տան տաքուկ ու ընդարձակ լռությանը, -իրեն գցեց հուշի թևերին ու տարա՜վ, տարա՜վ , տարա՜վ…
Յուրաքանչյուր ապրած օրը երազ էր: Յուրաքանչյուր վայրկյանը՝ երազի կատարելություն: Իզուր չեն ասում, որ ամենասպասված տեղն աշխարհիս երեսին հայրենի տունն է, որտեղ քեզ միշտ ուրախ են տեսնել: Թեկուզ դարեր անցնի, զգացումը նույնն է լինելու՝ ապահովության, հարմարավետության, ինքդ քեզ հավերժ մանուկ զգալու զգացումը:
Ցորենի արտերի ծփանքից հայրական տան հոտն էր զգում հազար կիլոմետրի վրա: Նիրվանայի գիրկն էր ընկնում՝ փարվելով հիշողությունների վարսերին, և մեկիկ-մեկիկ սանրելով՝ բացում էր յուրաքանչյուր պատմության թելի կծիկը: Դրանք հենց այնպես պատմություններ չեն, դեմք ունեն և բնավորություն: Հյ-ութեղ են աշնան խաղողի հասած ողկույզների պես, ինչքան ուտում ես, էլ ավելի ես ուզում: Եվ ձեռքերով հոսող քաղցրահամ քաղցրահյութն էլ ավելի քաղցրահամ է դարձնում պահի, ակնթարթի տևողությունը: Կպչուն ձեռքերիդ քաղցրությունը: Այնպես, որ ուզում ես մատներիդ հարցնել, թե արդյոք կշտացե՞լ է արևահամից:
Այո, լայն էր անցյալի պատառիկներում լողացող իր տեսադաշտը: Այն այժմ պարզապես վերածվել է հորիզոնի, կգա մի պահ և անխոս կդառնա անտեսանելի գիծ: Իսկ երբ տեսադաշտը գծից վերածվում է կետի, դիմացինին ուզում ես համոզել, որ դա քո տեսակետն է, որ քեզ պետք է ընդունեն այնպիսին, ինչպիսին որ դու կաս՝ թևավոր: Որովհետև առանց թռիչքի ապրելը նույնն է, ինչ շնչես քիթդ փակ կամ հակագազով:
Մոխրագույնը նույնպես հասավ իր ներկապնակին: Ո՞ւր էր կարմիրը, ի՛ր կարմիրը: Դե արի՛ ու այսքան գույնի միջից գտիր նրան կամ էլ ստեղծիր. մի բուռ սևադեղին, մի բուռ արևագույն, մի բուռ էլ կանաչ, միգուցե հաջողվի: Ա՛յ, որ մոտակա այգու նկարիչ պապիկին հանդիպի, անպայման կհարցնի կարմիր գույն ստեղծելու գաղտնիքի մասին: Գուցե պապիկը վստահի իրեն, իսկ ինքը փոխարենը ժպիտ կնվիրի նրան, այն էլ՝ անշահախնդիր: Թող ինչքա՜ն ուզում է՝ նկարի, միևնույն է՝ չի վերջանալու, քանի որ անկեղծ է:
Ներկապնակը ճկվել էր գույների բեռան տակ: Իսկ ինքը դեռ վրձին չուներ: Մի գլուխ գույներ է հավաքում, ծանր ու թեթև անում, թացը չորից տարբերում: Բայց արի ու տես, որ ժամանակը չի սպասում. դանդաղումների ընթացքում էլ պիտի սահմանը ճանաչես: Որպեսզի այսօրվա շնչող էակները ստվերներ չդառնան վաղը կեսօրին՝ անձրևից հետո:
Կան ճանապարհներ, որոնք պետք է մենակ անցնել՝ ավելի ուժեղ դառնալու համար: Որ կարողանաս ներքին սահմանդ ճանաչել: Սահման՝ զգացմունքներին, սահման՝ ցավին, սահման՝ արցունքներին, սահման՝ ատելությանը, սահման՝ ներողամտությանը, սահման՝ անսահմանությանը: Բայց մի տեսակ կարոտ կա, որը սահման չունի, որը չես պատմի ոչ մի բառով, բայց սիրտդ թախծում է առանց նրա և անդադար վազում իր ռիթմով:
Ցուրտ էր. մոտեցավ պատուհանին, դուրս նայեց. ոչ մի մարդկային էակ: Կատարյալ լռություն՝ այնքա՜ն խաղաղ, որ եթե որոշեր լիաթոք շնչել՝ հաստատ կիմանային:
Իսկ եթե մեջքին էլ աչք ունենար, կզարմանար, որովհետև մենակ չէր. հերարձակ ու ոտաբոբիկ բախտն էր կանգնած իր հետևում ու քահ-քահ ծիծաղում էր: Իսկ եթե ավելի ուշադիր լիներ, կտեսներ որ իր ներկապնակը նրա ձեռքերում է, դրան էլ գումարած ՝վրձին էլ է բերել: Կտեսներ, որ նկարակալը սենյակի կենտրոնում է վաղուց՝ կտավը վրան: Նա վրձինը թաթախում է ներկերի մեջ և նկարում, նկարում, նկարում… Կտեսներ, որ իր հավաքած գույներն ինչքա՜ն շատ էին, ինչքա՜ն բազմազան և «բախտ» տիկինը ինչպիսի գոհունակությամբ էր վրձնում կտավին: Ի՜նչ ուրախություն և անսպասելին նվիրելու մեծ ցանկություն էին վառվում աչքերում: Ինչպես էր անդադար ժպտում՝ աչքերը կկոցելով. իր ստեղծագործական վերելքն էր ապրում: Կտեսներ, որ վարդագույն է տիկնոջ շորը, որն ամեն մի վրձնահարվածի հետ գույնը փոխում էր՝ հուզվում էր, ժպտում, տխրում, մռայլվում, փայլում:
Կտեսներ, թե ինչպես է կտավի վրա իր ապագան ստեղծվում, թե ինչպես է սևը դեղինին աչքով անում՝ դառնալով արև, կապույտը, երկինք դառնալով, ժպտում վերևից, կանաչը՝ դաշտեր, խոտ ու ծաղիկով… Եվ այսպես բազում գույներով, աստիճան առ աստիճան, կերտվում էր իր վաղվա օրը, որից ինքը անտեղյակ՝ այսօր շորի կոճակներն էր կոճկում ՝ սառած մատները շուրթերով տաքացնելով:
Կտեսներ կտավի վրա սփռված գյուղ ու քաղաքներ, ճամփա-արահետ, որը պիտի անցներ, ճերմակ այգիներ՝ գարնան բուրմունքով և կանաչ տերևներ՝ իր բալի այգում: Եթե ավելի մոտիկից նայեր, իր գողտրիկ տունն էլ հաստատ կգտներ: Որովհետև տիկինը դա էլ էր արդեն արարել սև ու սպիտակով, հաստատակամորեն: Մնացել էր, որ գույներ սփռեր, որ ակնահաճո ու հմայիչ այն դարձներ: Կտեսներ իր տան կողքի երեք բարդիները, այդ նույն բարդիների գլխին բույն հյուսած արագիլներին՝ իրենց փոքրիկ ձ-ագուկներով: Կտեսներ, որ իր Դինգո շունը հանգիստ թափառում է բակում՝ մեծացած, առնականացած:
Տիկնոջ շորը աստիճանաբար վերածվում էր կարմիրի: Այդ ժամանակ եթե նայեր կտավին, կտեսներ, որ նա կերտում է իր ընտանիքը… Մի մեծ ու լուսավոր սենյակ կտեսներ՝ բազում մանկական իրերով, խաղալիքներով և երկու փոքրիկ աղջնակ ոսկեծամ և սիրուն մի տղա… Կտեսներ իրեն, կտեւներ, որ սիրով զարդարված, մերթ՝ աշխույժ ու կայտառ, մերթ՝ գորովանքով, մերթ՝ բարկացած, մերթ ՝ փայլելով, -աղավնու նման թևերը բացած, շրջում էր իր ձագուկների կողքերով: Եվ ամեն հիգ րոպեն մեկ դրական պատասխանում «մա՛մ, ինձ ինչքա՞ն ես սիրում» բազմաչարչար հարցին՝ «ամպի, արևի, աշխարհի չափ» ասելով:
Կտեսներ, որ տիկինը հեռանալուց առանց կարմիրի գնաց՝ միայն իր հետ ներկապնակը վերցնելով: Վրձինն էլ թողել էր իրեն, որ նոր գույներ ստեղծելիս նկարել կարողանա: Ու կտեսներ, որ կտավում ինքը կարմիր էր:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *