Վանուհի Բաղրամյան | Ծիսակարգն ավարտված է

Սա ակնարկ է երկուս ու տասը նշանակելու ու էդ առիթով իմ վարքականոնի մասին:
Սա ակնարկ է ծաղկած ծիրանենիների մասին:
Սա ակնարկ է հորինված կերպարների մասին, որովհետև ծիրանենիներին մենք ավելի հորինում ենք, քան նրանք կան:
Արդյունքում գոհ ենք մնում բոլորով, դժգոհˋ բոլորով: Կարևորըˋ բոլորով:
Սա ակնարկ է սպիտակ վերնաշապիկովների մասին, որ ծաղկած մատղաշ ծիրանենու բույրը, համն ու հոտը, քամուց խունջիկ-մունջիկ գալը, ճկվել-թեքվելն ունեն:
Դա պատահեց սեպտեմբերին, երբ բոլորը ճեփ-ճերմակ վերնաշապիկով, արդեն մե՜ծ, արդեն հասու՜ն, արդեն մեծավարի, արդեն վարժարանի ամեն անցքն իմացողի խորամանկ ժպիտով եկել էին դասի:
Աչք ծակող սպիտակը ինձ տարավ հորս ծիրանի այգին, որտեղ գարնանը մեղուներ կան, ու բույրը նախանձելիորեն թափանցիկ է:
Երկու երևույթ այդքան նման, գրեթե նույնական:
Սա ակնարկ է քսանվեց ծառի մասին, որ սովորում են իմ դասարանում: Չէˊ, սա ակնարկ է բոլոր քսանվեցերի ու բոլոր դասղեկների մասին, որ դեռ կարողանում են բանաստեղծորեն նայել դպրոցին:
Այս այգում ամեն մեկն ունի բոլորովին տարբեր սաղարթ:

-Ես էլ ոչինչ չունեմ ձեզ ասելու,- ցածր ձայնին մի քիչ նեղացածություն ու լիրիզմ խառնելով, իբրև որ ավելի տպավորիչ լինի, ասացի ու դուրս եկա դասարանից: Ուզում էի ազդեցիկ լիներ ավելի: Զայրանալը կարևոր բան է մեր գործում: Բա ո՜նց: Հոնքերի ճիշտ դիրք, մանկավարժական հատուկ առոգանությունˋ պաթետիկ, պա-թե-տիկ… Բա ո՜նց: Բայց ձախողեցի. իմ դուրս գալուց մեկ րոպե անց առօրյա աղմուկ-աղաղակով դուրս եկան դասարանից: Ուսապարկերն ուսերին իջան աստիճաններով, մի պտույտ տվեցին դպրոցի շուրջը կամ թե վազեցին կանգառ կամ թե դպրոցի շեմքին մի քանի րոպե կանգնեցին, տղաներից մեկն էլ գուցե ծխեց, ու գնացին:
Զայրանալը չի ստացվում: Իրենք շատ-շատ թույլ տան բանավիճես հետները. դասղեկ չէ, ով ուզում ես եղիր, զայրանում եսˋ չափիդ մեջ:
Դասղեկի ժամերի թեման կանոնավոր լրացնում եմ մատյանում. ընկերասիրությունը, հայրենիքը, բնությունը… իրենք իրենցˋ կապիչներն անփույթ արձակ թողած կոշիկները կմաքրեն էդ տեսակ ժամերի վրա:
Ուշանում են: Գիշերը չեն քնում. Սինատրա են լսում, ֆուտբոլ են նայում, մոլորակներն են հաշվում, դրա համար քնելուն ժամանակ չի մնում: Դրա համար ուշանում են: Ես ասում եմˋ մի ուշացեք, որովհետև Մեծարենց եմ պատմելուˋ Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագի՜ն… Միˊ ուշացեք: Ժամանակին քնեք, որ շուտ արթնանաք: Քնելու ժամանակը ե՞րբ է:
***
Գիրք նվիրելու նախօրերին դա պատահեց: Եղածը իհարկե պետական հանցանք չէր, բայց պատժել էր պետք ամբողջ դասարանին:
-Աշխարհագրություն չեˊն սովորում, գիրք չեˊն բերում, դաս չեˊն լսում:
Ի՞նչ քարտեզ. նրանցից ամեն մեկը կհերքի քարտեզներն էլ, պետությունների համար նոր դրոշների էսքիզներ կգծի, կերգի Փարիզի մասին, գլոբուսին Մալևիչի խորանարդի ձևը կտա:
Ես հարցնում եմˋ ով աշխարհագրության գիրք չի բերել: Բոլորը ձեռք են բարձրացնում:
Աշխարհագրություն չեն սովորում, առաջին ժամին չեն գալիս, գիշերը Սինատրա են լսում, ֆուտբոլ են նայում, մոլորակներն են հաշվում, սպիտակ վերնաշապիկ չեն հագնում, կարմիր շրթներկով են դասին, ականջակալ են դրել ու երգ են լսում դասին: Դաս, դաս, դաս:
Հաջորդիվը պարզից էլ պարզ էր:
Դասղեկի ժամ: Վիրավորված դասղեկ: Դասական սկզբունքներով լոլո կարդալ: Որոշեցի խաղալ… անտարբերությամբ: Բայց մոտենում է գիրք նվիրելուˋ մեզ համար արդեն բաղձալի դարձած օրը: Մի քանի ժամ փնտրեցի գիրքը, որ պիտի նվիրեի: Չկար: Չկար նաև էն գրախանութում, որտեղ վերջին անգամ իրենց հետ էի եղել, որի ներքնահարկում դաշնամուր են նվագում: Մի լավ նեղսրտելուց հետո, որոշեցի ինքս ընտրել: Դե գիրք նվիրելու տոնը ավանդական նշելը կարևոր ծիսակարգ է դասարանում: Իսկ եթե մինչև դա չհաշտվե՞նք: Ես գիրքը նվիրելու եմ: Գիրքը մի քանի օր էր, ինչ ուսուցչանոցի իմ փոքր դարակում էր, որտեղ առարկայական գերհզոր բովանդակությամբ պլանները, նույնքան փիլիսոփայական խորք ունեցող ծրագրերն են դրված, Սօնի մատիտանկարներից մի քանիսը, Պաշտոնաթողի գրականության տետրը, Թևեր Տվողի նվիրած հուշանվեր-խաղալիքը…
Երկար փնտրեցի, թե հատկապես ինչ կկարդա Սօնը: Նա չի լսում ինձ: Ինչ Խորենացի, ինչ Դուրյան, ինչ Շիրազ…
-Ես Սելինջեր եմ սիրում:
Հոլդենի մասին է մտածում: Ուրեմն ես Տերյան, հա՜, Տերյան: Ինքը Հոլդենին է սիրում, նրա գուլպաներին Վան Գոգի «Աստղալից գիշերն է», ու մեծ ականջակալներով է…
Մեծարենցի մատանու քարին գրված էˋ կատարեալ սէր մերժէ զերկիւղ:
Իրենք ինձ Մեծարենցի մատանուց են նվիրում (կախեˊլ, կախեˊլ, կախեˊլ կոռուպացվածիս):
Իրենք ինձ երեսով տվեցին իմ սովորեցրածը:
Ես գիրքը նվիրեցի:
Ծիսակարգն ավարտված է:
Ուրեմնˋ կատարեալ սէր մերժէ զերկիւղ:
***
Դուռը ճռռաց, բացվեց: Պաշտոնաթողն է: Ես ուսուցչի աթոռին եմ նստած: Ուզեցի վեր կենալ, մոտենալ, իր աթոռին նստել. իբր անմիջականություն ապահովելու համար: Թույլ չտվեց: Հայացքով գամեց տեղս: Ես մի հսկայական ճառընտիր եմ պատրաստել, որ անպայման համոզեմ իրեն: Դա կարևոր էր, որովհետև դասարանում ասացիˋ դեռ կտեսնենքˋ ուզում ես ավագ լինել, թե չէ: Ես ամեն բան պետք է անեմ, որ ուզի:
-Էլ ավագ չեմ ուզում լինել:
Պարտությանս այսքան շուտ չէի սպասում: Ես էլի պարտվեցի: Ամենադասական հարցը, որ տվեցի թուքս ծանրորեն կուլ տալուց հետո, եղավ սա.
-Ինչո՞ւ:
Ու ինքը սպանիչ լռում է: Արցունքը գնդված աչքերում: Ինչ ծանր է օդը: Ինքը թեթև ջինսով ու սպորտային կոշիկներով, բայց ծանր է: Իմ բոլոր ինչուները վերցրեց, շպրտեց, ոտատակ տվեց:
Սրանք փա՞կ են, թե՞ հարկ չեն համարում բաց լինել:
Դուրս եմ գալիս շենքից, ու էլի Պաշտոնաթողն է: Ուսապարկն ուսերին, մտամոլոր: Չէր սպասում, որ կհանդիպեինք:
-Վարժարանի հարևան բակում էի: Մենակ էի:
Ուրեմն մենակ էր, ուրեմն եթե ասում է, որ մենակ էր, եթե արդարանուˊմ է, որ մենակ էր, կարող էր և մենակ չլինել: Ուրեմն զգում էˋ մենակն ինչ է: Ուրեմն հասկացել էˋ երկուսով լինելն ինչ է, ու հիմա մենակ է: Աչքերին գնդված արցունք էր:

***
-«Վարդանանք» չենք կարդում:
Ես չեմ լսում իբր ու շատ կարևոր գործով գլուխս եմ կախել գրասեղանին. մատյան եմ լրացնում: Հատիկ-հատիկ, ծոր տալով, իմˋ ագռավի չանչ ձեռագիրը կոկածˋ լրացնում եմ գրականության թեմաներըˋ կարդալ բնագիր, վերլուծել, վերլուծել, վերլուծել, անգիր սովորել, վերլուծել, կարդալ բնագիր, կարդաˊլ բնագիր… Ես չեմ լսում իբր ու ժամանակ եմ շահումˋ հասկանալու համար ինչ անելիքս:
Սրանք անողոքաբար կրկնում են:
-«Վարդանանք» չենք կարդում:
Իրենք իրենցն ասել են ու սպասում են արձագանքի: Ես մատյանն էլ փակեցի ու դանդաղ կանգնեցի ու հետո մի պտույտ արեցի դասարանում: Ի՞նչ ասեմ, որ ոչ արդարացում լինի, ոչ ծիծաղելի, ու որ փոշմանեն էլ, որ չեն կարդում: Իհարկե մենք հզոր չենք այդքան, որ հասնենք դրանց:
– Չհասկացա: Ինչո՞ւ (դասական հարցը):
Ճգնում եմ տոնիս խիստ երանգ տալ, որ չտապալեմ մի բան, որ երևի արդեն տապալված է վաղուց: Այդ ինչուն պետք է արտասանել մանկավարժական այնպիսի տոնով, որ մի քիչ սովետի համ ունենա, որ հարցը փակվի այսպես. հարցից հետո արդարանում են, ես խոստանում եմ չնշանակել երկուս, որովհետև մատները հետևում խաչ արած խոստանում են հաջորդ դասին պատրաստ գալ:
– Պատմության ուսուցիչն ասել ա, որ ոչ էդ հարբած փղերն են եղել, ոչ էլ գիտենքˋ Տղմուտը կա, թե չէ:
Ես չէի հաշվարկել, որ հիմա մատները խաչ արած խոստում չեն տալիս. հիմա առհասարակ, եթե պետք չի, խոստում չեն տալիս: Հիմա շատ-շատ ցուցամատը վեր տնկեն ու թեˋ հեյ-հե՜յ…
Պատմության ուսուցիչն արդեն ասել է, որ հարբած փղեր չեն եղել: Ուրեմն եթե վեպում փղեր չկան, չենք կարդա:
Դե որովհետև շատ կարևոր են փղերը: Որովհետև սրանք էլֆերի, մարդագայլերի, օձալեզու մարդկանց, սերիական մարդասպանների, դետեկտիվ հանցագործությունների մասին վեպեր են կարդում, ֆիլմեր են նայում:
Չեն կարդում, ուրեմն հայրենիքը չեն սիրի: Նրբանուրբը երգում է ու կիթառ է նվագում: Երգում էˋ կարմիր կակաչնե՜րը, ներկել են դաշտե՜րը… Համ երգում է, համ նվագում է: Մյուսները ձայնակցում են: Երգում են մետրոյում, ավտոբուսում, հրապարակի մայթերին նստած: Երգում են:
Սը՜…ինչ կարմիր կակաչ, ինչ դաշտ, ինչ ռումբեր:
Գարեգինը գնալու է: Գարեգինը ուզում է Գարիկ լինել ու գնալ: Ու գնալու է: Նրբանուրբ, դու էլ, կիթառդ էլˋ սը՜…սը՜… գնալու է:
Էդ մի քառասունհինգ րոպեն քամվեց Մանսուրյանի նվագից արդեն, ու ես համոզում եմˋ «Ա՜խր, ես ինչպես վեր կենամ գնամ… ախր ուրիշ տեղ… սեփական մոխրում սեփական հոգին… ա՜խր…»: Մանսուրյանը, դաշնամուրը, Սահյանը, իրենց նայելը, իմ համոզելը: Նա ձանձրույթից տետրում Ամերիկայի դրոշն է նկարում:
– Ես ռուսերեն եմ պարապում: Չեմ հասցնում:
– Գարեգի՜ն տետրիդ վրա էլ Գարիկ չգրես:
– Ես գնալու եմ:
Մանսուրյա՜ն, սըˊ. զանգը հնչել է:

***
-Չեմ հավատում, որ Դուք Նիցշե եք սիրում. ախր Դուք էնքան քրիստոնյա եք:
Իրեն աթեսիտ կարծող Պուճուրը («Կոլոտ չեմ. Պու-ճու՜ր») տեղից շրխկացրեց երեսիս, այն էլ մի ոտքը ծալած նստարանին, մյուսը անփույթ ճոճելով:

***
– Մաթևոսյան Դուˊք կպատմեք:
– Չեմ գալու դասի մի քանի օր:
– Ոչինչ, կգաք, կպատմեք:
Ուրեմն պիտի գնամ ու պատմեմ:
– Ես Ձեզ հետ բժշկի կգամ:
Սուս եմ:
– Ես Ձեզ կարոտել եմ:
Սուս եմ:
Բայց «Վարդանանք» չենք կարդում:

***
Հրապարակը եռում է վաղ առավոտից:
– Դասարանդ չկա. զանգիր, տեսˋ ուր են:
Դասադուլ է: Չարենցը չեմ հասցրել ամփոփել: Չեմ հասցրել:
Զանգում եմ:
-…Հեղափոխականներիս տեսեք, ու՞ր եք, ինչի՞ եք գնացել:
– Չենք գալու:
– Դուք չեք որոշողը:

– Իսկ Դուք ինչի՞ մեզ հետ չեք:
Այ քեզ ապտակ: Լաˊվ ասաց: Ճիˊշտ ասաց:
Չէ: Դուք փոքր չեք: Դուք մեծ եք: Բա ո՜նց: Չարենցը չեմ ամփոփել: Բայց կարևորը պատմություն գիտեն: Հեղափոխությունների մասին էլ գիտեն, գիտեն, որ պատմության փոշին մի ձիու պոչով էլ կմաքրվի, որ փղեր չկան, կան տանկեր: Սրանք դասի չեն եկել, հրապարակում են, գոռում են, բան են պահանջում: Չարենցի թանգարանի գիդը ապշել էրˋ ինչքան բան գիտեն: Բա ո՜նց:
Ես ասում եմˋ գնացեք, վտանգավոր է: Սրանք երեսիս չեն նայում: Մի քանիսն են, պիջակները հանել, թևերից կապել են գոտկատեղին ու ծամոնով են: Շոգ չէ, բայց աչք ծակող արև է: Աչքները կկոցում են, մեկ արևին են նայում, մերթ ասֆալտին ու ծամոնով են: Հոգնել են, նստում են տապոտ, փոշոտ ասֆալտին: Սրանք պայթյուններից չեն վախենում: Իրենք ասում ենˋ խնդալու ա: Սրանք բոլորի վրա խնդում են. հեղափոխության վրա էլ, դասընկերոջ վրա էլ, սիրածի վրա էլ, սիրածի սիրածների վրա էլ, սպիտակ վերնաշապիկների վրա էլ, իմ ու իմ ծիսակարգերի վրա էլ:

***
Ես նրան ասում եմˋ շաղափն ու շառափը տարբեր են: Ինքը դաշնամուր է նվագում: Ես ասում եմˋ դասը պատմիր: Ինքը Կոմիտաս է միացնում, ինքը «Անլռելիից» ծայրեծայր անգիր է ասում մի ամբողջ ղողանջ: Ինքը Կոմիտաս է միացրել ու արտասանում էˋ Գարուն ա, ձուն ա արել:
Ես նրան երկուս եմ նշանակել ուղղագրությունից: Ինքը թքել է էդ օրվա երկուսի վրա, գնացել, դաշնամուր է նվագել, կարոտել է տատին, մի ամբողջ օր Վերնիսաժում սառել-կապտել է, որ նվեր ընտրի իր Նրան:
Ես ասում եմˋ կետադրություն սովորիր: Նա Սարոյանի դաշնամուրն է կարդում: Ես ասում եմˋ դասը լսիր, նա «ցիլո» է դնում:

***
-Այոˊ… Սարոյանին:
-Աղջիˊկ, լավ ես վերլուծել Ռ. Սևակին. սիրահարվա՞ծ ես,- սա ասում է պրոֆեսորը մի ամբողջ մեծ լսարանի առաջ:
Մինէղան կանգնել է: Ի՞նչ է ասելու: Ոմանք փռթկացրին, ոմանք սպասում են, ես անհանգիստ եմ, պրոֆեսորը ակնոցի տակից նայում է, բոլորը շրջվել են, բոլորը նայում են, բոլորը սպասում են:
-Այոˊ… Սարոյանին:
Պրոֆեսորը հանձնվում է: Ես գոհունակի պես եմ ժպտում:
Փղեր չեն եղել. «Վարդանանք» չենք կարդա:

***
-Մենք իրար հետ մետրո կնստե՞նք: Ժետոն գնում են արժանի մարդու համար: Ես Ձեզ կգնեմ:
Ուրեմն մետրո կնստենք, ու ես ժետոնի կարժանանամ, որովհետև ժետոնի արժանանում են:

***
Ես Չարենցը չամփոփեցի: Բայց տասը նշանակեցի բոլորին: Իմ մատյանում ծայրեծայր քսանվեց տասը:
– Մենք իրար հետ արևը պիտի գրավենք:
-Պ իտիˊ, Ժենի, պիտիˊ, որովհետև «կատարեալ սէր մերժէ զերկիւղ»:
Սրանք խնդում են երկյուղների վրա երևի նրա համար, որ կատարյալ են սիրում…

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *