Նարինե Կռոյան | Ծովս, Ծովինարս ….

Լուսանկարը՝ Հասմիկ Հակոբյանի

Ծովս, Ծովինարս ….

Երևի ոչ ոք չի սիրում ծովն այնպես, ինչպես ես եմ սիրում:
Ես զգում եմ Ծովը:
Ծովը կին է: Ես նրան Ծովինար եմ ասում:
Երևի դուր է գալիս, որովհետև ժպտում է:
Ծովի մեջ մտելն ինձ համար ծիսակատարության պես մի բան է:
Մեր երկարող բաժանումից հետո ես կրկին շոյում եմ նրա փափուկ, ալիքվող դեմքն ու շշնջում.
– Բարև Ծովս, Ծովինարս, ես եկել եմ: Կարոտել եմ, գիտես:
Նա մի թեթև կոհակ է բերում, որպեսզի սրբի աչքերս իմ ներսում ծվարած ծովի աղից…
Ախր, ես նրան գժի պես եմ սիրում:
Ծովս չի խոսում, բայց մենք հասկանում ենք իրար, ու մեր սերը փոխադարձ է:
Կհարցնեք` որտեղի՞ց գիտեմ:
Կասեմ:
Երբ դաժան մի օր որդիս չանսալով փրկարարների հորդորներին` ծովը մտավ (իսկ նա հոգնել էր մարդկային անդեմ բազմության հոգս ու խրախճանքից) և հայտվեց անհաղթահարելի ստորջրյա հոսանքի հորձանուտում, ամեն ինչ պարզ դարձավ: Նրան չէին կարողանում հանել ջրից: Այդ օրը երկու հոգի ջրասույզ էին եղել:
– Կխեղդվի,- հազար լեզվով նույն բանն էին ասում:
Ես ափին էի խեղդվում` այս ու այն կողմ վազելով, սակայն մի ներքին ձայն ինձ ասում էր` ինչ ես քեզ կորցրել, մի՞թե քո Ծովինարը կտանի որդուդ:
Ու ես գիտեի, չգիտեմ ինչպես, չգիտեմ` որտեղից, բայց համոզված էի, որ այդպես էլ լինելու է:
Երբ տղաս փրկվեց, ավելի շուտ Ծովն ասաց` գնա, ես ուրիշ բանից վախեցա` իսկ եթե հանկարծ որդիս խռովի ծովից, կամ, որ ավելի սարսափելի է` ատի նրան:
Փառք Աստծո` այդպես չեղավ:
Ծովս ինձնից պիտի նեղանար, խռովեր, որ չհավատացի նրան, որ թերահավատ գտնվեցի:
Բայց նա ներեց ինձ. սերն ամեն բան ներում է: Ու ես շարունակում եմ սիրել նրա խաղաղությունն ու խռովքը, նրա շնչառությունը, նրա` դեպի ինձ պարզած ձեռքերը, որոնց վրա պառկում եմ` ինչպես մորս արգանդում ու նայում մի ուրիշ ծովի, որ վերևում է:
Իսկ գուցե ծովը իմ երկվորյակ քույրիկն է, որ այդպես էլ չծնվեց, ավելի շուտ` մեռած ծնվեց` իր ապրելու, սիրելու և ատելու ողջ կարողությունն ինձ թողնելով:
Հիմա պատկերացնու՞մ եք զգացմունքների այն անտակ բեռը, որ իմ մեջ է: Բեռ, որովհետև մեկ հոգու համար այն չափազանց է, և ուրեմն` ոմանց, գուցե` շատերի համար ես անհասկանալի մեկն եմ` զգացմունքների կծիկ, որ զսպանակի նման ավելի հաճախ է ուղղում մեջքը, քան մյուս, նորմալ մարդիկ են դա անում կամ էլ չեն անում:
Իսկ մի՞թե նրանք նորմալ են …
– Զգացմունքների սապատը պարպել է պետք,- Ծովն այդպես է կարծում,- այլապես մի օր դուք գետնի վրայից ձեր հայացքը բարձրացնել այլևս չեք կարող:
Ծովս, Ծովինարս, նորից ու նորից կարոտում եմ քեզ: Այս անծով հեռվում ես, միևնույն է, զգում եմ քո բույրը, քո համը, քո մաշկը և կրկին ուզում եմ գրկել քեզ, որովհետև բոլորից լավ դու ես կարողանում սրբել աչքերս:

Հ.Գ. Հենց նոր իմացա, որ սևծովյան ցիկլոն է եկել:
Ես քեզ այսպես եմ զգում:
Բարև Ծովս, Ծովինարս..

Հավերժ քո` Նարինե

Դու՝ որդդ

Երբ գրում ես, վրձնում ես, բան ես արարում, և, որպես բացառություն, ստեղծածդ քեզ դուր է գալիս, մի տեսակ անկշիռ ես դառնում, ասես թիակներդ ոստերի փեղկերի նման բացվում են՝ դուրս թողնելով հողեղենիդ ծպտյալ թևերը:
Եվ ….
Օստրովսկու հերոսուհու նման, իհարկե իմանալով ավելի քան ծամծմված պատասխանը, հազար անգամ քեզ հարցնում ես՝ ինչու՞ մարդիկ չեն թռչում….
Ու….
Պարզապես մարդիկ նման չեն թռչուններին: Նրանք այլ կենսաբանություն ունեն:
Իսկ գուցե նրանց՝ գետնից պոկվելու, երկրի ձգողականությունը հաղթահարելու ձգտումը ձգտում էլ մնացե՞ լ է, երազանք, հավատամք չի դարձել:
Սակայն շնորհակալ ես նաև այդ հազվադեպ «երբ»-երի համար, որովհետև հասկացել ես՝ Գորկին սխալվում էր. սողալու համար ծնվածը կարող է թռչել:
Չէ որ հրաշաթև թիթեռը մի ժամանակ թրթուր էր:
Իսկ եթե որդի՝ ճախրելու անկոտրում կամքն է նրան թևեր տվե՞լ, իսկ եթե թռչողների և սողացողների արարիչը մի օր էլ այլևս չի կարողացել չտեսնել (Դատավորի առակի նման) գետնից պոկվելու՝ որդի խելառ հավատը և երկինքը նրան է նվիրե՞լ, թե՝ «Թող այդպես լինի …»:
Այդպես էլ քեզ հետ է: Երբ աննյութական գոյի արարումը հանկարծ գետնաքարշ, հողեղեն ու սողացող մարմինդ վեր է հանում, երբ դադարում ես ընկալել գետնին կպած լինելու մարդկային մարմնի ծանր դատավճիռը, զգում ես՝ դու այդ թիթեռն ես: Հասկանում ես, որ դատավճիռ իրականում գոյություն չունի, և երկինքը բոլոր նրանցն է, ովքեր չեն վախենում ընկնելուց, չեն վախենում դեռ չկոտրվող, բայց վախի ականջներով լսելի ոսկորների ձայնից, ովքեր գիտեն, որ թռչել կարող են բոլորը, միայն պիտի գոնե սողացող որդի նման երազել կարողանան:

Ն. Կ.

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *