Կուրթ Վոնեգութին,
ում քայլած փողոցներով քայլել եմ։
Տատս ասում էր՝ եթե երբևէ, եթե մոլորվես, հետևի՛ր կատուներին․ նրանք գիտեն տան ճանապարհը, նույնիսկ եթե տունը, նույնիսկ եթե այլևս չկա, վերջին միտքը ես եմ ասում, կամ ինքն է ասում, բայց արդեն, բայց հեռավորությունից, բայց գլխումս, հավատո՞ւմ ես, չե՞ս հավատում, ի՞նչ տարբերություն, տարբերություն կա՞, չկա՛․․․
Սիրում էի երևակայել, թե կատուները, թե այլմոլորակայիններ են, ասենք՝ պուֆարեցիներ, ուրիշ անգամ՝ մյուլինցիներ, լուլաքսեցիներ, տուտուոնցիներ, բայց ամենաշատը, բայց սրտովս էր՝ ֆիֆիրացիներ տիեզերապատկանելություն ցույց տվող բառը, որովհետև Ֆիֆիրայում, որովհետև երկինքը երբեք լրիվ մութ չի լինում, միշտ մի քիչ մանուշակագույն, մի քիչ կապույտ է, ու թվում է, ու կարծես՝ ինչ-որ մեկը մեծ, տաք վերմակ է գցել աշխարհի վրա, ու ամպերը, ու բամբակի պես, ու չեն, այլ փափուկ-փափուկ մորթուց են, երբ շատ, երբ բարձր ցատկես, կարող ես հեշտությամբ մեջը խրվել ու չվախենալ ընկնելուց, ու չվախենալը կարևոր է, գլխի ընկա՞ր, գլխի չընկա՞ր, ի՞նչ տարբերություն, տարբերություն կա՞, չկա՛․․․
Մի խոսքով՝ Ֆիֆիրայում, առհասարակ, վախ չկա, իսկ տները ո՛չ ծառերին են, իսկ ո՛չ՝ գետնին, իսկ ո՛չ էլ՝ հողի տակ, դրանք նեղ, նեղը ևս կարևոր է, արկղեր են, որ մեղմ ճոճվում են օդում, ու ներսում, ու միշտ ջրերի մասին երազներ կան, հետո՝ այնտեղ ոչ ոք միայնակ երկար չի մնում, եթե միայնակ ես, ուրեմն իմացիր, ուրեմն շուտով կգա անցած-գնացած հարազատ մի կերպարի հիշողություն, կփարվի քեզ, ու դու, ու չես ամաչի մահկանացու լինելուդ համար, հիմա գլխի ընկա՞ր, հիմա էլ գլխի չընկա՞ր, ի՞նչ տարբերություն, տարբերություն կա՞, չկա՛․․․
Ամենակարևորը՝ և ինչքան էլ, և թվարկածս մոլորակները իրարից տարբեր, մի բանով, մի կետում, մի հատկանիշով նույնն են՝ բոլոր, հանուր (երկրորդը սիրուն բառ է) մոլորակների բնակիչները միևնույն հիշողությունն ունեն, հետևաբար՝ եթե մեկը գիտի ինչ-որ բան, գիտեն բոլորը, մեկին նեղացնես՝ հաշվիր բոլորին ես նեղացրել, մեկը սիրում է քեզ՝ բոլորն են սիրում, հետևաբար՝ եթե գեթ մի կատվի հայտնի է տանդ հասցեն, չկասկածես, չերկբայես (երկրորդը սիրուն է) բոլորը գիտեն, որովհետև տեղեկությունը չորս, պատահել է հինգ շողաթափ արագությամբ, որ հեշտ լինի, որ պատկերացնես՝ մեկ շողաթափը 1,024,000,000 անգամ ավելի արագ է, ավելի արագ, դե իհարկե, լույսից, ու փոխանցվում է, ու բեղիկների շնորհիվ, դրա համար էլ, դրա համար ասում են՝ երբեք, ոչ մի դեպքում չի կարելի կտրել կատվի բեղիկները, պա՞րզ է, պարզ չէ՞, ի՞նչ տարբերություն, տարբերություն կա՞, չկա՛․․․
Տասներկու տարեկան էի կամ եմ, գուցե՝ քառասուներկու, 1988 թիվն էր կամ է, գուցե՝ 2020, ինձ հետ պատահեց կամ թեյելիս պատկերացրի մեկին, գուցե՝ սրճելիս, հստակ է միայն, որ ժամանակը, որ հիվանդ, մարմնահար է դառնում, երբ կորցնում ես, երբ տունդ, և այս, և հասկացա, և արևոտ օրվա միջնամասում՝ լքելով այն տունը, իմ տունը, որտեղ ապրել են նախնիներս, նախնիներիս նախնիները, նախնիներիս նախնիների նախնիները, գուցե ոչ ոք էլ չի ապրել, գուցե ես էլ չեմ ապրել, հստակ է միայն, որ տունս, որ եղել է, ու շատ, ու անշուք էր, ձմռանը՝ սառը, ամռանը՝ խեղդող, և որ հատակը, և ճռռում էր, և ասես փորձում էր պատմել հաղթանակի մասին, որը հիմա, որը պարտություն է, գուցե պարտության մասին, որը հիմա, որը հաղթանակ է, գուցե՝ շատ չքնաղ էր տունս, ձմռանը՝ ջերմ, ամռանը՝ զով, հատակն էլ երբեք ու ոչ ոքի բան չէր փորձում պատմել, որովհետև երջանկությունը, որովհետև պատմվելու կարիք չունի, հստակ է միայն, որ կատուները, որ սիրում էին, որ տունս, ու տասներեքն էին, ու տասներկուսն էին, որովհետև տասներեքը լավ թիվ է, որովհետև տասներկուսը էլի վատը չէ, ու կատուներից յուրաքանչյուրը, ու տան մի անկյունն էր ներկայացնում՝ մեկը՝ ձեղնահարկը, մյուսը՝ բակը ու այդպես, ու շարունակ, իսկ բոլորիս, իսկ սիրելին, իսկ Երկեն, քնում էր անմիջապես մուտքի դռան շեմին, մայրս ասում էր՝ պահպանում է մեզ, հայրս վստահ էր՝ վախկոտի մեկն է, պարզվեց՝ երկուսն էլ ճիշտ էին, ասում էի՝ պահպանում է մեզ, ամուսինս վստահ էր՝ վախկոտի մեկն է, պարզվեց՝ երկուսս էլ սխալ էինք, գուցե մենք պարզապես տեխարների հասարակ ընտանիք էինք, ու տեխարները ևս այլմոլորակայիններ են, ու մարդակերպ են, ու անհիշելի ժամանակներից ապրում են Երկիր մոլորակի վրա՝ հավաքելով կատուներ՝ ինչպես հարուստներն են հավաքում փող, հստակ է միայն, որ այս պատմությունը, որ տեխարների մասին չէ, այստեղ գլխավորը, այստեղ կենտրոնում ֆիֆիրացիներն են և թելամորցիները, ավելի ճիշտ՝ վերջիններից մեկը, որը ևս մարդակերպ է, որին դու ճանաչում ես, որին գիտես, և Թելամորը, և գաճաճ, և մշտապես կիսամութ մի աշխարհ է, որտեղ հավատում են՝ պարզ տեսանելիությունը չափազանց վտանգավոր է աչքերի համար, որտեղ պարտությունները երբեք չեն ավարտվում, բայց հաղթողների, բայց փոխարեն ծնվում են քարոզիչներ՝ մեկնելու՝ պարտությունն էլ վատ հաղթանակ չէ, որոշ դեպքերում իրական հաղթանակն է որ կա, որտեղ պատմության դասագրքերը հրատարակվում են բացառապես մաքրվող հատուկ թղթի վրա, որ հեշտ, որ ծախսատար չլինի ուզածդ պահին փոխելը, և միակ կայունը, և մշտնջենականը աղմուկն է՝ ձգվող դեռ սպարապետ Աստուրիա Ա․ Անհաղթ Ոսկեբերանի փառահեղ ժամանակներից, որը սիրում, որը կրկնում էր, թե հիշողությունը, թե պարզապես, թե բացերով լի պատմություն է, եթե ճիշտ բառեր գտնես, եթե ուզես՝ մահը կդառնա ծնունդ, խելագարությունը՝ պայծառատեսություն, պարտությունը՝ ձեռքբերում, կամ հակառակը, կամ ոնց քեֆդ տա, ու թելամորցիները, ու հավատում էին, ու նրան, ոչ թե որովհետև հիմար, ոչ թե որովհետև միամիտ էին, այլ պարզապես, այլ ներքուստ ևս շատ նման էին մարդկանց, իսկ մարդը, իսկ հայտնի է, իսկ ապրելու համար ամենից շատ կարիք ունի հույսի, թեկուզ՝ այն արագացնի սեփական վախճանը, ու թերևս, ու այս նմանությունն է, ու հիմնական պատճառը, որ Թելամորից, որ հաճախ են գալիս, ավելի ճիշտ՝ գործուղվում Երկիր, ու գալիս, ավելի ճիշտ՝ գործուղվում են, ու աննկատ, առանց սենսացիա, առանց երկինքը ճեղքելու, հաճախ՝ որպես խմբագիրներ, որպես ձևափոխողներ, բայց ամեն անգամ, բայց առանց բացառության, բայց միշտ՝ փրկիչներ․․․
Երբ պահը եկավ, երբ տունը լքելու ժամն էր, հասցրի վերցնել իմ սիրելի խաղալիքը, թաքցրի շորերիս մեջ ու ծնողներս, ու հետս էին, ու մենակ չէի, երբ պահը եկավ, երբ տունը լքելու ժամն էր, հասցրի վերցնել ամուսնուս շքանշանները, թաքցրի մեքենայի դռան մեջ, ու ես էի, ու ոչ ոք չկար, ու լրիվ մենակ էի, հստակ է միայն, որ կատուները, որ չէին շարժվում, որ իրենց մշտական տեղերում էին, հստակ է նաև, որ ուշադրությամբ, որ նայում էին, որ այն հայացքով, որով հրաժեշտ, որով երբեք չեն տալիս, ու հստակ է, ու դժոխային, ու վերջ չունեցող, ու ողջ ճանապարհին, ու խաղաղ էի, հո՞ւյս է, հույս չէ՞, ի՞նչ տարբերություն, տարբերություն կա՞․․․
ԱՄՆ՝ Այովա՝ George’s Buffet՝
իհարկե ծխողների համար նախատեսված հատված

