Ամեն ինչ կտոր-կտոր է դեռևս, ամեն ինչ գալիս ու գալիս է ու դուրս ելնում: Շանս չկա: Բայց լինում են չէ՞ դրվագներ, որ, հոփ, մեկ էլ կպնում են մտքիս: Էն բաներից, ինչ կպնում են մտքիս:
Մոնան բույս է աճեցնում իր գրասեղանին` անկյունի վրա, փաթեթներով դասավորված պատվերների թղթերի կողքը: Կակտուս: Աչքիս առաջ են կյանքումս երբեք չտեսած Մեքսիկայի տափաստանային ընդարձակությունները, որտեղ մարդաբոյ կակտուսներ են աճում: Մեծ ու փշոտ կակտուսները ստվեր են գցում դեղնագորշ, փոշոտ հողին: Քամին տաք է, հողախառն ու արևոտ: Ես սա իրականում չեմ տեսել: Ես չեմ եղել Մեքսիկայում: Մոնան սա չի տեսել: Նա էլ չի եղել Մեքսիկայում: Երկուսս էլ հեռուստացույցով տեսած կլինենք: Ու հիմա Մոնան իր սեղանին կես ճկույթաչափ կակտուս է աճեցնում:
Ես հիշում եմ մարդաբոյ կակտուսները:
Մարդաբոյ կակտուսներ կան՝ շենքի բարձրության են:
Կակտուսն աճեցվում է շաքարապատ թխվածքից մնացած պլաստիկ տարրայի մեջ:
Երեք սանտիմետրը հինգի վրա:
Մարդաբոյ կակտուսները աժդահա մարմիններով հաստ ֆալոսներ են հիշեցնում՝ վրաները բեղիկներ:
Մարդաբոյ կակտուսները մարտական մեծ գուրզ են:
Բեղիկները կարող են մտնել մեջդ ու հոգիդ դուրս թափել:
Մոնան կակտուսը վերցնում է ափի մեջ ու աջուձախ շուռումուռ տալիս:
Նրա մատը իջնում է կակտուսի պլաստիկե տարրայի մեջ ու զգուշորեն շոշափում հողի թացությունը:
Մոնան որոշում է՝ այսօր ջրի կակտուսին, թե չէ:
Մեքսիկայի կակտուսները մինչև քսանհինգ տոննա են կշռում:
Շենքաբոյ կակտուսները Մեքսիկայում ապրում եմ մինչև հարյուր տարի ու աճում են առանց շտապելու, դանդաղ:
Մոնան երբ մայր դառնա, նույն կերպ շուռումուռ կտա իր մի քանի ամսական երեխային ու կնայի փամփերսի թացությունը:
Pachycereus pringlei
Մոնան ներս է մտնում՝ ձեռքին մի ափսե լվացած բալ, ու դնում է երկուսիս՝ իրար դեմ-դիմաց դրված սեղանների բաժանման դատարկ գծի վրա:
Դատարկ գիծը անցնում է իմ ու Մոնայի գրասեղանների միջով հավասարաչափ՝ աննշան հեռավորություն ստեղծելով երկու գրասեղանային, գորշահող, տափաստանային ափերի միջև:
Երկու սեղանների արանքով անցնող դատարկ, բարակ գծի վրա դրված ափսեի միջի առատ բալին եմ նայում ու ձեռքս չեմ երկարացնում, որ վերցնեմ:
Հենց մտածում եմ՝ ձեռքս տանեմ ու վերցնեմ, հիշում եմ, որ բալի մեջ կուտ կա, իսկ ես չգիտեմ, թե կուտը ինչ եմ անելու:
Ու չեմ վերցնում:
-Փորձի,- ասում է Մոնան:
Մոնան վերցնում է երկվորյակ բալի ճութը ու հերթով տանում է բերանը:
-Փորձի,- ասում է:
Ես մտածում եմ՝ գրասեղանիս դրված թղթերից որի՞ վրա դատարկեմ բերանիս կուտը:
Ես նայում եմ մանր-մունր նշումներով Ա4 երին, սևագիր խմբագրումների թղթերին, ու բոլորը աչքիս կարևոր են թվում:
Մոնան հինգերորդ ճութն է վերցնում ու ասում է.
-Կակտուսս պետք է մյուս կողմից շուռ տամ դեպի արևը:
Մոնան մի բալ էլ է տանում բերանն ու ասում է.
-Մի դիրքով, որ թողնում ես, թեքվում է դեպի արևն ու ծռվում է:
Ես մտածում եմ ափսեից պակասող բալի մասին: Ձեռքս տանում եմ ֆրանսերենի թարգմանչի թողած հասցեին, որով դեռ չեմ զանգել, ու դնում եմ տեղը:
-Կակտուսի դիրքը պետք է հաճախ փոխել, որպեսզի չթեքվի դեպի արևն ու ծուռ աճի:
Փղի կակտուսները հասնում են միջինը տասը մետրի, մեջները տասնութ-քսան մետրանոցներ էլ են լինում:
Ուժեղ տղերք են:
Շենքաբոյ ֆալոսներ: Փշոտ: Ուղիղ ու ձիգ, ու թե փորձես տեղը փոխել, ձեռքերդ կքրքրի թրատամ վագրի փշերով:
Պակիքերուս պրինգլեին իր արմատային համակարգի հետ սնկային և բակտերիալ գաղութների առաջացրած սիմբիոտիկ փոխհարաբերությունների հաշվին ընդունակ է աճելու լերկ քարերի վրա, որտեղ հողը հասանելի չէ, քանի որ բակտերիաները ֆիքսում են մթնոլորտային ազոտը և տրոհում ժայռը սննդանյութեր սինթեզելու համար:
Թեքել դեպի արևը:
Որ լավ աճի:
Մոնան վերցնում է երեքը հինգի վրա տարրայի մեջ աճող կակտուսին ու մատներով հարյուր ութսուն աստիճան պտտեցնելով՝ նորից դնում իր գրասեղանի անկյունում՝ պատվերների թղթերի կողքը:
Ես ձեռքս տանում եմ դեպի բալն ու վերցնում ինձ մոտ դրված մուգ կարմիր զույգը:
-Կորիզները ի՞նչ ես անում,_հարցնում եմ Մոնային:
-Կուլ տուր:
-Գիտես չէ՞, որ փոքր էի, ասում էին՝ եթե կտերը կուլ տաս, փորիդ մեջ ծառ կաճի: Ասում էին՝ մի հնդիկի փորից ծառ է աճել:
-Որ հող էլ կուլ տաս, կարող ա, վրայից էլ մի դույլ ջուր:
Ես պատկերացնում եմ զգացողությունը, երբ կորիզը մտնում է բերանս, սորալով, առանց սվվոցի սողում կոկորդովս ու տեղավորվում է մեջս, սուսուփուս նստում, ու հետո միջիցս ծիլ է դուրս գալիս ու ձգտում դեպի արևը:
Նա ամիսներ շարունակ թաքուն ապրում է մեջս: Սնվում ինձնով: Խմում ինձնից: Ու երբ կորիզը հասունանում է, գալիս է ու գալիս, գալիս է ու գալիս ու պատռելով ինձ՝ ծիլը մեջիցս դուրս պրծնում: Դեմն առնել չկա:
Եվ Նեղոսը հոսում էր Քեմեյի միջով և կյանք տալիս ծառերին ու արտերին ու դաշտերին ու այգիներին ու նախիրներին, ու գետի երկու ափի գորշահողերում ապրող բոլորն ապրում էին՝ փառաբանելով նրա ջրերը, նրա մեծությունն ու արգասաբերությունը:
Փառք քեզ, Օ Նեղոս, որ հայտնվում ես երկրում այս ու բերում արարչական թափ խավարից՝ ողողելով այգիները, ջուր տալով անասուններին ու հագեցնելով հողի ծարավը անսպառ, դու ես ստեղծում հասկը ու բերում գարին ու ապահովում տաճարների հավերժությունը: Նա քանդակված չէ քարի վրա ու թագադրված չէ օձակիր թագով, նա անտեսանելի է, նա չունի սպասավոր, նա չունի ընծաներ, նա չի հոսում ներբողների մեջ, ոչ ոք չգիտի՝ որտեղ է նա ապրում, ոչ ոք չի բացահայտել նրա ճամփան հմայագրերի միջոցով:
Տարին մեկ անգամ Փարավոնը Քեմեյում կանգնում էր գետի ափին ու ձեռնաշարժությամբ զբաղվում: Սերմը գալիս էր, գալիս ու ցայտում տաք արևի տակ ու լցվում էր Նեղոսի ջրի մեջ:
Եթե կորիզը կուլ տաս,- ասում էր մայրս,- մեջդ ծառ կաճի, էն օրը տեսա հնդիկի նկարը: Կրծքավանդակից ծառ էր աճում:
Եվ Նեղոսը հոսում էր Քեմեյի միջով և կյանք տալիս ծառերին ու արտերին ու դաշտերին ու այգիներին ու նախիրներին, և գետի երկու ափի գորշահողերում ապրող բոլորն ապրում էին՝ փառաբանելով նրա ջրերը, նրա մեծությունն ու արգասաբերությունը:
Ես բալի կորիզը խաղացնում եմ բերանիս մեջ:
Այն ողորկ է ու կարծր:
Մսային մասն արդեն կուլ է գնացել:
Մնացել է միջուկը:
Հասնելով զուգարան՝ կռանում եմ փակված դռան հետևում՝ զուգարանակոնքի վրա, ու երկու շուրթերս կիսաբացելով՝ կորիզը պլստացնում կոնքամանի ջրի մեջ: Կորիզը գալիս է, գալիս ու չլմփում է ջրի մեջ ու էլ շանս չունի:
Ես հետ եմ գալիս աշխատասենյակ ու Մոնան ասում է.
-Բալ փորձի: