Լուսինե Խառատյան | Ուկրաինական սահմանագրություն 5

Լուսանկարը՝ Պյոտր Շրյոդերի

«Գրել աշխարհը» թե՞ «գրել աշխարհ» երկընտրանքում ես ընտրեցի երկրորդը՝ գրելով աշխարհը

Այսօր 2024 թվականի օգոստոսի 12-ն է։ Օրը՝ երկուշաբթի։ Եղանակը՝ կիզիչ։ Աշխատելը՝ անհնար։ Ես ծուլորեն վորդում նոր ֆայլ եմ բացում՝ սահմանագրությունս շարունակելու։ Տելեպորտացվելու այնտեղ, որտեղ կյանքն ամբողջական էր, խորը, չհորինված, ապրվող, երիտասարդ, համարձակ, մեծ-մեծ կումերով, զրնգուն, մարմնեղեն։ Որտե՞ղ էինք մնացել։ Ուժհորոդի մայիսիննյան երեկոյում, որտեղ ցերեկային ճամփորդություններից, սահմանահատումներից ու սահմանագրություններից հետո տեղավորվել էր նաև Արարատը։ Վանգոգյան իրիսների ու առևանգված Եվրոպայի կողքին։ Պարզվեց՝ Արարատն էլ է Կենտրոնական Եվրոպայի մաս։ Այ էսպիսի աշխարհագրություն։ Ամեն դեպքում չի կարող մաս չկազմել մի աշխարհագրության, որն իր սկիզբը թվագրում է Աստվածաշնչից։ Տարօրինակ աշխարհագրություն, որտեղ այս երեկո կողք-կողքի ապրում են ցավը, Լուկաշենկոն, մեր մարմինները, գինին, մեգրելերենը, Արցախը, ճենապակին, Արարատը, երաժշտությունը, Մոնիկայի հայրը, փոքրը, հայելիները։ Լուկաշենկոն փոխել է սահմանադրությունը։ Ասում է Հաննան։ Վերացրել չեզոքության կետը և թույլ տվել ատոմային զենքի տեղադրում Բելառուսի տարածքում։ Եվ այդ ամենը 22 թվին։ Եվ այդ ամենը՝ Ռուսաստանի լայնածավալ հարձակումից մի քանի օր առաջ։ Մեծ դավաճանություն։ Սեփական ժողովրդի։ Առաջին հերթին։ Հոդված 17. Բելառուսի Հանրապետության պաշտոնական լեզուները բելառուսերենն ու ռուսերենն են։ Կարդում է Հաննան։ Լեզուների արգելոցում իմ լեզվին հատկացված վանդակը նեղ է, բայց մի օր կազատագրեմ այն։ Ասում է Հաննան։
Հետո Վրաստանի փոքր լեզուների խնդիրների մասին ներածական տեքստ է՝ մեգրելերեն բանաստեղծությանը նախապատրաստող։ Գինու և հայելիների արանքում այն կրթում է հանդիսատեսին առ այն, որ վրացերենից զատ Վրաստանում այլ լեզուներով էլ են խոսում՝ մեգրելերեն, սվաներեն, թուշուրի (հայտնի է նաև որպես բածբի), աբխազերեն, իսկ Թուրքիայում ապրողները՝ լազերեն։ Այս լեզուներից շատերը վրացերենի պես քարթվելական են, բայց տարբերվում են վրացերենից, ու վրացախոսները դրանք չեն հասկանում։ Այս լեզուները գիր չունեն, գրեթե գրքեր ու գրավոր տեքստեր չկան այս լեզուներով, ու դպրոցներում սրանք չեն դասավանդվում։ Արդյո՞ք ներկաներից միայն ես եմ հասկանում՝ ինչպես է Ուժհորոդում կարդացված մեգրելերեն բանաստեղծությունն ամրապնդում փոքրի դիրքը․․․ Հասկանում եմ, գիտեմ՝ չհասկանալով մեգրելերեն։
Ու օրվա վերջում, երբ շշերն ու բաժակներն արդեն դատարկ են, բոլորն արդեն բավարար արբեցած են, պատերզամն ու աշխարհի անարդարությունը՝ կրկին քարտեզագրված, դիրքերը՝ կարծես հստակեցված, սահմանները՝ գծված, երբ ելնում եք՝ հյուրանոց գնալու, Ուժհորոդի դատարկ փողոցներում քեզ, բայց հատկապես սպիտակ մետաքսյա մարջանագույն զարդանանախշերով ձեռակերտ զգեստիդ, կրնկակոխ հետապնդում է խարկովցի Իվանկայի բանաստեղծության՝ դատարանի առջև որպես մեղադրյալ կանգնած ճենապակուն ուղղված հարցը․ ինչու՞, երբ իմ աշխարհը վերացավ, քեզ դեռ շարունակում են փայլեցնել։ Ու սայթաքում ես։ Ու ոտքդ ուժեղ ոլորում ես։ Նստի՛ր տանը։ Փայլեցրու՛ ճենապակիդ։ Ասում է ոլորված ոտքդ, երբ կեսգիշերն անց Վերոնիկայի՝ Թայլանդից բերած նորածնի կղկղանք հիշեցնող կանաչավուն քսուքով տրորում ես այն՝ Մերիլին Մոնրոյի պատից քեզ ուղղված խոցելի հայացքի ներքո։ Ոտքս կոտրեր, չգնայի։ Ոտքս կոտրեր, չգայի։ Ասում էր տատդ, բայց հետո միշտ խփում փայտին, որ հանկարծ ասածը չկատարվի։ Ոտքդ դեռ պետք է, դեռ ահագին ճամփա ունես քայլելու։ Էս կողմերում։ Նաև։
Այ սենց էս հոգնատանջ օգոստոսի 12-ին լռվել եմ էդ երեկոյում։ Պատուհանից դուրս Չարենցի փողոցն է։ Ուսանողական տարիներին մեր տնկած ծառերի արանքից։ Մանկությանս փողոցը, որն օգոստոսին, ճիշտ այս հատվածում, անցնում էի հայրիկիս ձեռքն ամուր բռնած՝ հալված ասֆալտը ոտքերիս տակ, աջ ձեռքիս՝ հալվող պաղպաղակ։ Անցնում ու հայտնվում էի ինստիտուտի՝ քիմիական նյութերի հոտն ամբողջությամբ ներծծած զովության մեջ։ Հալվող պաղպաղակն իմ ու Տիգրանի միջև, այն հեռավոր օգոստոսին, երբ բոլորս հետևում էինք Կուրսկի ճակատագրին։ Սուզանավի։ Տիգրանն ու ուկրաինացի Սերգեյը, Վինիցայից, որն այնժամ չգիտեի էլ՝ որտե՞ղ է, գռազ էին եկել՝ Պուտինը կվերադառնա՞ արձակուրդից, թե՞՝ ոչ։ Պուտինը Սոչիում ոտքերն էր թրջում։ Գուցե՝ ոչ միայն ոտքերը։ Դեռ չգիտեի, որ գռազի առարկան ես էի։ [էս պահը հորինեցիր, բայց հեռու չի իրականությունից]։ Սերգեյն ասում էր՝ արձակուրդից չի գա։
Գուգլն ասում ա, որ Կուրսկն էսօր ա խորտակվել։ Օգոստոսի 12-ին։ Անցյալ շաբաթ ուկրաինացիները մտան Կուրսկ։ Ու դու դեռ այդ ժամանակ հիշեցիր էդ հեռավոր օրը շոգ Կահիրեում։ Սերգեյը նայում էր հալվող պաղպաղակին։ Դու պատմում էիր, թե ինչպես էիր Վանաձորում մի անգամ մի մարդու տանը մնացել, որը սուզանավի վրա էր ծառայում, ու որ անվերջ զարմանում էիր՝ ինչպե՞ս կարող է անծով երկրից մեկը հեռավոր նավարկությունների նավապետ լինել։ Սերգեյն ասում էր՝ ի՞նչ տարբերություն սուզանավի ու ցամաքի միջև։ Երկուսում էլ կարող ես խեղդվել ջրի պակասից։ Տիգրանն ասում էր՝ էդ սերունդն անծով երկրում չի ծնվել, Սովետը ոչ միայն ծովեր, այլև օվկիանոսներ ուներ։ Տիգրանը տանջվում էր։ Աչքիդ առաջ ցամաքում, սմքում, փոքրանում, սուր արծվաքիթն՝ էլ ավելի սրվում, կախվում, աչքերի տակերի մոխրագույն փոսերը՝ անտակ հոր դառնում։ Գալու ա արձակուդրից։ Ասում էր Տիգրանը։ Չի կարող չգալ։ Ախր ո՞նց կարա տենց բան լինի։ Ու Կուրսկը խորտակվում էր բոլորիդ աչքի առաջ։ Տիգրանն էլ հետն էր խորտակվում․ ապրում էր հազարավոր մետր խորությամբ ջրի տակ մնացած նավաստիների հետ՝ առանց ջրի ու առանց օդի։ Դու հստակորեն տեսնում էիր նրա կործանումը, բայց ոչինչ անել չէիր կարող։ Սերգեյը չարախնդում էր՝ москали։ Ակնարկը լավ չէիր հասկանում։ Բացատրում էր, թե տիպիկ ռուսական վարք է, ռուսաստանյան, երբ մարդու կյանքը գրոշի արժեք չունի։ Վիճում էիք։ Թե բա՝ չի կարելի ընդհանրացնել։ Սերգեյն էլ, թե՝ էդ կողմերում իշխանությունը միշտ նույնն ա, ավանդաբար նույն վարքով։ Օրինաչափ ա։ Բռնությունը, գողությունը, սուտը, կեղծիքը, մարդկանց նվաստացումը, դաժանությունը։ Մի խոքսով՝ Գուլագ։
Այ սենց գալիս-մխրճվում են տեքստիդ մեջ։ Սահամանազատում քեզ տեքստիցդ։ Թե՞ հակառակը՝ թաղում տեքստերի տակ։ Պատմությունները, մարդիկ, հիշողությունդ, այլ տեքստեր, իրադարձություններ, նորություններ։ Դու ինքդ։ Դու ինքդ՝ այսօր։ Այսօրը։ Երեկվա ընթերցումը այսօր։ Այսօրվա ընթերցումը վաղը։ Տապը, պաղպաղակը, ծառերը։ Պիղատոսը, նրա գլխացավը։ Խանգարում են, որ հստակ անջատես մեկը մյուսից։ Օդը չի հերիքում։ Անջատում՝ հանուն փրկության։ Խորտակվու՞մ ես։ Մեքենայումդ միացրած Ազատությունը խոսում է Զելենսկու ձայնով։ Զելենսկին ասում ա, որ Պուտինը Կուրսկով էկել ա Կուրսկով էլ գնալու ա։ Կարկատան։ Պալիմսեստ։ Ինցեստ։ Գիր գրի վրա։ Սիրում են մարդիկ խորհրդանշական ամսաթվեր, անուններ։ Հայկական ֆեյսբուքը հիշել ա Կուրսկի ելուստը ու այնտեղ ընկած հազարավոր հայերին։ Դու էլ օրինաչափորեն հիշում ես հաշմանդամ պապիդ, որը Կուրսկից անոտ էր վերադարձել ու իրեն տվել էր խմելուն։ Անջատում՝ հանուն փրկության։ Լուսինեի Անկախ Հանրապետություն։
Իսկ պատերազմի մասին ֆիլմի այդ մեն մի կադրում մայիսի 9-ին, այնուամենայնիվ, հաջորդեց մայիսի 10-ը։ Առավոտյան ուռածդ ոտնաթաթը մի կերպ դրեցիր գետնին։ Կաղալով գնացիր լոգարան, լողացար, հաշվեցիր ռեստորան տանող աստիճանները, նախաճաշեցիր։ Հաննային ու Վերոնիկային փոխեփոխ հենված հասար ծաղկավաճառի մոտ, որտեղ Անդրիյը բոլորիդ համար ծաղիկներ գնեց։ Նախքան խոսակցությունը Ուժհորոդի համալսարանում շարունակելը, պիտի հարգանքի տուրք մատուցեք։ Անդրիյը պատմում ա կոնկրետ մի տղայի մասին։ Մի երիտասարդ նկարչի, որը շրջում էր Ուժհորոդի սրճարաններում ու նկարում։ Կամավորագրվել է հենց սկզբից։ Ընկել հենց սկզբում։ Ու դու ոտքդ մի կերպ քարշ տալով քայլում ես։ Էս մեկը ճիշտ իմ տարիքին ա։ Էս մյուսն ինձնից մի կյանք ջահել ա։ Նոր փոսեր են փորում։ Ու հեչ կարևոր չի, երևի, որ էստեղ էլ է մահն աճել ու ճյուղավորվել Հայրենականի հուշարձանից՝ Ստեփանակերտի Բռատսկի մագիլայի պես։ Աշխարհը միշտ զոհից ա սկսվում։ Զոհով թվագրվում։ Ու հետո զոհի մարմնից են աճում դրոշները։ Նրանով սնվում։ Սլավը Ուկրաինե, հերոյամ սլավը։

 

 

Դեղին-կապույտ։ Ծածանվում են։ Ու դու հիմա չգիտես ինչ գրել։ Իսկ այսօր արդեն Գեմոյի ծնունդն ա։ Գեմոն գրել ա․

Այս ո՞ւմ դրոշներն են հրապարակում ծածանվում,
Հաղթողների դրոշներն են,
Այս ո՞ւմ դրոշներն են հրապարակում ծածանվում,
Փրկիչների դրոշներն են,
Այս ո՞ւմ դրոշներն են հրապարակում ծածանվում,
Տերերի դրոշներն են,
Այս ո՞ւմ դրոշներն են հրապարակում ծածանվում,
Մեծ դրոշներ են, տղաս, մեծ դրոշներ են:

Բայց չի գրել, որ դրոշները միշտ պարտության մասին են։ Մեծ թե փոքր։ Անկախ նրանից՝ հրապարակու՞մ են, թե՞ եղբայրական գերեզմանում։ Մարդակեր են դրոշները, արնախում և սնվում են մեր պարտությամբ ու մեր մարմիններով։ Ու հեչ կարևոր չի, թե խորտակվող Կուրսկի վրա ում դրոշն էր։ Չնայած, ասում են, խորտակվելը մեծապես դրոշից ա կախված․․․
Իմ ու Գեմոյի ընդհանուր ծանոթ Արցախը, որը զոհվեց վերջին պատերազմում, երևի կհարցներ դատարանի առջև որպես մեղադրյալ կանգնած դրոշին․ ինչո՞ւ, երբ իմ աշխարհը վերացավ, դու շարունակում ես ծածանվել։

Անահիտը, Քեշիշյան, շնորհավորել ա Գեմոյի ծնունդը ու հիշեցրել, որ

առաջնագծում կանգնած ես
ու հարձակվում են,
ուղղակի պաշտպանվում ես,
քո էդ պահի ամենակարևոր գործն ես անում,
չես կարող այլ բան անել,
այլ ելք չունես,
շրջվես՝ ծոծորակից կխփեն, հանձնվես՝ կմորթեն,
ու մինչև վերջ կռվում ես
…..
ապրելու հույսով:

Ու չնայած ասում ես, Գեմ ջան, թե
նորից զինվոր ա զոհվել,
սովորական, անանուն,
հաջորդ գրառումը չի հիշի դեպքը՝

առաջնագծում կանգնած ենք: Ապրելու հույսով: Դու, Անդրիյը, ճենապակին, իրիսները, Իվանկան, ես, ծղրիդները, Հաննան, մեգրելերենը, մեր տնկած ծառերը, բելառուսերենը, հորս ամուր ձեռքը, Արցախի դրոշը: Իսկ Պիղատոսին կրկին խանգարում են տապն ու գլխացավը: Պաղպաղակն էլ չի օգնի, երևի:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *