Լուսինե Խառատյան | Ուկրաինական սահմանագրություն 2

Լուսանկարը՝ Պյոտր Շրյոդերի


Ուեգրության առաջին մասը կարող եք կարդալ այստեղ


«Գրել աշխարհը» թե՞ «գրել աշխարհ» երկընտրանքում ես ընտրեցի երկրորդը՝ գրելով աշխարհը

Ի սկզբանե Վերոնիկան էր։ Իր լայն ժպիտով ասաց՝ կգա՞՛ք Ուժհորոդ։ Ասացինք՝ հա։ Դժվար է Վերոնիկայի ժպիտին «չէ» ասել։ Հետո պարզվեց՝ Հայաստանից ոչ ոք չի կարող գալ։ Ուկրաինա մուտք գործելու համար հայաստանցիներին վիզա պետք չի։ Բայց հիմա մտնելու միակ տարբերակը շենգենի կողմից է։ Մերոնք կամ վիզա չունեն, կամ վիզա ստանալու վրա ծախսելու կյանք չունեն, կամ՝ ապրելիք կյանք ունեն։ Ու արդյունքում մեր խմբի միակ հայ սահմանազանցը ես եմ։
Հաննան Բելառուսից է։ Բելառուսի չստացված հեղափոխությունից հետո երևի հարյուրից ավել սահման է հատել՝ գրեթե բոլոր մայրացամաքներում։ Սահմանագրում է բելառուսական սփյուռքը։ Որ գրի։ Բելառուսական ինքնության մասին։ Իրար հետ անգլերեն ենք խոսում։ Չնայած երբեմն դժվարանում է ճիշտ բառը գտնել, բայց երբեք գրպանից ռուսերենը չի հանում։ Հաննայի առաջին լեզուն ռուսերենն է եղել։ Ընտանիքը ռուսախոս է։ Բելառուսերեն չափահաս տարիքում է սովորել։ Բելառուսերենն աշխարհի այն եզակի լեզուներից է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգված ու մահացող լեզուների շարքում է՝ պետական լեզու լինելով։ Այդ լեզուներից է նաև արևմտահայերենը՝ չնայած Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։ Հաննայի համար սկզբունքի հարց է ռուսերեն չխոսելը։ Ու մենք չենք խոսում։ Ռուսերեն։ Ուկրաինայում։ Դրանից առաջ էլ չէինք խոսում ռուսերեն։ Վրաստանում։ Իսկ Վրաստանից առաջ ռուսերեն չէինք խոսում Հայաստանում։
Պատերազմից առաջ Երևան-Կիև ամեն գիշեր թռիչք կար՝ Ուկրաինական ավիաուղիներով։ Ամենահարմար ուղղություններից էր՝ էժան կապ էր ապահովում դեպի տարբեր երվրոպական կենտրոններ։ Պատերազմը սկսվելուն պես օդը փակեցին։ Շատ լավ հիշում եմ: Քսաներկուսի մարտի 7-ին պիտի Մոլդովա թռչեի, փետրվարի 24-ին ռուսական սապոգը կիլոմետրանոց քայլերով մտավ Ուկրաինա, ու Մոլդովան, հետևելով Ուկրաինային, փակեց օդը։ Հետո Մոլդովան այն բացեց, բայց Ուկրաինայինն առայսօր փակ է, ու երկժամանոց Երևան-Կիև թռիչքի փոխարեն Վերոնիկան ինձ թռցրեց Վիեննա, ապա Կոշիցա (մեծությամբ երկրորդ քաղաքը Սլովակիայում, որի գոյության մասին մինչ այս պահը չգիտեի), որտեղից էլ մեր խայտաբղետ ու տարբեր ամրության, չորության ու փափկության անձնագրերով խումբը ավտոբուս նստեց, երկու ժամում հատեց սլովակ-ուկրաինական սահմանը ու հայտնվեց Ուժհորոդի «Էմիգրանտ» հյուրանոցում։ Այ էսպիսի աշխարհագրություն։ Փաստորեն ընդամենը մի պատերազմ բավական է, որ հին սահմաններն ու կենտրոնները վերադառնան։ Ու հեչ պատահական չի, որ ազգերի ինքնորոշումը ծնվել է Հաբսբուրգների՝ Եվրոպայի ամենաերկարակյաց թագավորական ընտանիքի կտուրի տակ։ Ու հեչ պատահական չի, որ Վիեննան է այդ աշխարհագրության հանգույցը։
Կոշիցայի օդանավակայանում, որտեղ հանդիպեցինք բոլոր «միգրանտներով», իմացանք, որ Հաննայի ուղեբեռը չի հասել։ Ասացին, որ երբ հասնի, կարող են սահման առաքել։ Ու հենց էստեղ սկսվեց Հաննայի ուկրաինական պատմությունը։ Երեկոյան, երբ միգրանտներով փորձում էինք «Էմիգրանտ»-ում տեղավորվել, յուրաքանչյուրս Հաննային մի կտոր հագուստ տվեց։ Ես՝ ընկերուհուս՝ Լուսինեի Վաշինգտոնից նվեր բերած մոխրագույն շապիկը (հա, Լու՛ս, շապիկդ Ուկրաինայում էլ ա եղել), Վերոնիկան՝ իր սև շալվարը։ Հաննան ատամի մածուկ ու խոզանակ գնեց։ Մինչ կպարզվեր իր իրերի ճակատագիրը։ Բայց Հաննային լինզա ու լինզայի հեղուկ էլ էր պետք, իսկ մեր աշխատանքային օրվա վերջում բոլոր դեղատները փակ էին։ Ու լինզայի հեղուկ նրան տվեց մի ուկրաինացի աղջիկ։ Հետո, ուժհորոդյան պատմության ավարտից մեկ օր առաջ, երբ գնացել էինք Մուկաչևոյի Պալանոկ ամրոցը, Հաննան ասաց․
— Գիտե՞ս, այս պատմությունը հենց այսպես պիտի լիներ, որովհետև ես չեմ կարող այստեղ լինել։
— Ինչո՞ւ,— հարցրի։
— Որովհետև բելառուս եմ։ Ու հիմա հասկացա՝ ինչու իրերս չեկան։ Սա ես չեմ։ Ես չեմ կարող էստեղ գտնվել։ Շապիկս քոնն է, շալվարս՝ Վերոնիկայինը, ու հեչ նման չեն իմ շորերին։ Վրաս մեծ կամ փոքր են, ուրիշ ոճով․․․ Այսինքն՝ սա ես չեմ, սա ուրիշ մեկն է։ Իսկ լինզաներիս հեղուկը ․․․
— Հաաա․․․ բայց փաստորեն դու ուկրաինական աչքերով ես նայում․․․
Որոշեցինք, որ կգրի։ Որոշեցինք, որ կգրենք։ Որոշեցինք, որ այս փորձառությունը գրելու համար է։ Ու Հաննային կյանքն ինքն է մետաֆորներ պարգևել՝ աշխարհ(ը) գրելու համար։
Պալանոկ հետո էլի կգանք։ Բաներ կան պատմելու։ Հիմա ուզում եմ, որ վերադառնանք սլովակ-ուկրաինական սահման, որտեղ Հաննան դեռ բարձրաձայն մտածում է՝ արդյո՞ք ճամպրուկը Կոշիցայից մինչև Ուժհորոդ կհասցնե՞ն, թե՞ սահմանին կթողնեն։ Սահմանը հատում ենք առանց Հաննայի ճամպրուկի։
Ավտոբուսի վարորդը հետևում է խռպոտ ձայնով աղջիկ ջի-փի-էս-ի հրահանգներին։ Շատ ցածր է ձայնը։ Լսողությունս լարում եմ, որ լեզուն հասկանամ։ Հա, չեմ սխալվել, այդ չեղարկված լեզվով է խոսում աղջիկը։ Տեսնես ձայնը հատո՞ւկ է այդքան ցածրացրել, որ «չբռնվի» հանցագործության վայրում։ Հենց էս սահմանին բացահայտեցի, որ «կարդոն» ուկրաիներեն սահման է նշանակում։ Մեծ-մեծ գրված էր․ ПРИКОРДОННИЙ КОНТРОЛЬ։ Ու սովետական մանկությունից մնացած «զա կարդոն» արտահայտությունը միս ու արյուն ստացավ։ Դարձավ շատ ավելի շոշափելի, քան մինչ օրս փակ հայ-թուրքական սահմանին։ Չէ, մեկ ա, երկաթե վարագույրի միակ հատվածը, որը մինչ օրս փակ ա, հայ-թուրքական սահմանն ա։ Երևի սովետը կքանդվի միայն այն ժամանակ, երբ այն բացվի։ Ու էլ չի մնա զակարդոն։ Ու մեր գլխում էլ կքանդվի կարդոնը։ Իսկ գուգլն ասում ա․
line or circle of police, soldiers, or guards preventing access to or from an area or building. “the crowd was halted in front of the police cordon”

Նաև՝ barrier, line, column, row, file, ranks, chain, ring, circle․․․

Էլի ծավալվեցի ու անցա տեքստիս սահմանները։ Սլովակ սահմանապահն ավտոբուս բարձրացավ ու հավաքեց մեր անձնագրերը։ Ավտոբուսի պատուհանից մարդատար մեքենաներ են։ Բոլորի ղեկին՝ կանայք։ Մեքենայում՝ երեխաներ։ Հաշվում եմ մեքենաներն ու կանանց։ Փնտրում տղամարդկանց՝ հասկանալու, թե արդյո՞ք պատերազմը բոլորին զինվորագրել է։ Կանայք հերթով իջնում ու ստուգման համար բացում են մեքենայի բեռնախցիկը։ Երկար եղունգներով, վառ մանիկյուրով, խնամված կանայք են։
— Who is Lusine Kharatyan? — հարցնում է ավտոբուս բարձրացած սահմանապահը։
Բոլորի հայացքներն ինձ են ուղղվում։ Ոչ թե որ ճանաչում են, զի մի քանի ժամ առաջ ենք հանդիպել, այլ որովհետև գիտեն, որ մեջների միակ հայն եմ։
Անհանգստանալու բան չկա, ասում եմ, երկու անձնագիր ունեմ։ Վիեննայում շենգեն մտնելիս տվել եմ այն անձնագիրը, որում շենգեն վիզա ունեմ, սակայն քանի որ այդ անձնագրում դատարկ էջերը քիչ են, իսկ վիզան առնվազն մի քանի տարի դեռ ուժի մեջ է, ու Ուկրաինա կարող եմ մտնել առանց վիզայի, այս սահմանին մյուս անձնագիրն եմ տվել։ Երևի իրենց մոտ գրանցված չի։
Վերոնիկայի հայացքում անհանգստություն է երևում։ Հայաստանցիների անձնագրային ու վիզայի խնդիրները նրան արդեն մղում են հատելու սեփական սահամնները։ Սլովակ սահամանապահին խցիկի պատուհանիկից բացատրում եմ ինչ-ոնց։ Հանգիստ գլխով է անում, անշենգեն անձնագրումս դնում ելքի կնիքը, վրան գրիչով ինչ-որ նշում կատարում։ Դե հա՝ իրեն ինչ, գլխապատառ գնում են Ուկրաինա, շառից-փորձանքից հեռու։ Ավտոբուսն ինձ տեսենելով՝ թեթևացած շունչ է քաշում։ Սահմանի ուկրաինական կողմում կրկին անձնագրերն են հավաքում։ Այս անգամ՝ բաց կանաչ զինվորական համազգեստով ու ավտոմատավոր սահմանապահները։ Մտածում եմ՝ քանի մոտենանք, այնքան շատ են լինելու զինվորականները։ Ավտոբուսի պատուհանից էլի մարդատարներ են։ Բայց հոպ, միայն կանայք չեն։ Երիտասարդ տղա վարորդներ։ Խուսափե՞լ են ծառայությունից, թե՞․․․
Անձնագրերը վերադառնում են և քսան րոպեից ավտոբուսից իջնում ենք Ուժհորոդում ու հայտնվում Հոլիվուդում։ «Էմիգրանտ» հյուրանոցի դիմաց հոլիվուդյան ոճի փառքի ճեմուղի է։ Ես՝ ուղիղ Միլտոն Ֆրիդմանի վրա։ Լավ, էս ո՞ր ֆիլմից էր։ Այս հարցն ինձ հետապնդում էր ամեն օր՝ հյուրանոց մտնելիս ու հյուրանոցից դուրս գալիս։ Ախր անունն այնքան ծանոթ էր․․․ Ճեմուղու մյուս աստղերը երևի բավարար աստղային չէին, զի չէի լսել նրանց անունները։ Բայց Ֆրիդմանի անունն ամեն օր զնգում էր ու ամեն օր փորձում էի մտաբերել նրա ֆիլմերը։ Ու միայն հետո, արդեն Երևանում, երբ նայում էի լուսանկարները, նրա՝ ոտքերիս տակ փռված աստղը ստիպեց կրկին դիմել գուգլի օգնությանը։

Ու աշխարհը կրկին հասկանալի դարձավ։ Այն թարգմանվեց։ Դժվար է այնուամենայնիվ կարդալ աշխարհը, որում դու չկաս, որի նշանային համակարգին չես տիրապետում, որով միայն վարգով անցնում ես։ Այն հազարավոր սահմանագրությունների արդյունք է։ Ու ահա այս մի սահմանգրությամբ իմանում ենք, որ Չիկագոյի տնտեսագիտական դպրոցի հայրերից Նոբելյանի դափնեկիր Միլտոն Ֆրիդմանի ծնողները, դու մի ասի, երկուսն էլ աշխատավոր հրեաներ էին Հունգարիայի թագավորության կազմում գտնվող Կարպատյան Ռուսինիայի Բերեգզաչ քաղաքից, որը ներկայումս Ուկրաինական Զակարպատիայի Բերեհովե քաղաքն է։ Փաստորեն՝ ճեմուղի չի է՜, լրիվ հայ մեծեր։ Իսկ ճեմուղու աստղերի մեջտեղում էլ ռուսինների գերբն է, որը Ռուսինների Համաշխարհային Կոնգրեսը (այո, ինքը հիմա կա, երիտասարդ կառույց է, ինչպես ժամանակին կար հայերի Ազգային Բյուրոն, կամ ինչպես հիմա կա Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն) ճանաչել է որպես իր խորհդանիշ։ Ու չնայած ռուսինները ուկրաինական Կարպատների դարավոր բնակիչներից են ու Հաբսբուրգների կայսրության՝ ազգերի ինքնորշման իրավունքի ծաղկունքի շրջանում չինքնորոշված խմբերից, նրանց լեզուն Ուկրաինայում որպես լեզու չի ճանաչվում, այլ ուկրաիներենի բարբառ է համարվում։ Իսկ Ուկրաինայի սլավոն հարևանները ու ոչ միայն՝ Լեհաստանից մինչև Խորվաթիա, ռուսինների լեզուն (Ruthenian), պաշտոնապես առանձին լեզու են ճանաչում ու անգամ պաշտպանում՝ ուկրաիներենին զուգահեռ։ Ուկրաինական ազգային շահերի պաշտպան բարեկամներիցս մեկը դա մեկնաբանում է որպես ուկրաինական ինքնությունը մասնատելու ու թուլացնելու ուղղորդված քաղաքականություն։ Օրինակ էլ է բերում։ Ասում է՝ պատկերացրու ասեին ղարաբաղերեն լեզու կա։ Ես էլ ասում եմ՝ արևմտահայերենի կապակցությամբ ավելի կիրառելի կլիներ։ Ես էլ ասում եմ՝ իսկ ասողն ո՞վ է։ Եթե էդ լեզվով խոսող մարդիկ կարծում են, որ իրենց լեզուն լեզու է, ոչ թե բարբառ, ու դա իրենց ինքնության համար կարևոր է, ուրեմն լեզվաբանները չեն կարող Աստծո դիրքից այն գիտականորեն սահմանել, որպես ավելի մեծի բարբառ։ Ես փոքրի կողմնակից եմ։ Փոքրի՝ ինքնասահմանվելու կողմնակից։ Փոքրի՝ աշխարհի կենտրոն լինելու կողմնակից։ Բազմակենտրոնության կողմնակից։ Ինչևէ, հիմա Միլտոնը, փաստորեն, սկի ռուսին էլ չի, այլ հրեա, ինքն էլ՝ Ամերիկայում ծնված-մեծացած, բայց արի ու տես, որ հայտնվել է ռուսինների փառքի սրահում։ Ենթադրո՞ւմ է սա, որ տարածքն է կարևոր, կարպատցի լինելը։ Ու հա, էդ աստղի մեջտեղում ռուսինների գերբը ԵՄ աստղերով է շրջանակված։ Իսկ աստղի գլխին ծածանվում են Ուկրաինայի ու ԱՄՆ դրոշները։ Այ էսպիսի էկլեկտիկ ինքնասահմանագրություն։ Ու սելֆիի դարում, երբ ցանկացածը կարող է ինքն իրեն նկարել, ու՞մ են պետք նկարիչը, գրողը, լեզվաբանը՝ նախորդ դարերի սահմանագրող աստվածները։ Այդ մասին բոլորիս հիշեցնում է հյուրանոցի դիմացի ինքնուկի հրավիրող մետաղյա մարդուկը, ու իհարկե շտապում ենք հավերժացնել պահը։

Ավետարանն ըստ Էնդի Ուորհոլի։ «Էմիգրանտ» հյուրանոցը ձոն է Ուորհոլին՝ աշխարհի ամենահայտնի ռուսինին։ Չնայած՝ գուցե Ուորհոլն ինքը ու իր ծնողները չհամաձայնեին իմ՝ Էնդիին այդպես կոչելուն։ Վիքիպեդիայում Ուորհոլի մասին հոդվածն ասում է, որ նրա ծնողները լեմկո են՝ Ավստրո-Հունգարիայի Միկո գյուղից, որը ներկայումս Սլովակիայի հյուսիս-արևելքում գտնվող Միկովա գյուղն է։ Լեմկոն էլ է «Կենտրոնական Եվրոպա» կոչվող աշխարհագրության վերջնականապես չսահմանագրված ինքնություններից։ Ոմանք նրանց ուկրաինացիների կամ ռուսինների ենթախումբ են համարում, ոմանք՝ առանձին ազգություն։ Հոսուն են ինքնություններն այս կողմերում։ Ու դարերով հոսում ու փոփոխվում են՝ ժամանակ առ ժամանակ կորցնելով իրենց ճկունությունը, կարծրանալով, սահմանազատվելով ու ինքնորոշվելով։ Սահամանագրվելով։ Այս կամ այն պետության կազմում, մեկ ուրիշ պետության կազմից դուրս։ Բայց Ուորհոլի ընտանիքը նաև Ռուսին-կաթոլիկ եկեղեցու հետևորդ էր, ու սա նրան դարձնում է ռուսինական, նաև՝ ուկրաինական սահմանագրության մաս։
Շենքի ֆասադը մեզ դիմավորում է Ուորհոլի բանանով, իսկ ընդունարանում մեզ դիմավորում է Ուորհոլն ինքը, մի երիտասարդ աղջիկ, երկու թափառական շուն ու մի կարմիր բազմոց։ Կարմիր սենյակիս պատից ինձ ժպտում է գինովցած Մերիլինը՝ մեր բոլորի ընդհանուր մանկությունը։

Հասնել Ուժհորոդ ու հայտնվել Ուորհոլի աշխարհում։ Ամենաբանալ բանը, որ կարող է քեզ պատահել։ Ինչպես սովետի ժամանակ ազգագրությունը, ֆոլկլորը «ցածր» մշակույթ էր, որը հատուկ սովորում ու մեծ բեմերից «արվեստացված» «բարձրացված» ցուցադրում էին՝ որպես այդ մեծ արգելոցի վերացող նմուշ։ Ուորհոլն արել է ավելին․ վիշիվանկայով ազգագրական խմբի իր դիրքից, որը հիմա դու իրեն վերագրում ես, քանի որ այդ դիրքն այստեղ իրեն վերագրվում է, պատմել է աշխարհը։ Պատմել մի աշխարհ, որը չկար նախքան Ուորհոլը։ Ու մինչ գիտնականներն ու քաղաքական գործիչները շարունակում են վիճել՝ կա՞ արդյոք ռուսիներեն լեզու թե՞ ոչ, կամ արդյո՞ք լեմկոն առանձին ազգություն է, Ուորհոլի լեզուն հասկանում են բոլորը։
Երեկոյան մեր ուժհորոդյան առաջին զբոսանքն է։ Անդրիյը, մեզ հյուրընկալող, ասում է, որ ինքը ռուսին է։ Հարցնում եմ՝ իսկ ռուսիներեն լեզու կա՞։ Զուգահեռ Ուժ գետի երկայնքով շարունակվում է Ուորհոլի աշխարհը․ գովազդային պաստառներ, նաև՝ պատերազմի մասին։ Ուկրաինայի, ԵՄ ու ԱՄՆ դրոշներ, նաև՝ ոտքերիս տակ։ Գրաֆիտի։


Հասնում ենք մի տեղ, որտեղ նախկինում Պուշկինի կիսանդրին է եղել։ Հիմա գլխատված, գլուխը կորցրած պատվանդանն է։ Վրան գրած՝ «Ժո Դասեն»։ Անդրիյն ասում ա՝ Պուշկինին անվտանգ տեղում պահել են, որ վանդալները չվնասեն։ Ու ես հիշում եմ սահամանագրության մեր պատմությունը։ Երբ սովետի փլուզումից հետո քննարկվում էր՝ վերանվանե՞լ արդյոք Պուշկինի փողոցը, ու հետո որոշվեց, որ մենք ռուս ազգի ու մշակույթի հետ խնդիր չունենք, մեր խնդիրը սովետն ա, ու Հայաստանից վերացան լենինները, կիրովները, բայց մնացին Տոլստոյը, Չեխովն ու Պուշկինը, Մոսկովյանն ու անգամ Լենինգրադյանը։ Բայց Հայաստանից վերացան նաև Բաքվի պողոտան, Ազիզբեկովի հրապարակը, Մեծ ու փոքր Մազրաները։

 

Ուժհորոդում հիմա չկա Պուշկինը, բայց կան Մարիա Թերեզան, Ուորհոլը, ԱՄՆ դրոշը, Միլտոն Ֆրիդմանը, նախկին սինագոգը, որը սովետի տարիներին համերգասրահ է եղել: Կա վրացական ռեստորան՝ «Ինժիր» անունով։ Կան Թիֆլիսում տեսածդ փոքրիկ արձանիկների ուժհորոդյան բարեկամները՝ քաղաքով մեկ։ Ու կա Ուժ գետը, որն ամեն բան հիշում է։ Ու ինչ լավ է, որ բոլոր նշանները չես հասկանում։ Քո չհասկանալը քեզ պաշտպանում է։ Հազար անգամ կարդում ու էլի չես հասկանում։ Օրինակ, որ «Էմիգրանտ»-ը իրականում «ԷմիգրանԴ» է։ Փաստորեն, գրանդ է այն աշխարհը, որը Ուժհորոդից սահմանագրվում է։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *