Մի քանի ամիս առաջ զբոսնում էի Նյու-Յորքում և, հանկարծ, հեռվում նկատեցի մեկին, ում շատ լավ ճանաչում էի։ Նա հաստատուն քայլերով գալիս էր դեպի ինձ։ Պարզապես, վատն այն էր, որ չէի հիշում, թե որտեղից նրան գիտեի և ինչ էր անունը։ Նման զգացողություններ ունենում եմ այն ժամանակ, երբ օտար երկրում հանդիպում եմ մեկին, ում հետ հայրենիքումս եմ ծանոթացել կամ հակառակը։ Իր սովորական միջավայրից դուրս գտնվող այդ դեմքն ինձ շփոթության մատնեց։ Ամեն դեպքում այդ դեմքն ինձ այնքան հարազատ էր, որ, անշուշտ, ստիպված էի մոտենալ, ողջունել, զրուցել, գուցե նա էլ ինձ անմիջապես ասեր․ «Ինչպե՞ս սիրելի Ումբերտո», անգամ հարցներ «Վերջապես արեցի՞ր այն, ինչի մասին պատմում էիր»։ Ես էլ չէի իմանա ինչպես վարվել։ Թերևս, պետք էր նրան չտեսնելու տալ։ Բայց արդեն ուշ էր, նա փողոցի այս կողմում էր և հայացքը դեպի ինձ էր ուղղել։ Նա արդեն որոշել էր զրույցն սկսելու ղեկն իր ձեռքը վերցնել։
Մեզ միմյանցից արդեն երկու քայլ էր բաժանում, և ես պատրաստվում էի նրան լայնաբերան ու շողշողուն ժպիտ պարգևել, երբ հանկարծ ճանաչեցի։ Էնտոնի Քուինն էր։ Բնականաբար, կյանքումս նրան երբեք չէի հանդիպել և ոչ էլ նա ինձ։ Վայրկյանի մեկ հարյուրերորդականում հասցրեցի ժամանակին կանգ առնել և հայացքս դեպի անորոշություն հառած, պարզապես անցա կողքով։
Հետո մտածեցի պատահածի մասին և հասկացա, որ ավելի քան բնական մի բան էր տեղի ունեցել։ Սրանից որոշ ժամանակ առաջ ռեստորանում Չարլտոբ Հեստոնին ճանաչեցի ու նրան ողջունելու ցանկություն ունեցա։ Այսպիսի դեմքերը, որոնք մշտական բնակություն են հաստատում հիշողության մեջ, մեր բարեկամների նման և, նույնիսկ, ավելի հարազատ են դառնում։ Այո՛, եթե զանգվածային հաղորդակցության մասնագետ ես, կարող ես քննարկել, վերլուծել իրականության ազդեցությունները, իրականի ու երևակայականի միջև շփոթմունքը և այն մարդկանց, ովքեր վերջնականապես ընկել են այդ շփոթմունքի մեջ։ Բայց չէ՞ որ այս համախտանիշի դեմ անվարակելիություն չկա։ Կան միայն սրանցից ավելի վատ դեպքեր։ Մարդիկ, ովքեր պարբերաբար հայտնվել են հեռուստատեսության էկրաններին և զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են եղել, ինձ շատ բաներ են պատմել իրենց կենսափորձից։ Խոսքս միայն Պիպո Բաուդոյի [1] կամ Մաուրիցիո Կոստանցոյի[2] մասին չէ, այլ նաև այն մարդկանց, ովքեր մասնագիտության բերումով, հաճախ պետք է քննարկումների մասնակցեն և սա լիովին հերիք է, որ քեզ բոլորը ճանաչեն: Նման մարդիկ, բոլորն անխտիր, տհաճ միջադեպերից են բողոքում։ Սովորաբար, երբ տեսնում ենք մարդու, ում անձամբ չենք ճանաչում, փորձում ենք նրա երեսին երկար չնայել, նրան մեր զրուցակցին մատնացույց չանել, նրա մասին բարձրաձայն չխոսել։ Այլապես այդ ամենը որպես անկիրթ, որոշ դեպքերում անգամ հարձակողական պահվածք կդիտարկվի։ Նույն կիրթ մարդիկ սրճարանի մշտական այցելուի նրբաճաշակ փողկապը քննարկելու համար վերջինիս մատնացույց չեն անում։ Սակայն, անվիճելի փաստ է, որ ճանաչված մարդկանց պարագայում լիովին այլ կերպ են վարվում։
Փորձաճագարներս հատատում են որ թերթի կրպակի դիմաց հերթ կանգնելիս, գնացք նստելիս, ռեստորանում պետքարան մտնելիս միշտ այնպես է ստացվում, որ արտասովոր մարդկանց են հանդիպում, իսկ նրանցից ոմանք բարձրաձայն ասում են ․ « Տեսնո՞ւմ ես ով է․․․», «Վստա՞հ ես, որ հենց ինքն է․․․», « Իհարկե, ինքն է, որ կա»։ Ու նրանք շարունակում են իրենց զրույցը՝ թքած ունենալով, որ այդ Ինքն իրենց լսում է, ու, կարծես նա գոյություն էլ չունի։
Նրանք շփոթվում են այն փաստից, որ ԶԼՄ-ական մտացածին աշխարհի հերոսը հանկարծ ներխուժում է իրական կյանք, բայց միևնույն ժամանակ իրենց այնպես են դրսևորում, կարծես նա դեռ այդ մտացածին աշխարհում է` էկրանին, կամ թերթի լուսանկարում, և իրենց թվում է, թե այդ հերոսի մասին խոսում են այնպես, կարծես նա այդտեղ ներկա չէ։
Դա նույնն է, թե ես բռնեի Էնոտնի Քուինի օձիքից, քարշ տայի հեռախոսախցիկ, զանգ տայի ընկերոջս ու ասեի․ «Բա գիտե՞ս, ինչ է եղել, Էնոտնի Քուինին եմ հանդիպել, կարծես իրական լինի» (հետո նրան մի կողմ հրեի ու գնայի գործերովս)։
ԶԼՄ-ները սկզբում մեզ համոզում էին, թե երևակայական աշխարն իրական է, հիմա մեզ համոզում են, որ իրական աշխարհն է երևակայական, և որքան իրականություն են մեզ ցուցադրում էկրանին, այնքան կինեմատոգրաֆիկ է դառնում մեր առօրյան։ Այս ամենն այն աստիճան ծայրահեղ է դարձել, որ ինչպես որոշ փիլիսոփաներ պնդում, կսկսենք մտածել, թե միայնակ ենք այս շխարհում, իսկ մնացածը կինոնկար է, որ Աստված կամ մի հնարամիտ հանճար մեզ ցուցադրում է։ (1989)
[1] Ջուզեպպե Բուդոն իտալացի հեռուստահաղորդավար է, որը Սան Ռեմոյի իտալական երգի ֆեստիվալը վարելու ռեկորդ է սահմանել՝ 13 անգամ։ 54 տարի է աշխատում է RAI իտալական ազգային հեռուստատեսությունում։
[2] Մաուրիցիո Կոստանցոն իտալացի ճանաչված լրագրող, հեռուստահաղորդավար, բեմադրիչ, ռեժիսոր, խոսքերի հեղինակ, համալսարանի դասախոս է։
Էկոն այս անգամ զարմանալիորեն հակիրճ է: