Կարեն Անտաշյան | Ունայնության գետեր, վշտի բլուրներ

Յոթերորդ մասիվում կայֆոտ օրեր չեն լինում։ Լավ, միջինում երկու անգամ ավելի քիչ են լինում, քան նույն հորիզոնականի վրա գտնվող աշխարհի բոլոր մյուս քաղաքների՝ Անկարայի, Մադրիդի, Նյու Յորքի, Ֆիլադելֆիայի և Պեկինի յոթերորդական ծայրամասերում, որոնցից և ոչ մեկում Զորոն չէր եղել։ Չնայած դրան, բնական վառ երևակայության բերումով պատկերացնում էր, որ ինքը բնադրել է հենց այս աշխարհի արծվանիստ անուսում։ Բայց տես, որ էսօր լավ օր է, 40-րդ հորիզոնականի վրայով երբևէ անցած լավագույն օրերից մեկը։ Էնքան որ արևոտ ու զով օր չէ, էն որ արևը, լուսամուտներից ու պատշգամբներիից ներս գայթելով, սառն է պահում իրեն։ Էն որ ուրարտական բոզոտ կավահողն ու սովետական հոգնած բետոնը չի հասցնում շիկացնել այն աստիճան, որ շարային զգաստությամբ կանգնած բարձրահարկերը վերածվեն տիտանական թոնիրների։ Նաև ոչ էն հազվագյուտ ձյունախառն օրերից, երբ Վիլնյուսի փողոցի վրա անսպասելի նստած, հալված ու մերկասառույցի վերածված սառցափոշին հանկարծակիի է բերում կլոր տարին ամառային անվադողերով քշող վարորդներին ու Զորոյի պատշգամբի տակ բացում չտեսնված խոխմադրամատիկ թատրոն, որը նա ցմահ հետիոտնի չարախնդությամբ ողջ երեկո վայելելու է պատուհանից, ոնց կայսերական օթյակից Նապոլեոնը կնայեր Պուչչինիյի Տոսկան։ Իհարկե, այդ էլ հոգու բալասան է, թե ոնց  են քյառթ ու ինքնավստահ օպել զաֆիռաները առաջին անգամ վիպուսկնոյի օրը կաբլուկ հագած անփորձ աղջնակների պես մերկասառույցի վրա ակամայից քամակները ճոճելով, երերալով ու վախվորած, մանրից առաջանում դեպի իրենց պատվազրկումը, բայց ոչ այնպիսի արտահաստիքային կայֆ, ոնց էսօրը եղավ։

Զորոյի բոլոր օրերը սկսվում էին գիշերվա միլիոնին։ Այնպես չէ, որ էս գիշերը բացառություն էր ու քունն անընդհատ․ արթնացավ իհարկե, բայց արթնացավ թեթև շնչով ու կյանքով լիցքավորված ուղեղով, մինչդեռ ամիսներ շարունակ առանց այդ էլ չապրվող գիշերներին, հազիվ աչք կպցրած՝ նրան էս մութ աշխարհ հետ էր քաշում մի պատ էն կողմ ղժժացող նորածնի ձայնը։ Չնայած, պետք է ասել, նաև, որ դրկիցների տնից լսվող օդային հրթիռակոծման ազդականչի պես սարսափազդու այդ ճղղոցը ամեն անգամ իր կյանք հորդելով՝ Զորոյի գոյը ճանկռելու հետ մեկտեղ նաև բերում էր այն հաճելի գիտակցումը, որ երբևէ երեխաներ չունենալու որոշումը ճիշտ էր եղել։ Իսկ էս գիշեր, հրաշք, միայն լուսամուտաճեղքերից գվվացող քամին էր անուշ մենանվագ քաշում. էնքան դուրեկան, որ սկի չուզեց էլ մտածել, թե իր հարևաններն ինչու են լռել՝  վերջապես խեղդել են երեխային, թե ի վերջո սովորեցրել են քնել․ մի բան, որի սամթն ինքը գնալով կորցնում էր։ Քնեց, արթնացավ, քնեց, արթնացավ, ստուգեց՝ ձեն-ձուն չկար, քնեց նորից մինչև արևածագ։ Դեռ գիշերվանից կարծես լավ օր էր նշմարվում։

Առավոտյան սուրճի պատրաստման սրբազան ծիսակարգը անկողնուց ելնելուն պես գործարկվում է ինքնաշխատ սկզբունքով։ Տարիների հետ ամենայն մանրամասներով հղկված սովորույթները ոչ թե հաճույքի համար են, այլ դրանցից դուրս տառապանքի փշալարերից չքերծվելու։ Ինքնին հաճելին ու հանգստացնողը ծիսակարգի խստորեն պահպանումն է հենց։ Զորոն սուրճի համն ու բույրը կանխավայելելով աչքերը փակ կարող էր բացել պահարանի դուռը, հանել սուրճի մետաղյա տուփը, բացել ծորակը, դեռ երեկվանից գազօջախի մոտ պատրաստված սրճեփի մեջ ջուր լցնել, շաքարավազ, վառել գազը․․․ այ գազի վրա արդեն երրորդ շաբաթն է նյարդայնանում էր։ Չնայած գիտեր, որ ջեռուցման սեզոնի սկսվելուն պես Հայռուսգազարդը գազի հետ օդ է խառնելու, ջեռուցման ծախսի կտրուկ աճող թվերի արանքում գերածախս սղցնելու համար, ու դրանից գազի գույնը երկնագույն կապույտից մի գիշերում դառնալու է թրթռացող ծիրանագույն, բայց մեկ է, ամեն անգամ ջղաձգվում էր անարդարության զգացումից։ Կատաղությունը, լարումով իրար սեղմվող շուրթերի ծռմռվելու նման թրթռում էր դեմքին։ Ահա, կենարար սև հեղուկի բոլոր բաղադրիչները խառնած մոտեցավ գազօջախին, վառեց այն ու արդեն պատրաստվել էր հակազդելու իմպերիալիստական կեղեքիչ անարդարությաը, երբ շփոթված նկատեց գազի քնքուշ երկնագույնով բոցավառվելը։ Յաա՛, բարձրկալորիական երջանկության թրթուռը անցավ մարմնով․ մի՞թե իր գրած վեց դիմում-բողոքները հանրային ծառայությունները վերահսկող հանձնաժողովին տեղ են հասել ու էդ սրիկաները որոշել են ուղղել իրենց սխալը։ Ընտիր օր էր ուրվագծվում։

Պռնկեպռունկ սուրճով լի բաժակը ձեռքին, ծխախոտը մատների արանքում՝ դուրս եկավ բանուկ փողոցին նայող իր բաց բատշգամբ ու հոկտեմբերի վերջի համար տարօրինակորեն ջերմ օդը շոյեց նոլավոյ ճաղատ գլխամաշկը։ Իբր թե փորձում էր թարգել ծխելը, դրա համար սկզբից միշտ առանց վառելու էր մի քանի ղուլաբ տալիս, նոր միայն, լիովին համոզվելով, որ չէ, պետք է ծխվի՝ հանում էր կրակայրիչը։ Եվ ահա այն պահին, երբ ծխի գայթակղությանը տրվելու քաղցր անկումը պետք է համակեր թոքերը, նկատեց որ օրվա բացառիկության հիմնական նշանը փողոցից կտրված աղմուկն է – վերուվար անող ավտոների ու երթուղայինների այդ ֆոնային բզզոցի կտրուկ բացակայությունը։ Մի տեսակ հոգևոր խախանդությամբ էր լցրել տեսադաշտը, օդը ծավալ ու մարդամոտություն էր ստացել։ Սարերից գիշերն եկած օդն էր, առաց թունագազերի։ Իր դիտակետից մի հարյուր մետր ներքև ու մի յոթանասուն մետր վերև պարեկները փակել էին երթևեկությունը՝ ենթադրաբար դիմացի մայթով դեպի իր Արարատի տեսադաշտ սողացող նորակառույցներին կոյուղագծեր քաշելու համար։ Մի օր այդ երկաթբետոնե աշտարակները հասնելու էին նաև իրեն ու հավանաբար փակելու էին հարավային հորիզոնը, բայց էդ օրն էնքան հեռու էր թվում հիմա։ Պարեկների մեքենաների կապտակարմիր լուսային ազդանշանների առկայծումն ու ժամանակ առ ժամանակ վարորդներին բարձրախոսով հետ դառնալու կոչեր անող հրահագները ոչ միայն լարվածություն չէին առաջացնում Զորոյի առավոտվա մեջ, այլ հակառակը, ներշնչում էին վստահության, կայունության ու անվտանգության զգացումներ, դասավորվող, սիրունացող կյանքի հույս։ Ինչպիսի փառահեղ օր էր։

Ծխախոտը մի յոթ անգամ ներքաշեց զգուշությամբ, որ հանկարծ քամին չքշի մոխրե գլանը, ու երբ այն պատրաստ էր՝ անցավ իր առավոտյան արարողակարգի մյուս կարևոր դրվագին։ Պատշգամբի բազրիքին հենված՝ մի քիչ առաջ եկավ, ակնոցները ուղղեց քթի վրա, կարծես ֆոկուս բռնելով ու նշանառելուց հետո կտտացրեց այն ներքևի հարևանի բալկոնի ուղղությամբ՝ սրտատրոփ հետևելով օդի մեջ անկանոն պարող մոխրագնդին։ Շնչակտուր մեկ վայրկյանից այն բախվեց ներքևի պատշգամբի ժանգոտ բազրիքին, սառավ մի ակնթարթ, իսկ հետո համընթաց հողմն այն ամբողջությամբ քշեց դեպի ճիշտ նշանակետը՝ սփռելով սովետական ճաքճքած ու մգլած մետլախի մակերեսով մեկ։ Խորապես հիացավ իր վարպետության վրա։ Անցյալ սեպտեմբերից՝ ուղիղ տասներեք ամիս ու վեց օր այս տունը, կարելի է ասել, ուսանողական հանրակացարանի էր վերածվել։ Հիմնական վարձակալները ինչ-որ ցուրտը տարած տեղից՝ ոչ այն է Աշոցքից, ոչ այն է Վարդենիսից, կարմրամաշկ երկու լակոտ, ոչ այն է եղբայրներ, ոչ այն է զարմիկներ, ոչ այն է ընկերներ, բայց հաստատ՝ հանցակիցներ, մեկը կարճլիկ, խուճուճ, անկանոն մազերով, մյուսը բոյով՝ նիհար մարմնին անհամաչափ՝ բողկի պես կարմիրի ու սփրթնածի անցումներով կլոր թշերով։ Քանի անգամ բողկին տեսել էր լուսամուտից բիչոկներ, թթվասերի ափսեներ, ձվի կճեպներ, անգամ գարեջրի շիշ ցած նետելիս, իսկ խուճուճին՝ շենքի պատերին իբր սթրիթարտային գրություններ անելիս՝ ապրեն ապրողները, խոսիր անբարբառ, լռիր աղմկոտ, գրում եմ, ուրեմն կամ, ես այն եմ, ինչ գղկում եմ և այլ լոզոտ մանկամտություններ։ Բայց դա չարյաց փոքրագույնն էր, չարյաց մեծագույնը սրանց հավաքույթներն էին։ Շաբաթ չէր լինում, որ իրենց տարեկիցների, հնարավոր է նաև համագյուղացիների հետ քյասիբ-փարթիներ չանեին այստեղ։ Այդ անկանոն գրաֆիկով քեֆերի երեկոներն ու գիշերները իսկական դժոխքի էին վերածվում Զորոյի համար։ Բաց բալկոնում ութնյակներով անվերջ ծխողների հահա-հիհին գարեջրի թթվահոտի հետ ելնում էր վեր ու լցվում իր կյանք։ Մինչև ուշ գիշեր տևող ռուսական ժամանակավրեպ էստրադայի ու ալբանական էլեկտրոնային երաժշտության կասկածելի միքսով դըքցս-դըքցսները ընդլայնում էին բրեժնեվկաների միջպանելային ճեղքերն ու սպանում Զորոյի նյարդաբջիջներն ականջախեցուց մինչև հիպոտալամուս։ Ու հատկապես այդ նողկալի երեկոների մեխը՝ էն մարդամեկը, էն ռոմանտիկ միջին վիճակագրական շիրան, աղջիկների սիրտ խուժող քամի մականունով սկվազնյակը, որ միշտ բոլոր ժամանակների բոլոր տանուքեֆերին հայտնվում էր մի անկանխատեսելի պահի, այստեղ էլ՝ օ քամի, քամի փսլնքոտ երգի առաջին քառյակի հետ կիթառի վրա մի քանի ակորդ ծնգծնգացնել իմացող այդ մեկը, ահա հառնում էր բազմաձայն քաոսից։ Բոլորը վավաշոտ սսկվում էին ու նրա ժանգոտ պուբեռտատային տեմբռը մղկտացնում էր անգամ յոթերորդ մասիվի ագռավների կյանք տեսած սիրտը, որ չդիմանալով դարդին՝ զանգվածաբար չվում էին կենտրոն՝ Օպեռայի մերձակայքի սոսիների վրա գիշերելու։ Ահա այդպիսի երեկոներից մեկն էր եղել, երբ Զորոն պաշտոնապես, համակեցության կանոնները խախտելու այս ուսանողական բանդայի դեմ արել էր բողոքի առաջին ակցիան՝ աշխատասեղանի տակից կատաղության նոպայի մեջ կիսով չափ լի իր միզաշիշը վերցնելով ու ներքևի բալկոն-ծխարանի վրա հախուռն ցայելով։ Սա հայտարարված պատերազմ էր, մա՛հ անբարեկիրթ գեղցիներին, մահ անհարգալից եկվորներին, պղծե՛լ դրանց, փչացնե՛լ։ Երկրորդ մոխրե ականը նույնպես հասավ նշանակետին։ Իուֆ, լավ օր էր։

Թափուր աշխատատեղերի ու անշարժ գույքի առուվաճառքի հայտարարություններ, սկանվորդներ ու հորոսկոպներ տպող Փաթիլ շաբաթաթերթի փակվելուց հետո մի արանք անգործ մնաց։ Խնայողությունները սպառվեցին կես տարի անց գրավադրված Զենիթ ժամացույցով, թեթև պարտքերի տակ ընկավ։ Հետո խմբագրության տղերքից Գուգոն, որ բավական խելք էր ունեցել օնլայնի դարում կյանքը նորից դասավորելու համար, առաջարկեց մի գործ, որ տնից պետք էր անել, ինչը, սկզբից, ճիշտն ասած, սուտ լինելու պես հեշտ էր թվացել Զորոյին։ Բայց ընթացքում ինքն իրեն կարդացած, քաղաքականացված, հիմնականում մտավոր աշխատանքով իր հացը վաստակած մեկը համարելով՝ այս գործը ընդունեց ոչ թե որպես գործ՝ սոված չմնալու համար, այլ իրեն հարմար, ստեղծա-գործ, դե փողն էլ վատ չէր։ Ինտեռնետով գործ էր, ամեն չորեքշաբթի 15։00-ին տելեգրամյան «Համակցված անասնակերի մեծածախ վաճառք» էջում անասնակերի բազմազանության ու նրբությունների մասին փոստերի արանքում երեք րոպեով կարճ լուրի ոճով հաղորդագրության պես մի տեքստ էր հայտնվում։ Նրանում նկարագրվող փաստերը, բառապաշարը, թեզերը, պնդումները, ինտոնացիան օգտագործելով՝ պետք էր ամբողջ շաբաթ էդ թեմայով 8-20 հատ ստատուս գրել ֆեյսբուքում, տարբեր խմբերի ու էջերի հրապարակումների տակ, լայվերի ընթացքում այդ թեմայով ու այդ ոգով մեկնաբանություններ անել, կիսվել միամիտ կամ կանխամտածված այդ թեզերին համակիր ուրիշների գրառումներով։ Եթե մեկ կայծակ էր տեքստի վերջում, դա քանակական մի նշմար էր, եթե երկու կամ երեք կայծակ՝ ուրեմն պետք էր այդ քանակով ավելացնել հրապարակումների ու մեկնաբանությունների թիվը, եթե կայծակից բացի նաև խաչեր էին, ուրեմն նաև զգացմունքայնությունը։ Այդ առաջադրանք-մեսիջներն այնքան իրարից տարբեր ու այնքան իրար հակասող էին լինում հաճախ, որ Զորոն վստահ չէր, թե հատկապես որ քաղաքական, կամ տնտեսական խմբի, որ գործչի, աստղի կամ հեղինակության, անգամ որ երկրի ձեռից է հաց ուտում։ Դա էական էլ չէր, կարևորը՝ առանց փող էլ լիքը մարդ ճիշտ նույն կերպ ու նույն բաներն էր գրում, չնայած որ փողն էլ վատ չէր, ժամանակին էին տալիս, իսկ որոշ հինգ կայծականոց ու երեք խաչանոց շաբաթների իրոք կարգին թվաբանություն էր ստացվում։ Փոխանցումները գալիս էին երեքշաբթի Գուգոյի քարտից, ապրում էր։ Անգամ երկու տարի անց դուխ արեց ու երկու միլիոնի չափ ավանդ դրեց բանկում, երկու անգամ էլ գնաց ժամադրության․ փողով իհարկե, քանի որ իսկական ժամադրությունից երկու անգամով չէր պրծնի, իսկ դրա համար հավես ու առողջություն էր պետք՝ չեղած տեղից։

Չնայած էսօր չորեքշաբթի էր ու նոր առաջադրանքի սպասումը մանրից սպասման անհանգստություն պետք է դառնար՝ ամեն դեպքում էս լավ օրվա վայբը պահելու համար Զորոն որոշեց խանութ իջնել ու մի քանի համովություն առնել նախ՝ ճաշ, հետո՝ նաև ընթրիք պատրաստելու համար։ Եվ ահա, առավոտից արդեն որերորդ անգամ էդ վայբը անուշ սարսուռի պես արդեն անցած լինելով մաշկի վրայով՝ հանկարծ փոխարկվեց կատարյալ երանության։ Խանութ իջնելու համար վերջին՝ իններորդ հարկի իր շքամուտք դուրս գալիս, ամենայն վստահությամբ, որ վերելակը իր հարկ չի բարձրանալու, սովորականի պես անհույս սեղմեց կանչի կոճակն ու ուզում էր ոտքով իջնել ներքևի հարկեր, երբ՝ հոպ՝ լիֆտը, հեշտալի բացեց իր դռները Զորոյի առաջ։ Ո՞նց․ վերջին անգամ էս լիֆտը իր հարկ բարձրացել է Վանոյին ռոզիսկ հայտարարելու օրը, մի՞թե ժեկը սարքել է վերջապես։ Լա՛վ օր էր, լա՛վը հենց դրամատիկ կենցաղային մանրամասնություններով, որոնցից էլ բացառապես բաղկացած էր նրա կյանքը։

Մոտակա հին շենքերի միջակայքում ծվարած միակ խանութում, որպիսիք սովորաբար հենց այդպես էլ կոչվում են՝ Խանութ, Զորոյին միշտ սառն էին ընդունում։ Ամեն անգամ նա սևեռուն կերպով ստուգում էր ապրանքների ժամկետները, ու քիպ-քիպ մանրակրկիտ շարած կաթնամթերքի շարքերն էնքան էր քանդում, հետ ու առաջ անում, մինչև հետևներից հաներ ամենաթարմ, էսօրվա, երբեմն էլ՝ վաղվա մածունը կամ թթվասերը, կաթը կամ կաթնաշոռը։ Միայն էդ չէր, մի քանի անգամ նկատողություն էր արել հացաբուլկեղենի բաժնի վաճառողուհուն՝ օծանելիքով բուրելու համար։ Միրգ-բանջարեղենի բաժնի աղջկա երկար ու գույնզգույն շելակով եղունգները ճանկեր անվանելով՝ հորդորել էր կրճատել դրանք հիգիենայի նկատառումներով։ Մսամթերքի բաժնի շաբաթեշաբաթ գնդլիկացող աղջկան հորդորել էր չուտել վերամշակված միս ու առհասարակ նախապատվությունը տալ բանջարեղենին։ Սովորաբար ժամկետը անցնելուն մոտեցող կալբասեղենը ակցիայով Խանութից առնել, տուն տանելուն սովոր աղջկան սա հեչ դուր չէր եկել, լացելով վազել էր տնօրենի մոտ ու բողոքել, որ հաճախորդներն իրեն բոդի շեյմինգ են անում։ Ինչի վրա Խանութ անունով խանութի Տնօրեն անունով տնօրենի միտքը կախել էր պահի տակ։ Պարզ է, թե ոնց էին Զորոյին ընդունելու էդքանից հետո։

Իսկ էսօր Զորոն ներս մտավ իբրև Զորայր։ Անգամ՝ հայրենիքում մի որոշ բիզնես հաջողություններ գրանցած մարդամոտ սփյուռքահայի կայտառությամբ, իբրև՝ պարոն Զորայր, լայնեզր ժպտալով ու ամեն ոչնչության հետ խոսքի բռնվելու պատրաստ։ Գանձապահը, որն ամենից շատն էր զզվում Զորոյից, չեկերը սևեռուն մանրամանսությամբ ստուգելու ու երբեմն սխալմունքներ գտնելու առիթներով, չնկատելու տվեց այս տրիումֆալ մուտքը։ Միրգ-բանջարեղենի աղջիկը նույնպես սահուն քամակ արավ՝ իբր թոշնած բիբարներն է ջոկջոկում, իսկ, այ, մսամթերքի աղջիկը, որ ամենից թունոտը պետք է որ ընդուներ նրան, սիրալիր, ի սրտե ժպտաց անսպասելի, ասելով՝ բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Զորոյի հիսունն անց սիրտը անհանգիստ թպրտաց՝ լավ եմ, լավ եմ, դո՞ւք ինչպես եք, սիրուն ջան։ Աղջիկը, ասես խոսալու, կիսվելու կարիքից վառվող՝ ընտիր, էսօր շատ լավ օր ա, ու մինչ կպարզաբաներ, թե ինչու, Զորոն ընդհատեց՝ իրո՛ք, դու էլ ե՞ս նկատել, նկատելը որն ա՝ վեց ամիս էր էս օրվան էի սպասում՝ բուլկի դեմքին արդեն չտեղավորվող ժպիտը չռած՝ ասեց աղջիկը։ Բա ի՞նչ կուզեք, իմ բաժնից բան պետք չի՞, թե դուք կալբասեղեն չեք ուտում, ասեց համենայն դեպս ու սկսեց ծիծաղել։ Զորոն էլ ծիծաղակցեց նրան՝ քո սրտով մի բան տուր ազիզ ջան, ինչ ուզում ես, էս պաշինայից տա՞մ, հենց նոր ենք ստացել, տուր, տուր, կտրտի մի վեց կտոր․․․ ըմմ, լավ տասնմեկ։

Մի՞թե հնարավոր է, մի՞թե լինում է այդպես, որ էնքան որ հարմար դիրքով արթնանաս ու առանց էական ջանքերի ապրես նախկինում ապրածդ հազարավոր օրերից մեկը մի չնչին, բայց ամեն ինչ փոխող հանգամանքով՝ հաճույքով, երբ օրը ժամանակի մեջ գնում է սլլալով, ոնց թանկանոց կարագը  տաքացրած, խրխրթան հացի վրա։ Զորոյի մտքում առկայծեց էսօրվա ամենակարևոր միտքը, որ օրվա բերած ինքնաբուխ հաճույքները նկատողից պետք է դառնալ դրանք ընդունողն ու հրահրողը։ Այսպես, խմիչքների բաժնից անցնելիս հանապազօրյա ուտելիքներով բերնեբերան լի զամբյուղի մեջ առանց գնին նայելու իտալական շամպայնի մի շքեղ շիշ դրեց, նրանցից, որ արժանի են մարդկանց լավագույն օրերը Տոսկանայի կողմերը հասունացած փրփրուն գինու հրավառությամբ նշանավորելու համար։

Սովորականի պես լիֆտից իջավ ութերորդ հարկում․ կիսախավար շքամուտքի վերջում եկվոր ուսանողների որջն էր։ Ապրանքներով լի տոպրակը թողեց հենց լիֆտի մոտ, խանութից նոր գնած նոթատետրից մի էջ պոկեց ու վրան գրելով՝ Zorro, տոն, որը միշտ ձեզ հետ է՝ դրեց դռան առջևի ճենճոտ շորին, վրան՝ վարդագույն շամպայնի հանդիսավոր շիշը։ Հաջորդ հարկը բարձրացավ ոտքով, ինքն իր արածի շռայլությունից հուզված, արյան տաք շրջապտույտը սրտի ու որովայնի շրջանում զգալով, մտքում կրկնելով՝ հա դե երեխեք են, մենք էլ ենք եղել էդ տարիքում։

Բեկոնով ձվածեղը նոր էր կերել վերջացրել, երբ նկատեց ժամը, շտապով բացեց Տելեգրամն ու անասնակերի մասին վերջին գրառումները մի քանի րոպե թերթելուն պես ստացավ էսօրվա առաջադրանքը՝ «Քաղաքական, հասարակական գործիչ, ազգագրագետ Մոնիկա Փամբուկչյանն իր հարթ, ծանծաղ, հոնքերից վեր մի գծով կտրած սև սանրվածքով ու սարթ, հնդկացիական դեմքով ոչ թե ագռավի, մարդակեր վհուկի կամ քոնթի տռանսի է նման, այլ նման է իր կյանքը հանրային բարեկեցությանն ու իր ժողովրդին նվիրած, այդ ծանր բեռի տակ մաշված, նախաձեռնող ու ուժեղ կնոջ, որը զոհաբերել է իր անձնական կյանքը հանուն հանրայինի։ Ի դեպ, նրա արտաքինում ուրվագծվում է եգիպտական ակնարկը։ Նա մերօրյա Կլեոպատրան է, այո՛, հենց Կլեոպատրան։ Հայաստանում Մեքսիկայի դեսպանի հետ նրա տխուր և չստացված սիրո պատմությունը նույնպես հուշում է Կլեոպատրայի հետ նրա կենսագրության զուգահեռների մասին։ Ափսոս՝ դեսպանական տիտղոսից ու կնոջից հրաժարված պարոն դեսպանը Չիհուահուայում անժամանակ զոհվեց ավտովթարից՝ չահասցնելով վերադառնալ Երևան և երջանկացնել տիկին Մոնիկային։ Ի դեպ՝ եգիպտացիներն ու ինկերը տարբեր մայրցամաքներում, հազարամյակներ առաջ, իրարից անկախ բուրգեր են կառուցել, մի՞թե սա պատահականություն է»: Հինգ կայծակ ու հինգ սրտիկ խաչերի փոխարեն, այո՛։

Հրաշալի պատվեր էր։ Պետք չէր մտնել կեղտոտ քաղաքական բազառների մեջ ու հայհոյախառն զրպարտություններով թունավորել լրահոսը, սեփական արյունն ու անունը։ Ընդամենը պետք էր շոյել մի ծերացող ու միայնակ կնոջ անկում ապրած ինքնագնահատականն ու հանրային ռեյտինգի բարձրացման, նրա շուրջ խոսակցության ակտիվացման կերպով սնել հաջողակ ու խորհրդավոր լինելու նրա ինքնախաբեության ապացուցողական բազան։ Ընտիր աշխատանքային շաբաթ էր լինելու, ուր պետք էին գալու խաչբառեր կազմելու Զորոյի վաղեմի փեշակը՝ մակերեսային պատմական ու մշակութաբանական փաստերի իմացությամբ ու բազմակի խաղարկումներով։

Աշխատանքային մի քանի ժամերը թռան աննկատ, կայտառ ոգևորությամբ, ու արդեն տարիներով հղկված աշխատանքային ալգորիթմով Զորոն ձևակերպեց ամբողջ շաբաթվա հրապարակումների հիմնական թեզերը, մշակեց աշխատանքային պլան ու երբ դուրս էր եկել բալկոն, իբրև ինքնապարգևատրման վաստակած պարգև ծխելու, մտքով անցավ կյանքին ընդառաջ գնալու, կյանքի ու սիրո առաջ բացվելու կեսօրվա որոշումը։ Այ, կար մի վաղեմի սխալ, վրիպում, թե բացթողում, կոկորդում խրված մի թունոտ փուշ, որն արժեր հանել էսօր։ Անցյալ օգոստոսին, Ռուսաստանի Օրյոլ քաղաքում ապրող եղբոր փոքր տղան՝ Արծյոմիկը, ում հայկականությունից առկա էին միայն տանը լսած հատուկենտ հայկական բառերն ու սրճագույն աչքերը եզրագծող թանձր միաունքը, որոշել էր կյանքը դասավորել Հայաստանում ու եկել, ընդունվել էր Սլավոնական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետ։ Տանելի հանդուրժողականությամբ Զորոն երկու շաբաթ դիմացել էր իր տան սրբազան կենցաղը հիմնահատակ քանդած երիտասարդի ներկայությանը, հետո անուղղակի ակնարկներով, հոր մասին կծու հումորներով, տղայի անփորձությունն ու Հայաստան գալու որոշումը ծաղրող իբր կատակներով հասկացրել, որ, ախպեր ջան, եթե որոշել ես արկածներով լի կայացման ճանապարհ անցնել, ապա դա արա սեփական ոռի հաշվին։ Եթե հերդ արյոլ ա, ուրեմն դու էլ առլյոնըկ ես՞ )) Ես եմ արյոլը, արա, ես, հլա դուրս արի բալկոնս՝ տես ինչ արծվանիստ ա, հանրապետության կեսն իմ տեսադաշտում ա, ինձնից վեր մենակ հեռուստաշտարակն ա, թե չէ գնացել տունդրաներում ձեզ արյոլ եք զգում։

Ջահելը չէր դիմացել մենակյաց հորեղբոր կտտանքներին, շուտով ինչ-որ սևագործ էր ճարել նորաբաց ֆուդկոռտում, ուսանողական ընկերոջ հետ տուն էին վարձել ու տեղափոխվել էր։ Գնացել էր լուռ, հանկարծակի, երբ տանը մարդ չէր եղել՝ բանալու իր օրինակը դռան դիմացի շորի տակ թողնելով։ Հավաքել էր ոչ միայն իրերն, այլ նաև տունը՝ ավլել էր փոշիները, լվացել նախաճաշի ամանները․ կարծես ցանկանալով ի սպառ վերացնել իրեն Զորոյի կյանքից։ Զորոն թեթև սրտով էր տարել դատարկված տունը, թեպետ Ծյոմիկի ջահել մարմնի ու եռացող սեռի հավակնոտ որձահոտը մնացել էր ինքն իրեն մինչև վերջ ճանաչող այս բնակարանի արխիվահոտի մեջ ու շաբաթներ շարունակ չէր անցնում։

Զորոն գտավ տղայի համարն ու զանգեց։ Երեք անգամ երկար թողեց զանգի գվվոցը ու պատասխան չստացավ։ Երևի զբաղված է, կամ չի լսում․ ինքն իրեն հանգստացրեց ու զգաց, թե ոնց է կյանքի առաջ բացվելու, սրտի կակղելու վրա ջերմությունը բարձրանում ու հալում արյան անոթներին ներսից պատած խոլեստերինի թանձրուկները։ Որոշեց գրել։ «Тёмик джан, как ты дорогой? Готовлю арису, не хочешь приехать на ужин к дяде?» Այս տեքստը հայրական գորովանքի պարզ արտահայտություն կլիներ, իհարկե, եթե չլիներ ամիսներ ի վեր տղային գրված միակ նամակը։ Երկու կապույտ նշագծերը մատնեցին, որ նամակը կարդացված է։ Վայրկյաններ անց հետևեց պատասխանը՝ «Нихерассе».

Ջրի մեջ ընկղմված տաք երկաթի պես սիրտը մի վայրկյանում կրկվեց, քարացավ։ Օրը, որ նշանավորվել էր որպես լավիկը, հանկարծ ուշքի եկավ գլխապտույտից հետո հավասարակշռությունը գտածի հստակությամբ: Էդ պահին հարևանի երեխան սկսեց բարձր ոռնալ այս աշխարհում հայտնվելու իր անհարմարության սովորական ողբը։ Երթևեկությունը փողոցով վերականգնվեց ու թոքախտավոր գազելները սկսեցին խռխռալով հաղթահարել Նորքի բարձունքը։ Մսամթերքի բաժնի գնդլիկը իր վերջին աշխատանքային օրը երջանիկ հրաժեշտ տվեց խանութի գործընկերներին ու գնաց նշելու Կանադայի աշխատանքային վիզան, որի մասին էսօր առավոտյան մեյլ էր ստացել։ Լիֆտի վրա քաղաքապետարանից եկած հանձնաժողովը կպցրեց՝ «Վթարային» ցուցանակն ու զգուշացում, որ այն ենթակա չէ շահագործման։ Տիկին Փամբուկչյանը, սրտին մոտ ընդունելով փիարշիկների հորինած՝ իր՝ Կլեոպատրա լինելու թեզը, կենդանաբանական այգու պահակին իբր ֆոտոսեսիայի համար կաշառելով՝ մերկացավ սողունների տաք ձմեռանոցում ու ջարդեց կարմիրգրքային հայկական իժերի տեռարիումի ապակին։ Դա միայն առավոտյան պարզ կդառնար, իսկ հիմա, այս երեկո, ֆեյսբուքը որոճում էր գազի գնի 20% թանկացման անսպասելի հայտարարությունը։

Զորոն զզվեց ինքն իր թուլակամությունից, օդ բաների հավատալու իր միամտությունից, հույս ունենալու միաբջիջ մտավոր քյասիբությունից։ Ինքնանողկանքի այդ աստիճանից սիրտն ավելի սեղմեց, շունչը սկսեց չհերիքել, ոտքերում ու թևերում թուլություն զգաց։ Ուժերը գնահատելով՝ հասկացավ, որ ի վիճակի չի լինելու հասնել աշխատասեղանին դրված դիկտաֆոնին, որի վրա ձայնագրված-պատրաստ էր մենակյացի իր սրամիտ գյուտը՝ շտապ օգնություն կանչելու հաղորդագրությունը՝ այն դեպքերի համար, երբ ինքը ի վիճակի չլիներ խոսել․ «Հարգելի շտապ օգնության օպերատոր, եթե դուք լսում եք այս հաղորդագրությունը, ուրեմն ես՝ Զորայր Գևորգյանս, ծնված 1969 թվականին, բնակվող Վիլնյուսի 79, բնակարան 35 հասցեում, ի վիճակի չեմ ինքնուրույն խոսել ձեզ հետ վատ ինքնազգացողության պատճառով, խնդրում եմ բրիգադ ուղարկել, դուռը թող չջարդեն, դռան կողքի պահարանի տակ բանալի կա»։ Բայց բանը դրան չհասավ, ուրիշներից օգնություն խնդրելու անհնարինությունը նրան ուժերի նոր ներարկում տվեց, հանգստացավ, խորը շունչ քաշեց, սրտի ծակոցն արդեն էդքան անտանելի չէր։

Իր ճանաչած, ընդունած իրականություն հետվայրէջք կատարելուց հետո հանկարծ հիշեց ութերորդ հարկում իբրև հանդուրժողականության ու բացսրտության թսիկ ժեստ թողնված շամպայնը։ Այն անպատեհ մարդկայնության, ջերմության, միգուցե հնարավոր բարեկամության առիթ կարող էր հանդիսանալ, բաներ, որոնցից տարիներ շարունակ վրիպեցրել էր ինքն իր կյանքը ու վաստակել սարթ ու կայուն ինքնաբավության դիմադրողականություն։ Արժե՞ր արդյոք ինչ-որ հավայի դեմքերի պատճառով տանուլ տալ հստակ ընտրությամբ կայացած այս ճանապարհը։ Նայեց լուսամուտին՝ մթնում էր։ Անպատկառ ուսանողները հավանաբար դեռ տուն չէին հասել, հույս ուներ, որ չեն հասել, ու որոշեց իջնել, անաղմուկ հետ վերցնել իր ղզիկ, պարտվողական ժեստի այդ նշանը։

Երբ դռան մոտ տնային հողաթափերը փոխում էր կոշիկների, աստիճաններից շտապով իջնելու ուժեղ ոտնաձայներ լսեց, դուռը բացեց արագ ու տեսավ իր դռան առջև տաք քաքի երեք անկանոն բլրակ, որ հպարտորեն հառնում էին մեզի հեղեղի միջից, իսկ դռան վրա կպցված թղթի վրա գրություն էր՝ «Ունայնության գետեր, վշտի բլուրներ»։ Չկատաղեց, չկոտրվեց ավելի, ոստիկանություն կանչելու չնետեց իրեն, հակառակը, գոհունակ ու հանգիստ գարշահոտ գոլորշիների հետ ներշնչեց հին հուն վերադարձող կյանքի ողջ կանխատեսելի հմայքը։ Երևակայեց, թե ջահելները ինչպես են իր բարեկամության ու համերաշխության ակնարկը գնահատել իբրև տրոյական ձի։ Ինքն էլ իր մտքում պատկերացրեց, թե ոնց կարող էր հին դետեկտիվների պես շամպայնի խցանի միջից շպրիցով կալիումի ցիանիդ ներարկած լինել ու չի արել, իսկ ջահելները, բարեբախտաբար որոշել էին բռնությամբ կորզել իրենց մահվան դատապարտել ուզեցող հիվանդ բիձու առնվազն բարոյական ջախջախումը։

Զորոն սկսեց համամետական վերլուծություն անել, գուշակելու համար, թե որ բլրակը ումն էր՝ ահա, ձախից աջ, ակնհայտ է՝ Բողկը, Քամին ու Խուճուճը, գրությունն էլ էր երևի Խուճուճի երկունքը։ Ատամները սեղմած դիմանալու այն կյանքը, որին ինքն իրեն պատրաստել էր արդեն կես դար՝ վերադառնում էր։ Չէ, ամեն դեպքում լավ օր էր։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *