Էմմա Տեր-Հովհաննիսյան | Ո՞ւր ես…

***
Ես կակտուս էի,
դու ինձ մոտենալ
այդպես էլ չսովորեցիր,
ես մնացի ուղեղիդ կողքին դրված՝
մտքերիդ վատ ճառագայթները
կուլ տալու համար։
Ես կակտուս էի,
ում արմատների համար
ծաղկամանն արդեն փոքր էր,
դու նույն վախկոտն էիր,
որ մատների ծակոցների վախից
անտեսեց նեղվածությունս։
Կործանվում էի մտքերիդ ճառագայթներից,
բայց ուղեղումդ գաղտնագրված
օազիսներ կային,
որոնց մոտենալու համար
ձեռնոցներ պետք չէին։
Ծաղկամանը փոքր է.
գոնե թույլ տուր
մի ողջ կյանք հավաքած
զգացմունքների պաշարով,
ծաղկել վերջին ու միակ անգամ…

 

***
Ինչ-որ մեկը մտածել է քեզ,
մյուսը մտքում գծել աչքերդ,
մեկ ուրիշը որոշել մազերիդ գույնն
ու թարթիչներիդ քանակը։

Հետո դադարել են քո մասին մտածելուց,
քեզ հորինելուց
մնացել ես անանուն,
անհոգի ու անկենդան։
«Ես»-դ հորինելով կիսատ են թողել ,
որ քեզ կարողանամ սիրել,
անկենդանությունդ թույլ չտա զգալ
ուզենաս գոնե դու սիրել,
իսկ առանց հոգի հնարավոր է՞
նայեն աչքերիդ
ու անունդ շշնջան-անանուն…
Քո կիսատությունը
իմ լրիվության չափն է,
Ես դառնում եմ ինչ-որ մեկը
ու մտածում քո մասին,
վերցրու անունս,
հոգիս,
կենդանությունս
ինձ պետք չեն…

 

***
Ամաչում եմ…
Աշխարհում ավելի մեծ ցավեր կան,
իսկ ե՞ս,
ես հիմարաբար կարծում էի,
թե՝ իմ ցավը մահացու է։
Գրում եմ, այդ «մահացու» ցավով։
Իմ բոլոր գրածները այն մեկի համար են,
այն միակի, ով վերջին հաշվով չգիտի
իմ գոյության մասին,
չի կարդացել նույնիսկ մի բառ,
ու չի քրտնել,
ո՛չ կարոտից,
ոչ էլ իրեն՝ տողերիս մեջ գտնելուց.
էլ չգրե՞մ,
թե՞ դադարեմ ամաչելուց…

 

***
Եղունգներիս ծայրերին
ավարտվում է գոյությունդ,
որոշել եմ չկտրել դրանք,
քեզ երկա՜ր ունենալու համար…
Էս անտեր կարոտի սարքը
ճզմում, քամում է ինձ,
ես մանգո չեմ։
Էսօր խնջույքի էինք հրավիրված՝
ես ու եղունգներս,
որոնց ծայրերին նստած ես դու,
Չխմեցի…
գլուխս ցավում էր,
երեկ կարոտահյութի շշեր էի դատարկել.
կարոտահյութից համ չեմ առնում,
բայց մի տեսակ հեռավորություն է բուրում,
Հարբեցնող բույր է…
ծարավ եմ,
եղունգներիս երկարության
ու քո պատճառով
չեմ կարողանա վերցնել բաժակը,
ի՞նչ անեմ
քեզ կտրե՞մ կյանքիցս
թե խեղդվե՞մ:

 

***

Ծխախոտից մնաց մոխիր մոխրամանում
ու լյարդում գուցե՝ ցերոզ,
իսկ քեզնից ի՞նչ մնաց.
չգիտեմ։
Դու հայելիների մեջ անհետացար՝
ատամներդ սեղմած,
դիմագծերիդ դաջած
հայացքիդ խստությունը։
Մկանների լարումից դեմքդ կնճռոտվեց,
բայց ատամներիդ ցուցադրությամբ
փորձեցիր քեզ համոզել,
որ ժպտալ գիտես։
Իսկ ե՞ս,
ես ինձ ստիպեցի հավատալ,
որ ամեն ինչ լավ է,
որովհետև ես առաջինը չեմ,
գրողը տանի ոչ էլ վերջինն եմ,
այս բազմության մեջ,
որ կապկպված է
մենակության զսպաշապիկով։

 

***

Քաղաքը դատարկվել է,
բայց ավելի է դատարկվելու քեզնով,
երբ հեռվանաս.
քեզնից ես պակասված եմ,
քչացած եմ ու կիսատված
լույսերը սպասվածից շուտ են անջատվում
ասես վառված չեն էլ եղել։
Չկաս…
Ու քաղաքը ամեն օր բացակա է դնում,
հոգնել է զիջելուց,
ախր անփույթ աշակերտ դուրս եկար…
Լույսերը վաղուց մարված են,
հանգում եմ արդեն…
ու՞ր ես:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *