Մհեր Իսրայելյան | Ուրիշ Բելգիա

Ֆուտբոլի աշխարհի խաղերին Մարոկկոյից կրած Բելգիայի ծանր պարտությունից հետո, երբ Բրյուսելի փաբերից մեկում ծվարած պատկառելի բեղ-մորուսով բելգիացի տղամարդը ատամները կրճտացնելով խեղճացած կուլ էր տալիս նվաստացումն ու բելգիական ոսկե սերնդի խայտառակ տապալումը, իսկ արաբներն աթոռներն էին ջարդուփշուր անում ու հենց մայրաքաղաքի փողոցներում ՆԱՏՕ-ի ու Եվրամիության քթի տակ ավտոմեքենա վառում, սիրտս ճմլվեց Փոքրիկի համար։ Ու քանի որ սիրտս ճմլվեց, ու Փոքրիկն էլ մխիթարության կարիք ուներ, որոշեցի տրվել հիշողությունների բերկրանքին ու ծվեն-ծվեն նշխարի պես փայփայելով փրկել միասին անցկացրած կյանքի ինչ-ինչ պատառիկներ, որ գուցե կապ էլ չունեն նրա հետ և կարող են զուտ գրողական հավակնության զեղումներ դիտարկվել։ Նախօրոք հայցում եմ հայրենակիցներիս ներողամտությունը մեր փոքրիկին թողած ուրիշ փոքրիկի փաղաքշելու համար՝ խոստանալով առաջիկայում փարատել նրանց արդարացի զայրույթը։
Բելգիայի անունը լսելիս աշխարհի աչքաբաց մարդու քիմքը շոկոլադի համից քաղցրանում է, գարեջրի սիրահարինը՝ թթվաշանում, որկրամոլի աչքին էլ ֆրի ու վաֆլի են լող տալիս։ Հայ գրասերը երևի Դանիել Վարուժանին է հիշում, որ Լոնդոն ու Փարիզ թողած, հայի հետին խելքի հորդորին հլու գնաց գողտրիկ Գենտի համալսարանում ուսանելու, ֆուտբոլասերի էլ աչքերն են հավանաբար փայլում, բելգիական ոսկե սերնդի վառ աստղերին մտաբերելիս (միտումնավոր մոռանալով վերջին ձախողումը)։ Որպես չամիչ էլ, հանուն երաժշտասերների, չմոռանանք Ժակ Բրելի հոգեպարար մեղեդին, ում սկավառակը ժամանակին խոստացա, բայց այդպես էլ չուղարկեցի մի լավ ընկերոջ, որ, հանուն արդարության պիտի խոստովանեմ՝ մեծահոգաբար ներեց ինձ։ Կարծում եմ սխալված չենք լինի, եթե ասենք, որ աշխարհի միջին վիճակագրական մարդու պատկերացումը Փոքրիկի մասին այսքանով էլ սահմանափակվում է, ու միանգամից էլ կարձանագրենք, որ միջին վիճակագրական մարդը չարաչար սխալվում է։ Փոքրիկը ինչքան գետնի երեսին է, հազար էդքան էլ՝ գետնի տակ, հայերեն ասած։ Ուրիշ Բելգիա էլ կա։
– Ամեն ուրբաթ գարեջրի օր ենք սահմանում,- ասում էր իմ ընկերը, ում, թեև հասարակ ձկնորս տղա էր, պատմվածքում Գնդապետ կկոչեմ՝ ի նշանավորումն իր ռազմահայրենասիրական նկրտումների։
– Ընդամենը հինգ գավաթ,- ասեղը թելում էր մյուս ընկերս, ում, թեև ինժեներ տղա էր, պատմվածքում Դեսպան կկոչեմ՝ ի հաստատումն իր աշխարհաքաղաքական ծանրակշիռ գիտելիքների։
Հինգ գավաթ գարեջուր՝ պարտադիր Լեֆֆ Բլոնդ, և Փոքրիկի գաղտնիքը համարյա բացահայտված է, էլ ինչ Էրքյուլ Պուարո, ինչ բան։ Պարզ ու հասարակ բաղադրատոմս։ Այնինչ եթե ժամանակին անսայի ընկերոջս խորհրդին ու գնեի Բրելի սկավառակը, գուցե լսեի նրա «Հարթ երկիր» երգը, ու էլ բացահայտելու կարիք էլ չլիներ: Միանգամից կիմանայինք, որ վանքերն են այդ երկրի միակ լեռները, ու սև զանգակատները՝ երկրի կայմերը, պատկերավոր ասած։ Երևի հասկանայինք, որ այդ լեռներում են եփում կախարդական հեղուկը։ Անշուշտ կիմանայինք նաև, որ երկինքն այնքան ցածր է, որ խառնվում է գետի ջրերին, որ քամին կարող է ծիծաղել, անձրևն էլ երգել ու էլի շատ-շատ բաներ։ Բայց քանի որ չգիտեինք, ստիպված էինք լինելու ինքներս քրտինք թափել։

 

Փոքրիկի բացահայտման դիպված համար մեկ․

Եվ այսպես, ուրբաթ օրվա խորհրդին հարիր սովորականի պես ընդունեցինք չափաբաժինը ու, ինչպես իմ ինժեներ ընկեր Դեսպանն էր ասում, սովորականի պես ուղիղ տուն, բայց ոչ ուղղիչ-աշխատանքային։ Ու քանի որ այդ օրը երկինքը ցածրից էլ ցածր էր, ու մգից էլ մուգ, դեռ տուն չհասած՝ հնչեց Գնդապետի հեռախոսի ահազանգը․
– Չե-պե ունենք, հասեք ՆԱՏՕ-ի խաչմերուկ։
Րոպեական տեղ հասնելուն պես ականատես եղանք կինոյի արժանի մի տեսարանի․ արաբ տղան մոտոցիկլետի քթով խփել էր Գնդապետի մեքենային ու թափքի վրայով գլուխկոնծի տալով՝ բարեհաջող վայրէջք կատարել Բելգիո հողի վրա՝ մեջքի վրա փռվելով դռան կողքը։ Դատելով թեթև թնթնկոցներից՝ ոտքն էր ցավում, գուցե կոտրվել էր, բայց նա ոստիկանության սպայի հրահանգով խելոք պառկել էր, մինչ շտապ օգնությունը տեղ կհասնի։ Ոստիկանության երեք սպաները, մեկը կին, երկուսը տղամարդ, գենդերային հավասարության սկզբունքին համահունչ, զվարթ անում էին ընթացակարգով նախատեսված առտնին գործողությունները։ Դե գիտեք` վիրավորը արաբ տղա էր, ում ցեղակիցները ոստիկանների ու նրանց ցեղակիցների կյանքը կերել-թողել էին, ոտքն էլ կոտրված լինի, աշխարհը շուռ չի գա, տո պետք լինի մի երկու հայրական ճլոտի էլ իրենք կտան, զուտ դաստիարակչական նպատակով։ Աշխարհը շուռ չի գա, եթե նույնիսկ պարզվի Գնդապետը խախտել է արյան մեջ կես միլիգրամ ալկոհոլի թույլատրելի սահմանը ու դատելով չափիչ սարքի ցուցմունքից, որի մեջ լիաթոք, զինվորական պատվախնդրությամբ փչել էր Գնդապետը՝ վարորդն այնքան հարբած էր, որ բելգիական չափանիշներով, պիտի վաղուց, դեռ մինչև վթարը վերակենդանացման բաժանմունքում լիներ՝ ալկոհոլային սուր թունավորում ախտորոշմամբ։
– Ներկայացեք խնդրում եմ, անուն-ազգանուն, քաղաքացիություն, մասնագիտություն,- հրահանգում է ոստիկանության սպան։
– Վարդան Դսեղյան, ձկնորս, Հայաստանի Հանրապետություն,-ներկայանում է Գնդապետը։
– Մի փոքր ալկոհոլ եք կարծես թե օգտագործել,- մեղմ երանգով հարցնում է ոստիկանը։
– Ընդամենը հինգ գավաթ, Լեֆֆ, ընկերներով Բելգիան ենք բացահայտում,- լեզուն փաթ ընկնելով՝ պատմում է Գնդապետը,- սև զանգակատների երկիրը, ուր․․․
– Իսկ դո՞ւք գիտեք, որ այս տարի Բելգիայում ծնված երեխաների ամենատարածված անունը Մուհամեդն է եղել,-մեջ է ընկնում օգնության հասած ինժեներ ընկերս՝ Դեսպանը,-ու մուսուլմանների թիվը անցել է բնակչության հինգ տոկոսի շեմը, որ ազգային անվտանգության ծառայությունների համար կարմիր գիծ է համարվում։
Մինչ ոստիկանների եռյակը խառնվում է իրար ու ինչ-որ բան քչփչում, արաբ տղան, երևի Ալլահի ողորմածությունից ու ողջ մնալու բարեբախտությունից ոգևորված, հանում է հեռախոսը և մեջքի վրա պառկած սկսում աշխույժ «սելֆի» անել, կամ գուցե «լայվ» մտնել։ Շանը կապի, ոստիկաններին բաց թող․ այնպես են գոռգոռում խեղճ տղայի վրա, ասես զինված հարձակում է գործել անմեղ բելգիացիների դեմ։ Ինչքան հասկանում ենք նյարդայնացած ոստիկանի ֆրանսերենից՝ այդ ո՞վ է ոմն արաբը, որ հերիք չի եկել է իրենց երկիր, մի հատ էլ չի հարգում օրենքը, խանգարում է ոստիկանության բնականոն աշխատանքը, խախտում հասարակական կարգը, տեսախցիկ է օգտագործում դեպքի վայրում, սպառնում հետիոտների անվտանգությանը և նման այլ անհեթեթ բաներ։
– Մեղր ունե՞ք,- տղայի վրա մատ թափ տալուց ու մի փոքր հանդարտվելուց հետո մեզ է դառնում ոստիկանը։
– Ի՞նչ,- հարցից համարյա թե սթափված միաբերան հարցնում ենք մենք՝ Գնդապետը, Դեսպանն ու ես, հինգ գավաթ գարեջուրը ասես վայրկենական ջուր դարձած, այն էլ ինչ գարեջուր՝ վանականների թորած մաքրամաքուր Լեֆֆ, վեցուկես տոկոսանոց։
– Մեղր, ֆրանսերեն չե՞մ ասում,- ծիծաղը ատամի տակ զսպելով՝ հարցնում է ոստիկանը։
Ինչ գլուխներդ ցավեցնեմ, ոստիկանը խորհուրդ է տալիս մոտակա խանութից երկու-երեք հարյուր գրամ մեղր գնել, մեկ լիտր ջուր, տալ Գնդապետին ուտել-խմելու, անպայման մեծ-մեծ կումերով, և տասնհինգ րոպեից մոտենալ՝ ալկոհոլի ցուցիչի սարքը նորից փչելու։
– Զրո տոկոս, փորձված է,- աչքով է անում մեզ։
Ինչ գլուխներդ արդուկեմ, Գնդապետին կերկոխ ենք անում, ինքն էլ մանկուց մեղրից ու մաննի-կաշայից զզվող մարդ՝ ձեռն ի՞նչ ճար կա, օրինապաշտ քաղաքացի, ոստիկանն ասել է՝ պիտի անի, ործկալով-բանով մի կերպ հետ ենք գալիս, ու էս ոստիկանը թե բա․
– Էլ փչել պետք չի, զեկույցում գրեցինք, որ միայն ըմպանում կա ալկոհոլի չնչին չափաբաժին, կես միլիգրամ։ Բելգիան դեռ չի մեռել, Բելգիան այդքան էլ հարթ չի, ինչքան թվում է,-հանդիսավորությամբ հնչեցնում է նա՝ հանց ազգային հերոսի թփթփացնելով Գնդապետի ուսին,- շաբաթ-կիրակի լավ ձուկ կա հյուսիսում, եթե անձրև չգա։ Էս հարավից եկածները թող մի քիչ թպրտան, մի օր կարթը կգցենք։
– Բոն-ուիքենդ, մսյո,- միաբերան մաղթում ենք մենք։
Այ դու Բելգիա։ Այ դու փոքրիկ։ Այ դու երկիր, ուր երկինքն այնքան ցածր է, որ խառնվում է գետի ջրերին, ուր քամին շաղախվում է ծիծաղին ու հացին։

 

Փոքրիկի բացահայտման դիպված համար երկու․

Բելգիայում, ինչպես աշխարհի ցանկացած երկրում, կան օտարազգիներ։ Բայց Բելգիայի օտար տղերքը ուրիշ են, թեև աղջիկներն էլ շաքար չեն։ Մի քիչ խառնիճաղանջ են, մի քիչ բազմակրոն, բազմագույն ու բազմալեզու։ Կան մտքի ու մարմնի կասկածով համակված փոքրամասնություններ, կան մարդիկ, որ Բելգիայի մեծահոգությանը փարվելով՝ հայրենիք են փորձում հունցել։ Մի խոսքով, իսկը դրախտ կողմնորոշված և նույնիսկ չկողմնորոշված մարդու համար, ընմբոշխնիր կյանքը որքան կարող ես։ Իմ փոքրիկ Բելգիա, իմ հարթ երկիր, ուր մառախուղը գալիս ու միտք էլ չունի գնալու։
Փոքրիկի բացահայտման երկրորդ դիպվածը տեղի ունեցավ մի ամառային անձրևոտ օր, երբ մտաբերելով ոստիկանի խորհուրդը՝ որոշեցինք գնալ ձկի։ Անձրևն այնքան թանձր էր, որ շշուկով խոսելիս ոչինչ չէր լսվի, ինչպես կերգեր վաղամեռիկ հանճարը։ Ես էի, իմ ձկնորս ու ինժեներ ախպերներն էին, անձրևի տակ դանդաղ ու զգույշ մեքենան վարելով՝ գնում էինք ձկի, մեկ էլ ի՞նչ տեսնենք, որ լավ լինի։ Մի արաբ տղա, որ շշուկով խոսելու մասին չէր էլ մտածում, մի արաբ աղջկա մազերից քաշելով՝ գցել է գետնին ու անձրևաջրերի միջով քարշ է տալիս, մեկ-մեկ էլ ապտակում ու լուտանքներ թափում գլխին։ Որ ասում եմ արաբ աղջիկ, հանկարծ չմտածեք թե հիջաբի մեջ խեղդված համեստ էակ էր, ընդհակառակը՝ կարճ շրջազգեստով, խոր լանջաբացվածքով հյութեղ բարեմասնություններն ի ցույց հանած, շպարը տեղը տեղին մի գեղեցկուհի։ Իսկ որ արաբ էր, հասկացանք պարզապես արաբ տղայի արաբերեն հայհոյանքներին արաբերեն պատասխանելու տվայտանքներից։ Այ իսկական հիջաբովը մի հասուն արաբ կին էր, որ փորձում էր աղջկան ազատել տղայի ճիրաններից։ Դե, հասկանում եք՝ ոչ Գնդապետը, ոչ Դեսպանը, ոչ մանավանդ ես բռնություն չենք հանդուրժում։ Մեքենայի ազդանշանով փորձելով շեղել տղայի ուշադրությունը՝ այն է ուզում էինք կանգնել և նետվել փրկության, երբ հայտնվեց գլխավոր հերոսը, կինոյի տղան։ Ժանրի օրենքին համաձայն նկարագրեմ նրա կերպարանքը․ երկար, հնարավորինս գզգզված մազերով, փնթի, հնարավորինս ճղճղված ջինսերով մի տղա, որ քթի տակ սուլելով ու անձրևի տակ ճեմելով՝ քայլում էր մայթեզրին, այնպես անվրդով արհամարհելով բնության այդ աստվածատուր երևույթը, ինչպես միայն բելգիացին կարող էր։ Պատմվածքում նրան պայմանականորեն կկոչեմ Հիպի։
Բայց մինչ այդ համառոտ կներկայացնեմ մեր ներքին խոհանոցի ինչ-ինչ վարկածներ, որ ծնվեցին մեքենայի մեջ։
– Էս աղջիկը երևի էդ տղայի նշանածը կլինի,- ենթադրեցի ես,-շատ սիրելուց էլ ծեծում ա։
– Չէ, երևի պատահական քած կլինի, որ գործը լավ չի արել ու հարուցել տղայի զայրույթը,- ենթադրեց իմ ձկնորս ընկեր Գնդապետը։
– Կյանքից բան չեք հասկանում, պարզ չի՞, որ քույրը կլինի,-եզրափակեց իմ ինժեներ ընկեր Դեսպանը, որ աշխարհաքաղաքական հարցերից մեզնից մի քիչ լավ էր հասկանում։
– Էդ հիջաբով կինն էլ վայթե աղջկա մայրը լինի,- ենթադրեցի ես։
– Չէ, տղայի մայրը,- ինձ ուղղեց Գնդապետը։
– Պարզ չի, որ քույր-եղբայր են, ուրեմն՝ երկուսի մայրը,-եզրափակեց Դեսպանը, որ աշխարհաքաղաքական հարցերից մեզնից ահագին լավ էր հասկանում։
Թե ով ում բարեկամն էր, Հիպիին բնավ չէր հետաքրքրում։ Հիպին Փոքրիկի, իր սիրելի Բելգիայի արժանապատվության տերն էր։ Տեսնելով նողկալի տեսարանը՝ Հիպին առանց տանել- բերելու Մայք Թայսոնին վայել բռունցքի մի շեղակի հարվածով այնպես հասցրեց արաբի ծնոտին, որ անակնկալի եկած տղան աչքն էլ չհասցրեց թարթել, պարզապես բերանքսիվայր տապալվեց գետնին, քիթ-բերնից ժայթքած արնաջրերն էլ անձրևին շաղախված սկսեցին հոսել փողոցն ի վար։ Մենք էլ, աղջկան ասպետաբար փրկելու փոխարեն, արդեն ստիպված էինք լինելու Հիպիին փրկել։ Դեսպանն ինչպես միշտ ճիշտ էր, արաբ տղան չէր հանդուրժել իր քրոջ կարճ շրջազգեստը, իսկ անպատկառ լանջաբացվածքը տեսնելով՝ արյունը խփել էր գլխին ու որոշել էր ի պաշտպանություն ազգային արժեքների, մի փոքր դաս տալ հանդուգնին։ Ինչ իմանար, որ մի ոմն Հիպի էլ իր ազգային արժեքներն է փորձելու պաշտպանել։ Ու հիմա, մայր ու աղջիկ մագիլները սրած, մեկը որդու, մյուսը եղբոր վրեժը լուծելու մոլուցքով հարձակվել էին խեղճ Հիպիի վրա՝ աչքերը հանելու անսասան վճռականությամբ։ Ոչ մի կասկած չկար, սա հարձակում էր Բելգիայի վրա, ու մենք պարտավոր էինք պաշտպանել մեզ ժամանակին գրկաբաց ընդունած Փոքրիկին, ուստի այլ բան չէր մնում անելու, քան Հիպիին ավտոն գցած փախցնել նորօրյա արաբական արշավանքի դատաստանից։ Տեսնես արաբ տղան, ում անունը թերևս Մուհամեդ էր, ուշքի՞ եկավ, տեսնես աչքերը բացելով ուշագնացության թմբիրից՝ հասկացա՞վ, որ Բելգիան դեռ չի մեռել։ Լավ էլ ձկան օր ստացվեց։ Ոստիկանը երիցս ճիշտ էր, Հիպին գցել էր կարթը ու բռնել կեռիկից անհուսորեն թպրտացող հարավային ջրերի բերած ձկանը, երևի Մուհամեդ անունով։
Այ դու Բելգիա, այ դու Փոքրիկ։ Այ դու երկիր, ուր քարե չարքերն են ամպեր իջեցնում, ու անձրևներն են բարի օր մաղթում։ Ականջդ կանչի, սիրելի երգիչ։

Իհարկե, Բելգիայի բացահայտման դիպվածներ հետո էլ շատ եղան, սակայն ընթերցողի համբերատարությունը չչարաշահելու մտահոգությունս հուշում է ինձ առայժմ սահմանափակվել այսքանով։ Իսկ մինչ մենք Ժակ Բրելի օգնությամբ իբր Բելգիան էինք բացահայտում, առաջին, երկրորդ և մնացած դիպվածները կցմցում իրար, Բրյուսելի կենտրոնում հայտնի Մանեկեն Պիսը՝ Չիշիկ Անող Տղան, հորդառատ անձրևի տակ անվրդով կանգնած հանգիստ իր չիշիկն էր անում ու քթի տակ ծվծվում.
– Բոլորին հիշիք, ինձ` չիշիկ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *