Եղիշե Չարենց | Ութնյակններ արևին

Եղիշե Չարենց Նետե՜լ է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա.
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք։
Վառվել է երկնքում հակինթ
Ու ծորում է արյունը յուր կեզ,—
Զոհվե՜լ է երկնքում վճիտ.—
Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ.

 

***
Այն արև՜ն է` կարմի՛ր ու հասուն,
Կախվել է, որպես վառ մի միրգ,
Կարոտող շրթեր է ուզում,
Բորբոքում է գրգիռ ու կիրք:
Շոգ շրթեր ու կոնքեր է ուզում,
Գգվանքներ արնաքամ ու տաք, –
Այն արևն է` կարմիր ու հասուն,
– Ինչքան լա՛վ է հատնումը հստակ:

 

***
Աղջկա կոնքերի նման
Երազուն, կիզուն ու հասուն`
Վառվում է արևի ծնծղան
Աշխարհի անհո՛ւն երազում:
Դաշտերից նժույգներ են վազում,
Վրնջում են կրքոտ ու վառ, –
Աղջիկները չար խոսք են ասում –
Ու խնդում Է արևը խելառ…

 

***

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է` միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՜ր ու գնա՜:
Մոխրացի՜ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, –
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս` վառվի՜ր ու գնա՜:

 

***
Տեսնում եմ` արևի վրա
Վրնջում են ձիեր ոսկենալ,
Մերկացել են աղջիկները խելառ,
Ու ծծում են շրթերը նրա:
Բորբոքվել են շրթերը շոգ,
Համբուրում, բուրում են կեզ,
Վախենում են – մնան անշող. –
– Ախ, այնպե՛ս ուզում եմ – քեզ:

 

***
Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն –
Արևի տապն է հոսում,
Ինչպես շոգ, ճնշող ոսկի:
Ախ, հոգիս մի նո՛ր խոսքի
Արևոտ շունչ է կիզում –
Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն:

 

***
Ես գիտեմ՝ արևի վրա
Հավաքվում է վերք ու ժանգ,
Հատնումի տոթ մի հոսանք –
Անհատնում, ա՜լ մի քուրա:
Հատնելով լույսը իրա
Արնոտում է կուրծք ու ծիծ. –
Ինչ կանես – արնով արա՜,
Թող լինի՜ վե՛րք ու քրքիջ:

 

***

Արնակեզ, սուր մի նիզակ
Զարկեցի ալ վահանիդ. –
Աշխարհքում էլ ի՞նչ կանի
Իմ հոգին փառք ու պսակ:
Դու արև, վառ մի նշան,
Իմ հոգում գամված մի նիշ, –
Միայն դո՜ւ, լույս ու շուշան –
Եվ չկա ո՜չ մի ուրիշ:

 

***
Կարծես ես ճամփա եմ ընկել
Երկնքի դաշտերում կապույտ
Ու գնում եմ, զվարթ ու անփույթ,
Եվ ունեմ լուսե մի ընկեր:
Նա և՜ կին է, և՜ քույր, և՜ հոգի,
Այրվում և այրում է խենթ.
Խառնվել եմ կյանքին ամենքի –
Եվ իմ կյանքը հրա՛շք է ու տենդ:

 

***
Իմ ուղեղը բորբոք, կրակուն`
Ալ գծեր ծփծփան, հուրհուր.
Լափլիզում, սրբում է մի հուր
Իմ ուղեղը բորբոք, կրակուն:
Հղանում են դեմքեր ոսկեման,
Գալարվում են կրքեր բորբոք, –
Ախ, ուղեղս – ա՜րև ալվլան
Ու աշխարհը – ցնորք է մի շոգ:

 

***
Բայց ինչո՞ւ միայն կիրք ու կին,
Միայն շոգ ու հեշտանք անուշ.
Վառվում է զոհերի հոգին,
Փռվում է տխրություն ու մուժ…
Ինչքան տա՛ք արյուն է հոսել,
Ոսկեծուփ հեղեղներ արյան,
Նո՜ւյն արևն է կարմիր ու լուսե,
Նո՜ւյն անուշ աշխարհի՜ վրա…

 

***
Փայլում են ոսկի սվիններ,
Պսպղում է ոսկի մի վահան,
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ:
Ախ, ինչ լա՛վ է զինվել ու զինել
Արևով, արյունով, – ահա
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի՛ սվիններ…

 

***
Ու նորից ելած խնդավառ,
Օրերի կապույտ բանտում,
Ցրում է լո՛ւյս ու գոհար,
Ծփում է ու վառ խնդում:
Ով որ կա խեղճ ու անտուն,
Ով որ կա մերկ ու վհատ –
Թող այսօր խնդա խնդուն,
Թող լինի լուրթ ու զվարթ…

 

***
Միայն խմիր արեգակի բույրը ջինջ, –
Արև՜ դարձիր – արևահամ – ամոքիչ:

Ուրիշ ոչինչ չի՜ կամենա սիրտը իմ.-
Ողջը – հրին, արնանման արևին:

Սուր սվիններ, բուրմունք ու սեր, երգ ու գույն,
Տենդը արյան – արևահամ խնդություն:

Ու նժույգներ, ոսկի ու ծափ, կանչ ու ճիչ. –
Ո՞վ է քեզ պես արևահամ – ամոքիչ…

 

***
Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բոց կոնքին
Ու վերևից խնդաց զվարթ ու ոսկեձայն. –
Հազար վարդեր կրակվեցին շուրջը, կողքին,
Հազա՛ր խաշխաշ, ու գարնան օր, ու ծիածան:
Քաղցր ծփաց հեշտանք ու տապ, թույն ու գրգիռ,
Դաշտերը խաս ծաղիկներով ծփծփացին. –
Աշխարհը – ալ, նարնջագույն, վառքը – կարմիր,
Ողջը – հրա՛շք ու խնդությո՛ւն արեգնածին…

***
Հոսում է տաք, ինչպես հեշտանք, կամ ձույլ ոսկի,
Հոսում է ծանր, ու հորդահոս, ու արնավառ.
Լցվում է թեժ խնդությունով կուրծքը հասկի.
Օրերը – տոթ, ձիերը – վառ, վազքը – խելառ:
Լո՛ւրթ երկինքներ՝ իջած հասուն երկրի վրա,
Բարձր ճիչեր, ու հրդեհներ, ու ծիածան. –
Վառվում է շոգ կաթսաներում կյանքը քուրա. –
– Ախ, վա՜յ նրանց, որ չապրեցին ու չտեսան…

Երևան, V 1921թ.

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *