Ուվե Յոհնսոն | Սահմանանցում

Այստեղ ես մտածեցի, պինդ ու կտրուկ սկսել, այսպես՝ կինը զանգեց տղամարդուն, ցուցատախտակների ազդանշանների կարգը պահել, և սահմանի վրա, որպես ինքնըստինքյան հասկանալի, ավելացնել՝ սահմանի վրայով, որպեսզի դու անակնկալի գաս և մտածես, հասկանում ես։ Թուլամորթաբար (անցանկալի կերպով, հենց սկզբից, ես անվստահություն եմ ցուցաբերում), ես այլ բան չեմ կարող անել, քան ավելացնել, որ հիսունական թվականների Գերմանիայում, պետական մի սահման է եղել։ Տեսնում ես, չէ՞, որ այս ավելացրածս, որքան անհանգիստ է նախորդի կողքին։ Դրանով հանդերձ, ես մեծ սիրով կարող էի բացատրել, որ այդ սահմանը երկար է և երեք մղոն մնացած ափին արդեն սկսում է թռչող նավակներով, երիտասարդները սահմանագիծն առնում են հեռադիտակի մեջ, լավ զինված դիպուկահարները հասնում են մինչև փշալարերի շարաններից կազմված ցանկապատերը, որն առաջանում է մինչև Օսթզեի բարեկամական լողափի ավազները։ Բաց տարածության վրա ընկած գյուղերից կարելի է Լյուբեքի եկեղեցիների գմբեթները տեսնել, մյուս կողմում, մի տասը մետր լայնությամբ մշակված հսկողության սահմանագիծ, երկարելով մտնում է սեփական անտառը, կառքերի ճամփաները և ծուռումուռ արահետները շատացել են և խորացել անտառում, գուցե ես պետք է մոշերի թփեր կախեի դրանց վրա, այսպես էլ կարող էիր դու այս բոլորը պատկերացնել։ Հետո ես կարող էի քեզ համար փողոցների և երկաթգծերի, նաև օդային երթևեկության փոխանցումները բացատրել։ Այնինչ դու պետք է ասես ստուգակետերում (և այն, ինչ քեզ կասեն) այս և այն կողմերում, որոնք բարաքների նման տարբերվում են իրարից և հսկիչներին երկու կողմերի, ոչ իրար նման ողջունելու և օտար պետության զարհուրելի զգացումը, որ Քարշին էլ պատեց, սահմանների միջև ընկած տարածությունից անցնելու ժամանակ, դրանով հանդերձ, որ նա բազմիցս եղել էր այլ երկրներում, առանց նրանց լեզուն իրենը լինելու, բայց նա իր արտաքինով և նրա այդ ճամփորդության դրդապատճառը, մինչև հիմա ավելի քիչ կարևոր են, քան փողոցների բնական, հանկարծակի հողաթմբերի կտրվածքները պատերի տեսքով, կամ պատերի տակ փորված խոր փոսերը։ Ես խոստովանում եմ, ես շատ էլ ճշգրիտ չեմ կարող լինել։ Չէ, միտքս տասը մետրերը չեն, կարող են նաև յոթը լինել ձյան կամ առաջին ջերմացնող արևի տակ, որը փորփրված գետնից չօգտագործվելիք նորանոր ծիլեր է արձակում, ես կարծում եմ, որ հողը պետք է բավական լայնությամբ փխրուն լինի, որ քայլերը ճանաչելի և հետապնդելի ու կասեցնելի լինեն։ Այժմ չսպասես, որ ես վայրի արագությամբ հեռու սլացող կերպարի անունն ու կենցաղի հանգամանքները հիշատակեմ, առավոտվա սառը մառախուղի մեջ և թաց կունձերի, որ կպել են նրա կոշիկների տակ, պատռվում է անտառի եզրի անդորրը մարդկային քայլերի ցատկերից։ Շան եռանդուն ու հիմար հաչոց, պաշտոնական հեռազանգեր, կտրտված շնչառություն, կրակոց։ Մեկը անսպասելի փռվում է գետնին։ Ես կուզենայի, ինչպես դիպուկահարն իր կյանքի ավարտին, փաստարկել, որ ես ոչ մի այլ նպատակ չեմ ունեցել քան հեռախոսային մի պատվեր, գնորդի պատվերի պես, կատարելը, Արևմտյան Գերմանիայի հեռախոսացանցի խցիկի առջև, կնոջ ձայնով, երբ հեռախոսատեսուչն իր պարտականությունը կատարելիս խոսափողի մեջ ձայն է տալիս «Համբուրգի, Համբուրգի հետ կապվեք»

և մի քիչ հետո ձեռքի լարերից մեկը ճիշտ ծակի մեջ է խոթում միացնելու համար։ Ես ինքս եմ տեսել, սա ֆիլմերի մեջ էլ է ցուցադրվում, ինչ-որ տեղ Արևելյան և Արևմտյան Գերմանիաների լարերը իրար են միացվում, այդտեղ էլ դուք սահմանանցում եք կատարում, ում է զարմացնում։ Ոչ հաճույքով եմ ես ավելացնում, որ այդ լարերը, որ կարելի է ականջակալներին միացնել, համեմատաբար շատ քիչ են։ Մարդ կարող է միացված ձայնագրիչների մասին մտածել և ասել, որ ես ատելի եմ, ես ամենայն պարագայի ասել և հասկացնել էի ուզում, որ մարդ որևէ իրիկնապահին կամ գիշերը երկար պետք է սպասի նման մի խոսակցության համար։ Եվ մարդ ամենայն պարագայում, վստահ չպիտի լինի, որ հեռախոսակենտրոնից ասում են, «այո, վստա՛հ»։ Կամ՝ ի՞նչ եք կարծում։ Այսպես էլ սպասելուց հետո, անհավատելի մի ձայն է լսվում «ձեր կապը Համբուրգի հետ։ Խնդրում ենք խոսեք»։ Սա դեռ ամենը չէ։ Բարեբախտաբար Քարշը դեռ արթուն էր, նա խմել էր, նա իսկույն լսեց ձայնը և առանց հարցնելու ասաց՝ «լսում եմ, այո»։ Եվ իսկույն կապը խզվեց, մի բան, որ երևակայելի չէր և անհնար։ Կրկին նա դեմարկացիոն գծի ետևում էր։ Դու փախստականներից ստեղծված թյուրիմացությունից և աղջամուղջների կրակոցներից ըմբռնելու ես, որ ինչ ճշգրտություն է իմ ասածը, միտքս սահմանն է։ Հեռավորությունը։ Տարբերությունը։

Քարշը Համբուրգի ծայրամասում էր ապրում։ Բայց քաղաքում նա կանոնավոր հասանելի էր, փոստատան, ընթրիքի և սրճարանի միջև։ Յուրաքանչյուր ճամփորդության ժամանակ նա լուր էր թողնում։ Պատերազմից հետո, պետք է որ մի դերասանուհու հետ միասին ապրած լինի, դա Բեռլինում է եղել։ Աղջիկը արևելյանից էր, ակնհայտորեն, բաժանման ժամանակ նրանք ասել էին իրար «եթե ինչոր բան լինի, ես քեզ չեմ մոռանալու», կամ նման մի բան։ Որովհետև երբ աղջիկը նրան զանգեց և խնդրեց գնալ իր մոտ, տղամարդը հաջորդ օրը ճամփա ընկավ։ Նա ո՛չ ճամփորդության և ո՛չ էր վերադարձի մասին ոչ մի լուր չթողեց։ Նա տասնչորս օրից ավելի չէր կարող այնտեղ մնալ։ Նա անհասանելի էր այնտեղ և ոչ մի շշուկ դեռ չէր տարածվել։

Նա այս վայրկյանից մյուսը ճամփա էր ընկել և անհետացել, երբ նրա ընկերները վստահորեն, հեռախոսի մոտ էին գնում, ընկալուչը վերցնում, նրա համարը հավաքում և մի սուլոց լսելով սպասում, որ նա անպայման ձախ ձեռքը գրամեքենայից վերցնելով, լսափողը ականջին է մոտեցնելու, որովհետև նա հայացքը գրվածքից չի կտրելու (ինչպես նրան տեսել էին միշտ)։ Առօրյա երկար խոսակցության ժամանակ միայն, որն արդեն համընկնում էր երկրորդ հեռախոսի հետ և երրորդով հոգնածություն պատճառում, իր բնակարանն էր հիշում (որտեղ նա նստում էր սեղանի առջև, մատները գրամեքենայի ստեղներից ետ քաշում, աննպատակ հայացքն ուղղում հեռախոսին) այնքան աղոտած, ասես նրա ձայնը հենց սկզբից մոռացված է եղել։ Այսպե՞ս դուք ասացիք, երբ նա երկրորդ շաբաթից հետո էլ չվերադարձավ, ձեր հեռազանգերի աննախատեսելի հուսախաբությունը լոկ հաստատումը եղավ այն բոլոր զգուշացումների, որ դուք չկարողացաք նրան հասցնել։

Թարգմանությունը գերմաներենից՝ Խաչիկ Խաչերի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *