ՀՈւզում եմ երջանկությունը
տաք վերմակ լինի,
ծածկվեմ ու քնեմ,
չմտածեմ, որ դրսում դեկտեմբեր է
ու դաժան ձմեռ է լինելու…
Ուզում եմ երջանկությունը էն իմ սիրած
կոշիկը լինի, որ իսկական կաշվից է,
որ ինչքան էլ հագնում եմ, չի մաշում…
Ուզում եմ երջանկությունը իմ սիրած
ականջօղի պես ամեն օր կրել,
այդպես գնալ աշխատանքի,
քնելիս չհանել, չդնել մահճակալիս մոտ…
Ուզում եմ երջանկությունը
մի աննկատ անցքով մտնի սիրտս
ու դուրս գալու տեղ չգտնի,
մնա սրտիս պահարանում,
խունանա, հնանա, բայց մնա…
Ուզում եմ երջանկությանս համար
փոքրիկ վանդակ շինել ու թութակի պես
ամեն օր կերակրել նրան, վարժեցնել,
որ մի օր խոսի իմ լեզվով…
Ուզում եմ…մի քիչ շատ բան եմ ուզում,
չլինելու բան,
որովհետեւ երբ ես ծնվեցի,
երջանկությունը չիմացավ իմ ծնվելու մասին,
նա աքսորված էր, դատապարտված էր
ինչ-որ չնչին հանցանքի համար…
Հետո նրան արդարացրին,
Նա նորից եկավ, եկավ ու մնաց շվար կանգնած,
ես վաղուց մեծ էի եւ չէի ուրախանում թիթիզ բաներով,
ես թիթեռներ էլ չէի բռնում,
որովհետեւ մեր տանը էլ թիթեռի տեղ չկար,
մեր տունը լիքն էր երազանքներով,
դարակներից երազանքները թափվում էին,
տեղ չկա՜ր…
Երջանկությունը ներս չմտավ,
որովհետեւ ես նրան չճանաչեցի,
որովհետեւ ես նրան երբեք չէի տեսել…
Երջանկությունը շրջվեց ու գնաց…
Շրջվեց ու գնաց…
Ես չհասցրի նրա դեմքը մտապահել…
…………………….
Ուզում եմ երջանկությունը
ծնվի բառերիս հետ,
ցած ընկնի գրչիս ծայրից,
Ուզում եմ հորինել, գրել նրան
ու ոչ մի տեղ չտպագրել,
ոչ մի մրցանակ չստանալ գրածիս համար,
Ուզում եմ թաքուն պահել այն,
չկարդալ ոչ մեկի մոտ,
պահել թուղթը բարձիս տակ ու չպատռել…
Ու չպատռել…