Լիլիթ Կարապետյան | Վագրի աչքերը կանաչ են


Նվիրվում է Դավիթ Կարապետյանին

Աշխարհի քարտեզը փակցրած հայրական տան պատին՝ ապակե խաղալիքներով տոնածառ զարդարելու պես մանրիկ ուրախություններն ու տրտմալից բառերը ավանդույթ են դարձել` Կաղանդ պապին հիվանդասենյակում դիմավորելու նման: Փքաբլիթ թխելիս Դ-ին ամեն անգամ հարցնում են` մեղրով թե˚ չամիչով, և փոքրիկ տղան պատասխանում է`ընկույզով:
Սեղանի շուրջ հավաքված ընտանիքի անդամները`տատը, պապը, մայրիկը և Դ-ն նայում են գունավոր խաղաթղթերին: Լոտոյի տոպրակից տղան հանում է խաղաքարը հարցնում` ո˚վ ունի բառաշիկ:
– Գառնուկ,- բացականչում են տատն ու պապը անզուսպ քրքիջով:
Մեծ հարցերում թերացող ընտանիքը միմյանց հրճվալից պահեր էին պարգևում օվալաձև սեղանի շուրջ նստած, որտեղ խնամքով ծալված անձեռոցիկներից տղան ինքնաթիռ էր պատրաստում և թռցնում օդ, որպեսզի կրկնօրինակի հեքիաթներում սավառնող էակների թռիչքը:
– Հայրդ նույնպես ինքնաթիռով է վերադառնալու,- իր իսկ ստանձնած լռությունը խախտում է մայրը:
– Ահա վագրը,- ասում է տղան և տեղավորվում չորս գունեղ բարձերով հարդարված «թագավորական» տեղում: Թմփթմփացնում է պապի ուսին և ցույց տալիս առջևի երկու թաթերը սեղանին դրած իր ընկերոջը:
Շրջանաձև զրույցը, խոսքից միտք ձգվող կենցաղային խրախճանքի էր վերածվում և ավարտվում վագրի մռնչյունով, որովհետև տղան աշխարհի մասին իմացությունը լրացնում էր «դու ինչ կասես վագր» հարցով: Սեղանը դեռ չէին հավաքել, Դ-ն ծամում էր եգիպտացորենով ու սնկով աղցանը: Մայրը շոյում էր գլուխը և խնդրում համտեսել բրնձի հացը: Ծեր կինը ափի մեջ պտտեցնում էր սուրճի բաժակը ու մրմնջում` չեմ տեսնում, ոչինչ չեմ տեսնում: Նայում էր բարակ ծուռտիկ գծերին, դրանք տարօրինակ պատկերների էին վերածվում, բացականչում է, ութ կետից քեզ հաջողություն է սպասվում և ապագայի իր գուշակությանը հավատալով սրտխփոց է ունենում:
1. Որդի: Գերդաստանի միակ ժառանգորդը իր մեջ կուտակել էր ընտանիքի ողջ թուլությունը և վայելելու էր թույլատրելի և անհնարին սիրո բոլոր դրսևորումները: Քայլել սովորելուց հետո հաճախ էր չորեքթաթ զննում գորգի նախշերը` պապի´կ, վիշապը բացել է բերանը և այնտեղից կրակ է դուրս գալիս: Պապը գլխով հաստատում էր:
2. Ամուսին: Ինչպես պատմում է պապը թոռանը` հայրիկը մեկնել է հյուսիս արտագնա աշխատանքի: Նա ամենախիզախ հանքափորն է, արդեն երկար ժամանակ ապրում է մեզնից հեռու, խոստացել է վերադառնալ որդու ծննդյան օրը: Տղան նստում էր փակ դռան առջև և հարցնում `այսօ˚ր է իմ ծննդյան օրը, ես լսում եմ հայրիկի ոնտաձայները, նա շենքի աստիճաններով բարձրանում է չորրորդ հարկ:
3. Աշխատանք: Մայրիկը տասնհինգ երեխաների դատիարակչուհի է: Գիտի բոլորի լացի ու ծիծաղի բնավորության գծերը, սակայն քնքշանքը կրկնապատկվում էր տանը Դ-ին տեղատարափ համբույրների արժանացնելիս:
4. Փող: Երիտասարդ կինը փողի մասին պարզունակ պատկերացումներ ունի: Գումարը նրան հարկավոր է հագուստ և սննդամթերք գնելու համար: Քանի որ տատիկը գամված է թթվածնի ապարատին, իսկ պապիկը` հենակներին, մայրիկը տոնավաճառ է գնում Դ-ի ուղեկցությամբ, իսկ տղան` վագրի: Մայրը կոստյում գնելիս հարցնում է նրա կարծիքը: Նախքան պատասխան տալը՝ տղան դիմում է վագրին. մի քանի րոպե մռնչյունի և բառերի փոխանակումից հետո, որոշում են գնել սպիտակ կոստյումը:
5. Վագր: Թե ինչով է սնվում վագրը միայն աստված գիտի: Նա հրաժարվում է համտեսել համեղ խորտիկներ Դ-ի ափսեից, նաև չի սիրում ճաշակել սատկած կատուներ և մկներ: Տղան փորի վրա խոր քուն է մտնում, վագրը թաթը դնում է նրա գլխին, դունչը մոտեցնում անկողնուն և հոտոտում` հսկելով նրա երազը:
6. Մատաղ: Տատիկը հայտարարում է` որդու` հանքավայրից վերադարձի առթիվ, մատաղ է անելու: Ե˚րբ է գալու այդ օրը, դիմում է ծեր կինը երազահանին, ամեն ամսվա վերջին կիրակի օրը:
Մատաղն այնքան էլ վատ բան չէ,- ուրախանում է տղան: Վերջապես ինքն ու վագրը նույն ափսեից թարմ միս կուտեն:
7. Աստված: Վանականը աղը օրհնում է և հեռանալիս ասում թթվածին շնչող կնոջը` Ձեզ առողջություն: Պապը մտքում ծիծաղում է. «Նա դեռ երկար կապրի, Աստծո գործերն անքննելի են»: Նա երբևէ աստվածաշունչ չի կարդացել, իր երիտասարդության տարիներին հարգի չէր, ինչպես նորաձև չէին սուր քթով կոշիկները: Փոխարենը վերցնում էր հաստ կազմով հեքիաթների գիրքը և թերթում. նա ընդամենը մի քանի հեքիաթ գիտեր, բոլորն էլ՝ սարի մասին: Պապին ամենաշատը հետաքրքրում էր հեքիաթի ավարտը, և այդ ավարտն էր, միշտ ենթակա ծերունու կողմից փոփոխման:
8. Սեր: Ծեր կանայք միմյանց պատմում են ամուսնական դավաճանության ինչ-ինչ մանրամասներ: Տղայի մայրը մոտենում էր քարտեզին և մտովի տեղափոխվում «սառույցների երկիր»` իր ամուսնու մոտ: Նա վրդովվում էր այնտեղ ապրող կանանց մազերի շեկությունից, պեպենոտ դեմքի վեր ցցված քթից, ճեփ-ճերմակ մաշկից: Հինգ տարիների ընթացքում կնոջ մեջ ներարկվել էր վիրավորանքի զգացում, որը քայքայում էր նրան ներսից, կազմալուծում մեկամբողջություն դարձած մարմինը:
Մթության մեջ տղան առաջնորդվում է քայլքից առաջացած մարզակոշիկների լույսով: Նա մտնում է պապի սենյակը և մատներով բացում կոպերը, որսում արթնությունը չգիտակցող բիբերի` սպասումից մեռնող փայլը:
– Որ մեծանաս քո ոտքը կաճի՞,- հարցրեց տղան ու ցույց տվեց ամենամութ անկյունում հին լաթի կտորներով ծածկված պրոթեզը:
– Ոչ, պատերազմում եմ կորցրել, արդարացավ պապը: Ինձնից հեռացրին սպիտակ համազգեստով թշնամիները: Հետո նրան տեսան յոթ սարից այն կողմ մեն-մենակ քայլելիս:
Թոռան զարմացական հայացքը հարցնում էր. «Ու դու չփորձեցի՞ր նրան բռնել»: Պապը կարդաց մտքերը. «Փորձեցի, բայց նա արագ վազեց և ես չկարողացա նրան բռնել»:
– Ես քեզնից ուժեղ եմ,- գոչեց Դ-ն ու մի կողմ քաշեց պապի վերմակը:
Տղան ամբողջ ուժերի ներածին չափով լարեց ձեռքի մկանները: Պապը շոշափեց տղայի բազուկը, քրքիջ արձակեց` «քարի պես բամբակ», թևավոր խոսքով տղային ուղղորդեց խոհանոց:
Տղան գլորում է փոքր ձմերուկը և առաջարկում պապին ֆուտբոլ խաղալ: Պապը ուրախ լիզում է շրթունքները: «Ձմերուկն ուտելու համար է»,-ասում է մայրը ու դանակով կլոր կտրում մինչև կարմիր, հյութեղ միջուկը երևա:
Ցերեկային շոգերին թղթախաղից ձանձրացած տատիկը պառկում էր բազմոցին և կարգավորում շնչառությունը: Պապը հեռուստացույց էր դիտում, որպեսզի գտնի իրեն հուզող հարցերի պատասխանները: Ինքն իրեն հարցնում էր. «Ի՞նչն է խանգարում իր որդուն կատարել խոստումը»: Նա արագ փոխում էր ալիքները` գտնելու աշխարհի մասին ահազանգող վերջին լուրերը: Պայթյուն: Ջրհեղեղ: Համաճարակ: Օդանավի կործանում: Դոլարի արժեզրկում: Մայրը խնդրում էր իջեցնել հեռուստացույցի ձայնը, քանի դեռ խոսում էր հեռախոսով` «Աշխատավարձը ստացե՞լ ես»: «Պատվիրած օծանելիքը հավանեցի՞ր»: «Վարագույրը լողակե՞լ ես»: Լսվում էր հեռախոսի միջից:
Դ-ն մահճակալի տակ փնտրում էր վագրին: Միասին իջնում էին բակ` ճոճանակ նստելու: Բակի բամբասանքներին քաջատեղյակ տղաները օճառափուչիկ էին թռցնում և չարախոսում. «Քո հայրը չի վերադառնա»: Բարկությունից տղայի աչքերը արցունքոտվում էին և նա բարկացած ասում էր` վագրին կասեմ, կուտի ձեզ: Տղան հորը աղոտ էր հիշում, բայց խաժակն վագրի մորթին շոյելիս ասում էր. «Հայրիկի աչքերը նույնպես կանաչ են»:
Այս երեկո ընտանիքի անդամները սովորականից շուտ էին ցանկանում քնել: Մայրը, լվացքը պարանին փռելուց հետո, տղայի ձեռքը բռնած մտավ ննջարան, լռության մեջ նրանց հետևեց վագրը` թաթերը կամացուկ դնելով հին մանրահատակին: Ննջասենյակում թաքնվել էր երազը: Նա ցանկանում էր երևալ տղային և պատմել հանքավայրում տեղի ունեցած պայթյունի մասին: Նրա հայրը հիվանդանոցում է, կյանքի ու մահվան կռիվ է տալիս: Սա նույն մղձավանջն է, որ տեսնում է տատիկը ու դիմում երազահանին` մեկնելու այն: Ծեր կինը քայլում է մանր երիցուկների մարգագետնում: Ամեն անգամ լսում է նույն ձայնը. «Մայրիկ, օգնիր ինձ»: Նրա առջև վեր է խոյանում բացակա ապակիներով մի շենք, ներսում վազում են սպիտակ խալաթ հագած մարդիկ: Տատիկն ուզում է պատասխանել. «Գալիս եմ, հասնում եմ», սակայն արթնանում է աչքերից հոսող արցունքներով:
Մղձավանջը դարանակալել է հանդերձապահարանում և սպասում է վագրի հեռանալուն: Նա թաթով հրում է կիսաբաց դուռը և հոտոտում հագուստները, կենդանական բնազդով օդի մեջ զգում է մոգական և դյութիչ երազաբույրը, որն անհնար է շփոթել մարգագետնում տարածվող երիցուկի բուրմունքի հետ: Երազը պահարանից արագ դուրս է նետվում և փորձում մոտենալ քնած տղային: Բարկացած վագրը մռնչյունով ցատկում է նրա վրա, գցում գետնին, բացում երախը, որպեսզի կուլ տա, սակայն ահաբեկված երազին հաջողվում է ճողոպրել թաթերի արանքից դեպի դուրս: Վագրը ցասումով պտույտ է գալիս սենյակում, նա բաց է թողել մղձավանջին կուլ տալու հնարավորությունը, սակայն չի մոռանում` իր գլխավոր նպատակը տան տերերի քունը հսկելն է: Մինչ պապը հեռուստացույցի վազող տողով կարդում էր վերջին լուրերը. ինքնաթիռը հաջող վայրէջք է կատարել օդանավակայանում, երկրագնդին սպառնացող` ոչ հեռու անցյալում հազարավոր կյանքեր խլած համավարակը նահանջել է և անցել պատմության գիրկը, իսկ տատն ամեն անգամ թթվածնի ապարատը դեմքին մոտեցնելիս մտածում էր չբացված խաղաքարերի մասին, մայրն իր սենյակում գիշերները շոշափում էր կողքի դատարկ անկողինը: Հարթ սավանի հպումից բացում էր աչքերը և մենության զգացումից արցունքի կաթիլները եղյամի նման նստում էին թարթիչներին: Դ-ն հազար ու մի հեքիաթ էր լսել ու բոլորն էլ ճեփ-ճերմակ սարի մասին: Ճամփորդել էր հրեշների ճամբարում և վերադարձին գրկել սիրելի վագրի պարանոցը:
Հեռախոսազանգ հնչեց, տղան փորձում էր մոտենալ, բայց մայրը խոսափողը առաջինն էր վերցրել: Կինը մի երկու բառ լսելուց հետո փլվեց աթոռին: Ինչ-որ մեկն ասել էր` ես շենքի բակում եմ: Փոքրիկ տղան մոտեցավ դռանը և բանալու անցքից նայեց դուրս. ոտնաձայները մոտենում էին, տղան գրեթե համոզված էր` վագրն է աստիճաններով բարձրանում: Կանչեց պապին դուռը բացելու: Ներս մտավ տղային անծանոթ մի տղամարդ: Պապը ուրախությունից կրկնեց երկու–երեք տասնամյակ արտաբերած թևավոր խոսքը` «վագրի աչք» ու ողջագուրվեց որդու հետ: Մինչ փոքրիկ տղան փորձում էր ըմբռնել ով է շիկահեր տղամարդը, հայրը գրկեց նրան: Դ-ն զգաց հոր ջերմ շնչառությունը և խեղդելու չափ ամուր գրկեց պարանոցը: Տղային հրճվանք էր պատճառում միտքը, որ հայրն իր կողքին է լինելու ինչպես վագրը: Հոր ձեռքից ամուր բռնած` ցանկացավ ծանոթացնել իր հավատարիմ ընկերոջ հետ: Բացեց զգեստապահարանի դուռը, կռացավ մահճակալի տակ, շրջեց վիշապագորգը: Վագրը չկար:

Մայիս 2023 թ.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *