Հանրահաշիվ
Աշխարհի ամենաուժեղ թիվը 7-ն է: Յոթի դեմ խաղ չկա:
Յոթից ներքեւ՝ զրո: Յոթից վերեւ՝ 0, ու բացականչական նշան:
Դատեք ինքներդ, քանի որ ավելի լավ է յոթ անգամ դատել,
քան յոթ տարի նստեցնել.
ծիածանի յոթ գույները,
շաբաթվա յոթ օրերը,
երաժշտության յոթ նոտաները,
մարդու յոթ զգայարանները,
ձեռքի յոթ հիմնական մատները,
մոլորակի յոթ աշխարհամասերը,
դեմքի յոթ արտահայտությունները,
արջի յոթ երգերը՝ որպես կանոն մեղրի մասին,
ամսի իրեքից յոթը,
արդեն իսկ 77 թիվը ինքնին,
Գրինվիչի յոթ միջօրեականները,
Մինչեւ տասը մի թիվ պահի, վերջին հաշվով,
Հղիության յոթ ամիսները,
Այբուբենի յոթերորդ տառը,
Արշակ յոթերորդը -իսկ ինչու՝ ոչ –
Տարվա յոթ եղանակները՝
յուրաքանչյուրն իր յոթական ամիսներով,
Տիեզերքի յոթ մոլորակները՝
յուրաքանչյուրն իր յոթական արբանյակներով,
եւ իհարկե յոթ պատմական թագավորություններիս՝
յոթ դարակազմիկ թագավորները
յուրաքանչյուրն իր յոթական վստահելի անձանցով,
նազիր-վեզիրներով,
որոնք ծաղկեցնում են մեր դարավոր անապատները
հազար տասը հարյուր ութսունութից ի վեր:
Նոր ցավի սպասելիս
Բթանում է ցավը: Ձայնալարարերն ի վար
տաք բառեր են սահում՝ գոյացնելու երդում.
յոթնակապանք խորքում իմ Հավքերը հիվանդ,
Թևաբախում են նոր ինքնախեղման երթում:
Դարձ՝ ի շրջանըս յուր: Ու ես՝ կըրկին շիվար,
և առավել մենակ՝ իմ օրերն եմ թերթում,
Լոկ զատվել է տենչում հոգին իմ դիվահար
Մարմնիցըս՝ կոփված Ուլիսների հերթում:
Ահա. մերկ ու խոնավ, ապա զարկված սրտից՝
Այս անոթն՝ այլևս բերնեբերան դատարկ,
Անզոր՝ տարբերելու երազյալը ստից
իր սին առասպելն է տանում աննպատակ
այլոց միջով, նրանց արտազատած ցրտի
ու կեղծիքի միջով, որպես դաժան կատակ
կտակելու նրանց, որ մատաղվեն պիտի
Նավզիկեի մերկ ու խոնավ ոտքերի տակ:
Ու չեմ տեսնում արդեն: Ցավի հետ բթացող
ինչ-որ թանձրություն է իջնում երկընքից ցած
պարուրելու այն, ինչ կա՝ ինձնից մնացորդ,
ինչ դեռ չեն վայելել՝ որպես գինի ու հաց –
և ինձ ծանոթ մի շողք՝ գրկում շուշան ու ցող
ձախ ուսի վրայով ինձ է դառնում հանկարծ՝
ու խնամքով սրբում իմ քունքերից հոսող
քո արյունը՝ այսքան անըմպելի կարծած:
Համառորեն անհասցե նամակ՝ կնոջը
Փեշից թափված քարի նման գլորվեցի ու ընկա ցած
ու մնացի ճամփի եզրին՝ փոշիներում անշարժացած:
(Ջրի ճամփին մոլորվել էր, սեւ սրտիկը տենդի մեջ էր.
դատարկ փարչով տուն մտնելիս փեշը պիտի թա՞փ տար, թե՝ չէ):
Ու ճամփեզրի կյանքը դանդաղ հանապազօր փոխվեց հացի,
ինձ կաթոգին առավ իր մեջ ու օրորեց,
ու մնացի:
Ու մնացի շուքով բազմած փուշու մեջ ու մացառների՝
ճամփի եզրին, որով, ավաղ, դու երբեք չես անցնի էլի:
Սրտից պոկված քարի նման գլորվեցի ու ընկա ցած
ու կամ՝ թեթեւ, ցողաթաթախ ՝ քո կարոտից անշնչացած:
Նատյուրմորտ՝ կանգնած
Եւ երբ գնչուհին լուռ չարչարանքով
եւ առավել ճարպիկ շարժումներով
մի քանի կոճղեր դրեց սրտիս մեջ,
Ակնթարթը կտրուկ կանգ առավ
ու հարցական նայեց ինձ։
– Կա՛նգ առ, ակնթարթ, –
– Ինչ այլանդակն ես դու, –
ասացինք մենք իրար՝
իրար մատնացույց անելով՝ այնքան,
մինչեւ մատնացույցի մեծ սլաքը կանգնեց
ժամը մեկի նման:
Եւ գնչուհին ժամը մեկ
երկար ու ինքնամոռաց
մատնացույց արեց ինձ
ի արդեն նամռոտած հեճուկս:
Գերեզմանի խորքից՝ երեք քայլ ձախ
Կամ՝ ենթակայականի խերը
Ես խմող եմ։
Կա՛ն այդպիսիք։
Կան նաեւ ա՛յլ պիսիք,
օրինակ՝ ուտող-խմողներ։
Ես ուտող-խմող չեմ, այլ՝ խմող.
մեր ժամանակների, գուցեեւ, ամենամեծ խմողը։
Ուտող-խմողներից զատ կան է՛լ ավելի այլոք՝
Ուտող-ուրացողներ։
Ուտող-ուրացողներ, եւ ապա՝ զույգ աչքերով կուրացողներ։
Կան, այնուհետեւ, անող-դնողներ,
ասող-խոսողներ,
էփող-թափողներ,
քցող-բռնողներ,
ինչպես առանձին քցողեր,
այնպես էլ՝ առանձնահատուկ բռնողներ,
որ շարունակ խաղում են բռնոցի։
բռնոցի -պպզոցի,
քցոցի-պպզոցի,
բայց քցողերի կողքին կան նաեւ ստացողներ,
որ կասկածող են ման գալիս
եւ գտնում գործտվողներ կամ պարզապես տվողներ,
անցնող-դարձողներ կամ պարզապես գնացող-եկողներ,
ֆռռացող-ֆռֆռացողներ կամ ֆռռալուց սարվատ եղածներ,
տանող-բերողներ եւ այլ զարմանազան չբերներ։
Այս ամենից անկախ՝ կան հերձվածողներ,
որոնք, կարելի է ասել, մեծամասնություն են կազմում, հաճախ՝ որակյալ,
եւ երբեմն անգամ ձեւավորում կառավարություն։
Իսկ ես, ահավասիկ, խմող եմ`
մեր ժամանակների, թերեւս, ամենամեծ խմողը,
եւ պարբերաբար,
նահանջ տարին մեկ անգամ,
ընտրությունից ընտրություն,
ուզում եմ մեռնեմ-պրծնեմ ձեզանից։
Օնան’դըր առաջ
Կարծեմ՝ ասել եմ քեզ, որ
մեր թվարկությունից անմիջապես առաջ
քունս տանում էր
քեզ
հոգեդարձության,
բայց հավատը քիչ էր:
եւ չունենալով այլ անսալիք, ես անդադար լսում էի – հարի կրիշնա – :
հարի կրիշնա, վարի կրիշնա, օրն եկել է՝ խաշ դառել:
Այս պայմաններում խաշնարած՝ ինձ
մնում էր հարել կրիշնան, ու ես այն հարում էի անխնա.
,,հարի-հարի, խնոցի,
մեջդ բարի, խնոցի,
ունքդ բարակ, խնոցի,
մեջդ կարագ, խնոցի:
մեջդ կարագ, խնոցի,
ունքդ բարակ, խնոցի,
հարի-հարի, խնոցի,
մեջդ բարի, խնոցի,
ախ էսպես էլ գիժ ամիս
մարդու հանգիստ չի տալիս:
Հավասարում՝ բազմաթիվ անհայտներով եւ եւս երկու անհայտով
Առաջինները վերջին կդառնան,
Երկրորդները՝ նախավերջին,
Այն է, թե՝ երրորդը կդանա հիգներորդ,
ու՝ պըրծ:
Միայն չորրորդը կմնա իր տեղում,
Որպես երկուսի սկզբունքային քառակուսի:
Դառնանք ու երանի տանք 69-րդին,
որ չի լինի երբեք առաջին հնգյակում,
եւ այսու՝ չի ստանա երբեք կաթված
մայրենիքի դարդից:
Կամ
Գեղեցիկ ինչպես սիրտը,
Անբասիր ինչպես նախկինում
Գալիս է
ծիծաղս
Անձրեւների միջով, արձանների միջով ու անձավների
Ժամանակը, այսինքն,
Չորրորդ չափում չէ ամեն ահրիմանի համար ու ներքինու
Այնտեղ ուր երգն անգամ երկրից է աճում
եւ ոչ թե բառերից ու ձայներից:
Կամ՝ հակառակը,
եւ նախորդը վերջինից չի տարբերվում ոչնչով,
այնտեղ ուր արեւի խավարումն անգամ
կատարվում է անձնապես քո հետ,
եւ տիեզերքի առանցքը
անցնում է մոտակա թնդանոթի միջով,
որի անկասկած հարեւանությամբ
արքաները դառնում են պոետ:
Կամ՝ հակառակը,
ՙինծի թաղեք ալագյազներուն դոշին,
դու, երկուտառ լա՛ո,
կարոտ եմ մորս համբույրին՚
եւ այսպես շարունակ…
Դժվար է, իհարկե,
գտնել սեւ այս ամենը հասունության սեւ, սեւ դրոշին,
առավելեւս, երբ հարսներն են ամուրի
եւ մանկության ընկերներն են պատանեկության պարոնայք:
Կամ՝ հակառակը:
Եւ լեզուն չէ՛ այլեւս հաղորդակցման միջոց.
անառիկի-խամաճիկի, հալալը հարամի,.
Եւ խնդրո առարկա
Ծիծաղս
Շարունակում է գալ,
բայց արդեն միայն անձրեւների միջով,
Ու ես շարունակ փակում եմ աչքերս
ու տեսնում նույն քամին:
Եռախոսություն ագռավի հետ
Էն անգամ, երբ շոգ ամառ էր, երբ Փարիզը ինձ համար էր
Կշռաքարերն իր շարել՝ կրելու իմ ծանըր բեռը,
Իմացա, որ ցուրտ ձմեռ է, որ քաղաքս կարկամել է,
Որ սառել են ճամփաները, եւ բոլորն արդեն՝ լռել,
Որ մաղել է մութը մանըր նախանցած աշնան գարնանը,
Երբ դեռեւս շոգ ամառ էր, եւ ես նոր էի մեռել:
Եւ կրկին բացելով դուռը իմ ձեռքով իմ դեմ փակված,
Եւ կրկին ասելով՝ Դու՛ ես առասպելն ինձ վիճակված,
Շեմեցի ես նույն մատուռը, ուր շարված էին երեք
Ծերացող իմ ընկերները, չըծերացող իմ կիները,
իմ հույսերն ու, ախ, իմ սերը, որ դիցուք թե՝ անվեհեր,
Մատուռում այդ դեռ գոյում էր, անհաստատ դեռ օրորվում էր,
Ինչպես ծանըր օրերում այն երբ ես նոր էի մեռել:
Նույն մատուռն է: Նույն մաքուր ու
Նվիրական նույն փոշին…
Ու նույն ես եմ, որ կարծե՛ս եմ
երազներում ուրիշի
Լուսաշղարշ նույն գիշերն է, հուշարարի նույն հուշելն է,
ու, թերեւս, նույն հուշերն են, որ ելնելով մշուշից,
հիշեցնում են հին իմ դերը, երբ ամեն ինչ դեռ եթեր էր,
երբ թեթեւ էր եւ ասում են, թե լըսել են՝ իբր նոր եմ ես մեռել:
Ինչ վայելք է՝ փնտրել ելքը, երբ տրվել է մուտքը քեզ,
անդադրում երբ բեմադրում ես հրաժեշտի վերջին ծես,
ու պատմում ես` թե սա կյանքը ստեղծագործ աշխատանք է,
որ փախուստի միայն ջանք են պարիսպները Երիքով,
,,քեզ սիրող եմ, քեզ հուսով եմ, երեքով եմ, երկուսով եմ,
եռապատիկ մի հատիկ եմ, ու մենակ եմ՝ երեքով՚:
Ու հիմա կրկին գիշեր է: Կներե՞ն արդյոք ուժերըս,
կներվե՞ն ինձ իմ հուշերը, երբ ուժերս չներեն… (եւ այլն եւ այլն)
Nature Morte
Աշնան ուշ բոցերի մարմրացող ոսկում
Չծերացած հոգու չծերացող սոսկում.
Այդ անբարբառ խոսքի կապտակապույտ հոսքից
Սերն է ավիշներով մաշկի տակ սողոսկում:
(Ճանապարհը՝ երկար
եւ օրերը՝ հաշված…
Մամրացող դեռ կամ
բոցերի մեջ աշնան).
Դու՝ միածին դուստըր մանուկ ծիածանի –
Նվաստ ի վերուստըս՝ հանգվույն քո կածանի
ոտքերիդ ուղեկից, որի անգույն վրա
ոչ ոք հաղթանակի դրոշ չի ծածանի:
Ես՝ մի ուրիշ վաղվա խոստում հազարադեմ,
Ես՝ անհնար ուղիդ լուսավորող կանթեղ,
Կուզես՝ եղիր, մնա, կուզես՝ ելիր, գնա
ուր որ աչքդ կտրի – ես կլինեմ այնտեղ:
Եւ քեզ՝ բազմաձեւիդ, եւ ինձ՝ բազմամեղիս
չի սահմանված ըմպել առօրյայի լեղին,-
ես՝ բնության գրկից անհետացող տեսակ,
դու՝ պարզ արդարացում ձեր անհաստատ ցեղի:
(Ճանապարհը՝ երկար
եւ օրերը՝ հաշված…
Եւ շուրթերդ՝ վերկանչ
իմ արյանը վարժված).
(շարունակելի)
«Անհնար է արթնացնել մեկին, ով քնած է ձեւանում »
Առաջին հրաժեշտ` նոր ուղղագրությամբ եւ երբեմն կետադրությամբ
Հեռացող*
ինձ համար աննկատ էր հոսանքը։
Մեղմածոր
նույն պատկերն է իմ շուրջը։ (Սա արդեն աղերսանք էր։)
Ինչ հապճեպ ընտրվեց ապրելու-ապրելու ժամանակը.
Մայր իմ, դու
երազում էիր, որ սա ինձ հետ կատարվի, եւ ահա` ես մենակ եմ։
Մ՞իթե կար։
Միթ՞ե ես այդ ամենը տեսել եմ։
Աստղաքայլ
քարանձավն, ու Ճերմակը եւ Սեւը…
Նախնական
մոլեխինդը արդեն կոկորդին է հասել իմ,
ու չկա
ու չկա փրկություն նրանից, ինչ արդեն արտասել եմ։
Ու չկա –
ոչինչ։ Դե, իհարկե` ոչինչ, միայն ծանր է տանելը
այս ինչքան
տարեկապ հանդուրժող շղթաները,
որ միակ իբերւ կերպ լինելու անարգանք են ու ծաղըր,
Մինչդեռ քեզ
ես սիրում էի շատ ավելի, քան քո ոչ-գոյությունը ծածկող շամանդաղը։
, թիկունքում
դժվարին, դժվարին մայրամուտ է;
ու տնքում,
հառաչում ու կանչում է հեռվից ինձ այն անծանոթը,
որ հայացք ուներ ծով-ծխանի (կարեկցող) ու թողեց զարդերակս.
նույնիսկ Նա։ (կոտրող վանկ`) Մի՞թե իսկապես ես մենակ եմ
վերջապես։
Բայց ինչ կեղծ է արեւը, եւ ինչ ծանր է տալ քո անունը
քամուն։ Հեզ`
հրեշտակները լքել են այս վերջին հողագունդը,
եւ այն մերն է արդեն լիովին, եւ այսու` հեռացրե՛ք իմ աչքից երկնաքողը.
ես արցունք եմ տեսել արցունքի՛ պարզությամբ, եւ սուտ է` ե՛ս չեմ լքողը։
Ու դանդաղ
համբուրում ու լիզում են ձեռքերս Սիպտակն ու Սեւուկը,
ու անթարթ
մոտենում է Նա ինձ` առնելու մնացուկը,
ու ծածկում են դեմքերն ափերով
ինձ համար վշտացած ծնողներըս,
ու ճոճվում են մաշկիս
ծաղիկները, որ ինձ
անխնա, անխնա ողողել են, –
Արմեն Դավթյանի հետ Տիգրան Պասկեւիչյանի մասին ջահելավարի զրուցելիս
Մենք սպասեցինք, նրանք չէկան։
Տ.Պ.
Պարտվողների համար աղոթողներ չկան,
Ինչպես հաղթողներին չկա դատող.
Եւ սա՛ է ամբողջը, սիրտ իմ, իմ բարեկամ,
սա՛ է ճշմարտության երթը գայթող։
Երգիր, սի՛րտ իմ, երգիր, մենախու՛ց իմ,
Ցավը Սեր չտեսած մեր սերերի,
երգիր օրվա շրջված աչքի սպիտակուցը,
երգիր գիշերների դանդաղ լեղին։
Նրանք չէին գալու, զուր մատուցվեց կարոտ
խելացնոր նրանց հրաշանուն,
նարնք չէին գալու, եւ գալ չէին կարող,
քանի որ անդունդ է մեզ բաժանում։
Կամուրջները սուտ են, պիտի լցնես քեզնո՛վ
այս անդունդը` մեր ու մեր մեջ ընկած.
եւ լավագույն մահվան ակնկալիքներով
լավագույններն – ահա – թափվում են ցած։
Երգիր սիրտ իմ, երգիր սպիտակուցը օրվա,
երգիր գիշերների դանդաղ լեղին.
դեռ շատ երկար պիտի դիզվեն իրար վրա
Եղբայրներս` մինչեւ բացվի ուղին,
բայց առաջին քայլով մեր առաջին Մանկան
Ոգու Հայրենիքի ճանապարհին
պիտի հուշ խնկարկեն,
պայթեն ցնորական
քառասուն հազար վարդ
ապաշխարհիկ։
Ոչ մի խոսք այն մասին, ինչի շուրջ հավաքվել էիք` իբր խորհելու
…Եւ քառասուն հազար առաքինի այրեր,
եւ սլացիկ կույսեր ալ-հուրհրան
գալարուն տքնանքով պարիսպացու քարեր
շարեցին անկանոն իրար վրա,
Եւ խոսքեր ճշմարիտ, եւ տենչանքներ հասուն
շաղախվեցին իրար, խոյացան վեր,
ու անխորտակ կանգնեց պարիսպների ներսում
այն, ինչ կռահվում էր մոմի պես մերկ։
Այրերին ի պապանձ հարսները հուրհրան
շշնջացին շիկնած, – սիրո ամրոց։ –
Ու նրանց հոգու եւ պարիսպների վրա
Թեւաբախեց բազեն`
սրտի մեջ բոց։
LACRIMOSA
Կապտակապույտ ծովում անինքնաբավ լույսի
իմ օրերն են լողում եւ օրերը այլոց.
ալիքներից ներքեւ` նիրհը տասներկուսի,
ալիքներից վերեւ` ես` վերջինը քայլող։
Բայց հող չճանաչած իմ ոտքերի առաջ
Քամիները` պոկված ապագայի եզրից
փռում են ջրերին տեսիլախառն ավազ,
ու զարկում աչքերիս ավազախառն տեսիլ,
իսկ ինձ արդեն թարթել չի կարելի, ավաղ,
եւ աչքերս ծածկել չի կարելի ափով,
եւ ամեն մի աստծո ամեն մի լուսաբաց
դաջում է բիբերիս.
թափոր
թափոր
թափոր,
Եւ ամեն մի երազ` նիրհել ջրերից ներս,
Ալյաց քամահրանքով շպրտվում է երկինք©
– Ինձ մի՛ տարեք այնտեղ, որտեղ մեռնում եմ ես,
– Ինձ մի՛ տարեք այնտեղ, որտեղ գտնում եմ ինձ,
Տարածությունն արդեն սահմաններ է գտել,
եւ օրով է չափվում տոնը ժամանակի,
ե՞րբ են չըպայթելու քարաձնավներն ըստերջ
եւ չըծառանալու ջրերը սաղմնակիր
մինչ թափորն իջնում է սանդուղքով աստղերի
որպես բանակ` պարտված մերձավորի դավով,
երկնահըմա, սակայն` արդեն վարժվա՛ծ դերին.
անպարունակ
անկման
հավերժական նավորդ
Եւ սեփական արյուն տեսածի պես նվաստ,
եւ մարմնի՛ միայն ջերմությանը հաղորդ,
եթե մտնի պիտի ապագայի դրախտ,
ապա` որպես դիակ եւ կամ հուղարկավոր։
Այսպես։
Իջման մոլուցք,
Իսկ ներքեւում`փակ դուռ։
Եւ դեռ չներվելու ժամանակ ինքնակեզ,
Եւ ամենայն լուսեղ ինձնից ելնում է դուրս,
Ճերմակ թղթի
եզրով
կաթկթում է
ներքեւ։
CONFUTATIS
(բալլադ)
Ես գիտեի` ոչ ոքի համար եկա ես այտեղ,
Սակայն այստեղ (երբվանից) ոչ ոք չկար էլ արդեն,
Միայն մի կանչ էր ծանոթ, եւ իմ պատկերն էր դեռ թաց
Տիեզերքի իմ բաժին սա կողմերու ավետյաց։
Ու տրվելով այդ կանչին, ու ձայնելով նրա հետ,
երակներով իմ կապույտ ես լողացի դեպի ետ`
թափառելու նրա՛նց մեջ, ով տեսնելով ինձ սրինգ
միանվագ իմ հոգուն կավե մարմին հագցրին.
– «Մենք ենք ուղին անըսկիզբ անվախճանվող մինչ հիմա,
մենք ենք ակունքն այս գետի` քո թիկունքում, քո դիմաց» –
Ես քայլեցի նրանց մեջ ու… չտեսա ես նըրանց,
Շիրմաքարեր էին լոկ ինձից առաջ, իմ առաջ,
Շիրմատներ էին լոկ, ուր ըստվերները ներհուն
Երա՛զն էին խնկարկում պակա՛ս մենակ լինելու,
Ու կանչեցի ես նրանց`չարյունոտված այս հողով
Ստվերներին այդ մոլոր իմ ծարավի մեջ գոյող։
Անարձագանք-եռաձայն խելագարվող իմ նրանք,
որ ապրեցին հազար մահ ու մահացան մեն-մի կյանք,
խարխափելով ցողի մեջ քայլում էին գլխաբաց,
որպես երեք առասպել իրա՛ր, իրա՛ր նվիրած։
– «Մենք ենք այլոց մեղքի դեմ` հավերժ մեխված սա տեղին,
Եւ սա սրտերն են մեր տաք` ցրիվ եկած մայթերին» –
Ես բախվեցի նրանց հետ ու… չտեսա ես նըրանց,
Սոսկ Մարդիկներ էին խենթ` ի խույզ երկինք սեւեւռված,
ու երակից բարձրացող կարմիր մշուշ էր աղոտ,
որ իմ անզոր ռունգերին մատուցանվեց որպես օդ։
Երեւելքի շողի մեջ լոկ գիշերն էր հուսակիր,
ու կանչեցի ես նրան` իբրեւ միակ կողակից,
Բայց խավարի մեջ նյութեղ, զնդաններում եռանիստ
ո՛չ մի, ո՛չ մի հեռացորդ ինձ չբավեց սպեղանի,
մանկավրեպ-ուշացած-ականատես միայն Նա
մատուցանվեց իմ ծեսին ու… չզորեց կայանալ.
– «Ես եմ հակված սնարիդ` եղերամայր խառնածամ,
որ արտասվում եմ անձայն, ու արտասվող` միայն կամ» –
Ես ծաղկեցի նրա դեմ… ու չտեսա ես նըրան,
Միայն տեսիլք էր ու տենդ, միայն պատրանք էր ու ձայն,
ապա` խարույկ էր ու բոց,
եւ երկինքներն` արդեն բաց,
եւ իմ պատկերն էր` արդեն հրացոլքի մեջ բեկված.
– «Մենք ենք ուղին անըսկիզբ, հավերժ մեխված սա տեղին,
որ արտասվում ենք անձայն ցրիվ եկած մայթերին»-
Ես քայլեցի սրանց մեջ… ու չտեսա ես Նըրանց.
Շիրմաթմբեր էին լոկ` իմ կարոտից հըմայված։
Գազել պարզ ու հասարակ
Կանցնեն օրերը հերթով, քո սերը միշտ կմնա,
աններելի հոգեթով քո սերը միշտ կմնա,
Կյանքը հստակ շղթայող տարիների շարքը ձիգ
կանցնի անփույթ իր երթով, քո սերը միշտ կմնա,
Մեր արեւի փոխարեն կիջնի ուրիշ մի ձմեռ
անմահաշունչ իր հեւքով, քո սերը միշտ կմնա,
այն, ինչ տեսել ես վսեմ, այն, ինչ կարծել ես հավերժ,
կծածկըվի ձյան ներքո, քո սերը միշտ կմնա,
ողջը Կապույտ կխամրի, կդառնան հող ու մոխիր
մարմինները իմ եւ քո, քո սերը միշտ կմնա,
կգան դարեր անծանոթ, մեզ անհաղորդ, եւ սակայն
թագադրված ի՛մ երգով` քո սերը միշտ կմնա։
Փոստալ իմպրեսիա, զորօրինակ՝ Մուսայի առնչությամբ
Ձեռքդ բաց թողնելու տեւողությամբ կյանքիս հայցական տրական
վերջում (համարիր՝ ծառուղի, տերեւներով – ցավում եմ՝ դարձյալ դեղին)
կանգնել ես դու, կառանել, կանգ ես առել տիրակալ,
ինչպես կանգ է առնում երակներում արյունն, ու կոկորդին՝ լեղին,
ինչպես կանգ է առնում ժամանակը` կինն այդ անխտրական,
ու անսահման հղի։
Ցող է,
Ցող է իջնում կորացած ծառուղու աչքերին կուրացող,
մազերին՝ այլեւս ճերմակ, ու սրտին՝ արդեն կիսաբաց,
ու քո վրա՝ ավելի գեղեցիկ, քան երկինքն ու ծովը,
ավելի սիրելի, քան լուսնաթաթախ գիշերները իմ ներքնիմաց,
ավելի անպաշտպան, քան ես՝ անցողիկ ուրացողըս`
այս ամենի դիմաց։
Ոչինչ չի բոլորի այսպես. տարի, օտարված տիրոջ
անտարիք գալստյան մասին շիդարի վտարման բարբաջանք…
Եւ այն, ինչ ամենասկզբում սիրով
անվանարկեցի ես կյանք,
Այլ ինչ չի եղել, քան՝ ծանուցում ցպահանջ սիրո,
Կամ՝ դարեր շարունակ ձեռքդ բաց թողնելու
նախա-
նախա-
նախա-
նախավարժանք։
Ասնանալու հրավեր
Հայրենիվո իմ արնասերտ
նորիցահամ ահ վանտեսիլ
Տես՝ անտեսո վարսեր նասետ՝
սնարահաս ժամը եսիմ…
քնարաշաղ սամը եսին՝
սահմանա՞կն էր նամակնահարս,
թե՞՝ անդատոց դաստածեսին
երկնամնա անմասնեմաս:
Բայցեղենիկ աստեղնահար
(արհամորեն իրիկնատեր)
միթեվերջեն ներինքնաբար
ցողաթոթով ընտե՛լ պիտեր
ու սե՛լ պիտեր որպես թելոկ
մի ետնիմահ վերատիսում,
սակայն մշտեց ընդմշտելով
սրտմահարույց ամեն եսում:
Հզոր ա Վահագը..