Չխոսեին՝ չէր խոսի, հարց տային՝ պատասխանը հա կամ չէ էր լինելու: Ինքն իր ներսում գաղտնիքի պես փակ էր, միտք հունցելու ճանապարհին ուղեղի գալարը երբեք չէր շիկացել, տարիները ճանապարհել էր որպես օտար աշխարհներ սուրացող գնացքներ և հիսուն տարվա շեմին դեռ այն ջահել օրերի Մեսրոպն էր՝ բազուկը պինդ, թիկունքը պինդ, մազը սև ու միտքը խավարի զնդանում չորս տակ դռնով փակ: Բախտը խաթարված զավակ էր եղել, հասակ էր առել անտառի ծառի պես աննկատ, պտղաբերման ջահել տարերքը լռությամբ շրջանցել ու հայր չէր դարձել, որովհետև տղամարդկանց շարքում նա տղամարդու տեղ չէր ունեցել կանանց համար, որովհետև հոգու բանվածքը ի ծնե էր քրքրված և նրա սիրո շեմափայտին նույնիսկ մոլորված կնոջ ոտք չէր դիպել… Սիրո այդ շեմափայտը կողքից փտած էր երևացել, արհամարհանքի թանձրույթը բռնել էր նրա ճամփան, և նրա այրական կարողություններն անգամ տևականորեն կասկածի տակ էին: Անտարբերության խեցու մեջ գաղտնիքի համր ոգին երևի թե անհույս թևածեր ու հուշ դառնար, եթե որբևայրի Շողանի փրկարար աջը ժամանակին չմեկնվեր ու չպատռեր կասկածի մարմաշը…
Մեսրոպը կոլխոզի գոմերում անասնապահ էր, Շողանը՝ կթվոր, որբևայրի Շողանը Մեսրոպի հոգու հե՞տ էր ուզեցել խաղալ, թե՞ տարփանքի խոռոչը լցնելու սառը հաշվի դողով էր բռնկվել. գոմի մութ անկյունում փեշը ծնկից վերև քաշել ու քաղցր ու ծորուն ժպտացել էր Մեսրոպի փակ էության առաջ: Գոմի կիսամութի մեջ կաթնաճերմակ զիստը պայթել էր Մեսրոպի ուղեղում, աչքի առաջ աշխարհը մի պահ մթնել ու նորեն լուսավորվել էր, և հունից ելած արյունը հորձանք տվել ու թռցրել էր գլխի կափարիչը… Եվ մսուրքատակի չոր տախտակամածի վրա, արմանք-զարմանք կտրած կովերի պարկեշտ հայացքների տակ, Մեսրոպը այնպես հիմնավոր էր տրորել Շողանի պորտը, տղամարդկային իր զսպված լիցքը այնպես հիմնավոր էր պարպել Շողանի թմբլիկ էության վրա, որ խեղճ այրու ոսկորները մի շաբաթ նվում էին ցավի ու հաճույքի հիշողության մեջ: Եվ տղամարդկանց սովոր Շողանը պապանձվել էր այրական այս մի թափից, կատարվածը հուշի մեջ անգամ իրական-շփման զորություն ուներ… Ջրի ճամփին քայլում էր՝ կոնքերի վրա Մեսրոպի ձեռքերն էին, կրակ էր վառում՝ Մեսրոպի աչքերը բոցերի խորքից նայում էին, անկողնում աչքը փակում էր՝ Մեսրոպի առնական շունչը գալիս ու թանձր շիրայի պես չոքում էր շնչին… Գոմի ականատես կովերն անգամ մի շաբաթ մզզում էին հեղեղաթափ այդ տարերքի հիշողությունից: Եվ կախարդված Շողանը չկարողացավ գաղտնիքն իր մեջ պահել. հաճույքը շատ էր, թունդ գինու պես եռ էր գալիս ներսում, և գաղտնիքը խցանի թեթևությամբ ելավ փրփուրի վրա… Մի շաբաթ հետո Շողանը եկավ, քրքջաց, հալվեց, շունչ քաշեց, նորեն քրքջաց ու լեզուն շաղ տվեց կթվորների մեջ. «Աղջի, էդ բեմուրազը ոսկորներս աղաց»: Եվ գայթակղության անսանձ ոգին թև առավ ու դարձավ սատանի քամի: «Շողան, հետո՞…»: Ու գնա՜ց խատուտիկ հեքիաթը… «Աղջի, տղամարդ չի, դև է…»,- պատմում ու տարփանքի դողի վերապրումի մեջ սրթսրթում էր: «Հետո՞, հետո՞…»,- կանայք գաղտնի՜ք էին լսել: «Աղջի, անփորձ տղա էր, օգնեցի՞ր, թե…»,- կատակեց ու հեգնեց աջ ու ձախից պարան թռած Հայկուշը: «Քեֆդ քոք պահի,- լրջացավ Շողանը,- քո էն սիրտը մեռած լողլողին դաս կտա»: Կանայք փռթկացին, Հայկուշը պատասխան խոսքի վրա կմկմաց-կմկմաց ու ինքն էլ ծիծաղեց: Հետո աջ ու ձախից հարցեր տվին, Շողանի գաղտնիքը տակետակ ցամաքեցրին ու ցրվեցին: Ցրվեցին ու մտածեցին. Մեսրոպի ու Շողանի կապը այսուհետ ևս շարունակվելու է:
Ու շարունակվեց: Սիրո մահիճը գոմից տեղափոխվեց Շողանի տուն ու տարփանքի ախոռված նժույգը վերջնականապես կտրեց կապը…
Գյուղը որոշ ժամանակ անփուշ բամբասանքի մեջ էր: Մեսրոպին հանդիպելիս կանայք քթների տակ ծիծաղում էին, տղամարդիկ բացեիբաց հարցումներով ձեռ էին առնում. «Մեսրոպ,- ասում էին,- էդ ի՞նչ երկրաշարժ էր, այ տղա: Տնաշեն,- ասում էին,- գոնե գործից առաջ իմաց արա տներից դուրս գանք, թե չէ մի օր մեզ փորձանքի կբերես»: Բայց նրա մի շնորհքի առաջ լրջանում ու լռում էին. Մեսրոպը մի առանձնահատուկ արհեստ ուներ՝ անասուն մորթելու մեջ անգերազանցելի էր: Նա այդ գործը անթերի էր անում: Նրա անունը լսելիս, գյուղը՝ մորթված կենդանի ու արյունոտ-տխուր տեսարան էր պատկերացնում: Խոզը, գառը, ուլը և, առհասարակ, այդ տեսակ մանր-մունր կենդանիները չհաշված, խոշոր եղջերավորների հեզ ու հնազանդ ցեղից ամբողջ մի նախիր է մատաղացու գառան պես կուչ եկել, հանգել նրա ծնկի տակ, իսկ գառն ու ուլը մանրադրամի պես մի բան են եղել քսան փթանոց կով ու արջառի կողքին: Ու գյուղը նրան հենց այդպես էլ գիտի, որ ասում են՝ Մեսրոպ, պատկերացնում են մորթող ու մորթվող մի զույգ: Մորթելիս նրա վառվող աչքերին նայում, իրար ականջի փսփսում են. «Հոր արյունն է: Արյան մեջ ուրվական կա»: Եվ հուշը ծանրանում ու պատմություն է դառնում տարեց մարդկանց շուրթերին: Ու նրանք Մեսրոպի հոր մասին մի պատմություն են պատմում. խաղաղ, բաց երկնքի տակ Մեսրոպի հերն, ուրեմն, եզներն առաջն արած արտ վարելիս է եղել: Կեսօրվա էն թափանցիկ լռության մեջ, վերևից՝ անտառափեշի սալաքարի աղբյուրից հանկարծ սուր մի ճիչ է լսում: Դե, խառը ժամանակներ են եղել, արյուն թափելը եղել է սովորական բան. Մեսրոպի հերը կացինը ձեռքին իրեն գցում է սալաքարի աղբյուր ու… տեսածի առաջ համրանում-քարանում է: Մուրադ, միամիտ Մուրադ, թե ասա էդ շուն ու գելի հարամ շնչի տակ աղջիկ երեխան դու էդ ո՞նց ես մենակ ջրի ուղարկում: Մեսրոպի հերն ինքն է պատմել, պատմությունը բերնեբերան անցել, ու հիմա տարեց մարդիկ իրենց լսածը նորերին են պատմում: Ասում է՝ Մուրադի տասնհինգ-տասնվեց տարեկան աղջիկը արյունլվիկ ու մերկ, զարկված աղավնու պես խոտերի վրա ընկած էր: Քրտինքի ծանր կաթիլը ճակատին, վզի երակները ուռած-կապտած թուրք-թալանչին աղջկա կողքին կանգնել, իրեն էր կարգի բերում: Մեսրոպի հերը մոտեցել է թիկունքից, ոտնաձայների վրա վերջին պահին ելուզակը շրջվել է՝ ձեռքը խանչալի կոթին ու նույն պահին նրա գլուխը ձմերուկի պես փշրվել է կացնի կրունկի բութ հարվածից… Եվ արորի ու մաճի արդար գործի վրա տարիքն առած մարդ, արյունը տեսնում ու արյան գոլորշուց խենթանում է: Ասում են՝ այդ օրվանից նա փոխվեց, խելքը գնում-գալիս էր. մեկ՝ ծանրումեծ կասեր-կխոսեր, մեկ էլ տեսար աչքերը պղտորվեցին, քայլում էր ասես օդում, մի երկու պտույտ տալիս, իրեն գյուղից դուրս էր գցում և հանդերում պատահած առաջին կենդանին նրա զոհն էր: Արյունը տեսնում՝ խաղաղվում էր ու ինքը դարձյալ ինքն էր, գյուղ գալիս տիրոջն ասում էր՝ մորթեցի: Գյուղացիները սովոր էին, ամեն պահի նման լուրի սպասում էին, նրա զոհերը նրա վաստակած իրավունքը համարելով, գնում հանդից միսը բերում էին: Հետո կնանիք ձևը գտան. նրա աչքերը պղտոր տեսնում էին թե չէ, մի հավ էին դեմ անում: «Գևո եղբայր, մի վիզը կտրե՞ս, մեր մարդը տանը չի»: Ու դա նրա բժշկությունն էր, արյունը տեսնում՝ իրեն գտնում էր: Հանգիստ, խաղաղ ժամանակ հարցնում էին. «Գևո, էդ ո՞նց է լինում»: «Եսիմ»,- ուսերն էր վեր քաշում ու հայացքը մի կետի՝ երկար ու լուռ ծխում:
Դեպքից մի տարի հետո Մեսրոպն էր ծնվել: Ճակատին՝ ինչպես լերդացած արյուն, կարմիր նշան կար: Նշանը խաչ էր: Վանքերում աղավնի կամ աքլոր մատղելիս, մատաղացուի արյունով իրենց թոռների ճակատներին տատիկներն են այդպիսի խաչ անում: Արնախաչ: Խաչը Մեսրոպի ճակատի գիրն էր, խաչի խորհուրդը ժամանակն էր վերծանելու: Առողջ, ժիր երեխա էր, բայց մի տեսակ չարագուշակ խորհրդավորություն կար նրա շարժումներում, ցրված ու մշուշոտ հայացքում: Ինքնահաստատման գնալու բնազդային թափը մի տեսակ շատ էր ակնառու, խմորային այդ տարիքում մկանունքի ճկուն խաղը տարօրինակորեն անսովոր էր, ծնողները մինչև վերլուծական ենթադրությունների մեջ էին, Մեսրոպը ութ ամսական հասակում ոտքի ելավ ու միանգամից տղամարդավարի քայլեց: Մեկ տարեկանում՝ հինգ տարեկան երեխաներին լացացնում էր: Բայց չէր խոսում… Ու նրա չխոսելը ստվեր էր սեփական աճի վրա: Հասավ սովորելու տարիքի ու դպրոց չգնաց, որովհետև դպրոցը նրանց համար էր, ովքեր ուրիշներից բան ունեին սովորելու, Մեսրոպի ուսուցիչը կյանքն էր լինելու… Երկար սպասումի մեջ թմրած ու հաշտված հարազատների ներսում ուրախության լեզվակը վերջապես թրթռաց այն օրը, երբ մորթելու համար բռնված աքլորը Մեսրոպը փախցրեց տատի ձեռքից ու մի հարվածով գլուխը թռցրեց: «Մորթեցի»,- թոթովեց առաջին անգամ ու լաց եղավ: Տատը թոռան գլուխը սեղմել էր կրծքին, ու երկուսով լաց էին լինում աշխարհի ստվերոտ գաղտնիքի վրա… Ու մաշվող օրերի հետ, մորթվող անասունների հետ Մեսրոպի լեզուն քիչ-քիչ բացվեց: Բայց այնուամենայնիվ, լեզուն քարկապ էր, խոսքը՝ կակազ, միտքը՝ բանդագուշանք… Նոր բան չէին սպասում, ակնկալիքը խաչի հմայքին էր թողնված: Անճարության այդ շերտում էլ Մեսրոպը հասակ առավ. սիրո տարիքը աննկատ շրջանցեց, ծնող դառնալու տարիքը աննկատ շրջանցեց, մեծ ու պուճուր իրադարձությունները աննկատ շրջանցեց, եկավ ու… հանգրվանեց Շողանի ապահով ծոցում: Ու Շողանի ափերի մեջ հղկվեց, Շողանի մահճում ինքն իրեն տղամարդ գտավ, բայց խաչը ճակատին էր ու խաչի առեղծվածը սպասումի դող էր Շողանի սրտում…
… Ուրեմն՝ մորթելու արնոտ տեսարանների ասպետ էր: Ուրեմն Ենոքի ուսանող տղայի հարսանիքն էր, ու Մեսրոպը կանչված էր արջառ մորթելու:
Աշնան տաք ու պաղ օր էր: Ենոքի բակում ջահել-ջուհուլը նպատակով լարվել, տաքարյուն ու վստահ պտտվում էին արջառի շուրջը: Գետնելու հոգսը նրանք վերցրել էին իրենց վրա, բայց դանակի շեղբը տեսնելիս հայացքները հաստատ փախցնելու էին: Արևը մտավ ամպի հետև, ծտերի պարսը թռավ ծառից, ու ջահելները կալմեջ արին արջառին: Արջառը ջահել, արջառը հուժկու, սարերի զուլալ օդը թոքերում, երինջների խենթացնող բույրը ռունգերում… փնչացնում ու տղերքին աջ ու ձախ է շպրտում: Տղերքը իրենց նպատակի ու պարանների մեջ խճճվել էին: Հավաքվածները սպասումի մեջ էին, արջառը տղերքին ձեռ էր առնում, ու Մեսրոպին հունից հանեց՝ ելավ, թևքերը քշտած առաջ եկավ, խոսքը լեզվի ծայրին հարմարացրեց, հղկեց ու դժվարությամբ ասաց. «Մի… դենը կացեք»: Տղերքը տեղներում անշարժացան: Մեսրոպը մտածեց, բառերը մտքում իրար հետևից հարմար շարեց և զոռով ու կակազելով ասաց. «Տնաշեններ… դուք էլ… էս գեղի ցիրկն ե՞ք»: Թնջկված պարանները հավաքեց, մի կողմ շպրտեց ու մոտեցավ: Արևը դուրս ելավ ամպի տակից, մի մեքենա եկավ ու թափով անցավ փողոցով, Խաչիկի բակում ձին խրխնջաց, հավաքվածները շունչները պահեցին: Մեսրոպը մոտենում էր. քայլը պինդ էր, հայացքը արջառի հայացքին, նպատակը աչքերի մեջ պարզ երևում էր: Արջառը հպարտ կանգնած էր, քիթ ու պնչից տաք գոլորշի էր ժայթքում և նրա կեցվածքի պղնձաձույլ առնականության մեջ մարտահրավերի անթաքույց շունչ կար: Բայց իրական այդ պատկերը հանկարծ թրթռաց ու փշրվեց հավաքվածների աչքի առաջ. արջառը կանգնած տեղում անսպասելիորեն սսկվեց, կուչ եկավ ու կախարդվածի ինչ-որ մութ բնազդով սկսեց ուժեղ դողալ, կաշին մեջքի վրա թրթռում էր: Ու հենց այստեղ հրաշքի պես մի բան եղավ. Մեսրոպը փորձված ու ճարպիկ մի հնարքով ձախ ձեռքը գցեց արջառի պնչից, աղեղվեց, վզի տակով ձգվեց, աջ ձեռքը աջ պոզից գցեց ու ինչպես թեթև քաշային մի ըմբիշ է մյուսին ոտ տալիս, ճարպիկ հնարքով գետնում, Մեսրոպը երեք հարյուր կիլանոց արջառը մի ուլի պես ակնթարթորեն գետնեց ու չոքեց վրան:
Եվ այն պահին, երբ Մեսրոպը դանակը պիտի քաշեր ու դեռ չէր քաշել, Ենոքի տղայի երևանցի ընկերը տնից քեֆը տնկոզ դուրս թռավ, ձեռքը բարձրացրեց, թե՝ «Ստոպ, իմ ախպոր հարսանիքի մսացուն ես պիտի մորթեմ»: Մեսրոպը քարացավ, վերին շրթունքը ջղաձգվեց ու դողաց… «Ինձ կներես, մենծ ախպեր, էս մսացուն իմ ձեռքով պիտի մորթվի»,- քաղաքաբնակը ցինիկ ու պղտոր հայացքով Մեսրոպին էր նայում: Հետո լրիվ մոտեցավ, Մեսրոպի ուսից թեթևակի ետ քաշեց, ասաց. «Էս մի զարկդ էլ ինձ բաշխի»: Ու ժպտաց և գարշապիղծ ժպիտը գարնան ոչխարի փսլինքի պես ծորաց շուրթից… Տարիքով մարդիկ իրար խառնվեցին, եկվորի չարագուշակ հանդգնությանը դեմ ելան ու հայրաբար խրատեցին, բայց հարբածի ուղեղը շատ էր ջրիկացել… Ջահելները արջառին պինդ գամել էին գետնին, Մեսրոպը դանդաղ շտկվեց ու ելավ արջառի վրայից: Դանակը բռի մեջ պինդ սեղմած՝ դողում էր ասես տենդի մեջ, մշուշը բռնել էր աչքերը, ճակատի խաչը կարմիր գույնով բռնկվել, լույս էր տալիս անգույն դեմքի վրա: Տեղում անորոշ պտտվեց ու դանակը ձեռքին հարբածի նման գնաց: «Էդ ո՞ւր,- ջահելները ձայն տվին հետևից,- էդ ո՞ւր ես շտապում, Մեսրոպ»: Ձայնի վրա քայլը դանդաղեցրեց, բայց զգացվում էր, որ լսածը չի ընկալել, իր կաշվի տակ ինքն իր հետ խառը կռվի մեջ էր ու դրսի հոգսի հանդեպ արդեն լրիվ անհաղորդ էր: Իսկ կատարները տաք ջահելները Մեսրոպի արյան տենդի հետ կապ չունեին, իրենց ծփացող տրամադրության հանգով աջ ու ձախից վրա տվին, ասին. «Բա էս ո՞վ է քերթելու»: Պահանջելու պես խնդրեցին. «Մնայիր, մի ձեռաց քերթեիր, էլի»: Բայց Մեսրոպն այլևս նրանց համար զրուցակից չէր, օդը մի տեսակ չէր հերիքում, քայլերն արագացրեց… Դանակի կոթը այնպես պինդ էր սեղմել, որ դաստակն սկսեց ցավել: Մանուշի տան կողքով իջավ, կոլխոզի կալերը շրջանցեց ու արագ քայլից վազքի անցավ: Աչքի առաջ շրջապատի գույները գնալով խտանում էին, հետո չորսբոլորը ներկվեց համատարած կարմիրով: Արյան ծանոթ-անծանոթ ինչ-որ բույր էր գալիս հեռուներից ու Մեսրոպին չէր հասնում: Ու Մեսրոպը խենթանում էր: Ընկնել-ելնելով մի կերպ հասավ կոլխոզի գոմը, ներս մտավ ու խարխափելով գնաց դեպի անկյուն: Շողանը ձեռքի ցախավելը ցած գցեց ու վախեցած հետևեց նրան: «Մեսրոպ, էդ ի՞նչ է եղել… երեսիդ գույն չկա: Դանակն ինչո՞ւ ես ձեռքդ վերցրել»: Մեսրոպը քրտինքի մեջ դողում էր, կմկմաց-կմկմաց, ասաց. «Հերս… հերս…»: Ու կոկորդն էր շոշափում: Շոշափեց, շոշափեց, մի հարմար տեղ գտավ ու…
… Գոմից դուրս թռած Շողանի ճիչը կայծակի պես ճայթեց ու ողջ գյուղին ոտքի հանեց: Շողանի հետ մի արնագույն աղավնի դուրս թռավ գոմից, գոմի գլխին պտտվեց, պտտվեց ու Շողանի ճիչի հետ շուլալվելով՝ համբառնեց երկինք: