Ալվարդ Կոշկակարյան | Բաժանարար գծի այս կողմում

Պատերազմը և գրականությունը՝ Հովիկ Վարդումյանի արձակի դիտանկյունից

 

Հովիկ Վարդումյանի պատմվածքներն ու վեպերը պարզապես չեն վերարտադրում  պատերազմի պատմական իրադարձությունները, դրանք արծարծում են առանձնահատկություններ, ինչպիսիք են արժեհամակարգերի և աշխարհայացքի տարբերությունները հայերի և ադրբեջանցիների միջև («Բաջին», «Բաժանարար գիծը»,  «Պատերազմի անմարդկային դեմքը»), ատելության և վրեժի ազգային ըմբռնումները, հայ զինվորների բարոյահոգեբանական վիճակը («Վրիժառուն», «Պատերազմը», «Ինտերնացիոնալ», «Ինձ զենք տվեք», «Կոշիկները»), ինչպես նաև պատմական հիշողությունը («Թշնամին», «Գոբուստան», «Գայլի հանդեպ ունեցած հակառակությունը» «Երգը», «Մղձավանջ»), որը կարմիր թելի նման առկա է բախումների ողջ ընթացքում։

«Բաժանարար գիծ» (2011) պատմվածքների ժողովածուն լավագույնս է ամբողջացնում պատերազմի անմարդկային դեմքը, և ի տարբերություն նույն թեմայի վերաբերյալ վեպերի՝ չունի արտահայտված քարոզչական նշանակություն,  ծրագրային դառնալու միտում, այն պարզապես ամփոփում է պատերազմը հնարավոր բոլոր շերտերով՝ հավատարիմ «գրականությունը կարողանալու հնարավորություն է` պատերազմն ատել տալու» (Լ․ Խեչոյան) պատգամին։ Պատերազմի  վերաբերյալ գրականության ստեղծումը չափազանց կարևոր է ոչ միայն «ինչ գրելու», այլ նաև «ինչպես գրելու» բարդությամբ։ Արցախյան 44-օրյա պատերազմի թեժ օրերին Արամ Պաչյանը գրեց «Պատերազմ ողջ թե մեռած» էսսեն,  որը անմիջապես պատերազմի ազդեցության տակ արվեստագետի՝ այն մարսելու,  գրականության նյութ դարձնելու դժվարության մասին մի փորձ էր։ «Ես չգիտեմ «ինչպես գրել» պատերազմի մասին: «Ինչ գրել», հավանաբար, ես դեռ ունակ եմ սա անելու, իսկ թե «ինչպես գրել», սրա առջև արդի աշխարհում այն էլ մի սովորական, միջին ընդունակության տեր գրողի համար, ով սովորություն ունի ժամանակի ճեղքվածքներում օգտապաշտորեն գրիչ բանեցնել՝ պատմվածքներ, վեպեր, էսսեներ գրել, գրեթե անիրագործելի արարք է»[1]։ Ի՞նչ է բխում մարտերի ընթացքում պատերազմի մասին գրելու փորձից․ յուրաքանչյուր խռովք՝ կարգին թե անկարգ, բնորոշ է պատերազմական իրավիճակին, և հասկանալի է ու բնական, որ գրեթե անհնար է գտնել պատշաճ ձևակերպումներ՝ ներկայացնելու իրադրությունը։ «Ինչպես կարող են Ստեփանակերտի, Շուշիի ապաստարաններում պատսպարված երեխաները, կանայք, ծերունիները ռմբակոծության ամենաթեժ պահին, սարսափի ու վհատության միջով անձնական դերանուններ ընտրել, խոսք ու ոճաձև գտնել՝ նկարագրելու իրենց ապրումները, քաղաքակիրթ աշխարհ անվանվող չեզոք գոտուն հղելու իրենց բողոքն ու ցասումը[2]», – գրում է Պաչյանը։ Նույն խնդիրը ծագում է նաև գրողի  առաջ, բայց եթե ժամանակակից  գրողը անձնականացնում է գրվելիք նյութը, այդ թվում՝ պատերազմը, ապա Հովիկ Վարդումյանը այդ անձնականացումը կենտրոնացնում է ոչ թե անհատական «ես»-ի, այլ  հայ զինվորի կերպարում։

Հայերի և ադրբեջանցիների բարոյահոգեբանական տարբերությունները։  Պատերազմի էության վերլուծության առանցքային տարրեր դարձան արժեհամակարգային և բարոյական տարբերությունները հայերի և ադրբեջանցիների միջև։ Փորձենք հասկանալ, թե կողմերի վարքագծային ռազմավարությունները գեղարվեստորեն արտացոլելով, ինչպես է Հովիկ Վարդումյանը ներկայացնում հայերի և ադրբեջանցիների բարոյահոգեբանական արժեհամակարգային տարբերությունները, հատկապես ուշադրություն դարձնելով, թե ինչպես են հակամարտող կողմերը պատերազմական իրադրության շրջանակում վերաբերվում կնոջը, ինչ դեր ու պատկերացում են վերագրում նրան, քանզի կնոջ կերպարի նկատմամբ ունեցած վերաբերմունքը հանդես է գալիս որպես յուրօրինակ հայելային արտացոլում յուրաքանչյուր կողմի արժեհամակարգի, քաղաքակրթական ընկալումների և բարոյահոգեբանական դիրքորոշումների։

«Բաջին» պատմվածքը, որով սկսվում է «Բաժանարար գիծ» ժողովածուն, համապատասխան մեկնարկ է արտացոլելու վերոնշյալ տարբերությունները ռազմաճակատում։ Բաջին պառավ մի կին է, որին իր հայրենակիցները թողել են մենակ և փախել, երբ գյուղն ազատագրվել է հայերի կողմից։ Թեպետ պառավ բաջին անընդհատ անիծում է զինվորներին ու մահակով հարվածում, հայ մարտիկները, ի տարբերություն ադրբեջանցիների, ծեր կնոջը մենակ չեն թողնում, խնամում են, երբ հիվանդ է, և երբ գյուղի վրա հրետակոծոությունից վառվում է բաջիի տունը, իրենց կյանքը վտանգելով՝ փրկում են կնոջը, դուրս բերում նրան մոխրացող տնից։ «Կվառվի, ախր, մեր բաջին է»,-հրամանատարին խնդրում է պառավի հետևից գնալ ցանկացող զինվորը։ Տարիներ անց խոսելով պատմվածքի մասին՝ Վարդումյանը նշում է․ «Բառացիորեն իրողություն է պատմությունը։ Մեր գրաված գյուղում թուրք չէր մնացել բացի պառավ բաջիից, որը չէր լքել իր տունը: Անձրևներ էին, ցուրտ, ցեխ: Մտանք նրա տուն, օգտվեցինք մնացած պահածոներից, իսկ երբ ինքն էլ ոչինչ չուներ սնվելու՝ մեր չունեցածից էինք բաժին հանում, հոգ տանում նրա կյանքի համար: Ավելին. երբ հրետակոծությունից հրդեհվեց բաջիի տունը, իսկ մենք հեռու էինք, տղաներից երկուսը հրետակոծության տակ, վտանգելով իրենց, գնացին եւ վառվող տնից դուրս բերեցին թրքուհուն: Եվ նա համբուրեց իր փրկիչների ճակատը…[3]:

Պատերազմող կողմերի տարբերությունն ընդգծող խոսուն օրինակ է նաև ժողովածուի վերնագիրը կրող «Բաժանարար գիծը» պատմվածքը։ Պատմվածքում ռուս լրագրող Տոման գալիս է հայկական դիրքեր՝ լուսաբանելու ռազմաճակատում տեղի ունեցող իրադարձությունները։ Նա աստիճանաբար մտերմանում է հայ զինվորների հետ, որոնք, չնայած պատերազմի դժվարություններին, առանձնանում են իրենց մարդկայնությամբ, նրբանկատ վերաբերմունքով և հոգատարությամբ։ Տոմայի նկատմամբ նրանց վերաբերմունքն արժանապատիվ է ու բարեկիրթ՝ այնքանով, որքանով հնարավոր է պատերազմական պայմաններում։ Սակայն, երբ Տոման որոշում է այցելել նաև ադրբեջանական կողմ՝ իր լրագրողական առաքելությունը նաև այնտեղ իրականացնելու, պատկերը կտրուկ փոխվում է․ մի խումբ ադրբեջանցի զինվորներ դաժանորեն պատվազրում են աղջկան։ «…Չորս թուրք բռնաբարում էին Տոմային։ Ճղճղված շրջազգեստի ծվենների արանքից պեծին տվող սպիտակությունն աչք էր կուրացնում։ Տոման ամբողջ ուժով գոռում էր, հայհոյում, օգնության կանչում․․․ Չորս աժդահա թուրք հանգցնում էին համատարած կանաչի մեջ անընդհատ բորբոքվող հրդեհը» («Բաժանարար գիծը», էջ 97)։ Հայ զինվորները կարողանում են արագ ինքնակազմակերպվել ու հասնել օգնության․ «Թուրքերը, գերագույն երանության մեջ անզգայացած, այդպես էլ գլխի չընկան, թե ինչ կատարվեց։ Նույնիսկ ժամանակ չունեցան զարմանալու, թե իրենց թիկունքում ե՞րբ եւ որտեղի՞ց հայտնվեցին հայերը» («Բաժանարար գիծը», էջ 97)։ Հովիկ Վարդումյանը նրբորեն պատկերում է սարսափին հաջորդած ծանր րոպեները․ «Երբ Տոման ուշքի եկավ, արդեն անտառում էին։ Ծվեն-ծվեն շրջազգեստի ճոթերի արանքներից աչք ծակող մերկությունը ծածկելու համար հագցրել էին կրտսեր հետախույզի զինվորական բլուզը։ Փաթաթվեց բլուզի մեջ, կծկվեց ու սարսափահար հայացքով նայեց հետախույզներին։

-Մի՛ վախեցիր… Մենք ենք,- ասաց կրտսեր հետախույզը,- Տո՛մա, մենք ենք…

Տոման փաթաթվեց նրան ու սկսեց հեկեկալ» («Բաժանարար գիծը», էջ 97)։

Այս պատկերները ոչ միայն ընդգծում են հակամարտող կողմերի բարոյահոգեբանական տարբերությունը, այլև պարզորոշ կերպով ներկայացնում են «բաժանարար գիծը»՝ ոչ միայն ֆիզիկական, այլև արժեհամակարգային իմաստով։

Կնոջ հետ վարվելու վարքագծային տարբերությունն ամփոփվում է «Պատերազմի անմարդկային դեմքը» պատմվածքում։ Այստեղ հեղինակը դիմում է հակառակ քայլին, երբ հայերն են ադրբեջանցի աղջկա թուլությունից օգտվում, հատկապես, երբ չկա հրամանատարը, որը «կխանգարեր» նրանց։ Անտառում հայ զինվորներն են, ադրբեջանցի ծեր կինն ու երիտասարդ գեղեցիկ աղջիկը․ հայերից Ջեկը, ինքնատիրապետումը կորցրածի նման, քաշքշում է աղջկան, և զինվորների առարկելուն, թե մենք թուրք չենք, նման կերպով չենք վարվում, պատասխանում է՝ «իրենք արել են և միշտ անելու են․․․․ եթե ձեռներն ընկնենք ինձ ու քեզ էլ կանեն» («Բաժանարար գիծ», էջ 101)։ Հեղինակը հետաքրքիր տարբերություն է դրել հայերի և ադրբեջանցիների միջև․ փաստորեն, կա հայ զինվորը, որը ցանկանում է  այդպիսով «վրեժ լուծել»,  կամ որ ավելի ճիշտ է տվյալ պարագայում՝ օգտվել առիթից վրեժի պատրվակով։ Ընդ որում, այստեղ Ջեկի՝ իբրև հայ զինվորի օտարացումը հայ լինելուց դրսևորվում է նրա անվան մեջ նաև։ Հովիկ Վարդումյանի ստեղծագործություններում բոլոր հերոսները կրում են հայկական, կամ  մեզանում տարածված անուններ, իսկ այս դեպքում ընդգծված «Ջեկ» անունը ինքնին հեռացնում է հայ տղամարդու կերպարից։  Ի վերջո, զինվորների մեծ մասը Ջեկից հետո համաձայնում են իրենք էլ բռնաբարել աղջկան, բայց երբ գլխավոր (պատմող) զինվորը պետք է գնար աղջկա մոտ, տանում է ադրբեջանուհուն անտառի խորքն ու ստիպում, որ փախչի՝ այդպիսով ազատ արձակելով նրան։ Պատմելով մեզ պատերազմի ազդեցիկ իրադարձություններից՝ Հովիկ Վարդումյանը նշեց, որ այս դեպքն այնքան ազդու էր, որ որոշեց անպայման գրել՝ ներսի զայրույթը պարպելու համար։

«Սա դեռևս, Արա Գեղեցիկի, ապա հետագայում Մուշեղ Մամիկոնյանի ժամանակներից եկող ազգային բնավորության դրսևորումն է։ Այս ներողամտությունը, վրեժի  հաղթահարման հատկանիշը ուժեղի մարդասիրությա՞ն, թե՞ ուղղակի թուլության արդյունք է, վիճելի հարց է, բայց որ դա ազգային բնավորություն է, արդեն անվիճելի է։  Նորագույն գեղագիտությունը վերացրել է դրական հերոսի ըմբռնումը, և գրողները կարծես  անհարմար են համարում մեր խառը ժամանակներում դրական մարդու մասին խոսելը, բայց նրանք կան հատկապես պատերազմի դաշտում և, բարեբախտաբար, նաև կյանքում ու գրականության մեջ»[4]։ Այս հարցը հատկապես պատերազմական իրավիճակում դարձյալ առկախվում է գրականության և իրականության մեջ․ ճի՞շտ վարվեց արդյոք Մուշեղ Մամիկոնյանը։ Անդրադարձներն ու մեկնաբանությունները բազմաթիվ են։ Օրինակ Րաֆֆին, հարցին անդրադառնալիս, իր պատմավեպում գնում է քննադատության ճանապարհով։ Սահակ Պարթևը ստիպում է Մուշեղ Մամիկոնյանին չհանձնել Շապուհի կանանց․ «Շապուհը Զարեհավանի ավերակների մոտ հայոց իշխանազն տիկիններին և օրիորդներին մերկանդամ կանգնացրեց յուր բանակի առջև: Եվ այդ բավական չհամարեց. շատերին սայլացիցերի վրա բարձրացրեց, շատերին գերեվարեց: Երբ անզգամ Շապուհը իրան թույլ տվեց այդպես վարվել,  ինչո՞ւ մենք պետք է խնայենք նրան[5]»։ Այս հարցադրումը՝ Մուշեղ Մամիկոնյանի որոշման արդարացիության շուրջ,  շարունակում է մնալ բաց և բազմաշերտ քննարկման առարկա թե՛ գրականության, թե՛ պատմության դաշտում։ Պատերազմի բախման կետում արտացոլվում են երկու ազգերի անցյալն ու ինքնությունը, եթե թշնամին, առաջնորդվելով անտարբերությամբ կամ արժեքային աղքատությամբ, պատրաստ է իր իսկ հայրենակցուհուն մենակ թողնել արկերի աղմուկի տակ, ապա հայ զինվորը, ձևավորված մարդասիրական և հոգևոր արժեքներով, չի խորշում անգամ այդ պահին օգնության ձեռք մեկնել թշնամու կնոջը։ Սա ոչ թե պարզապես վարքագծային տարբերություն է, այլ բարոյական գերազանցության լուռ, բայց հզոր արտահայտություն։

Ատելության և վրեժի ազգային ըմբռնումները։ Եթե Հովիկ Վարդումյանի վերոնշյալ պատմվածքների օրինակով տեսնում ենք, որ հայերը, անգամ իրենց կյանքը վտանգելով, փրկում են պառավ Բաջիին, ազատ արձակում երիտասարդ ադրբեջանուհուն, ապա նույն իրականության մեջ թշնամու վարքագծում հակառակ իրադարձություններն են․ գերիշխում է վրեժի մոլուցքը, անհագ թշնամանքը, մինչդեռ հայերի դեպքում վրեժն առավել պաշտպանական բնույթ ունի՝ որպես ցավի, արդարության խախտման և արժանապատվության ոտնահարման արձագանք։

«Վրիժառուն» պատմվածքում թուրք կինը՝ Ֆաթիման, սահմանամերձ գյուղից մի հայ բնակչի աչքի առջև կտրում է նրա որդու կոկորդը ու նայում, «թե ինչպես է տղամարդը մորթվող գառան նման թպրտում։ Ֆաթիման ուզում էր, որ արյունը թափվի իր ձեռքերին, կրծքին ոտքերին․․․(«Բաժանարար գիծ», էջ 64)։ Թուրքերը որդու սպանությունից հետո ծեր հորը սպառնում են՝ «բոլոր հայերին էդպես մորթելու ենք», ամիսներ անց ծերունին, ում տեսնելով որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ կարղ է այդ տարիքում զենք վերցնել, առնում է որդու վրեժը։ Կարող ենք նկատել, որ հայերի ու ադրբեջանցիների այս ծայրահեղ տարբերությունները պայմանավորված չեն ֆիզիկական կարողություններով, դրանք բարոյական արժեհամակարգով առաջնորդվող մարդու և հակամարդու բախում են ու նաև ազգային առանձնահատկությունների  պայքար։

Թշնամու կողմից կատարված բարբարոսությունները Հովիկ Վարդումյանը ներկայացնում է ամբողջ մերկությամբ․ «Պատերազմը» պատմվածքում թուրքերի հետ «քիրվայություն» անող տիպական հայ տղամարդու կործանման պատմությունն է։ Թուրք Վագիֆն ու նրա ընկերները տանջամահ անելով սպանում են տղամարդու կնոջն ու մորը, խլում պապենական տունը։ Գլխավոր հերոսի միամտությունն ու անզորությունը դառնում են նրա կյանքի խարանը։ «Ամեն Աստծու օր նույն երազն էր տեսնում։ Կինը՝ հիվանդ, տխուր, դեմքն արնածոր գալիս կանգնում էր դիմացն ու աչքերի մեջ նայելով ասում․

-Տանդ մեջ Վագիֆն է ապրում, ․․․Թուրք Վագիֆը․․․Կնոջ կողքին կանգնում էր մայրը՝ մերկ։ Ախ, այդ մերկությունը․․․»  («Բաժանարար գիծ», էջ 31)։  Բայց ամեն ինչ կորցրած հայը, ի վերջո, կարողանում է վրեժ լուծելու ուժ գտնել․ հրդեհի է տալիս իր տունն ու տան մեջ ապրող Վագիֆին։

Թշնամու դաժան գործողությունները չեն տարածվում միայն մարդկանց վրա, Հովիկ Վարդումյանի «Ինտերնացիոնալ» պատմվածքում ներկայացված են ընդհուպ կենդանիների հետ վարվելու դաժանությունները, որոնց միջոցով փորձում են ազդել հայ զինվորների վրա։ Պատմվածքում հայերի դիրքերում հայտնվում է կատուն, որը, ի տարբերություն մյուս կենդանիների, չէր փախել ու լքել գյուղը։ Կատուն ընդունում է բոլորի փաղաքշանքները, կիսում հայ զինվորների՝ դժվարությամբ հայթայթած սնունդը։ Հայերն ազատագրում են հաջորդ դիրքերը, թուրքերը, որոնք իրենց դիրքերից նկատել էին, որ հայերը կապվել են կենդանու հետ, փորձում են կատվի միջոցով նշանի տակ առնել հայ զինվորին․ ի վերջո անմեղ կենդանին հայ զինվորի կողքին՝ խրամատի մոտ, սատկում է ադրբեջանցիների կրակոցից։

Վերոնշյալ պատմվածքներում նկատում ենք, որ վրեժը հայերի ու ադրբեջանցիների շրջանում տարբեր կերպ է դրսևորվում։ Հայերի համար վրեժն արդարության վերականգնման, ինչպես նաև պաշտպանական բնույթ է կրում։ Ադրբեջանցիների դեպքում այն իշխանության և տարածքի պահանջ է, որն առաջնորդվում է վրեժխնդրության մոլուցքով։ Գրականությունը համատեղում է այս երկու աշխարհընկալումները՝ որպես արժեքային հակադրության արտահայտություն։

Ազգային հիշողությունը պատմվածքներում։ Գեղարվեստական հաջորդ կարևոր դիտարկումը վերաբերում է ազգային հիշողությանը։ Պատերազմը միայն մարտադաշտում տեղի ունեցող իրադարձությունների շղթան չէ։ Այն ներթափանցում է ժամանակի հյուսվածքի մեջ՝ դառնալով հիշողության անքակտելի մաս։ Զինվորները գիտակցում են, որ պատերազմը որին մասնակցում են, առանձին պատմական դրվագ չէ։ Ռազմադաշտում գտնվող յուրաքանչյուր հայ հասկանում է, որ ինքը, որպես պատմական հիշողության կրող, այն սերունդների շղթայի մի մասնիկն է, որոնք նույն տարածքներում կռվել և դիմադրել են։ Այս գիտակցումը պատերազմի ընկալումը կապում է ազգային ինքնության, ժառանգության ու հիշողության հետ։

«Թշնամին» պատմվածքում իրարից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ գտնվող հայկական ու թուրքական դիրքերում հայ զինվորն ու թուրք Մամեդը (այդ անունով է նրան կնքել հայ զինվորը) ամեն օր կիսում են ռազմադաշտի նույն իրականությունը, փոխադարձ կրակոցներն ու հայհոյանքները, թեպետ Մամեդը անձնապես ոչ մի թշնամություն չի արել, բայց հայ զինվորի հիշողության մեջ նա՝ իբրև թուրք, մեծ տառերով դաջված է՝ «թշնամի»։ «Իմ ու Մամեդի թշնամությունը դարերի վաղեմություն ունի։ Նրա նախնին, չգիտեմ երբ, հեծած իր արագավազ նժույգը, թալանչի ասպատակող հորդայի հետ հեռու տափաստաններից, ճանապարհին ազգեր ու ժողովուրդ ոտնակոխ անելով, եկավ հասավ իմ պապերի հողը» («Բաժանարար գիծ», էջ 26), – հիշում է հայը։

«Գոբուստան» պատմվածքում գերեվարված հայ զինվորը, թուրքերի չարչարանքներից չի կոտրվում ու ծնկի չի իջնում թշնամու դրոշի առջև։ «Սրան ծեծելով հնարավոր չէ կոտրել»,- հուսահատված ասում է թուրք բանտապետը, որը կարծես արդեն ճանաչում էր հայերին, իսկ զինվորին հաջորդ օրը ինքնասպան եղած են գտնում․ թեպետ դա ծայրահեղ քայլ, էր, բայց դարձյալ պայքարի միջոց էր՝ չհանձնվելու թշնամուն կամ չնսեմանալ նրա առաջ։

«Գայլի հանդեպ ունեցած հակառակությունը» գործում զինվորը հիշում է իր պապին, ով այգիների պահակ է եղել ընդամենը, բայց ազգային հիշողության մեջ մշտապես ունեցել է այն գիտակցումը, որ հայերի ու թուրքերի միջև հակառակություն կա։ «Պապս սասունցի չէր, ոչ էլ մշեցի կամ վանեցի, լոռեցի էր և նրա նախնիներից ոչ մեկին թուրքերը չէին սպանել։ Պարզապես հայ էր, և նրա համար գայլն ու թուրքը նույն բանն էին, ինչպես աշխարհի բոլոր հայերի համար» («Բաժանարար գիծ», էջ 80)։ Այս գիտակցումը, ըստ հերոսի, փոխանցվում է նաև իրեն ու մյուս հայերին սերնդեսերունդ․ «․․․իմ մեջ էլ է նստած թուրքի հանդեպ ունեցած հակառակությունը։ Աստված մեզ դրել է կողք կողքի, ուրեմն մեր մեջ դրել է նաև այդ հակառակությունը։ Բոլոր հայերը գիտեն, որ եթե մոռանան դա և կորցնեն զգոնությունը,  թուրքը մտնելու է իրենց տները։ Այդ ժամանակ արդեն ուշ է լինելու որևէ բան փրկելու համար» («Բաժանարար գիծ», էջ 80)։ Այս ըմբռնումը այլ ձևակերպմամբ նկատում ենք «Մղձավանջ» պատմվածքում, որտեղ տարիքն առած Մգրո պապը մշտապես տեսնում է այն մղձավանջային երազը, որին ականատես է եղել իրականում։ Դեպքը  ցեղասպանության սարսափին է վերագրվում, երբ 8-10 տարեկան երեխայի առջև դաժանորեն կոտորում են ընտանիքին, իսկ նրան ողջ թողնում,  որ  «տեսած ցավն  իրեն սպանի»։ Փոքր տղային թողեցին մեռնելու, «Հետո Փոքր Մհերը մտավ քարանձավ, բայց Մգրո պապը հույսը չէր կտրում, որ մի օր դուրս էր գալու» («Բաժանարար գիծ», էջ 99․ Փոքր Մհերին անդրադարձը Հովիկ Վարդումյանի ստեղծագործության մեջ ունի նշանակալի դեր և կարևոր տեղ է զբաղեցնում նրա գաղափարական համակարգում։ Այս հարցին ավելի մանրամասն կանդրադառնանք աշխատանքի երրորդ գլխում՝ վերլուծելով դրա դրսևորումը կոնկրետ գրական գործում)։ Մգրոն ապրում է ու բոլորին պատմում տեսած մղձավանջը, փորձում անընդմեջ պատմելով հաղթահարել այն։

 Ազգային հիշողության համատեքստում յուրահատուկ դրսևորմամբ է ներկայացված նաև մշակույթի դերը։ «Երգը» պատմվածքում անտառում գտնվող հայ զինվորները նկատում են, որ անտառում շուրջ 50 քաղաքացիական հայեր կան, որոնք զինված են, և զինվորները չեն ցանկանում մոտենալ նրանց, քանզի իրենք էլ, լինելով զինված, կարող էին թշնամի ընկալվել հայերի կողմից․ անիմաստ զոհեր կունենայինք։ Այս լարված իրավիճակում հրամանատարը դիմում է յուրահատուկ լուծման՝ սկսելով երգել ժողովրդական մարտական մի երգ։ Երգը, իբրև մշակութային կոդ, համախմբող դեր է կատարում։ Հայերը ձայնակցում են միմյանց, գտնում իրար, և վտանգը հաղթահարվում է։

Հումորը՝ պատերազմի դաժանությունը մեղմող միջոց։ Մարտերի ծանրությունն ու պատերազմի դաժանությունը արտացոլող այս պատմվածքներում,  իբրև յուրատեսակ գեղարվեստական  միջոց,  արտահայտված է  նաև հումորը՝ հակադրության միջոցով ընդգծելով պատերազմի ողբերգական բովանդակությունը։ Կատակները, զվարճալի դեպքերը անպակաս են զինվորների կյանքից։ Պատերազմի դաշտում լռությունը ավելի տագնապալի է, քան ռումբերի խլացնող ձայնը, բայց այս լռության պահերին էին հյուսվում ամենից հետաքրքիր պատմությունները։

«Սամոն գերի բռնեց» պատմվածքում զինվորներից մեկը Սամոյին ուղարկում է ջոկատի համար աղբյուրից ջուր բերելու։ Ինչպես Զորյանի «Ջրհորի մոտ» պատմվածքի հերոսը, Սամոն լուռ գնում է ջրի։ Երկար ժամանակ է նա չի հայտնվում, բոլոր զինվորներն անհանգստանում են, քանի որ Սամոն դանդաղաշարժ է ու նրան դեռևս ջոկատի լուրջ անդամ չեն ընդունում, բայց հանկարծ նա հայտնվում է՝ հետը մի թուրք, որին գերի է բռնել։  Բոլորը զարմացած են Սամոյի ճարպկությունից․

«-Հուսով ենք, որ Սամոյից չես նեղացել, – կատակում է մեկը։

Չէ, – ասում է թուրքը, – ինչո՞ւ նեղանամ, կռիվ է։ Ով ճարպիկ գտնվեց, նա էլ կհաղթի» («Բաժանարար գիծ», էջ 47)։ Հումորը պատերազմում դառնում է դիմակայելու ուժ։ Զինվորները պատերազմի ամենաբարդ պահերին ծիծաղով թեթևացնում են հոգեբանական ճնշումը։ «Լիպոյի գերեզմանը» պատմվածքում Լիպոյի՝ կեղծ գերեզմանաքար փորագրելն ու սուտ մահվան ողբը դառնում են պատերազմական յուրահատուկ «ժամանց», որի միջոցով փորձառու կամավորները, նրանց հետ՝ Լիպոն, զվարճանում են նորեկ զինվորների միամտության վրա, կազմակերպում հոգեհանգստի կեղծ արարողություն, Լիպոյի մահվանը հավատում է նույնիսկ թշնամին, իսկ կեղծ հոգեհանգստին, ծիծաղը մի կերպ զսպելով, միանում է  հրամանատարը։

«Բաջին» պատմվածքի իրադարձությունները, թեպետ ազատագրական մարտերին են վերաբերում, այնուամենայնիվ ընթացքում հայ զինվորների և ադրբեջանցի պառավի միջև ծավալվող կատակներն ու երկխոսությունները պատմությանը հաղորդում են թեթև ու երբեմն ծիծաղաշարժ երանգ։ Հայերը փորձեր էին անում տանել բաջիին դիրքեր՝ թուրքերի մոտ, բայց նա ամեն անգամ անշտապ վերադառնում էր իր տուն։ Զինվորները արդեն սկսել էին սիրել նրան, երբ դիրքեր գնալ-վերադառնալուց մրսել էր, կատակում էին՝ «Բաբուլյան հիվանդացել է», ծիծաղում էին,  բայց շարունակում խնամել նրան։ Զավեշտալի այս իրողություններով մեղմվում էր հուսահատությունը, երբ ամեն բան մահվան շուրջ էր պտտվում։

Պատերազմին գրողը  մոտենում է հակասական լեզվաոճով, այդ երկակիությունը ոչ թե ոճական տարօրինակություն է, այլ բխում է բուն նյութից․ պատերազմն ինքնին համադրում է սարսափն ու հեգնանքը, մարդկայնությունն ու դաժանությունը։

Պատմվածքներն ու հատվածները, որոնք փորձեցինք վերլուծել, թեպետ անմիջականորեն չեն անդրադառնում զինված բախումներին, սակայն ներքին լարումով և գեղարվեստական հագեցվածությամբ առավել ազդեցիկ են, ներառում են այն հիմնական շեշտադրումներոը,  որոնցով հեղինակը ցանկացել է ներկայացնել  երկու հակամարտող ազգերի բաժանարար գիծը։ Ժողովածուն ներկայացնում է Հովիկ Վարդումյանի ստեղծագործական ճանապարհի կարևորագույն հանգրվաններից մեկը, հայ-ադրբեջանական պատերազմի վերաբերյալ գեղարվեստական ամենախոր և ամբողջական մեկնաբանությունը։

Պատմվածքների խորքային շերտերում թաքնված, երբեմն նաև ուղղակիորեն շեշտադրված գաղափարների ընդգծումը թույլ է տալիս համոզվելու, որ Վարդումյանը պատերազմական իրադարձությունների սոսկ վավերագրողը չէ։ Նա պատերազմին անդրադառնում է տարբեր դիրքերից՝ ազգային խառնվածքի, բարոյական ըմբռնումների, կռվող զինվորի հոգեբանության, վախի հաղթահարման, հաղթանակի ձգտման, որոնք ընդհանրության մեջ ամբողջացնում են  «պատերազմի անմարդկային դեմքը»։

 

Գրականության ցանկ

  • Հայ զինվորը նախեւառաջ հայրենիքի եւ իր կոչման նվիրյալն է. հարցազրույց ազատամարտիկ և գրող Հովիկ Վարդումյանի հետ / https://armenpress.am/hy/article/1102764 /
  • Պաչյան Ա․, Եթե սա գրող է, «Էջ» հրատ․,Եր․ 2023, 192 էջ։
  • Վարդումյան Հ․, Բաժանարար գիծ, ՀԳՄ հրատ․,Եր․, 2011թ․, 160 էջ։
  • Րաֆֆի , Երկերի ժողովածու․ հ7, Սամվել «Հայպետհրատ», Եր․ 1963թ․ , 551 էջ։
  • Քալանթարյան Ժ․, Դիտանկյուն, «Արմավ», Եր․, 2015, 308 էջ։

[1] Պաչյան Ա․, Եթե սա գրող է, «Էջ» հրատ․,Եր․ 2023թ., էջ 11։

[2] Նույն տեղում՝ էջեր  11-12։

[3] Հարցազրույց Հովիկ Վարդումյանի հետ. «Հայ զինվորը նախեւառաջ հայրենիքի եւ իր կոչման նվիրյալն է…» – Հայաստանի Հանրապետություն, «Արմենպրես», հունվար, 2023։

[4] Քալանթարյան Ժ․, Դիտանկյուն, Ժամանակակից հայ արձակի վիճակն ու հիմնախնդիրները, «Արմավ»  հրատ․, Եր․,  2015թ., էջեր 233-234։

[5] Րաֆֆի , Երկերի ժողովածու․ հ7, Սամվել , «Հայպետհրատ», Եր․  1963թ., էջ 359։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *