VAK*- Ասիական պոեզիայի բիենալեն Հնդկաստանում

Հանուն խաղաղության, ազատության եւ հանդուրժողականության

Հնդկաստանում առաջին անգամ անցկացվող Ասիական պոեզիայի Բիենալեի բացման արարողությանը ներկա էին հայտնի պոետներ Հարավային Կորեայից, Հնդկաստանից, Իսրայելից, Աֆղանստանից եւ Վիետնամից

Նյու Դելի, փետրվարի 15

Այսօր՝ փետրվարի 15-ին, «VAK․ Ասիական պոեզիայի «Ռազա» Բիենալե»-ի բացման արարողության ընթացքում հինգ տարբեր երկրներից ժամանած հինգ հայտնի պոետներ հույս հայտնեցին, որ երբեւէ կունենանք  պատերազմներից զերծ պետություններ, խաղաղություն ամբողջ աշխարհում, մարդու իրավունքները հարգող հասարակություն եւ առանց սահմանների երկրներ։

Հիմնական միջոցառումները սկսելուց առաջ հռչակավոր պոետներ Մոհամմադ Աֆշար Ռահբինը՝ Աֆղանստանից, Քութի Ռևաթին՝ Հնդկաստանից, Ամիր Օրը՝ Իսրայելից, Նգույեն Հոնգ Բաո Վիետը՝ Վիետնամից եւ Կո Ընը՝ Հարավային Կորեայից, հավաքվածներին հիշեցրին այն մասին, որ պոեզիան դարեր ի վեր անվերջանալի  ու անընդհատ պայքար է մղում հանուն ճշմարտության, հանդուրժողականության եւ ընդդեմ բռնության։

Պոեզիայի եռօրյա փառատոնի մտահղացումն ու կազմակերպումը իրականացրել է «Ռազա» Հիմնադրամը Հնդկաստանի Միջազգային Կենտրոնի աջակցությամբ եւ ակտիվ մասնակցությամբ։ «Ռազան» հիմնադրվել է 2016-ին մահկանացուն կնքած նկարիչ Սայեդ Հեյդար Ռազայի կողմից։ Ներկայումս հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահը հռչակավոր հնդիկ պոետ Աշոկ Վաջպային է։

 Հնդկաստանում անցկացվող «VAK 2019»-ը առաջին անգամ մեկ տեղում համախմբել է վեց հնդիկ եւ քսան այլազգի բանաստեղծների՝ Ասիա աշխարհամասի տասնութ երկրներից։

Հայաստանից պոետական բիենալեին մասնակցում են բանաստեղծներ Մարինե Պետրոսյանն ու Հասմիկ Սիմոնյանը:

Բացման արարողության սկզբում պարոն Վաջպային Հնդկաստանի Միջազգային կենտրոնի տնօրենի հետ միասին ներկայացրեց փոքրիկ մի բուկլետ, որը «VAK- ասիական պոեզիայի ընտրանի» անունն էր կրում, եւ որում ներկայացված էր բանաստեղծներից յուրաքանչյուրի գործերի ձեռագրերի տպագիր տարբերակները։

Բացման արարողությունից հետո Կո Ընը, որին իր անսպառ էներգիայի եւ բարձր արտադողականության պատճառով գրաքննադատները հաճախ կոչում են Կո Ըներ, բարձրացավ բեմ ու փորձեց ներկայացնել, թե «ինչ երջանիկ է այսքան շատ «ուրիշներից» բաղկացած լինելու համար»։ «Իմ պոեզիան անկասելի է լինելու վաղը եւ նաեւ հաջորդ օրերին, քանի որ ես բաղկացած եմ բազում «ես»-երից, որ ապրում են այս աշխարհի տարբեր անկյուններում»։

Այնուհետեւ ավելի քան երեսուն հեղինակավոր գրական մրցանակների արժանացած Կո Ընը ներկայացրեց իր ստեղծագործությունների կորեերեն տարբերակները, ինչպես նաեւ դրանց անգլերեն եւ հինդի թարգմանությունները, ինչից հետո բեմ հրավիրեց հնդիկ բանաստեղծուհի Քութի Ռևաթիին։

Ռևաթին իր ելույթը սկսեց հետեւյալ տողերով․ «Իմ ընկերոջ համար մարմինը ցուցադրության պես բան է․․․», «Մորս համար այն Աստծո աղբ է, որը շարունակաբար պիտի կատարելագործվի», «հորս համար արժեք է, որը պետք է պաշտպանել եւ պահպանել», «ես, իմ պատկերացմամբ, լուսապատկերային ձի եմ, որին հեծնել եմ․ ո՛չ կին, ո՛չ տղամարդ, ո՛չ կանացի, ո՛չ առնական մեկն է այն ձին, որ մասին հոգ եմ տանում»։

Գրական աշխարհում որպես նոր սերնդի ձայնը ճանաչված Ամիր Օրը բեմից հայտարարեց, որ «լեզուն վերք է, որից աշխարը դուրս է ծորում անընդհատ»։ Նա տասներկու բանաստեղծական ժողովածուների հեղինակ է։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են 45 լեզուներով եւ հրապարակված են գրական ամսագրերում, անթոլոգիաներում եւ գրական կայքերում, ինչպես նաեւ Ասիայում, Ամերիկայում եւ Եվրոպայում լույս տեսած 31 ժողովածուներում։

Աֆղան պոետ Մոհամմադ Աֆշար Ռահբինը իր հայրենիքից Հնդկաստան էր հասցրել դաժան ճշմարտության մի չափաբաժին այն պայքարի մասին, որ մղում են իր հայրենակիցները, այն բռնությունների մասին, որոնք նրանց բաժին են ընկել, եւ այն մասին, թե ինչպես են նրանք աղոթում խաղաղության համար։

Նա ասաց․ «Ես այսօր արյունոտ երգեր եմ երգում իմ որդիների համար, որոնք քիչ-քիչ կոտրվում են։ Օ՜հ․․․, նրանք աղոթքներ են հղում հանուն խաղաղության։ Ես կատաղի կերպով ժողովրդավարություն եմ ուզում, բայց այլեւս պատրաստ չեմ սպանել դրա համար։ Ես չեմ ուզում իմ հարեւանի տառապանքի աղբյուրը լինել»։

Երբ Ռահբինը բեմից իջավ, բեմ բարձրացած Նգույեն Հոնգ Բաո Վիետը, որը նաեւ Վիետնամցի գրողների ՊԵՆ ակումբի փոխնախագահն է, այսպիսի հարց ուղղեց ունկնդիրներին․ «Կա՞ն մեր մեջ այնպիսիք, որ սիրտ չունեն»։ Ապա առաջարկեց բոլորին իրենց պոեզիայով դառնալ մարդկայնության ջահակիրներ։

Իր «Ցանկալի եւ սպասված գարուն» գործում լրագրող, գրող եւ պոետ Վիետը խոսեց այն մասին, որ աշխարհը կանգնած է վաղուց սպասված Գարնան շեմին, որը հույս է ներշնչում, որ ի վերջո Խաղաղություն կլինի։

«Եկեք արթնացնենք համատիեզերական Հույսը․․․ որպեսզի խաղաղության ճերմակ աղավնիները նորից անվախ կերպով սնունդ կտցահարեն մեր՝ խաղով տարված երեխաների ձեռքերից եւ որ արտույտներն այլեւս չվախենան երգել»,- ասաց Վիետը։

 

{*} VAK- սանսկրիտերեն՝ Խոսք

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *