Սեւակ Արամազդ | Վան Սողոմոնեան

Օրերս Երեւանի իր արվեստանոցում վախճանվեց արդի հայ գեղանկարչության եւ քանդակագործության բարեփոխիչ նահապետներից մեկը՝ Վան Սողոմոնյանը։ Նպատակ ունենալով քիչ թե շատ ամբողջական պատկերացում տալու Վարպետի մարդկային եւ ստեղծագործական նկարագրի մասին՝ ներկայացնում ենք Սեւակ Արամազդի՝ նրա մահվան առթիվ գրված «Վան Սողոմոնյան» հոդվածը, ինչպես նաեւ վերահրապարակում հեղինակի՝ Վան Սողոմոնյանի ստեղծագործությանը նվիրված «Տիեզերքին դեմ առ դեմ․ հոգեգիտակցության արվեստը» փիլիսոփայական էսսեն («Գարուն», հա․6, 2001թ․), որը հեղինակային թարգմանությամբ տպագրվել է նաեւ գերմաներեն («Van Soghomonyan», Printinfo, Yerevan, 2001) հայերեն եւ գերմաներեն երկլեզու պատկերագրքում։

Կեանքից հեռացաւ արդի հայ գեղանկարչութեան եւ քանդակագործութեան Վարպետը՝ Վան Սողոմոնեանը։ Նա հանրային դէմք չէր, այլ մեծ արուեստագէտ։ Վանն ինքնաբաւ, անկախ եւ հպարտ մարդ էր, ինքն էր իր աշխարհի ստեղծողը։ Եւ այդ աշխարհը գունաստեղծ անսահմանութիւն էր, որը ոչ մի կերպ չէր տեղաւորւում արարչագործութեան առասպելներից որեւէ մէկում։ Օտարները փորձում էին այդ աշխարհն ամփոփել արուեստի իրենց սովոր հասկացութիւնների մէջ, սակայն դա հազուադէպ էր յաջողւում։ Որովհետեւ դա մի աշխարհ էր, որտեղ սիրտը, միտքը եւ հոգին միակ «սուրբ երրորդութիւնն» էր, որն անվերջ ձգտում էր միութեան, սակայն ամեն անգամ յայտնաբերում էր, ինչպէս ասւում է Դաօ Թէ Չինգում, «տասը հազար իրերի բազմութիւնը»։ Այդ աշխարհը մաքուր հայեցում էր, որը փնտրում էր այն եզակի կէտը, որի վրայ հիմնուած է աշխարհը, եւ այն գտնում իրերի ու երեւոյթների փոխակերպումների անվախճան հոլովոյթում։ Դա մի իւրայատուկ ընդվզում էր ամենակուլ մոռացութեան դէմ, որն ամէն ակնթարթ փորձում է կորցնել մարդու հետքը ժամանակի եւ տարածութեան բաւիղներում։ Այդ ապստամբ ճիգը նորից ու նորից ամենատարբեր ձեւերով դուրս էր ցայտում նրա խիզախ եւ ոչ մի պայմանականութիւն չհանդուրժող ներշնչանքից, որն անտեսանելի ճառագայթում էր ո՛ւր պատահէր՝ կտաւին, կաւին, քարին, թղթին՝ դիտողին պարգեւելով կեանքի գաղտնիքներին հաղորդակցուելու հրճուալից բերկրանքը։ Եւ նա ժպտում էր՝ անմե՜ղ-անմե՜ղ ժպիտով։ Լինելով արուեստագէտների մի ամբողջ գերդաստանի նահապետ՝ նա միաժամանակ այդ գերդաստանի ամենակրտսերն էր, մանկան պէս՝ չարաճճի, կամակոր, ինքնասածի, անհաշտ ու ըմբոստ։ Խիզախութիւնը Վան Սողոմոնեան մարդու եւ արուեստագէտի ամենաբնորոշ գիծն էր։ Բարձր Հայքից սերող նրա հայկական արքետիպային դէմքի ազնուական վեհութիւնը, խոշոր աչքերի խորաթափանց հայեացքը եւ մարմնի ժայռեղէն կոփուածքը մատնում էին հոգու շիտակ ու անզիջում նախնականութիւնը։ Մարդկային խառնուածքի այդ էպիկական մաքրութիւնը նա ժառանգել էր իր մեծ գերդաստանից, որը մազապուրծ փրկուել էր Մեծ Եղեռնից եւ հաստատուել սկզբում Թիֆլիսում, ապա եւ՝ հայրենիքի կանչով՝ Երեւանում։ Հայ լինելը Վան Սողոմոնեանի համար ունէր համարեա կրօնական իմաստ, եւ նա սնափառօրէն հպարտ էր դրանով։ «Հային պակասում է մի բան․ բացուել աշխարհին»,– ասում էր նա։ Այդ մտքի ճշմարտութիւնը իւրովի հաստատում են նրա իսկ ստեղծագործութիւնները, որոնք սփռուած են աշխարհի տասնեակ հեղինակաւոր թանգարաններում ու ցուցասրահներում։ Ստեղծագործական առումով, ինքնարտայայտման այդ մղումը նրա մէջ շատ յաճախ հասնում էր մոլեգնութեան, որն էլ երբեմն վերածւում էր ինքնաոչնչացման կրքի։ Նրա տասնեակ ու տասնեակ կտաւներ այլ ստեղծագործութիւնների իսկական գերեզմանոց են․ դրանց հաստ ներկաշերտի տակ բառացիօրէն թաղուած են բազմաթիւ ուրիշ հրաշալի գործեր, որոնց կորուստն այլեւս անդառնալի է։ Այդ «ինքնադաժանութիւնը» դրսեւորւում էր նաեւ կեանքի ու արուեստի նրա ընկալումներում։ Նա տանել չէր կարողանում քծնանքը, ստորաքարշութիւնն ու անազնւութիւնը․ մրցավազքը՝ մրցանակ կամ կոչում ստանալու համար, նուաստ մտասեւեռումը՝ առ փառք ու համբաւ, ծնրադրումը՝ իշխանութեան ու իշխանաւորի առջեւ։ Ազատ մարդ էր Վանը։ Եւ որքան նա շռայլ էր իր գոյների մէջ, այնքան էլ ժլատ՝ իր խօսքում, եւ իր զգացումների գրեթէ ամբողջ ներկապնակն արտայայտում էր երկու-երեք պարզ յամառօտ նախադասութեամբ․ «Հոյակապ է», «Շշմելու է», «Անհասկանալի է»։ Նոյնքան էլ սուր եւ անվրէպ էր արուեստագէտի նրա աչքը՝ որսալու որեւէ գծի կամ պատկերի ծագումը, կենսագրութիւնն ու իմաստը։ «Արուեստն ազատութիւն է»,– շարունակ կրկնում էր Վանը։ Իր ստեղծած աշխարհում նա իրեն զգում էր աստծոյ պէս, տառապում՝ որպէս մարդ եւ անտեսում ինքն իրեն՝ իբրեւ ժամանակաւոր ներկայութիւն։ Պատահական չէ, որ թաղման կարգը մատուցող քահանան, որ իր պարտականութիւնը կատարում էր ամենայն բարեխղճութեամբ ու սիրով, միայն վերջին պահին զարմանքով իմացաւ, որ քաղաքային այդ հեռաւոր ու համեստ գերեզմանոցում յուղարկաւորուող հանգուցեալը, որն այդպէս ալեզարդ ինքնավստահութեամբ պառկած է դագաղում եւ որի առնչութեամբ ինքն այդքան երկար խօսում է, երգում ու աղօթում, մեծ արուեստագէտ է․․․
Վան Սողոմոնեանը հաւերժօրէն սուզուեց Անյայտի մէջ։ Սակայն նրա վերջին գործը կոչւում էր «Տիեզերքը», եւ վերջին խօսքերն էին․ «Յոգնել եմ, ուզում եմ գնալ»։ Ո՞ւր․․․
Այդ հարցի պատասխանը Վան Սողոմոնեանի ապշելիօրէն բազմազան ստեղծագործութիւնն է՝ արուեստի մեծագործութիւն, որ երեւակում է հայ հոգու տիեզերական գեղեցկութիւնը։ Դրան է նուիրուած իմ «Բնորդը» բանաստեղծութիւնը՝ ներշնչուած Վան Սողոմոնեանի կերպարից, որն, ահա, մահուան ճանապարհով վերադառնում է ինքն իրեն։ Ընդմիշտ։

Նստած գարնան բաց պատուհանի մօտ՝
Նկարում է նա խուփ-ինքնամոռաց.
Անցնող ու դարձող դէմքերն անծանօթ
Ելնում են ասես յուշերից կորած:

Ամեն մէկն իր հետ բերում է մի գիծ.
Գոյներ ու ծաւալ, ստուեր ու երանգ.
Զատւում է լոյսը խաւարից քիչ-քիչ՝
Առնելով ստոյգ ձեւ ու կերպարանք:

Ճախրում է հոգին՝ թեթեւ, անկշիռ՝
Մութ գաղտնիքների բեռից ազատուած.
Սուրում է միտքը հրճուանքով անծիր՝
Թողած յետեւում աշխարհ ու աստուած:

Օրեր անհաշիւ՝ գիշեր ու ցերեկ,
Սպասել է այս մեծ ակնթարթին.
Կտաւն է թրթռում՝ որպէս յամր երգ.
Պարում են ձեռքին մատիտ ու վրձին:

Սուզւում է մթնում օրը աղմկոտ.
Մարում են վերջին շողերը բեկ-բեկ.
Ցոլում է յանկարծ կտաւին աղօտ
Մի դէմք, որ կեանքում չի տեսել երբեք:

08․06․2024թ․

ՏԻԵԶԵՐՔԻՆ ԴԷՄ ԱՌ ԴԷՄ. ՀՈԳԵԳԻՏԱԿՑՈՒԹԵԱՆ ԱՐՈՒԵՍՏԸ

Ինչպէս ամեն մի արուեստագէտի, այնպէս էլ Վան Սողոմոնեանի գեղարուեստը բնութագրելու համար անհրաժեշտ է նախ պարագծել աշխարհընկալման այն չափումները, որոնց շրջագծում այդ արուեստը ձեռք է բերում սեփական անշփոթելի անհատականութիւնը: Վերջինս, ինչպէս ցոյց է տալիս այդ բառի լեզուաիմաստաբանական ստուգաբանութիւնը, նշանակում է «անբաժանելիութիւն», այսինքն՝ այն, ինչ ենթակայ չէ տրոհման (հմմտ. լատ. Individuum – անբաժանելի): Այդ հանգամանքը յուշում է, որ անհատականութիւնը խորքային հասկացութիւն է եւ չպէտք է այն շփոթել «անձի» կամ «անձնաւորութեան» հետ, որոնք ներկայացնում են անհատականութեան քանակական-նիւթական դրսեւորումը: Իր հերթին անհատականութիւնը եզերւում է նոյնականութեանը (հմմտ. լատ. identitas – նույնութիւն), որը նշում է անհատականութեան ինքնութեան աստիճանը, այսինքն՝ այն, ինչ ցոյց է տալիս, թէ տուեալ արվեստագէտը որքանով է նոյնական ինքն իրեն: Անհատականութիւն-նոյնականութիւն-ինքնութիւն իմացաբանական շղթան խնդիրը բնականաբար տեղափոխում է գոյաբանական ճանաչողութեան ոլորտ, որտեղ իւրաքանչիւր առարկայ դառնում է ճանաչելի՝ իբրեւ այդպիսին: Այդ դէպքում արդէն առարկայի ճանաչողութիւնը եւ ճանաչողութեան առարկան նոյնանում են:
Այս տեսանկիւնից դիտելով Վան Սողոմոնեանի ստեղծագործութիւնը՝ նկատում ենք, որ նա աշխարհն ընկալում է հոգեգիտակցութեան մակարդակում, որը գոյաբանական ճանաչողութեան սանդղակում միջակայ դիրք է գրաւում դրա ստորին՝ զգայաբանական եւ բարձրագոյն՝ ոգեբանական տիրոյթների միջեւ: Պէտք է շեշտել, որ սա, իբրև ստեղծագործական սկզբունք, նորութիւն է հայ գեղարուեստում եւ արժանի՝ համապատասխան գնահատանքի:
Աշխարհն իբրեւ հոգեգիտակցութիւն արուեստի մէջ՝ նշանակում է յայտնատեսական մղումով ներսից վերստեղծել այն՝ իբրեւ մի այնպիսի գոյավիճակ, որի առնչութեամբ իրերն ու իրադրութիւնները հանդէս են գալիս իբրեւ հոգեգիտակցական բաղադրիչներ, որոնք լքելով զգայական ընկալման ձեւերը՝ դառնում են հաղորդական ազդակներ դէպի մի համապարփակ ու վերին իրականութիւն, որ գերգիտակցութիւնն է:
Դրանով է բացատրւում այն, որ Վան Սողոմոնյանի ստեղծագործութիւններում արուեստի այնպիսի սովորական հասկացութիւններ, ինչպիսին են «գոյն» «ծաւալ», «համաչափութիւն», «պատկեր», «կերպար» եւ այլն, փոխյարաբերւում են բոլորովին նորովի։ Բնագիտական լեզուով ասած, դրանց ուժագծերը վերադասաւորւում են՝ ըստ ակնառու կամ ներունակ հոգեգիտակցական կենտրոնի, որը նրա գործերում միշտ հանդէս է գալիս իբրեւ կազմակերպիչ սկզբունք՝ ոչ գեղագիտական, այլ հոգեգիտակցական իմաստով: Դրա շնորհիւ նրա կտաւները դրսեւորում են իրենց ինքնաստեղծ ներունակութիւնը եւ իրականանում՝ որպէս այդպիսին: Գեղանկարչական կառուցողական տարրերը Վան Սողոմոնեանի պարագային դառնում են հոգեճանաչողական միաւորներ, որոնց խնդիրն է վերարտադրել հոգեգիտակցական տուեալ իրավիճակն ինքնին: Արուեստի արտաքին-մտաւոր գիտակցութիւնը՝ իբրեւ պատմամշակութային իրականութեան արտացոլանք, կարողանում է թափանցել կտաւի մէջ միմիայն անուղղակի ճանապարհով եւ միայն այն դէպքերում, երբ հոգեգիտակցական կենտրոնի ձգողական ուժը նուազում է՝ ճանաչողական ներապրումի անհամարժէքութեան պատճառով:
Այս առումով, Վան Սողոմոնեանի ստեղծագործութիւնները պայմանականօրէն կարելի է բաժանել երկու խմբի: Առաջին խումբը կազմում են այն գործերը, որոնք առավելագոյն անխաթարութեամբ ու լիարժէքութեամբ մարմնաւորում են հոգեգիտակցական սկզբունքը եւ դուրս են արուեստի պայմանական ընկալումներից: Դրանք ներկայացնում են հոգեգիտակցական անխառն վիճակներ, ինքնակայ են: Այդ շարքին կարելի է դասել այնպիսի կտաւներ, ինչպիսին են՝ «Վերջին ընթրիքը», «Մոլորակ», «Տեսիլք», «Պատրանք», «Մեդիտացիա», «Քաղաքը գիշերով», «Լիալուսին», «Երազ», «Կինը հայելու առջեւ», «Աղբիւրի մօտ», «Ամպեր», «Պատկերացում», «Դիմակահանդէս», «Փոխակերպում», «Հրեշտակը լքում է քաղաքը», «Խաբկանք», «Հանդիպում», «Կոմպոզիցիա», «Երկխօսութիւն» եւ այլն: Նշուած բոլոր գործերին, ինչ-ինչ վերապահումներով, յատուկ է արուեստի ինքնայաղթահարումը, երբ աշխարհընկալման արտաքին ազդակները՝ թեման, պատկերները, կերպարները, իրադրութիւնները, ծաւալներն ու գոյները, բախուելով իրենց հոգեգիտակցական «երկուորեակին», ոչնչանում են եւ անդրադառնում իբրեւ մաքուր հոգեգիտակցութիւն: Դրան մեծապէս նպաստում է երեք հիմնագոյների՝ կապոյտի, կարմիրի եւ դեղինի, հոգեգիտակցական խորհրդաբանութեան վարպետ իրականացումները՝ իբրեւ իրերի ու երեւոյթների գոյաբանական միջավայրեր, որոնք իրենց անցումներով ու ամենատարբեր երանգաւորումներով իւրաքանչիւր առանձին դէպքում նշում են ճանաչողական մի որոշակի հանգրուան, որը ոչ միայն իր մէջ կրում է նախորդ՝ զգայաբանական աստիճանի յաղթահարուած «ստուերը», այլեւ պարունակում յաջորդ՝ ոգեբանական աստիճանի ներունակ պատկերը: Դրանով է պայմանաւորուած այն ներքին-անտեսանելի շարժումը, որը, անկախ տեսանելի պատկերի շարժումից կամ անշարժութիւնից, ներկայանում է իբրեւ ստեղծագործութեան ուժական շնչառութիւն՝ դրսեւորելով հոգեգիտակցական ճանաչողութեան վերընթաց բնոյթը: Այդ շարժման գեղանկարչական պատկերը գլխավորապէս արտայայտւում է կնոջ՝ իբրև իգականութեան գոյաբանական մարմնացումի, կերպարով, որը ճշգրտօրէն համապատասխանում է շարժման բնազանցական նկարագրին: Դա, խորհրդաբանօրէն ասած, դէպի երկինք միտող «սրբազան եռանկիւնին» է: Դրա դիրքային փոփոխութիւնները Վան Սողոմոնեանի ստեղծագործութիւններում ցոլացնում են այն դիմադրութիւնը, որ շարժման նկատմամբ դրսեւորում է նիւթն իր գոյառական թանձրութեամբ: Այդ դիմադրութեան յաղթահարումը, սակայն, կանխորոշուած է վերուստ՝ իբրեւ տիեզերական շրջանառման անհրաժեշտ գոյապայման: Ահա թէ ինչու Վան Սողոմոնեանի կտաւները դիտողի հայեացքը բեւեռում են առաջին հերթին հոգեգիտակցական կենտրոնին, որը ոչ պատահականօրէն նկարիչը «տեղադրում» է ոչ թէ կտաւի տարածական կենտրոնում, այլ մեծ մասամբ նրա վերին մասում, իսկ երբեմն էլ կտաւի շրջանակից դուրս՝ իբրեւ լոյսի ակնարկ-արտացոլք: Այս տարբերութեան շնորհիւ էլ հէնց ստեղծւում է այն ներքին լարումը, որ փոխհաղորդակցական կապ է ապահովում կտաւի, հեղինակի եւ դիտողի միջեւ: Տեղի է ունենում այն, ինչ սովորաբար կոչում են «արուեստի հրաշք»․․․
Երկրորդ խումբ են կազմում Վան Սողոմոնեանի այն կտաւները, որոնք առաւել մօտ են արդի արուեստի կերպաւորման ձեւերին: Դրանցում հոգեգիտակցական սկզբունքն արտայայտւում է ոչ թէ անմիջականօրէն, այլ միջնորդաւորուած կերպով: Իբրեւ միջնորդ՝ հանդէս է գալիս մշակութային գիտակցութիւնը: Այդ պարագային արուեստի ինքնայաղթահարումը տեղի է ունենում հէնց իր՝ արուեստի մակարդակում, եւ հոգեգիտակցութիւնը դառնում է հարաբերութեան եզր, որի առնչութեամբ տեսանելի է դառնում ժամանակակից աշխարհի «շեղման անկիւնը»: Կտաւը՝ իբրեւ ճանաչողական տարածութիւն, տրոհւում է երկու մասի: Մի կողմում առարկան է, մյուսում՝ ստեղծագործական գիտակցութիւնը, որը ձգտում է յաղթահարել այն: Այդ երկւությունն արտայայտում է աշխարհն իր նիւթական գոյաձեւի մէջ՝ դէպի հոգեգիտակցութիւն իր գոյաբանական ձգտումով: Այդ դէպքում արդէն գեղանկարչական կառոյցի տարրերն են, որ իրենց հարաբերութիւններով փորձում են յուշել մէկ այլ իրականութեան ճշմարտութիւնը: Պատկերները, թեմաները, կերպարները, ծաւալներն ու գոյները կրում են մարդկային գոյաձեւի աշխարհընկալման սահմանափակութիւնը՝ կազմելով «մարդու աշխարհը»: Այդ աշխարհն անհրաժեշտաբար հիւանդ է, թերի, ոչ լիարժէք: Այդ աշխարհում առկայ է մի անլցնելի «տարածական խզուածք», ինքնօտարացում, ճակատագրականութիւն: Դա ստեղծում է քաղաքակրթութեան՝ իբրեւ գոյութենական միջավայրի, մի տեսակ դատապարտուած կերպարը՝ քարի-թղթի-աղմուկի իր տափանող ծանրութեամբ: Այդ աշխարհն արտացոլող արուեստագէտը ժառանգորդն է ժամանակների մշակութային գիտակցութեան: Պատկերելով այդ իրականութիւնը՝ նա փորձում է այն հարաբերութեան մէջ դնել տարածաժամանակային այլ չափումների հետ: Նա հեգնոտ է, կասկածամիտ, թերահաւատ ու ըմբոստ: Եւ այսպէս այնքան ժամանակ, քանի դէռ ստեղծագործ բնազդն ինքը, իբրեւ մի մոգական ձեռք, ինքնաբերաբար չի յայտնաբերել հոգեգիտակցութեան իրականութիւնը՝ իբրեւ ճանաչողական շարժման վերաճային մէկ այլ, աւելի բարձր աստիճան:
Այս գոյաբանական իրադրութիւնն իր արտայայտութիւնն է գտել Վան Սողոմոնեանի այնպիսի ստեղծագործութիւններում, ինչպիսին են՝ «Նախաճաշ բնութեան մէջ», Երկուսը», «Իկարուս», «Եւրոպայի առեւանգումը», «Վէնէրայի ծնունդը», «Պատարագ», «Քէօլնի տաճարը», «Նիկիա», «Մրցութիւն», «Արուեստանոցում», «Դանթէ Ալիգէրի», Կոնտրապունկտ», «Կազանովա», «Կինը՝ մերկ», «Ադամ ու Եւա», «Ճամփորդութիւն ժամանակի միջով» եւ այլն:
Ինչպէս կարելի է նկատել սոսկական անուանումներից, դրանցում կարեւոր դեր ունի առասպելի յիշատակումը: Եւ դա պատահական չէ: Քանզի առասպելը՝ իբրեւ ճանաչողութեան արքետիպային եղանակ, մարմնաւորում է իրականութեան ինքնայաղթահարման ձգտումը՝ թանձրացական ձեւերի մէջ: Այսինքն՝ այն, ինչ յատուկ է նիւթական գոյութեան օրէնքների մէջ կաշկանդուած մարդկային հոգուն: Այս իմաստով, կարելի է ասել, որ այս երկրորդ խումբը կազմող ստեղծագործութիւնները՝ անկախ դրանց ստեղծման տեղից ու ժամանակից, Վան Սողոմոնեանի ստեղծագործական համապատկերում հիմք են նախապատրաստում հոգեգիտակցական արուեստի ոլորտը թափանցելու համար: Ահա թէ ինչու հոգեգիտակցութեան սկզբունքի իրականացումները նրա կտաւներում ոչ թե արդիւնք են վերացական-մտաւոր գիտելիքները պատկերներով արտայայտելու ճիգի, «փիլիսոփայական խոկումների», ինչպէս կարելի է յաճախ հանդիպել ժամանակակից նկարիչների գործերում, այլ ինքնաճանաչողութեան յայտնատեսական ընկալումների, հոգու բնաբուխ մղման: Այդ է վկայում նաեւ այն, որ նրա գործերում գեղարուեստական արտայայտչամիջոցները, առանձին վերցրած, որեւէ դեր չեն խաղում, քանի որ սկզբից իսկ անտրոհելի կերպով ներառուած են հոգեգիտակցական միասնական յղացքում:
Այսպիսով, ի դէմս Վան Սողոմոնեանի ստեղծագործութեան, արդի հայ կերպարուեստը համարձակօրէն ձգտում է ընդլայնել գեղարուեստի խնդիրը՝ գեղագիտական իրագործումների հարթութիւնից այն տեղափոխելով ոգեճանաչողութեան համապարփակ ոլորտ, այսինքն՝ այնտեղ, ուր տրոփում է Նոր Դարաշրջանի տիեզերական զարկերակը: Եւ ինչպէս ամեն մի առաջամարտիկ, Վան Սողոմոնեանը՝ իբրեւ արուեստագէտ, այդ գործում կատարում է իր «ճշմարտութեան գործողութիւնը»:
1998թ.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *