Վարդան Հակոբյան | Խոստովանություն

Լուսանկարը՝ Հասմիկ Հակոբյանի

Այսօր բանաստեղծ Վարդան Հակոբյանի ծննդյան օրն է…Շնորհավորում ենք, մաղթում առողջություն և ստեղծագործական հաջողություններ:

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես նորից հիշում եմ քեզ,
եւ պահը ունենում է խորհուրդ,
եւ օրը ունենում է արեւ,
եւ սիրտը ունենում է կարոտ,
եւ դու իմն ես դառնում ավելի։

Ես նորից ներում եմ քեզ,
եւ լույսը ունենում է աղջիկ,
եւ հույսը ունենում է ճամփա,
եւ միտքը մոտենում է ափին,
եւ դու իմն ես դառնում ավելի։

Ես նորից կանչում եմ քեզ,
եւ ճամփան ունենում է ետդարձ,
եւ խոտն ունենում է ծաղիկ,
եւ հավքն ունենում է երգեր,
եւ դու իմն ես դառնում ավելի։

Դու հավերժ տանջում ես ինձ,
եւ ցավը ունենում է պսակ,
եւ հոգին ունենում է երազ,
եւ չի ունենում սերը սահմաններ,
եւ դու իմն ես դառնում ավելի։

 

ՄԻՆԵՐՎԱ

Քո ձեռքի հիշողությունից ցավեցնող բողբոջել է իմ դռան բռնակը,
ուզում ես նկարներ դիտել, խնդրեմ, դիմիր երաժշտությանը չհնչած,
ուզում ես երաժշտություն լսել, դիմիր բառերին պարզ, չհորինված,
ուզում ես կարդալ բանաստեղծություն, համեցեք, դիմիր վրձնին արեւի,
ուզում ես հասկանալ քեզ, չգիտեմ ում դիմել, եթե՝ ոչ ինձ։

Քո գալու բույրից օդը դողում է անընդհատ, տերեւները խփոց են սրտի,
երբ նայում ես ինձ, թվում է՝ աչքերդ թեւեր են եւ դու թռչում ես,
երբ խոսում ես, բառերը դառնում են աղբյուր եւ դու հոսում ես,
երբ ժպտում ես ինձ, ծաղիկը կրակ է դառնում ու դու բուրում ես,
իսկ գետը ձայնանկարչության դասեր է տալիս մանուկ հովերին։

Ծառը փորձում է մեկնել, վերհիշել ցամաքած առվի շշուկը վերջին,
թող ինձ ներեն այս քարերը, որ ես իրենց միշտ քարերի տեղ եմ դրել,
ինչ որ ստվերներ անհասկանալի, անաչք մթան մեջ հետեւում են ինձ,
թեպետ ամեն ինչ ասել, բաժանվել ենք, բայց մի բան դեռ չեմ ասել, չգիտեմ՝ ինչ,
իսկ վառած մոմդ լուսաերաժշտության դասեր է տալիս ծլող աստղերին։

Ուզում եմ խոսել, ոչ մի բառ ինձ չի բավարարում, առավել եւս՝ այս լռությունը,
փորձում եմ գնալ, ոչ մի ճամփա չեմ ընդունում, բայց գժվում եմ հեռվի համար,
ջանք եմ գործում՝ ներկայանալ, բայց՝ ո՞ւմ, որտե՞ղ, երբ բոլորի մեջ ոչ մի տեղ չկամ,
երազում եմ վերադառնալ, սակայն՝ ինչպե՞ս, երբ այնտեղ ես, որտեղ չկաս,
իսկ Քուչակը խելագարորեն խիզախ սիրերգության դասեր է տալիս դարերին։

Քո ձեռքի հիշողությունից ցավեցնող բողբոջել է իմ դռան բռնակը,
ուզում եմ նկարներ դիտել, դիմում եմ երաժշտությանը դեռ չհնչած,
ուզում եմ երաժշտություն լսել, դիմում եմ բառերին պարզ, չհորինված,
ուզում եմ կարդալ բանաստեղծություն, դիմում եմ վրնձին արեւի,
ինձ եմ ուզում հասկանալ, չգիտեմ ում դիմել, եթե ոչ քեզ։

 

 

ԹԱՓԱՌԱՎԱԶՔ

Ես հաճախ չեմ իմանում, թե ուր եմ գնում՝
երբ որ չեմ գնում,
թեեւ չի լքում չխոստովանվող պատրանքը հույսի,
թե տուն եմ գնում։
Կաթիլ-կաթիլ աշխարհվում եմ,
աշխարհի չափ՝
ապաշխարվում։

Ինչո՞ւ այլեւս պատահաբար չեմ հանդիպում քեզ։
Մտքիս մեջ անգամ դու հրաժարվում ես ինձ հետ
քայլելուց եւ ես ամենուրեք գնում եմ մենակ։

Վայրկյանն ինչո՞ւ է շրջանցել հավերժությունը։ Երբ
բոլորն են քեզ սիրում, նշանակում է՝ ոչ ոք չի սիրում։ Եվ
ամեն վայրկյան իր մեջ հրաժեշտ ունի, անկասկած։

Ապագան ներկայում մոլորած՝ նույն անցյալի զավակներն ենք
եւ չկա ոչինչ ավելի անբարոյական,
քան բարոյականության մասին քարոզը։

Սիրում եմ իմ երկրի թշվառներին, որ խենթ ու ծանր են մեր քարերի պես՝
ուրիշ այլ մի վայր գնալու համար, քանզի
ամեն մարդ իր միջով է անցնում իրենից դուրս գտնվող ճանապարհը։

Սերն այնժամ է սեր, երբ չեն հասնում։ Յուրաքանչյուր գետ մի քիչ
Ախերոն է։ Հեռուն, որին այնքան տենչում եմ հասնել, կախված
է ինձանից։ Հետեւապես կախյալ եմ եւ ես։ Մարմին եւ հոգի։

Ես թռչեցի երկինք՝ կարծելով լեռների գաղտնիքն այնտեղ է։ Բայց
ամենաբարձր գագաթըևծովի մակերեւույթիցև
դարձյալ մնում է Հովհաննես Այվազովսկու իններորդ ալիքը։

Ես հաճախ չեմ իմանում, թե ուր եմ գնում՝
երբ որ չեմ գնում,
վերադարձի տեսիլներն անվերջ ուղեկցում են ինձ,
եւ ես համոզված եմ՝
հասնելու եմ այնտեղ, որտեղ երբեք չեմ հասնելու։

 

 

ԲԱԲԵԼՈՆԻՑ ՀԵՏՈ

Ես բառ եմ ընդամենը՝
«սիրում եմ»,
որ հայրս շշնջացել է մորս, երբ նա եղել է 16 տարեկան։

Սիրելի ճանապարհ,
միակ ելքը
երեխայի ծնունդն է։ Ծննդկան աղբյուրի խշշոցներում
շարահյուսվում են խոտը, երկինքը, միտքը, եւ օդը
լցվում է ոչ մի վարդից չգերազանցված բուրմունքով,
ոչ մի շողից չգերազանցված թիթեռնիկներով՝ դեղին, կապույտ։

Բոբիկ հովիտներում
զրնգում է
գարնան վարգը։ Շիրազն իր բաժակն այնպես է խփել Արարատ
սարին, որ աշխարհում այլեւս չասված կենաց չի մնում։ Լույսը
կանգառներ չունի։ Բաժանումը կեղծ վիճակ է, որովհետեւ
հանդիպումը միշտ ներկա է։ Իսկ մանկության լեռներից
բարձր լեռ չկա։

Վայրկյանի ճյուղերին
հյուսեցի
ես իմ բույնը։ Գնացել էի մի նոր շյուղ կամ մի ծեղ բերելու, երբ
վերադարձա, վայրկյանն արդեն թռել էր։ Չկար։
Մնացել էին աչքերդ։
Անվերջանալի ճանապարհի վրա քայլում են երկու լեռներ՝
որպես նժարներ
մութ ու լույսի. արեւը մեկի թիկունքից ծագում, մյուսի
ուսին մարում է։

Աշխարհում ամենից նորն աշխարհն է, որը, սակայն,
ամեն վայրկյան հին է ու այլ։ Ես ընդամենը խոսք եմ՝
«սիրում եմ»,
իսկ «խառնակ» բառն, անշուշտ, ծնվել է Բաբելոնից հետո։

 

ՍԻՐՈ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԸ

Ես քեզ նվիրում եմ ամենագեղեցիկը ինչ կա
արեւի տակ – ճանապարհ

Որով ծաղիկը հասնում է բույրին
Որով առուն հասնում է պարզությանը
Որով ժպիտը հասնում է համբույրին
Որով սերը հասնում է անսահմանության

Ես քեզ նվիրում եմ ամենաթանկը ինչ կա
արեւի տակ – ճանապարհ

Որով լույսը հասնում է հոգուն
Որով ջուրը հասնում է անապատ
Որով երգը հասնում է երազին
Որով ասպետը հասնում է աստղին

Ես քեզ նվիրում եմ ամենաանկրկնելին ինչ կա
արեւի տակ- ճանապարհ

Որով երկինքը հասնում է թեւերին
Որով լեռը հասնում է վեհությանը
Որով ջերմությունը հասնում է սրտին
Որով տունը հասնում է տանը

Ես քեզ նվիրում եմ ամենաանհասը ինչ կա
արեւի տակ – ճանապարհ

Հավերժական հեքիաթ

 

ԽՈՏԻ ՔՆՔՇԱՆՔԸ

Երբ քեզ հիշում եմ ու մտորում եմ մենակ, սրտիս միջից
ինձ է հասնում մի կռունկի ձայն եւ
երամի թեւին ուշացած երկինքը հեռանում է։ Մարմինդ
բուրում է վայրի ծաղիկներով, այնպես որ՝ քիչ է մնում հավատամ, թե
դու չես ծնվել,
այլ մայրդ քեզ հանել է մեր Զնգանաձորի մանուշակոտ գետից։

Երկինքները հաջորդում են իրար Մեծ քարի վրա։

Մինչեւ թոնրի կրակը չի թեժանում՝ լիզելով պատերը
թոնրատան, մինչեւ չի քշում
այդտեղից սատանաներին բոլոր, խոնչան չի բերվում թոնիր,
քանզի պարզ է, որ խմորահացը թոնրապատից չի բռնելու։

Իսկ դու, երազիդ մեջ, իմ ձեռքը բռնած, վազեցիր թոնրատունը ձեր՝
երբ անձրեւ էր ու կայծակն էր երկնքում խաչաձեւվում,
մինչ ես կուզենայի
երկնքից խոսք խլեինք
ամբողջովին դրսում։

Առվակներն ինչ-որ հուշեր էին տանում իրենց հետ, որ
մերը չէին, անշուշտ։
(Բառերը շրջում են հոտերով ու նախիրներով, ինչպես
մարդիկ շատ հին, վաղնջական ժամանակներում)։
Իսկ հիմա, երբ ծառն ուզում է ոտքն անտառից դուրս դնել՝
թեկուզ մի քայլ,
ծառերի նախիրը ոչնչացնում է նրան։ Ծառերն ուտում են ծառերին։ Զի
«Սերն առ նախիր ավելի հին է, քան սերն առ ես-ը» (Նիցշե)։
Անտառը դուրս է եկել առվի ջրերից, եւ ծառերը ձկներ են։

Աչքերդ կայծակների թելին ի մի բերված
կախարդական հուլունքներ են։

Ես լսում եմ, թե ինչպես է ճանապարհ ընկնում լույսը,
որին դիմավորողների մեջ
միայն ես ու դու ենք, որ ես ու դու ենք։
(Ես ուզում եմ հավասարվել խոտին ու ջրին՝ նրանց մասին
երգելու պահին գոնե։
Իսկ ծաղիկն իր գեղեցկության համար շնորհակալություն է ասում իմ աչքերին)։

Ամեն ցավի ցավ մի ասեք, ամեն ցավ իր տիրոջ անունով կոչեք,
որովհետեւ աշխարհում անտեր մարդիկ ինչքան ուզեք՝ կան, բայց
անտեր ցավ չի լինում. բոլոր
ծաղիկներն իմ միջոցով են գալիս դեպի քեզ։

Ես համբուրում եմ կայծակները։ Սերը միայն անցյալ ունի,
ապագայում այն արդեն չսպիացած
հուշ է։
Նոյյան տապանի մեջ տեղավորվել են Մասիսները եւ
լողում են հեռու։

 

ԱՐԵՎԸ ԾԱԳՈՒՄ Է ՔՈ ՀԱՍՑԵՈՎ

Իմ անունը ես թողել եմ ամպերում, այն
կաթիլ-կաթիլ մաղվել է դաշտերին,
հիմա ծառերը, խոտերը, ծիլ, ծաղիկ ու փուշ
հողից բարձրանում են իմ հասցեով։

Իմ անունը ես թողել եմ արեւի վրա, այն
շող առ շող թափանցել է հավքերի մեջ,
երազավորվել է նրանց երգում ու թեւերում,
թռչունները դեպի արեւ են թռչում իմ հասցեով։

Իմ անունը ես թողել եմ մարգարիտներում, այն
աստղերի հետ թափվել է խորքը ծովերի,
եւ մեր լեռների գետերն ու աղբյուրները
հեռաստաններ են վազում իմ հասցեով։

Իմ անունը ես թողել եմ փողոցում, այն
լույսի ընթացքն է մեր աչքերում, առանց որի մութ կլիներ
եւ մեր տեսածներն անիրական ու անստվեր կլինեին,
արեւն ամեն օր ծագում է քո հասցեով։

 

ԱՆՍՈՎՈՐ ԱՐԵՎ

Երբ քեզ սիրում էի, եւ
անձրեւ էր գալիս, ես
հասկանում էի իմաստն անձրեւի,
ես գիտեի՝ ինչու է գալիս։

Երբ քեզ սիրում էի, եւ
ձյուն էր տեղում, ես
հասկանում էի իմաստը ձյունի,
ես գիտեի՝ ինչու է գալիս։

Երբ քեզ սիրում էի, եւ
արեւը սկսում էր ծագել, ես
հասկանում էի իմաստն արեւի,
ես գիտեի՝ ինչու է ծագում։

Իսկ հիմա, երբ հեռացել ես,
այլեւս չեմ հասկանում՝
ինչու է անձրեւ գալիս, կամ՝ ձյուն տեղում։
Նույնիսկ իմաստն արեւի՝ անհասկանալի է…

 

 

ԾԵՐՈՒՆԱՄՈՒՏ

Գալիս է մի տարիք, երբ
իրավունք չես ունենում արդեն
աղջիկներին հարցնելու,
թե ինչու՞ են այդքան գեղեցիկ։

Գալիս է մի տարիք, երբ
բառը, որին ողջ կյանքում սպասել ես,
գալիս, ծեծում է դուռդ, բայց
դուռը չես բացում, իբր տանը չես։

Գալիս է մի տարիք, երբ
հավքի փոխարեն երգում է ճյուղը,
և հեղինակը բոլոր
խոսքերի արեգակն է լինում։

Գալիս է մի տարիք, երբ
ոչ ոք չի հասկանում քեզ և դու
չես քայլում, տեղում կանգնում ես,
որովհետև չես ընդունում ոչ մի ճանապարհ։

Գալիս է մի տարիք, երբ
ոչ ոք չի ուզում քեզ հիշել
և երկնքում հավք տեսած աչքերդ
միանում նրանց, չվում են անհայտ հեռուներ։

Գալիս է մի տարիք, երբ
թվում է, թե ուշացել ես ամեն տեղից,
թեև իրականում
տեղ չկա` ոչ գալու, ոչ գնալու։

Գալիս է մի տարիք, երբ
ձեռքդ մեկնում ես, որ աստղեր փնջես,
գլորվում ես հանկարծ ինչ-որ մի անդունդ
և ոչ ոք այլևս տեղդ չի իմանում։

Գալիս է մի տարիք, երբ
անընդհատ ժպտում ես ամենքին,
որովհետև հասկանում ես վերջապես, որ
բոլորն անմեղ են, մեղքատերը միայն դու ես։

Գալիս է մի տարիք, երբ
բոլոր աղջիկները քեզ անխնա սիրում են
և դու լուսնից վայր ես ընկնում, բայց չկա
ջահելության բարդին, որ քեզ պահի ճյուղերի վրա։

Գալիս է մի տարիք, երբ
գլխիդ վերև հնչում է զանգը և դու` հանց
հանցատախտակի վրա, սպասում ես դինջ,
թե երբ կարձակվի գնդակը ճակատիդ։

Գալիս է մի տարիք, երբ
իրավունք ես ունենում արդեն
բոլոր աղջիկներին հանգիստ հարցնելու,
թե ինչո՞ւ են այդքան գեղեցիկ։

 

 

Ֆեյսբուքյան խոստովանություն

sirum em qez

Ես եմ քեզ սիրում
բայց այնպես
որ քեզ թվում է
ես չէ
դու ես ինձ սիրում

karotum em

Ես եմ քեզ կարոտում
բայց այնպես
որ քեզ թվում է
ես չէ
դու ես ինձ կարոտում

hamburum em qez

Ես եմ քեզ համբուրում
բայց այնպես
որ քեզ թվում է
ես չէ
դու ես ինձ համբուրում

anhasaneli es

Ես ու դու միշտ հասնում ենք իրար
բայց այնպես
որ մեզ թվում է
կյանքում դեռ չենք հանդիպել

P.S.

ամբողջապես հավաքիր նամակիս տողերը
և ուղարկիր ինձ
բայց այնպես
որ ինձ թվա
ես չէ
դու ես գրել
ու ես եմ հավաքել և ուղարկել քեզ…

 

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Ժամանակը, երբ հանկարծ հեռանում ես դու,
վերածվում է
անսովոր կարոտի սպառազինության:

Ժամանակը, երբ ուշանում ես դու,
դառնում է
ինքնազոհ վայրկյանների հուղարկավորություն:

Ժամանակը, երբ լսվուն են արդեն ոտնաձայներդ,
փոխակերպվում է
արյանս մեջ – թրթռուն լույսի առիթմիա:

Ժամանակը, երբ միասին ենք վերջապես,
իջնում է կրծքիդ վրա
և կտցահարում է սրտիս սպիտակավարդ պահերը…

 

ԸՆԿՆԵԼՍ

Ամեն ընկնելս
նման է հողից
Մի բան վերցնելուն…

 

ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ

Բանաստեղծները երեխաներ են։
Եթե ուզում եք դեռ թաքուն պահվող
ճշմարտությունը
բարձրաձայնվի,
դիմեցեք նրանց։
Պարզ լինելուց էլ
շատ են պարզ նրանք…
Բանաստեղծները երեխաներ են։
Եթե ուզում եք ձեր մեջ գրանցել
անգամ չծագած
աստղերի երգը,
լսեցեք նրանց։
Նրանք աստղերի
երկվորյակներն են։
Բանաստեղծները երեխաներ են։
Նրանք կարող են միեւնույն պահին
«կռվել» ու հաշտվել
երեխավարի,
դուք մի զարմացեք՝
անքեն են լինում
երեխաներրը։
Բանաստեղծները երեխաներ են։
Թե խաղաղության պայծառ կոչի տակ
երեխաների
անուններ են պետք,
դուք մի մոռացեք
եւ անունները
նրանց երգերի։
Բանաստեղծները երեխաներ են։
Մայր ժողովրդի սրտից ճառագած
լույսեր են նրանք
անթառամելի,
համբուրեք լույսը,
որ խենթությամբ էլ սիրել տալ գիտե։
Բանաստեղծները երեխաներ են։
Իսկ հող ու օջախ, իսկ տուն ու աղջիկ
սիրելիս՝ նրանք
անթերի են միշտ,
նույնիսկ ավելի
երեխա են, քան
երեխաները։
Երեխաների նմա՛ն սիրեցեք,
բանաստեղծները երեխաներ են։

 

ԻՆՔՆԱՆԿԱՐԻ ՓՈՐՁ

Ես իմ լռության դուռը բացում եմ ու ներս եմ մտնում…
Հետո ծառերը ողջ աշխարհով մեկ որոնում են ինձ,
Հետո սարերը ողջ երկնքով մեկ որոնում են ինձ,
Հետո բառերը ողջ երգերով մեկ որոնում են ինձ
Ու որոնման մեջ ես մոտենում եմ իմ իսկ պատկերին։

Ես իմ երազի դուռը բացում եմ ու ներս եմ մտնում…
Հետո քարերը փնտրում են պատեր, որ վեր բարձրանան,
Հետո գետերը փնտրում են հուներ, որ վեր բարձրանան,
Հետո խաչերը փնտրում են վանքեր, որ վեր բարձրանան
Ու մաքառման մեջ ես մոտենում եմ իմ իսկ պատկերին։

Ես իմ հավատի դուռը բացում եմ ու ներս եմ մտնում…
Հետո բացվում են հին-հին բերդերը, մի-մի ջահ վառում,
Հետո բացվում են հին իմաստները, մի-մի ջահ վառում,
Հետո բացվում են հաղթությունները, մի-մի ջահ վառում
Ու ջահերի մեջ ես մոտենում եմ ցավիս պատկերին։

 

***

Դու բառի մոտ գնում ես այնպես,
ասես փնտրում ես
մի վայր, ուր
կարելի է ինքնասպան լինել։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *