ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ | Մանրաքանդակներ

Վարդան Հակոբյան

 

1

Ծաղիկը թեքվել էր
քո չասած խոսքի վրա:
Բացատում խավար էր
բացարձակ:
Եվ քամի եղավ: Ճարճատուկի
ցողունը խփեց
որձաքարին, և նրանից
հարյուր ծաղիկ ելավ միանգամից:

Համբերության մեջ
ժամանակի
խնայողություն կա:

Սպասում եմ խոսքիդ:
Եվ տարածությունը
լցվում է հաշիշով: Եվ
խավարն ասեղնոտում է:

Ստվերները գիշերային
թափառաշրջիկներ են,
որ լույսի
հակառակ երեսին են
մշտապես պահվում:

Խառնում եմ խարույկն
անհայտի:

Իսկ կրակը անցյալի
հիշողությունն է
ապագայի տեսլականով`
քանի չի շրջանցում հոգին:

Գիշերը թեքվել է
խարույկի վրա:

Երբ մեկ-մեկ միտքս
պարզվում է,
ոչ մի միտք չեմ ընդունում:

 

2
Եթե շարունակեմ
այսպես ապրել,
ամբողջությամբ
մեռնելու եմ:-
Ասաց ժամանակը
ծովի խրոխտ ալիքներին:
Ասաց կառանատեղին`
հանգրվանած նավերին:
Ասաց սյունը, որից
կապված էր ձիու սանձը:
Ասաց ճանապարհը
եզրաքարերին:
Ասաց կինը` նայելով
պատուհանից դուրս:

Եվ ոչ ոք ոչ մեկին
ոչ մի բան չասաց:

 

3
Երբ նայում եմ երկնքում
թռչող հավքին,
թվում է, թե ես եմ
սավառնողը: Բայց
այդպես չէ դա, ես
պարզապես լսում եմ, թե
դու ոնց ես ընթեռնում
իմ բանաստեղծությունը:

«Անկեղծ լինեմ մինչև վերջ.
բանաստեղծությունդ կարդալիս
փորիս վրա
մաշկս դողում ու քաղցր թրթռում է»:

Իսկ ես այլևս չեմ գրում:

 

4
Ես եկել էի,
որ ինձ սպանես,
մեկ էլ միտքս փոխվեց,
երբ քեզ տեսա:-
Չուզեցի ձեռքերդ
արյունոտած տեսնել,
գլխիկոր հեռացա:
Ես ու մեղքս
փաթաթվեցինք իրար
ու
ծերացանք`
գլուխներս մի բարձի:

 

5
Կարևորը ընթացքն է,
ոչ թե ուղղությունը,
որովհետև, ի վերջո,
բոլոր ճանապարհները
նույն կետին են հասնում`
եթե, իհարկե, չեն մնում ճանապարհին:

Իմ մենությունը
թռչնաբույն է`
անձրևի պահին:

Առվի մեջ աստղերը
փորձում են գեղագրել
գիշերվա լռությունը:

Յուրաքանչյուր թռչուն
ոտքին նամակ ունի`
հասցեագրված,
բայց… ո՞ւմ:

Երբ խոսում են` արմատը
ջրի,

շողը` հողի,
ճամփան` երկնքի,
ծիլը` հորիզոնի հետ,
դա ճիշտ ժամանակն է
ասելու` սիրում եմ:

Նման պահերին
վայրկյանները երկարում են,
ավելի, քան ձեռքեը:

 

6
Խավարը աչք է
հորինում: Կան
ծաղիկներ, որ
ստվերներ չեն ունենում:
Լուսնի դեմ ոռնացող
քարերի ոհմակ: Ես
հաղթահարում եմ
անդունդը
բացակայության,
որն ավելի է խորանում`
բառը
դարձնելով անհնարին:

 

7
Ես քո երգը լսելով`
հասկացա, թե ինչու են
թռչունները
նախընտրում եղեգնուտը:

Եվ դիմելով ծառին` ինչ որ
բան ավելացրի
տարեգրության մեջ
ուղիների:
Ճանապարհը, որով
քայլում եմ ահա, ուղիղ
ապրածս կյանքի չափ,
դեռ չեմ ճանաչում:

Ճանապարհը միակն է,
որը չի մեռնում`
մեռնողի հետ,
ապրողի հետ ապրում է:

 

8
Հանդիպման լավագույն վայրը
միայն խավարը չէ: Մատս
դնում եմ խոտի վրա և
լսում սրտիս ձայնը. «Իմ
իրավունքի խախտում էր
ինձ աշխարհ բերելը`
առանց իմ իմացության, բայց
«մեղքը» ներելի է,
որովհետև, ի վերջո,
բոլորը չէ, որ գալիս են,
իսկ գնալը` ամենքի համար,
միշտ կա ու կա»:

 

9
Հալվող ձյունի տակ
երկու երկարաճիտ
կոշիկներ երևացին:
Մարդը չկար:

 

10
Ես ծառի ու քամու
միջև եմ,
օդի մեջ տարուբեր`
որպես անկատար
տրամադրություն:
Ժամացույցիս սլաքը
թեքվել է դեպի
պահը, որը
կորցրել է դուռը:

Յուրաքանչյուր վայրկյան
իր բանալին ունի,
միայն ու միայն` իր:

Թևը բաժանել է
երկինքը:

Որքան որ ես
մոտենում եմ մարդկանց,
այնքան ավելի եմ
հեռանում նրանցից:

 

11
Հենակները հիմա
քայլում են այն
ճանապարհով, որ
ոտքերն էին բացել:

Ես ոչ ոքի
օտար չեմ այնքան,
որքան ինքս ինձ:

 

12
Վերելքում ես
հաղթահարում եմ
անունս:
Ու պահերն
այնքան
հեռու են իրարից:

Այս երկնքի տակ
հնամենի
չկա ոչինիչ,
որ չլինի սկիզբ:

Վայրկյանն ասում է.
-Իմ քույրը ես չեմ:

Այժմը միշտն է, անշուշտ,
սակայն` պահի
կաղապարներից դուրս:

Յուրաքանչյուր վայրկյան
մի արար է, և մենք
հազվադեպ կարող ենք
նրա «գործողությունները»
դիտել, քանզի միշտ չէ,
որ կարողանում ենք
վարագույրները բացել:
Թեև. քեզ ով ասաց,
թե վարագույրը միայն
մի երես է ունենում:

Ես ուզում եմ
մեկ առ մեկ
հանդիպել երկնքի
բոլոր թռչուններին,
իմանալու`
դու նրանցից ո՞րն ես:

 

13
Ոտքը ձգվում է
ճանկերի հաշվին,
գլուխը` կտցի:
Որքան խորն է
թուխս նստել
ագռավը
ագռավի մեջ:

 

14
Եթե աշխարհի
ամենագեղեցիկ
աղջիկը դու ես անգամ,
դրանից դարձյալ
ոչինչ չի փոխվում` այդ
ամենագեղեցիկը նույնպես
քեզ մոտ… զիջում է:

 

15
Քո ոտնաձայները
երբ տեղ հասան,
մութը միանգամից
ինքնաբացարկ տվեց:

Բարի լույս, օր:

Ծիծաղը ետնադուռ
ունի, ուր ինչ որ մեկը
միշտ լալիս է:

 

16
Ծառի նկատառումներում
մրջյուն կա, որը տերևից
անմիջապես անցել է
լուսնի հարթակին:

Լավ է տող չլինի,
քան տողատակ:

Հունը շեղվել է
ջրից, և ծաղկի ծարավում
մեռնող մեղու կա:

Լավ է տող չլինի,
քան տողատակ:

Այգու դուռը փակում եմ
գիշերները, որ
ծառերը չցրվեն
հանդերում:

Հեռուն թախծում է… Եվ
նրա տողատակերը
տողերից շատ են:

 

17
Թունելի ծայրին
լույսը երևում է,
լույսի ծայրին
թունելը չի երևում:
Խոսքը լռության
թարմ վերքն է:
Կամ` նրա ազատումը
ցավից, իհարկե`
ինքնասպանությամբ:

 

18
Բոլոր ճանապարհներից
հավաքել եմ
իմ ոտնահետքերը,
լցրել եմ քրքրված
կոշիկներիս մեջ և
տարել ձեղնահարկ:
Ասում են` Սիզիփոսը
հանձն է առել`
ավարտին հասցնել
Բաբելոնյան աշտարակը,
միայն թե` այլ վայրում:

Ես ու դու գիտենք` որտեղ:

 

19
Ես քեզ կամաց-կամաց
մոտենում եմ`
ինքն իրեն հետաձգող
պահի մեջ:

Արևի գեղմը մնաց
եղեգնուտում,
արագիլները նրանով
բույն են շինելու:

Եվ ինչ լավ է, որ
գագաթներով անցած
ամպերի ոտնատակից
գլորված քարերը
հովիտներ չեն հասնում,
մանավանդ, ուր եղեգնուտից
ոչ հեռու արածում է
Դոնկիխոտի ձին, իսկ
ասպետը հարբել,
Էսկիֆեի տված
«խմիչքով»,
Մորփեոսի աշխարհում
կյանք է քաշում:

Մթան դեմքին
սպիտակ կատվի
ճանկռտոցներ
կան թեթև:

Ու ոչինչ կորած չէ,
ինչպես խոտի հետքը`
երկնքի վրա: Թիակների
հարց է ընդամենը`
գետը կարող է և
իր հետ տարած գերանը
կրկին ետ բերել:

Ես կամաց-կամաց
մոտենում եմ տանը.
այգու ետևում
ջուր պիտի լինի,
խոսքի ետևում` մարդ:

 

20
Ջարդված կանթերով
վայրկյաններ
ու… թափված գինի:
Ապուր` աստղերով:
Հեռացումը վիճակի
ազնվացում է:

Եվ ես գիտեմ`
ծաղկի տեղն
այնտեղ չէ,
ուր առուն է,
այնտեղ չէ, ուր
բոլորն են,
այդ թվում` և ես:

Սահմանի վրա
ասված խոսքը
բառեր չի ունենում:

 

21
Ո՞վ հնարեց
տախտակամածը, երբ
առանց այն էլ
կարելի է կանգնել
ջրերի վրա: Ուրիշ
բան, որ այն
տեղադրվեր օդում:

Սխալ է մեխը: Այն
բռնություն է:
Պատերը շարժվում են
այնպես, ինչպես
դուռն է ցույց տալիս:

Խորքում միշտ էլ
այլ է խորքը:

 

22
Ասում եմ` հեռվի
սպասուհին
ճանապարհն է`
ոչ միշտ հավատարիմ:

Ասում եմ` եթե
ուզում ես հասնել`
ձեռք քաշիր
հույսից:

Ասում եմ` մի լռիր,
և կմեռնի
խոսքն ընդհանրապես:

Ասում եմ` գժված
կրակն ի՞նչ է
լռության ճարակի մոտ:

Ասում եմ` լույսը
թաքցնելու բան չունի,
և հեռուն
թթվածինն ավելացնում է:

Ասում եմ…

Ես ծնվել եմ
այն օրը, երբ
Ոսկի հորաքույրս
աղուն էր չորացնում
մեր տան կտուրին:

Ժամը հանեք ժամացույցից,
և սլաքները
ցույց կտան անսխալ:

 

23
Ամեն ինչ գիտեն
վարագույրները:
Սերը
ստվերն է նրա, ով
չկա: Եվ
մենությունը
տապանն է սիրո:
Դու ո՞ր քարի
տակ ես պահում
մութի բանալին:

Քարը ունի
նախանձելի
տեսողություն,
որը երբեք
չի նվազում:
Ես մատով հպվում եմ
հավերժությանը և
արշալույսի շեմին
վրնջում է ձին:

 

24
Այո-ն փոքր է
չէ-ի
համեմատությամբ, թեև
հակառակն ենք
ուզում ապացուցել:
Չէ-երը հանիր
բազմապատկման
աղյուսակից, և
աստղերի թիվը
ստույգ կլինի:

 

25
Քո մաշկը
սպիտակ է,
ինչպես
լույսի հպումը
դեմքիս:

Չեմ հասկանում`
ինչու եմ սիրում,
երբ սիրել
չգիտեմ:

 

26
Լեռան լանջերին
կաքավն իր երգով
հորդորում է
քարերին, որոնք
լույսը դիմավորում են
իր ձագերի հետ:

Ես հովիտներում
դաղձ եմ քաղում:
Հանկարծ աչքիս է
զարնվում մի հին,
հողապատ ոսկոր`
օղակի մեջ շղթայի:
Ոսկորն ազատ եմ
արձակում` ով գիտե`
որ դարի կալանքից:

Ուրցի հոտը`
կաքավի երգի հետ,
խայտում է ջրերում:

Աշխարհում ամեն ինչ
ամենևին էլ
այնպես չէ, ինչպես…է:

 

27
Բանաստեղծությունը,
որին մենք
այնքան մոտ ենք,
շարունակում է
մեզանից հեռու մնալ
անսահման:

 

28
Ավելի տխուր,
քան աչքերն են,
կարող են լինել
միայն… աչքերը:

 

29
Դաղձի մի տերև`
սեղանիս վրա, և
մորս տաք ձայնը
խփում է ականջիս`
հեռու-հեռու,
Արփագետուկի
ամառային թեժ
բուրմունքների մեջ:

Մի թռչուն անցնում է
երկնքով, այնքան բարձր,
որ ինձանից բացի
ոչ ոք չի նկատում:

 

30
Իմ թշնամիների
շարքերում ամեն օր
զորակոչ է, ուրեմն`
ես միշտ կամ: Իսկ իրենք
մեռնում են` երբ
ինձ սպանում են:

 

31
Չկա ավելի մեծ
ծաղր մեզ համար,
քան այն, ինչը,
թվում է, թե… գիտենք:

Հողի մեջ` լույսի
շնչառությունը ծիլվորվում է,
կա մի տիեզերք, որի
համար մենք ընդամենը
այլմոլորակային ենք
գուցե, կամ` նման մի բան:

Եթե ճամփադ կոշտ է,
պառկեմ` քայլիր իմ վրայով:

Share Button

2 Կարծիք

  • Ընթերցող says:

    Մանրաքանդակ ասելով ինչ եք հասկանում?

  • լավ ընթերցող says:

    շնորհակալ ենք հեղինակ, որ Ձեր բառերը դարձել է մեր երակներով հոսող արյան կարևոր մասնիկը…. կեցցեք… փառք Աստծո Ձեր նման մարդիկ դեռ կան, ստեղծագործում են

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *