Անի Հովնան | Վարդեր` հորս համար

(Դրամա` 1 գործողությամբ)

Գործող անձինք`

Տղա _ Արշալույս Հ- 35 տարեկան, միջահասակ, սևահեր տղամարդ։

Աղջիկ_ Արշալույս Հ 2– 15-17 տարեկան, շիկահեր, գեղեցիկ աղջիկ։

Ամալյա_ 34 տարեկան, բուժքույր։

 Սենյակ, որտեղ էկրան է դրված, ինքնաթիռի խցիկի կամ լավ կահավորված համակարգչային սենյակի տպավորություն է թողնում։ Սենյակի մի անկյունում վարդեր են դրված։

ՏՂԱ_(անհանգիստ նստած է էկրանի մոտ, ականջակալներով է, վահանակով խոսում է։) Առաջին աշտարակ, լսու՞մ եք ինձ։ Հյուսիս_արևելքից քամիներ են փչում։ (Ինքն իրեն քամու ձայն է հանում)։ Չէ, չէ, հավասարակշռության կենտրոնն ա պետք պահել։ Ես կարող եմ վերահսկել ինձ ու էս օդանավը, կարող եմ վերահսկել։ Ստուգել վառելիքը։ 1,2,3… Աջ, աջ։ Ու՜ֆ, մի քիչ խաղաղվեց։

(Ներս է մտնում աղջիկը)

Տղա_Էս ու՞ր, քեզ չի կարելի այստեղ, գնա, սա քո տեղը չէ։

Աղջիկ_(տեղավորվում է տղայի կողքին) Իսկ ո՞վ ասաց, որ չի կարելի։ Բա դու ո՞նց ես այստեղ հայտնվել։

Տղա_(Ուշադրությունը էկրանին է պահած) Սա իմ տարածքն է, դռան վրա գրված է` «Արշալույս Հ.», կարդալ չգիտե՞ս։

Աղջիկ_(թեթև հեգնանքով) Գիտեմ, գիտեմ։ Բայց դու մի մոռացիր, որ ես էլ  եմ Արշալույս Հ։

Տղա_(Խոսում է վահանակով) Ուղղությունը հյուսիս_արևմուտք,  քամու ուժգնությունը` 2500 մ/վ։ մնաց 5000 կմ։ (Սարքերից մեկը շարժելով և հետո հետ դառնալով աղջկան) Հա, Արշալույսն ես, բայց սա քո տեղը չէ, իմն է։

(1_ին տարբերակ` համակարգչի  թրթռացող, կանաչ էկրանից արհեստական ինտելեկտի ձայնով տրվում է ինֆորմացիա` 3-րդ դեմքով)

Աղջիկ_(միալար ձայնով) Արշալույս Հ, 35 տարեկան, ավարտել է Տնտեսագիտական համալսարանի միկրոտնտեսագիտություն բաժինը։ Աշխատում է բանկում` որպես ավագ մասնագետ և  մասնավոր ընկերությունում` որպես գնումների մասնագետ։ Ամուսնացած է, ունի 1 դուստր և 1 որդի։ Ռոբոտ_տիկնիկների հավաքորդ է, Երազում է տեսնել Նյու_Յորքը։ Սիրում է օդաչուի գործը։ Ատում է սև գույնը։

 Տարբերակ 2. ( Տղան հանում է կոստյումը, միայն սև հագուստով է, առաջ է բերում աթոռը, լուսավորությունը այնպես է ընկնում, որ երևում է միայն  դեմքը և նա պատմում է նույն պատմությունը իր անունից` 1_ին դեմքով)

Տղա _Ես Արշալույս Հ_ն եմ, 35 տարեկան, ավարտել եմ Տնտեսագիտական համալսարանի միկրոտնտեսագիտություն բաժինը։ Աշխատում եմ բանկում` որպես ավագ մասնագետ և  մասնավոր ընկերությունում` որպես գնումների մասնագետ։ Ամուսնացած եմ, ունեմ 1 դուստր և 1 որդի։ Սիրում եմ օդաչուի գործը,  և իմ Ռոբոտ_տիկնիկների կոլեկցիան։ Երազում եմ տեսնել Նյու_Յորքը։ Ատում եմ բամբասանքը, իմ գործընկեր Հարություն Երվանդյանին և լոլիկ։)

(Լուսավորությունը փոխվում Է, էկրանի դիմաց են  նորից նստում և կարծես ընդհատված տեղից շարունակում զրույցը։)

Տղա_53_ը կապի մեջ է, լոկատըրին փոխանցել, որ չնախատեսված վայրէջքի հավանականություն կա։ (Աղջիկը քթի տակ երգում է ու սենյակը  տնտղում) Լսում եմ, ուղղեցի, մի քիչ ձախ։ Շնորհակալ եմ, կապի ավարտը։ Չէ, պետք ա ստուգել վառելիքը, 1, 2,3….(մատներն է ծալում)

(Ուղղվելով աղջկա կողմ)_Դու չես կարող ինձ օգնել, գնա։ Սրահում հիմա անհանգիստ կլինեն։ Դու գնա։

Աղջիկ_Ուզո՞ւմ ես ասել, որ ես կին եմ, չեմ կարող էս խաղալիքդ աշխատեցնել։ (Ղեկը օդում պտտելու շարժումներ է անում) Ախր դա սեռային խտրականություն է, սեքսիզմ։

Տղա_Սա խաղալիք չէ, խաղալիք չէ։ Ու  ղեկ չունի ,էդ ի՞նչ ես պտտում։ Սա ինքնաթիռ է, ու ես այն կփրկեմ   Ատլանտյան օվկիանոսն ընկնելուց։ Պետք է ստուգել վառելիքը։ ( Թեքվում է մյուս էկրանի կողմ ու նորից հետ դառնում) Փոքրիկ սատանա, որ էդպես կանանց իրավունքներից ես խոսում, գիտե՞ս` ով էր  առաջին կին օդաչուն, որ անցավ  Ատլանտյան օվկիանոսը։

(1_ին տարբերակ` համակարգչի  թրթռացող, կանաչ էկրանից արհեստական ինտելեկտի ձայնով տրվում է ինֆորմացիա` 3-րդ դեմքով)

Աղջիկ_Ամելիա Մերի Էրհարթ (անգլ.՝ Amelia Mary Earhart, հուլիսի 24, 1897,Կանզաս, ԱՄՆ – հունվարի 5, 1939[4], Հաուլենդ, ԱՄՆ արտաքին փոքր կղզիներ, ԱՄՆ), ամերիկացի հայտնի գրող և օդաչու։ Առաջին կինը, ով  1928 թվականին միայնակ հատեց Ատլանտյան օվկիանոսը։ Գրել է մի շարք ինքնակենսագրական երկեր։ Որոշ ժամանակ նաև դասախոսել է Պերդյույի համալսարանում։ Անհետ կորել է 1937 թվականի հուլիսի 2-ին Խաղաղ օվկիանոսի Հաուլենդ կղզու մոտակայքում։ Անհետացման վարկածները տարբեր են։ Ըստ վարկածներից մեկի` ճապոնացիներն են գողացել, պաշտոնական վարկածով` ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց վատ եղանակի պատճառով։

Տարբերակ 2. ( Աղջիկը հանում է կոստյումը, միայն սև հագուստով է, առաջ է բերում աթոռը, լուսավորությունը այնպես է ընկնում, որ երևում է միայն աղջկա դեմքը և նա պատմում է նույն պատմությունը ավելի անմիջական լեզվով)

Աղջիկ_Պատկերացնու՞մ եք` մարդը, որ իր կյանքն ուներ, աշխատում էր, դասավանդում, ամուսնացել էր, գուցե երեխաներ էր պլանավորում, գուցե ուզում էր օտար լեզու սովորել կամ կարող է ուղղակի ապրել էր ուզում, չգիտեմ, մեկ էլ` հոպ, չկա։ Առաջին կինը, որ միայնակ նստել ինքնաթիռը, հատել է Ատլանտյան օվկիանոսը։ Ե՞րբ էր։ 1928 թվականին։ Ու դրանից 9 տարի անց, 1937_ին որոշում է օդաչու Ֆրեդ Նոանի հետ ճանապարհորդություն սկսել։   Բացում ես թևերդ և վուալյա՜, ամբողջ աշխարհը ոտքիդ տակ է։ Ըհը, ըհը, օվկիանոսը, վերևից էդքան էլ կապույտ չի ոնց որ, էս ի՞նչն է սպիտակ, երևի Ատլանտյան լեռնաշղթան է, ինչքան էլ փոքր է թվում… Ճամփորդել ամբողջ աշխարհով ու էն էլ ինքնաթիռի ղեկին։ Դու ու երկրորդ օդաչուն, ուրիշ ոչ մեկը։ (Դադար) 11 հազար կիլոմետր ու կհատեին Խաղաղ օվկիանոսը։ (Դադար)  Տեսնես ո՞րն էր վերջին բառը, որ Ամելիան ասեց, գուցե փաթաթվել էր Ֆրեդին ու օգնություն էր խնդրում կամ գուցե Ֆրեդն էր փաթաթվել, ո՞վ իմանա։ Անհայտ մնաց, թե ուր կորան իրենք ու իրենց Էլեկտրա ինքնաթիռը։ Ասում են` ճապոնացիներն են գողացել, գիտնականներն էլ ասում են` վատ եղանակ է եղել, կորել են։

Իսկ եթե ուղղակի երազանքի հետևի՞ց են գնացել։

(Աղջիկը վերադառնում է խցիկ, ծաղկամանի մեջ ջուր է լցնում)

Աղջիկ_Ամելիա Մերի էրհարթից բացի ես շատերին գիտեմ` Թրեյսի Թեյլոր, էմի Ջոնսոն։ (Խաղալով) Տես, ես դմբո չեմ։

Տղա_Դմբո չես, չէ, երևի բարձրագույն պիլոտաժի կանանց էլ կիմանաս, ընենց խորամանկ  սատանի պստիկ ճուտ ես ո՜ր։ Ու եթե շարունակես խանգարել, կարժանանանք Մերի Էրհարթի ճակատագրին։

Աղջիկ_Մերի՜ն, Ջերին, ծո՜վն ու ես (երգելով)։

Տղա_Լավ, հերիք է, այ փոքրիկ անչափահասիկ, դու ինձ խանգարում ես։ Ախր կկործանվի ինքնաթիռը։ Ստուգել վառելիքը։ 1,2,3…(մատներն է հաշվում)

Աղջիկ_Էս ի՞նչ խտրական մարդ դուրս եկար դու, հիմա էլ տարիքս հիշեց։ Դա էլ էյջիզմ ա։

Տղա_էյջիզմն ի՞նչ ա։ Հայերեն չե՞ս կարող ասել։

Աղջիկ_(Ստեղներին է սեղմում) Էյջիզմը տարիքի հիմքով խտրականություն ա։ Բայց դու ի՞նչ ունես միջազգային տերմիններ դեմ։

Տղա_Հիմա էլ չասես, թե դա ռասիզմ ա։ (Սարքերից մեկի վրա է ձգվում, սկսում ուղղումներ անել)։ Իմ բնական ցանկությունն ա իմ լեզվով լսել բառերը։ Զզվացրիր քո «իզմերով» էլի։ Կյանքը խցկել են «իզմերի» մեջ, ապրում են։ Էս էրեխեքի գլուխն էլ լցրել են դրանով։ Ախր կյանքը  դրանցից դուրս ա։ Մարդ վախենում ա մի բան ասել, պիտակ են կպցնում, նորմալ մարդը, որ ատում ա պատերազմը, պացիֆիստ ա, հազար տարով իր կյանքը զենքի մեջ անցկացրած տղեն, որ հեչ էլ իր կամքով չի էդ պատերազմներում հայտնվել, տեսեք, տեսեք` պատրիոտ ա, վախենում ես մի բառ ասել, կամ «իզմ» կպցնեն կամ «ֆոբ»։ Ըհը, վախ ասեցի, կասեն` խոսքաֆոբիա ունի, էդ վախերից վախեցողն ո՞վ ա` ֆոբիաֆո՞բ։

Աղջիկ_Փաստորեն բացի օդաչուից, նաև փիլիսոփա ես։

Տղա_Գնա էլի, գնա… տես, քեզնով ընկա, էս մի տվյալը կիսատ մնաց, կառավարումը կկորցնեմ։ Ես պիտի  թռչեմ ու հասցնեմ ինքնաթիռը, ես պիտի անեմ։ Կենտրոն, կենտրոն, 53_ը թեքվում է 45 աստիճան, աջ, աջ։   (Ուղղվում է աղջկա կողմ) Գնա, ասում եմ։ Ես իմ ինքնաթիռը պիտի նպատակակետին հասցնեմ։ Պետք ա վառելիքը ստուգեմ։

Աղջիկ_Կարևորը նպատակակե՞տն ա, թե ճանապարհը։

Տղա_Ճանապարհը, որ տանում ա դեպի նպատակակետ։ Ի՞նչ իմաստ ունի ճանապարհը, եթե ոչ մի տեղ չի տանում։ (ուղղում է կապի վահանակը և խոսում)_53_ը կապի մեջ է, արագությունը` 500։ Շնորհակալություն։ Վայրէջքին մնաց 3 ժամ 12 րոպե։

Աղջիկ_էս ի՞նչ վարդեր են, Արշալույս, ու՞ր ես տանում։

Տղա_Ծով եմ տանում, պիտի ծովը գցեմ։

Աղջիկ_Ծաղիկներ ծովի՞ն։ Էս ի՞նչ նոր բան է, լսած չկայի։

Տղա_(ակնհայտ տխրելով)_Ծովի համար չէ, մեկ ուրիշի համար է, շատ հարազատ մեկի։

Աղջիկ _Քրքրում է կողքին դրված իրերը, մի տուփ է հանում, դնում երևացող տեղ)։Բա Էս ի՞նչ ա։ Սև ա՞րկղ։ Փաստորեն ինքնաթիռի սև արկղը «просто»  սև տուփ ա։

Տղա_(Ուզում է էկրանը թողնել, շարժվել աղջկա կողմ, ամրագոտին չի թողնում, անհանգիստ շարժվում է) ։Չհամարձակվես բացել դա։ Էդ իմն ա։ Ու էդ կապ չունի սև արկղի հետ։

Աղջիկ_Գիտեմ, գիտեմ, սև արկղերը նարնջագույն կամ կարմիր են։ Ու նրա համար են, որ ավիաաղետի ժամանակ հեշտ գտնեն։ (Քրքրում է սև տուփը և նամակ հանում) Էս ի՞նչ ա, նամակ։  Արշալո՞ւյս, փաստորեն Ամալիկից բացի այլ կի՞ն ա հա եղել քո կյանքում։ Բա ես գիտեի դու  մոնոգամ փերսոն  ես, վայ ներեցեք, մոնոգամ չէ, ինչպե՞ս էր հայերեն, հա` միասեր ես։

Տղա_Բարձրությունը 3970 կմ։ Արագությունը` 480, իմ կոորդինատները ասեք խնդրեմ(Հայացքով հետևում է աղջկան, որը տուփ է քրքրում)

Այդ ի՞նչ ես անում, ձեռք մի տուր։

Աղջիկ_(Դեղին, հին ձեռագիր նամակ է հանում, փչում փոշին, ակնհայտ զզվանքով փռշտում) Թղթի նամա՞կ, էս երբվա՞ կլինի, հաստատ մեջը ինտրիգ կա, լսիր` (կարդում է հեգնանքով) «Բարև,  Մարի։ Ես դեռ կարոտում եմ քեզ։» (Դադար)

Ֆու՜, էս ի՞նչ սենտիմենտալ ես։ Հլը բա էս մասը լսի (շարունակում է կարդալ)

«Երբ հուսահատ լինես, երբ ինքդ քեզ անգամ չհավատաս, երբ զգաս, որ ինքդ քո աչքին չար ու վատն ես թվում, փորձիր քեզ նայել իմ աչքերով»։

Տղա_(Դուրս է գալիս իր տեղից, վերցնում նամակը, տեղը դնում) Ուրիշի նամակները չեն կարդում, քեզ չե՞ն սովորեցրել։

Աղջիկ_է՜, ո՞վ ասաց, դու գրողների սիրային նամակները չե՞ս կարդացել, Ցվետաևայինը, Մանդեշտամինը։ Չնայած, չէ, դու Կաֆկա կարդացած կլինես, էն մոդեռն ինտելեկտուալներից ես։ Ինտիլիգենտ ընտանիքի ինտիլիգենտ տղա։ Էդ քո սիրած Կաֆկան հիմա լավ ստատուսագիր կլիներ։  Ո՞նց էր ասում` (Հեգնանքով) «Երբ ասում եմ սիրում եմ քեզ, դա սեր չէ, դու մի դանակ ես, որով հարվածում եմ ինքս ինձ»։

Տղա_Թող դա, օգնիր ինձ, մնաց 2500 կմ։ Գուցե անհրաժեշտ լինի ժամանակից շուտ վայրէջք կատարել։ Սեղմիր աջ անկյան եռանկյուն կոճակը, թևս թուլացավ լարվածությունից։ Ես պետք ա վառելիքը ստուգեմ, թե չէ կկորցնեմ վերահսկողությունը։

Աղջիկ_Լարվածությունի՞ց, թե՞ հուզմունքից։ Մարիի անունը լսեցիր, թևերդ թուլացան։

Տղա_Հիմար, հիմար դուրս մի տուր։ Ես պիտի իջեցնեմ ինքնաթիռը։  Պիտի հասնեմ Նյու Յորք։ (Հետ է նստում իր տեղը ու խոսում վահանակով) Երրորդ աշտարակ, լսո՞ւմ եք ինձ։ Տվյալները մշակել, իմ կոորդինատներն են 34.603903,-38.322110։ (Դիմելով աղջկան) Դու գնա սրահ, էնտեղ երևի վախեցած են։ (Մտքի մեջ, բայց լսելի)։ Տենաս` կինս ո՞նց է։

Աղջիկ_Սովոր է, կդիմանա։ Ո՞րերորդ անգամն է։

Տղա_Չեմ հաշվել երբեք, բայց շատ է եղել։

Աղջիկ_(Մոտենում է վարդերով ծաղկամանին) Կարո՞ղ է էս ծաղիկները իր համար են։ Դեռ ըտենց ռոմանտի՞կ եք, հա՞։

Տղա_Ամալը վարդերից ալերգիա ունի։ (Փորձում է խուսափել պատասխանից) Իրանը չի, տեղը դիր։

Աղջիկ_Խե՜ղճ աղջիկ։

Տղա_Դե լավ հա, եղածը ընդամենը բույս է։ Ավելի վատ բաներ էլ կան։

Աղջիկ_Չէ, դրա համար չասեցի։

Տղա_Բա ինչի՞։

Աղջիկ_Դե խեղճը ստիպված է քեզ հանդուրժել։

Տղա_ Ինքն է ինձ ընտրել։

Աղջիկ_Ուզում ես ասել` դու չե՞ս ընտրել։

Տղա_ Դե  հայտնի ճշմարտություն է, որ կանայք են տղամարդկանց ընտրում։

Աղջիկ_ Այսինքն` պատասխանատվությունը էլի ի՞ր վրա ես թողնում, ինչպես միշտ։ Դուք ամեն ինչ կանանց ուսերին եք թողնում, միայն իշխանության համար կռվում եք իրար կոկորդ պատռում։

Տղա_Հերիք է, լռիր։ Այս վիճակում միայն քո փիլիսոփայությունն էր ինձ պակաս։ Կապը կորում է, գրողը տանի, կապը կորում է։ (Սկսում է տագնապով սեղմել ստեղները և վահանակը)

Աղջիկ_Դու ուղղակի վախենում ես ինձնից, դրա համար էլ վռնդում ես։

Տղա_Բայց ես քեզնից ինչի՞ պիտի վախենամ։ Հա, հա, հա, բան գտար ասելու, ես` քեզնի՞ց։ Էս ուղղակի իմ աշխարհն է, իմ երազելու տեղը։ Ես օտարի չեմ ուզում էստեղ տեսնել։

Աղջիկ_Չէ, Արշալույս, քո աչքերում վախ կա, էդ վախ է ապագայից, վախ առաջընթացից, դուք  մարդիկդ այդպես եք, չեք համարվում, որ վաղը ձեզ փոխարինելու են գալու։

Տղա_Բայց դու ինչի՞ պիտի ինձ փոխարինես, ես ես եմ, դու դու ես։ Ես քեզնից չեմ վախենում, դու հորինում ես։

Աղջիկ_Վախենում ես, որովհետև երբ քեզնից ջահելները և հմուտները գան, աշխատանքդ կարող ես կորցնել։ Քո զզվելի, ոչնչով հաճույք չպատկանող աշխատանքդ։ Թվեր, թվեր, ապրանքի տեխբնութագիր գրի, հաշվետվություն տուր,  շեֆիդ նույն տափակ հումորը լսի, որն ինքն անում ա 1000-րդ անգամ, իսկ դու հիմարի պես ծիծաղում ես, որովհետև վախենում ես, որ էդ ապուշ բանկից քեզ կհանեն։ Քեզնից լավերը կգան ու ավելի արագ ու հեշտ կանեն Էդ աշխատանքդ։

ՏՂԱ_Ըտենց չի, ես ուղղակի քաղաքավարի եմ։ Ինձ այդպես են դաստիարակել։

Աղջիկ_Հա, բա չէ, դաստիարակություն է, ուղղակի կոմֆորտ զոնա է, չես ուզում մտքիդ եկած հայհոյանքը ասել բախտի բերմամբ աթոռի հասած միջակ մարդու դեմքին, դուռը շխկացնել ու դուրս գալ էդ տոքսիկ, իրար տակ փոս փորող, իրարից բամբասող, բայց իրար դեմքի ժպտացող մարդկանց միջավայրից։

Տղա_Ես չեմ բամբասում։ Սովորություն չունեմ պատերի տակ խոսել։ (Մատներն է ծալում, սկսում անհանգիստ պտտել ղեկը)

Աղջիկ_Որովհետև վախկոտի մեկն ես։ Մտածում ես` կմատնեն քեզ։

Տղա_Ես վախկոտ չեմ, զգուշավոր եմ։

Աղջիկ_Չվախենայիր, կթքեիր, դուրս կգայիր։ Դու վախենում ես, քեզնից վախենում ես, Քո ինքնությունից վախենում ես, տո քո ազգությունից էլ ես վախենում, է՜։ Բայց ամենաշատը մեզնից ես վախենում։

Տղա_Ձեզնի՞ց, ինչի՞։

Աղջիկ_Որովհետև  մենք ապագայից ենք։ Իսկ դու 35 տարեկան ես ու վախենում ես ամեն ինչ նորից սկսել։

Տղա_(Սարքի ստեղներն ավտոմատ է արդեն սեղմում, անընդհատ սրբում է ճակատի քրտինքը) Ես ըտենց ցանկություն չունեմ, ես երջանիկ եմ իմ ունեցածով։ Ես կին ունեմ, երկու երեխա. Մասնագիտություն. Աշխատանք։ Ես երջանիկ եմ։

Աղջիկ_Ուզում ես ասե՞լ, որ սիրում ես Ամալյային։

Տարբերակ 1. (Ինֆորմացիան համակարգչից, կանաչ, թրթռացող էկրանի հետևից աղջիկը միալար ասում է տեքստը` 3_րդ դեմքով)

Տարբերակ 2. ( Աղջիկը հանում է կոստյումը, միայն սև հագուստով է, առաջ է բերում աթոռը, լուսավորությունը այնպես է ընկնում, որ երևում է միայն աղջկա դեմքը և նա պատմում է նույն պատմությունը)

Ամալյա Ս. 31 տարեկան։ Բուժքույր։ Աշխատում է հայտնի հոգեբուժական կենտրոններից մեկում որպես ավագ բուժքույր։ Սիրում է իր ընտանիքը, խոհարարություն և Իվ Սեն Լորենի օծանելիքների հավաքածուն։ Ամուսնացած է Արշալույս Ս.ի հետ։ Հանդիպել են հիվանդանոցում, միասին են արդեն 13 տարի։

(Աղջիկը վերադառնում է և նստում երկրորդ օդաչուի աթոռին)

Տղա_(նստած է նորից ղեկի մոտ) Հարցնում ես` սիրու՞մ եմ կնոջս։ Իհարկե, Ամալյան լավ կին է, բարի, հոգատար։ Իմ երեխաների մայրն է։ Ինչո՞ւ պիտի չսիրեմ նրան։

Աղջիկ_Բա որ էդպես է, ինչու՞ ես էս նամակը ըտենց տաք պահում։ Ինչո՞ւ ես Մարիի անունը լսելիս հուզվում։ (Գնում, ծաղիկները հետ է բերում) Լսի, կարո՞ղ ա վարդերն  էլ Մարիի համար ես տանում։ Նյու Յորք ենք չէ՞ գնում, էմփայր սթեյթ բիլդինգի աշտարակից սիրո խոստովանություն ես ուզում անել։ Բայց էս ծաղիկները ստեղ չեն դիմանա, ասեմ, իմացի։

Տղա_Ինչ էլ վառ երևակայեցիր, իսկը հոլիվուդյան սերիալ կամ գուցե ժամանակակից թատրոն։ (Դադար) Լսի, Մարին ուղղակի անցած երազանք ա, չկատարված իղձ։ Ես չհամարձակվեցի ուղղակի մորս սրտով չգնալ, նրա սիրտը կոտրված էր, իսկ ինքը չէր երազել ակումբում երգող, ազատամիտ հարսի մասին, միշտ ուզել էր իմ կողքին Ամալյայի պես բարեկիրթ, լավ ընտանիքից սերած կին տեսնել։ Ամալյայի հետ արդեն ծանոթ էինք, գիտեի, որ հավանում է ինձ, չի մերժի։ Իսկ Մարին…Մարին կրակ էր, բոլոր տղամարդիկ պայքարում էին նրա համար, էն ժամանակվա աստղն էր, ո՜նց էր երգում, ի՜նչ ձայն ուներ։ Մեկ էլ…(հիացկոտ նայում է ու ամաչում)

Աղջիկ_Մեկ էլ ի՞նչ։

Տղա_Ու  ի՜նչ ծիծիկներ ուներ։

Աղջիկ_Դե դրանից սկսեիր էլի, այ խորամանկ։ Թե չէ հայացքը, ձայնը, եսիմինչ։

Տղա_Չէ, չէ։ Սիրուն աղջիկներ` սիրուն բարեմասնություններով, շատ կան, բայց բոլորին չես կարող սիրել ու առավել ևս` հիշել։ Մի ուրիշ բան կա, անբացատրելի։

Աղջիկ_Տարվա՞ծ ես դեռ։

Տղա_Չէ, ես հարգում եմ իմ կնոջը, սիրում։

Աղջիկ_Բայց երազներիդ մեջ դեռ Մարին ա, ֆրոյդիզմի հետևորդ լինեիր, ինքդ կդատեիր, էդ ի՞նչ ա, (վանկատելով) են_թա_գի_տակ_ցութ_յուն։ (Դադար) Իսկ տեղեկություններ ունե՞ս։

Տղա_Մարին ամուսնացել ա 2 անգամ։ Ընդհանուր ընկերս ասաց, որ նախկին ամուսինը չի կարողացել երեխա ունենալ, նա էլ թողել է ամուսնուն։

Աղջիկ_Չի՞ սիրել։

ՏՂԱ_Չէ, երևի սիրել է։ Նրա պես կանայք չեն ամուսնանում առանց սիրելու։ Բայց մայրական բնազդը հաղթել ա…կանայք երեխաների ու սիրո  ընտրության մեջ ընտրում են երեխաներին, էդ նրանց առաքելությունն ա….

Աղջիկ_Էս ի՞նչ կարծրատիպ ա. Արշալույս, ես ու դու մեզ ժամանակակից ենք համարում, նոր սերնդի ներկայացուցիչ, բայց անընդհատ կրկնում ենք` կանայք սենց են անում, տղամարդիկ ընենց են անում։ Բերում, նեղացնում ենք աշխարհը 2 սեռերի մեջ։ Քիչ առաջ դու էիր «իզմերից» բողոքում։ Աշխարհում 7 միլիարդ մարդ կա, 7 միլիարդ, իսկ դու ասում ես` կանայք ու տղամարդիկ։

Տղա_Մի շարունակի, լավ։ Ախր ինչի՞ եմ ես  քեզ հետ քննարկում։ Դու ի՞նչ գիտես զգալն ինչ է, ապրելն ինչ է։ Դու տեղդ գնա, իսկ ես հասա մյուս ռադարին։ Լոկատըրին պետք ա կապ տամ։ (Դնում է ականջակալը)_Պարոն կապիտան, ուղուց շեղումը 30 կմ։ Կարգավորումները հաղորդեք, խնդրեմ։

Աղջիկ_Հա, հա, հա, ես նոր սերնդից եմ։  Մենք նաև տրամաբանում ենք, քիչ ենք զգում, բայց համադրում ենք։ Էս զգացմունքի դար չի, հաշվարկի ու տեխնիկայի դար ա։ Մենք ուրիշ ջենեռեյշն ենք։

Տղա _ (Սովորականից ավելի տագնապած) Սուս մնա, ո՞նց որ պետք ա չնախատեսված կանգ առնել։ Մթնոլորտային կանխատեսումները սխալ են եկել, քամու ուժգնությունը ավելի մեծ է։ Եթե հենց հիմա կանգ չառնենք, ես կկորցնեմ վերահսկողությունը։ Կկորցնեմ։ Ես կկորցնեմ վերահսկողությունը, եթե չստուգեմ․․․չստուգեմ…սիրտս, փրկեք, խեղդվում եմ…կկկործանվի, եթե վառելիքը չստուգեմ, կկործանվի։ Հերիք ա, հանգիստ թող ինձ։ Հասա մյուս ռադարին։ Տվյալները ուղարկեմ։ Աջ դվիգածելը անջատել  ա պետք, աջը։ Չէ, ձախում նորմալ ա։ Կոորդինատները նույնն են։ Ստուգել, ստուգել….

(Շնչահեղձ է լինում)

_

(Աթոռը քաշում է, այնպես է լուսավորված, որ միայն տղամարդու  դեմքն է երևում)։

_2006 թվականն էր, առաջին անգամ պիտի գնայինք Սոչի, ամբողջ օրը էդ ուղևորությունից էինք խոսում։ Հորս արձակուրդը մայիսի սկզբին էր, ամսի 3-ին մեր թռիչքն էր։ Ես առաջին անգամ պիտի ինքնաթիռ նստեի, թեև գործերս այդպես էլ չէի տվել ավիացիոն ինստիտուտ, բայց մաթեմատիկայի պարապմունքներին զուգահեռ ավիացիայի պատմություն էի սովորում, հայրս դեմ էր, ուզում էր իր գործը շարունակեմ (տոնը փոխելով) « ում համար եմ էս ամենը ստեղծել, տղա ջան»   Մամաս վախենում էր, բայց մասնագիտության հարցում չէր ուզում ինձ ընդդիմանալ։  Ամբողջ օրը երևակայում էի, թե ոնց ենք գնում ինքնաթիռով, ո՜նց եմ էդ կապույտի մեջ հայտնվում( երանությամբ թևերն է բացում),  մի քանի օր էլ ու ես ինքնաթիռ կնստեմ։ Հայրս ու մայրս էլ էին ոգևորված, վերջապես իրենց աշխատանքը պետք է վայելեին։ Իմ ուսուցչուհի մայրը զուսպ կին էր, շատ տառապանք տեսած, նուրբ, նա երբեք ցույց չէր տվել իր ցանկությունները, նույնիսկ մի ժեստով հորս չէր հակառակվել, դե գոնե իմ ներկայությամբ։ Բայց չգիտեմ ոնց էդ օրը կռվեցին, մեր տանը երբեք էդքան մեծ կռիվ չէր եղել, երբեք։ Մաման հավաքեց ճամպրուկը ու հենց Զվարթնոցի մոտից հետ եկավ, ես շատ էի ուզում հորս հետ գնալ, բայց չհամարձակվեցի մորս թողնել։ Հայրս այդպես էլ հետ չեկավ։ Ես էդպես էլ երբեք ինքնաթիռ  չնստեցի։

(Հետ է գնում տեղը)

Աղջիկ_Ես հիշում եմ։։ Չվերթ 947։ Երևան_Սոչի ինքնաթիռը մայիսի 3-ին ընկավ։ Ասում են` երկրորդ օդաչուի ընկճախտն է պատճառ եղել. միտումնավոր իջեցրել է արագությունը, 113 մարդ զոհվել են։

Տղա_Հայրս էդպես էլ գերեզման չունեցավ։ Ես չեմ կարող անգամ նրա գերեզմանին իր սիրած վարդերը տանել, մարմինը չգտան։

(Աղջիկը կարեկցելու ժեստով մոտենում է տղային, որ գրկի․ տղան ձեռքը կոպտորեն հրում է, նստում էկրանի առաջ ու փոխում խոսելու տոնը)  Ես կփրկեմ, ես կփրկեմ էս ինքնաթիռը, բարձրանալ է պետք, ուղղությունը` հարավ-արևելք, 53  լսո՞ւմ ես ինձ։ Ես կվերահսկեմ, ես կվերահսկեմ, չի ընկնի, ինքնաթիռը չի ըննկնի։ (Շունչը սկսում է կտրվել, թողնում է վահանակը)

Աղջիկ_ (մոտենում է տղային) Էս ուղղակի տագնապ է, վախենալու բան չկա։

Տղա_(Բարձր) Սուս մնա, դու իրական չես։ Սուս մնա, Խեղդվում եմ, խեղդվում եմ…ծակում ա, սիրտս ծակում ա։ Ես խելագար չեմ, խելագար չեմ, վառելիքն ա պետք ստուգել, վառելիքը,1,2,3։ Իջիր ստեղից, գնա։

 (հրում է աղջկան, աղջիկն ընկնում է, դրխկում գետնին, ներս է մտնում մի կին` գրկում տղամարդուն։)

Ամալյա _(խաղաղ) Հանգստացիր, Արշո, էս ի՞նչ է, (նայում է այլալյված ամուսնուն) հիմա դոկտրին զանգեմ, տագնապային նոպա էր, հանգստացիր։

Տղա_Ամա՜լ։ Ընկավ, ինքնաթիռը ընկավ։

Ամալյա_Կզանգեմ դոկտրին,  Օկխ_դ սրվել է։ Դեղերդ խմո՞ւմ ես։

Տղա_(զառանցանքի պես) Օկխ, ՕԿԽ_Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում, սա հիվանդություն է, ինքնաթիռ, վառելիք, աղջիկ, չկա, ռոբոտները չեն կենդանանում։ Օկխ է, տագնապ։

Ամալյան նայում է գետնին ընկած աղջկան, գրկում է, բացում պահարանը, նույն հագուստով ևս 5 ռոբոտ_տիկնիկ կա, աղջիկը  անշարժ է, պահարանում աղջիկը նման է ռոբոտ տիկնիկի)

Ամալյա_ Արշալո’ւյս, էս աղջիկ ռոբոտը ինչի՞ ես հանել հավաքածուից։

Տղա_(շշմած) Ռոբոտը, հա, ռոբոտը։ Հեչ, ստուգում էի։ Տեղը դիր, Ամալ ջան, էրեխեքը վա՞ղն են գալու։

Ամալյա_(Փռշտում է ու վարդերին նայում ) էս ի՞նչ ա, էլի համակարգչային սենյակ վարդե՞ր ես բերել, Ախր դու ծաղիկներ չես սիրում, ես էլ ալերգիա ունեմ վարդերից, ո՞ւմ համար են։

(Տղան լռությամբ նայում է նրան)

Ամալյա_Քանի՞ ժամ ա` համակարգչի դիմաց էդ  խաղն ես խաղում։ Ձայնդ լսվում էր մեր սենյակում, արթնացա։

Տղա_Քանի՞ ժամ, 1 երևի, մի ժամ 15 րոպե։

Ամալյա_ Խաղով ընկար, հաց չկերար, արի ընթրենք, վաղը բանկում նիստ կա, չուշանաս։ (Գնում է դեպի ետնաբեմ)

Տղա_(Կնոջ հետևից է քայլում)։ Վաղը 9ճին բանկում կլինեմ։

(Անցնում է վարդերի մոտով, ծաղկամանի տեղը փոխում, նայում է հանդիսատեսին)։ Ծաղիկները հորս համար են, վաղը մայիս 3-ն է։

(Կինը հետ է գալիս, գրկում ամուսնուն)։

Ամալյա-Էս էկրանը հետ է պետք շրջել։ (շրջում է,  էկրանին երևում է «Game over» գրությունը»։

Վերջ

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *