Լիլիթ Անդրիասյան | Վարգիր, վարգիր, իմ ճերմակաբաշ երազ

Դա պատահեց ինձ հետ մի գարուն: Այդ տարին հողն ավելի շուտ շունչ առավ ու մինչ սարի փեշին խոնավ հողի արգանդից գլխիկը դուրս ցցեց առաջին ձնծաղիկը, փողոցները լցվեցին ցեխաջրերով: Փոքր քաղաքներում ցեղաջրերն ավելի դանդաղ են գոլորշիանում, այնպես, ինչպես ծերերի մեջից ավանդույթներն են գոլորշիանում: Նորերը, որ նոր փողոցներ են, ավելի հեշտ են ազատվում կեղտաջրերից: Այդպես ամեն գարուն մեր մեջ ինչ-որ մի հին ցեխաջուր առաջին արևների հետ գոլորշիանում է ու մենք սկսում ենք թշշալ:
Դա պատահեց ինձ հետ մի գարուն, երբ ես առաջին անվստահ քայլերն էի անում մեծ կյանքում: Ես հասցրել էի մի կերպ գլորել համալսարանական տարիները, հոգնել անիմաստ քաշքշոցներից, հինգ անգամ սիրահարվել մեր բակի աղջիկներին, անցումի տակ քաշել առաջին սիգարետը և անգամ զգալ կանացի շուրթերի բույրը: Իմ այդ տարիքում դա չափազանց հազվագյուտ երևույթ էր, ուստի, ես թաղի տղաների մոտ գլուխս ցցելու բավարար պատճառներ ունեի: Նա սև սաթի պես երկար մազերով ու մանրիկ աչքերով մեկն էր: Մեկն էր այն հազարից, ում ամեն անգամ հանդիպում էի ճանապարհին: Ինչպես գրեթե բոլոր նման դեպքերում, սկզբում նրանից ինչ-որ բան խնդրեցի, հաջորդող օրերին ճանապարհեցի մինչև հին բակը ու մի երեկո էլ խնձորենու տակ համբուրեցի: Նա մեկն էր հազարից, ում հաջորդող երկրորդը շեկ էր, երրորդը՝ խոշոր աչքերով…Այսօր ինձ թվում է, որ նրանք բոլորն էլ մի օր ինձ սիրում էին, այլապես արցունքներով չէին թրջի վերնաշապիկս: Նրանք գեղեցիկ էին, հմայիչ, կարող էին խելքահան անել ցանկացած տղամարդու, բայց ես նրանց հետ երբեք թեյ չխմեցի: Ես ավելորդ նազուտուզ չեմ սիրում. բաժանվում եմ լուռ.
-Կնիկ արմատն ի՞նչ է, որ ինձ ծնկի բերի,- մի գավաթ գինով բոլորն էլ գնում են գրողի ծոցը: Ինձ համար տղամարդու ու կնոջ հարաբերությունները սկսվում և ավարտվում են ցանկալիով: Իմ հոգու ու մարմնի միջև կանգնած հաճույքի պատնեշը դեռ ոչինչ չի կարողացել տապալել, ու երբ իմ ընկեր Սաքոն ասաց, որ սիրում է Կամուրջի թաղի կարճահասակ հացթուխի աղջկան, ես մի ամբողջ օր ծաղրեցի Սաքոյի մաքուր սերը:
Ես հիմարի պես ցինիկ եմ, բայց որպեսզի ընթերցողս իմ անձի մասին թյուր կարծիք չկազմի, պիտի ասեմ, որ մենք բոլորս ենք այդպիսին. մոր փեշի տակ մեծացած պնակալեզներ, ում հայրերը, եթե Աստված մի արասցե, գլուխները վայր դնեն, սովից կսատկեն նույն անցումների տակ: Բայց այսօր մեր կյանքի քսանհինգերրոդ գարունն է ու մեր թուրը կտրում է ամենուր:
Այդ առավոտ ես արթնացել եմ հորս գոռգոռոցից ու հերթական ճառից խուսափելու միակ տարբերակը քնած ձևանալն է: Վերմակը գլխիցս կամաց մի կողմ եմ տանում ու ականջիս են հասնում մորս հանգստացնող խոսքերը, որոնք, ի վերջո, դիպչում են նշանակետին ու ես ազատ եմ: Իսկ եթե անկեղծ լինեմ ինքս ինձ հետ, պիտի խոստովանեմ, որ իմ նման որդուն ես պարզապես կկապեի մահճակալի ոտքից: Գրողը ծոցը գնան բոլորը: Այսօր իմ կյանքի քսանհիգերրորդ գարունն է:

– Գինին առանց կնոջ ինչի՞ նման է:
– Շուտով տասնմեկը կլինի, քեզ որտեղի՞ց կին գտնեմ: Բոլոր թռչնակները հիմա չվել են իրենց բույնը,- Սաքոն է, մեզնից միայն նա կարողանում նման պահերին երկար նախադասություններ կազմել:
– Թռչնակները չկան, բայց հո բույնը տեղում է: Մենք էլ բույնը կգնանք,- ցինիկ ծիծաղները մարում են մեքենայի շարժիչի ձայնի տակ:

Իսկ բույնն ինչպես միշտ լիքն է տարբեր տեսակի թռչուններով: Դե նրանցից ամենահոգնեցուցիչը «սև ագռավներն» են. ժամկետից անցել են ու տեղը ոչ մի կերպ չեն զիջում ջահելներին: Դե նրանց մասնագիտությունն էլ է բոլորի նման. ո՞վ է հեշտ աթոռը թողնում: Սրանք էլ կյանքի ուսուցիչներն են: Իսկ ես, իրոք, ուսուցչի կարիք ունեմ…
– Ախպե՞րս, էս օրով ինչի՞ ես մռութներդ կիտել, մի տես ինչ սիրուն թռնակներ են, ճախրել չես ուզո՞ւմ:
– Թերևս այսօր միայն կխմեմ:
– Վեր կաց, վեր կաց, ամոթխած հարս ես դարձել, նվերդ քեզ է սպասում,- ու փախած աչքով նշմար է անում Արշոն ու կորչում վարագույրների տակ: Նվերից հրաժավելը անշնորքություն է…

Սենյակից էժանագին ծխախոտի ու ֆրանսիական պարֆյումի հոտ է գալիս: Մահճակալի գլխին կախված լուսամփոփը հազիվ մոմի լույս է տալիս, որն անասելի սիրուն է վարագույների կարմիրի մեջ: Պատի տակ դրված դարակի վրա հանգչում են ինչ-որ մեկի ծխախոտն ու փոքրիկ մազակալը: Երբեք չեմ դիպել որևէ ծախու կնոջ իրերի, բայց այս մեկը աչքս ծակում է: Խնամքով շուռ եմ տալիս աջուձախ, մոտեցնում շուրթերիս. նույն ֆրանսիական ցեխաջրի հոտն է գալիս: Իսկ ճերմակ բարձի վրա իր կանացի ողջ շքեղությամբ հանգչում է ինչ-որ մեկի գլուխը: Ճերմակ գիշերազգեստի տակից խնամքով դուրս են եկել մերկ ազդրերն ու հուր են ճառագում: Շնչում է համաչափ, առանց շտապելու: Ո՞ւր պիտի գնա, այստեղ միայն գալիս են: Լույսի տակ ուրվագծվում է կիսադեմը. շրթունքը դողում է՝ նեղացած մանկան նման, ով ուր որ է, լաց կլինի: Աչքերի տակ բոլորած փոսերը դեմքին հասուն արտահայտություն են տալիս: Երևի քսան է, կամ քսաներկու, բայց հասունացել է, հասել է մրգի նման: Շնչում է հանդարտ ու ես զգում եմ՝ ինչպես է ինձ լքում շնչելու կարողությունը: Սատանի տարածը գեղեցիկ է…Ու ես դուրս եմ նետվում՝ խելագարի նման, ինչպես հիվանդ, հետս տանելով փոքրիկ մազակալը ու, Աստված վկա, թեյ խմել եմ ուզում…
Հաջորդ առավոտյան արթնացել եմ վաղ ու սրտխառնոցից ու գլխացավից քիչ է մնում խեղդեմ ինքս ինձ բարձով: Ինքս ինձնից ամաչում եմ. ես փախել եմ ծախու կնոջից, հետս էլ թռցրել եմ մազակալը: Իսկական խեղկատակ: Հենց այսօր ետ կգնամ ու ցույց կտամ իր տեղը:
-Ո՞վ ես դու…Ինձ օդի պես պետք է քո մերկությունը. թևերդ բանա, որ հեշտությամբ շոյեմ հոգուդ պարանոցը…
Ես նրան մերկացնել չեմ ուզում.
-Երկու բաժակ թեյ կբերե՞ս,- հարցական հայացքով նայում է աչքերիս մեջ ու ես զգում եմ ողջ բջիջներով, թե ոնց է կնիկ արմատն ինձ ծնկի բերում, ու փախչում եմ էլի՝ գլխապատառ, շնչահեղձ լինելով: Սատանան տանի, սատանան տանի, ով ես դու, մեղքի ծնունդ….
Քսանհինգ տարի հետո առաջին անգամ ես նկատեցի, որ սենյակիս վարագույրները ճերմակ են գիշերվա ձյան նման, մի պատից մյուսը հարյուր քայլ է, ու պահարանի վրա ինչ-որ թղթեր են հանգչում:

«Ինձ օդ պես պետք է մերկությունը քո հոգու. ստինքներդ մի բանա: Թող հիանամ հոգուդ ճերմակ կրծքի շնչառությամբ ու մեջիցդ սեր քամեմ: Ո՞վ ես դու, կարմրահե՞ր ես, թե՞ սև ես դու, պետք չունի: Ո՞վ ես դու, կարի՞ճ ես, թե՞ հող ես դու, հով ես դու, շվաք արա: Ճերմակ աղավնիներ են մերկ ուսերիդ թառել, շշուկդ մի հանիր, որ վախ չզգան հոգուդ առագաստները…
Ինձ օդի պես պետք է մերկությունը քո, մեղկությունը քո թափիր ուլունք-ուլունք սևորակ աչքերիդ մութ խորքերից կրծքիդ վրա, թող ափերով սրբեմ ամոթը քո: Ո՞վ ես դւո, սո՞ւրբ ես, թե՞ հուդա ես դու, ինձ խաչին կհանե՞ս, թե՞ կհանես քնից սրբերը իմ: Ո՞վ ես դու, պետք չունի. իմն ես դու ու դրանով վերջ է դրված բոլոր շինծու ինչուներին: Շրթունքդ մի կախիր, կամ էլ թեքիր լցված շուրթիս վրա, թող դատարկեմ ցավը հոգուս մի համբույրով, իսկ դու, կուզե՞ս, թքիր վշտերը իմ: Հայացքդ մի թեքիր: Ծնկներդ մի բանա, ես հոգուդ եմ կարոտ, ինձ մի շեղիր քո մարմնի անշառ հմայությամբ: Հիմարությամբ ինձ մի խաբիր: Թող խորանամ քո անհատակ եզերքներում: Ո՞վ ես դու, գոյությո՞ւն ես, թե՞ խաբկանք ես կամ պատրանքն ես քնիս: Երեզախաբ լինելով չեն ունենում տղա: Ինձ քնիցս հանիր: Ուղեղիցս հանիր մատները քո: Տես, մոմեր են կաթում գլխիս վրա: Լույսերը հանգցրու աչքերիս մեջ ու հայելին ծածկիր ճերմակ շորով, որ դու ինքդ անգամ ինձնից բացի հպանցիկ հայացքով աչք չդնես մերկությանդ վրա: Քեզ մերկացրու՝ ոտնաթաթդ չբացելով: Ես հոգուդ եմ կարոտ: Խելքահան մի՜ արա քո կանացի անշառ շռայլությամբ: Ո՞վ ես դու, սովորական քա՞ծ ես, թե՞ անսովոր աստված, ո՞վ ես դու: Քեզ ինչո՞վ վճարեմ, որ մի գիշեր տիրեմ հոգուդ կույս ափերին…»
Ու էլի ծախու կանանց փողոցով վազում է, փախչում է մեկը: Ո՞ւր է գնում, ո՞ւմից է գնում, ո՞վ իմանա…
Իմ ճերմակ վարագույրի վրա վարգում են, վարգում են նժույգները: Դեպի երկինք են վարգում, դեպի հեռուները: Սաքոն հացթուխի աղջկան սիրեց. սովորական մի կույս էր, ո՞վ գիտի, սեր տեսե՞լ էր կյանքում: Գլուխը հակած խմորի տաշտին երազներ էր հյուսել ու երբ համբուրել էր Սաքոն, սպիտակ տաշտի միջով անցել, սլացել էին ճերմակ նժույգները…Իսկ ես մի Սաքո չարժե՞մ: Քանի-քանիսն անցան շուրթերիս վրայով՝ մեկը մեկից գեղեցիկ, կրակի կտոր, լուսե կույսեր էին: Քանի քանիսն արժեր տուն բերել, որդի ունենալ: Բա թե՞յը: Ախր դրանց հետ սիրտս թեյ չէր ուզում…
***************
– Չէ, դու լրբի պես համարձակ չես, մաքուր ես,- գլուխը հակում է ծնկներին ու երկու կաթիլ անձրևաջուր համբուրում են այտերը:
– Հա՜-հա, լրբի պես մաքո՜ւր ես, գիշերվա անարատ ձյան նման, որ որքան էլ շները տրորտակ են տալիս, մե՜կ է, երկնքից է իջել: Գիշերվա անարատ ձյան նման սառն ես, որ ծոծրակդ է լցվում հանկարծակի, առանց հարցնելու ու սառնությամբ այրում պարանոցդ,- ու մատներիս ջերմությունից սև մազերը փշաքաղվում են:
– Անարատ ես՝ հին մատուռից պոկված ողորկ քարի նման, որ հազար շուրթեր են դիպել, բայց սուրբ է էլի։
Ես աստվածավախ եմ, դու մի նոր աղանդ ես։ Դու քարոզ ես օտար մի կրոնի: Ոտքից գլուխ բոց ես ու ես եմ քո կրակապաշտը։ Հա-հա, ես եմ քո կրակապաշտը: Անպատեհ կիրք ես, գիրք ես՝ հասունության տանող։ Մազերովդ շոյիր մերկ ուսերս ու տես, քնից չհանես կրքերիս: Դու Տիեզերք ես: Ես անմարդաբնակ եմ վաղուց։
Մատներիս ծայրերով թող շոշափեմ տողատակերդ։ Դու բառ ես, ու ես կառչում եմ տառիցդ։ Վան_կա_տում եմ քեզ,- ու վանկատած մի համբույր թողնում եմ մանկամարդ շուրթերին: Թող հասունանա:
Ու ծախու կանանց փողոցում այդ գիշեր երկու ուրվական ցեխաջրի միջով քարշ են տալիս հոգնած ոտքերն ու ցեխաջրից ֆրանսիական պարֆյումի անուշ հոտ է գալիս: Գրողի ծոցը գնան բոլոր շքեղ կանայք…
*************
Վարգում են, վարգում են ճերմակ նժույգները վարագույրի միջով: Դոփում են պայտերը կրծքիս տակ:
Այսօր ես Աստվածավախ եմ ու դու լրբի պես սուրբ ես. ինձ հավատափոխ մի՜ արա: Մոտ արի, քեզ համար ճերմակ նժույգներ եմ նկարել։ Քեզ երկինք եմ տանելու…

Share Button

1 Կարծիք

  • levon Sargsyan says:

    Այո, սա գիր է՝ բուն իր ընթացքով հասունացող: (Ինձ վիճակվել է խմբագրել Լիլիթի առաջին գիրքը, ուստի կարող եմ վկայել հասունությունը և սպասել առավելին):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *