Ազատ լրագրող Հուսիկ Արոյանը ավտոբուսով մարզահամերգային համալիր հասավ և հաղթահարելով մոտ երկու հարյուր միավոր աստիճանաշարը` կանգնեց շքամուտքի առջև: Համալիրում անցկացվելիք հոբելյանական արարողության մասին տեղեկատվություն պիտի կազմեր և հաջորդ օրն առավոտյան հանձներ որևէ պարբերականի: Ի զարմանս նրա` շքամուտքը փակ էր: Ապակե թափանցիկ պատից աչք ածեց նախասրահի խորքը: Այնտեղ, սպիտակ սփռոցներով ծածկված սեղաններ էին դրված, որոնք այնքան էլ շատ չէին: Համենայն դեպս, դրանք շատ այցելուների լիարժեք բավարարել չէին կարող: Կամ դրանց շուրջ խմբվողների թիվն էր սակավ լինելու, կամ էլ արարողության բոլոր մասնակիցների հյուրասիրության դեպքում` հրմշտոց ու պատառի խլխլոց: Այդ պահին դժվար էր գուշակել, թե միջոցառման կազմակերպիչներն ինչո՞ւ շքամուտքը չէին բացել և ինչո՞ւ էր հյուրասիրության սեղանների թիվն այդքան սակավ:
Հուսիկ Արոյանը շուտ էր տեղ հասել` արարողությունից կես ժամ առաջ: Կրծքներին տարբերանշաններ ունեցող երկսեռ անձինք, հատուկենտ այցելուներին ցույց էին տալիս շքամուտքը շրջանցող այն ուղին, որով կարել էր համալիր մուտք գործել և հասնել այն դահլիճ, որում պետք է անցկացվեր հոբելյանական հանդիսությունը: Այդ նոր, անծանոթ մուտքի մոտ հսկողություն էր սահմանված: Միայնակ, առանց հրավիրատոմսի, դժվար էր լինելու ճեղքել հսկողության արգելքը: Ուրիշ բան, եթե այցելուների հոսքը մարդաշատ լիներ: Այդ դեպքում հնարավոր էր նաև բազմության մեջ աննկատ մնալ: Սակայն նա ժամանակից առաջ էր ընկել և միայնակ լինելով` շրջակայքի ուշադրությունը բևեռեց իր վրա: Սխալն արդեն թույլ էր տրված և ճանապարհի կեսից ետ կանգնել չէր լինի: Շրջվելն ու ետ դառնալն ավելի կնդգծեին իր ինքնակոչությունը: Հարկավոր էր օգտագործել հնարամտության ողջ ներուժը` հնարավոր բարդությունը հաղթահարելու համար, այլապես, գլխիկոր ետ էր դառնալու եկած ճանապարհով` ի չիք դարձնելով թերթից ակնկալվող մի քանի հարյուր դրամ հոնորարն ու հյուրասիրությունից օգտվելու պատեհությունը: Գործի տապալման նախապայման պիտի լինեին անվճռականությունն ու վախվորածությունն, ուստի նա զրահավորվեց հակառակ հատկություններով` վստահությանբ ու համարձակությամբ և հասնելով մուտքը հսկողներին, ասես վաղեմի ծանոթների հետ գործ ուներ, սրտանց ողջունեց նրանց: Առանց քայլերը դանդաղեցնելու անցավ հսկողության գիծը և, թվում էր, թե արգելքը հաղթահարված է և ինքն անվտանգության գոտում է, երբ թիկուքում հնչեց մուտքը հսկող միջին տարիքի տիկնոջ ազդու ձայնը.
– Դուք ո՞ր կազմակերպությունն եք ներկայացնում:
Կասկած չկար, որ հարցն իրեն էր վերաբերում, քանզի այդ պահին, մուտքով դեպի սրահ միտվող միակ այցելուն ինքն էր :
– Մամուլն եմ ներկայացնում,- դեմքով դեպի կինը շրջվելով պատասխանեց Հուսիկ Արոյանը:
– Հրավիրատոմս ունե՞ք,- հարցապնդումը շարունակեց տիկինը:
– Հրավիրատոմսի անհրժեշտություն չկա, ես թերթում լուսաբանելու եմ երևույթը:
– Հասկանալի է, բայց մեզ ասված է, որ ներս թողնենք միայն հրավիրատոմս ունեցողներին:
Եթե ականջ կախեր տիկնոջ պահանջին, ապա, ինչպես հատել էր մուտքի գիծն, այնպես էլ հուսախաբ պիտի շրջվեր ու ետ դառնար, սակայն, նման մտադրություն չուներ: Աշխատակից տիկնոջն օգնելու և դեպի սրահ ինքնակոչ այցելուի մուտքը խաթարելու համար, միջադեպին խառնվեց մի երտասարդ, կրկնելով, թե նա հրավիրտոմս ունի՞:
– Մեկ անգամ ես արդեն պատասխանել եմ այդ հարցին,- վճռական տոնով ընդդիմացավ Հուսիկ Արոյանը,- և հարկադրված եմ կրկին տեղեկացնել, որ լրագրող եմ:
– Լրագրողներ հրավիրված չեն,- նույնքան անզիջում հնչեց երիտասարդի խոսքը:
– Միջոցներ ու ժամանակ ծախսելով` եկել հասել եմ էստեղ և հանդիպում եմ անսովոր ու ոչ հաճելի մի նորության,- ասաց Հուսիկ Արոյանը,- լրատվության ներկայացուցչի առջև խոչընդոտ է հարուցվում, որպեսզի երևույթը պարփակվի պատերի ներսում և հասարակական արձագանք չունենա՞: Այս մասին տեղյակ կպահվի` ուր որ հարկն է: Վերջապես , ուզում եմ հասկանալ, կարո՞ղ եմ մասնակցել միջոցառմանը , թե ոչ:
– Կարող եք…,- Հուսիկ Արոյանի գրոհից ընկրկելով՝ թոթովեց երտասարդն ու կողքի քաշվելով` բացեց դեպի սրահ տանող ուղին:
Եվ, երբ արգելքը հաղթահարած շարունակեց իր հաղթական երթը դեպի նպատակակետ, Հուսիկ Արոյանի մտքում վերստին հառնեց մեծ բանաստեղծի` կյանքի պայքարում քնքշությանն առաջնորդ չկարգելու կարգախոսը:
Համալիրի դահլիճը սակավամարդ էր: Սկզբում Հուսիկ Արոյանն ուզում էր առաջին շարքերից մեկում տեղավորվել, սակայն, երբ սպասարկողը զգուշացրեց, որ այցելուներից յուրաքանչյուրը պիտի զբաղեցնի իրեն հատկացված տեղը, քանզի տոմսերը համարակալված են, քաշվեց վերջին շարքն, որպեսզի նստատեղի տիրոջ հայտնելու դեպքում, նրա տեղն ազատելն ավելի աննկատ անցներ: Կարճ ժամանակ անց, դահլիճը լցվեց և այնքան բազմամարդ դարձավ, որ, այլևս, ազատ տեղ չմնաց: Հուսիկ Արոյանը վայրկյան առ վայրկյան սպասսում էր, որ ուր որ է կհայտնվի իր զբաղեցրած աթոռի տերը, սակայն, նման բան տեղի չունեցավ: Ըստ երևույթին, նա էլ տեղավորվել էր բեմին մոտ շարքերից մեկում` զբաղեցնելով մեկ ուրիշի տեղը, կամ էլ իրադարձության վայր չէր ժամանել: Հուսիկ Արոյանն անհամբերությամբ սպասում էր այն պահին, երբ արարողությունը կսկսվեր: Այն ժամանակ կարելի էր ավելի հանգիստ զգալ, քանզի կնվազեր իր զբաղեցրած տեղի տիրոջ ժամանման հավանականությունը: Վերջապես, արմատացած սովորությամբ, ուշացումով հանդիսությունը սկսվեց: Հուսիկ Արոյանի երկու կողմերում էլ ուսանողուհիներ էին նստած, ովքեր այդ ընկերակցությամբ անցկացրին իրենց կյանքի զվարճալի ու հիշարժան պահերից մեկը: Բարձր պաշտոններ զբաղեցնող բանախոսներն իրենց ելույթներով առատ նյութ մատակարեցին մթնոլորտը զվարճալի դարձնելու համար: Հուսիկ Արոյանը, թղթի վրա նշումներ անելուց զատ, յուրովի մեկնաբանում էր բանախոսների ելույթներն, որոնց հաջորդում էր աղջիկների անկաշկանդ, սրտալի, երբեմն, կչկչոց դարձող ծիծաղը: Տարբեր բնագավառների նախարարներ և բարձրատիճան այլ պաշտոնյաներ իրենց զեկույցներում երբեմն չէին կարողանում սքողել տարրական կրթություն ստացածի գրագիտության մակարդակը: Գիտության ամենաբարձր` ակադեմիկոսի կոչում ձեռք բերած ռեկտորն այն հաստատության, որի հոբելանն էր նշվում, օգտագործեց «անձեռնակերտ» բառը, մինչդեռ, այն պիտի արտաբերվեր, առանց երկրորդ «ն» տառի, իսկ մի նախարարի խորին համոզմամբ էլ «պատրվակ» բառը դրական իմաստ ուներ և գործածվեց «շնորհիվ» արտահայտության փոխարեն: Հիշյալ նախարարի շուրջ Հուսիկ Արոյանի ծավալած հումորը, սակայն, նոր զարգացում ապրեց: Մտավոր կացությունից զատ` անդրադարձ եղավ նաև նրա մարմնեղությանը:
– Մի ժամանակ մենք միասին էինք աշխատում,- ասաց Հուսիկ Արոյանը,- սակայն, էն ժամանակ նա քառակուսի չէր, ինչպես հիմա:
– Քառակուսի՞…,- փռթկացրեց աղջիկներից մեկը:
– Քառակուսի,- կրկնեց Հուսիկ Արոյանը,- զարմանալու ի՞նչ կա, մի՞թե նրա լայնքն ու երկայնքը, փորի տրամագիծը միահավասար չեն: Առաջ քաշելուց հետո, եկամտաբեր պաշտոնն է նրան այդպիսին դարձրել, թե չէ` նախկինում նա այդպես չէր, սովորական կազմվածք ուներ, ինչպես ձեզանից որևէ մեկը, կամ ձեր խոնարհ ծառան:
Խոսք առավ մեկ այլ նախարար: Նա էլ, ոչ ավելի ոչ պակաս «հաստատության հիմադրման ութսուն ամյակն» ասելու փոխարեն ազդարարեց « հաստատության հիմնադրամ ութսուն ամյակը»: Եթե ետ դառնար ու թույլ տված սխալը շտկեր, հույս կներշնչեր, որ նա «հիմնադրման » և «հիմնադրամ» բառերը տարբերում է միմյանցից: Քանի որ նման բան տեղի չունեցավ, մնում էր ենթադրել, որ նախարարն օգտագործել է իր իմացած բառն, անկախ այն բանից, որ այն տեղում չի գործածվել:
Ողջույնի խոսքվ հանդես եկավ նաև մեկ փոխնախարար: Առանց բացթողումների, բարեխղճությամբ նա արտաբերում էր ձայնավոր հնչյուններին նախորդող «ն» տառով ավարտվող բոլոր բառերի վերջի հնչյունը` բառից անջատ և ընդգծված: Նրա ընթերցումը նման էր Ճուղուրյանի «Քահանայի ընտրությունը» անմահ պատմվածքի` քահանայի թեկնածու գեղջուկների գիրկապ անելուն:
Բարձր խավի ներկայացուցիչների ելույթները մշակելով ու անցկացնելով ստեղծագործական քուրայով՝ Հուսիկ Արոյանը մատուցում էր աղջիկներին, ովքեր անկեղծորեն հրճվում ու գնահատում էին բանախոսներին ծիծաղելի դարձնելու նրա ձիրքը: Ոչ միայն այդ: Զգում էր, որ ինքն աղջիկների համար հտզհետե ավելի մտերիմ ու հարազատ է դառնում: Կողքին նստած աղջիկը պայուսակից գետնընկույզ հանեց և հյուրասիրեց:
– Իսկական ինձ համար է,- հեգնանքով ինքնիրեն թոթովեց Հուսիկ Արոյանը:
Աղջիկը հասկացավ, որ նրա տրտունջն իր որոշ ատամների բացակայությունից է գալիս:
Այնուամենայնիվ, հյուրասիրությունը մերժել չէր լինի և ընդունելով այն` Հուսիկ Արոյանը շնորհակալություն հայտնեց : Այնուհետև, երկար ժամանակ նա հատուկենտ ատամներով ու լերկ լինդերով լլմում էր մատուցված գետնընկույզը: Աղջկա առատաձեռնությունը միայն դրանով չսահմանափակվեց: Մի պահ նա դուրս եկավ դահլիճից և քիչ անց, հանքային ջրով լի շիշը ձեռքին` վերադարձավ: Պոլիէթիլենե բաժակներ էլ էր բերել: Նա բաժակը մեկնեց Հուսիկ Արոյանին որպեսզի ջուրը դրա մեջ լցներ,սակայն, վերջինս նրան կանխեց.
– Ջուր խմելու ցանկություն չունեմ, շնորհակալ եմ, սակայն, հաշվում եմ, որ խմել եմ էդ ջուրը:
Աղջիկը ժպտալով ասաց.
– Ինչպես կուզեք:
Ուշացումով, Հուսիկ Արոյանը հանգում էր այն եզրակացության, որ անծանոթ միջավայրում զսպվածությունն ու ամփոփվածությունն իր օգտին չեն եղել: Շատ դեպքերում արգելել են իրեն երևալ այնպես, ինչպիսին էր իր էությամբ, լռությամբ ու մեկուսածվածությամբ ջանացել է կոծկել իր նկարագիրը: Իրականում, ի՞նչ էր շահել դրանից: Գրեթե ոչինչ: Համենայն դեպս, ոչ այն ջերմությունն, որով այդ պահին աղջիկները ողողում էին նրան: Այնուամենայնիվ, հարկադրված էր հեռանալ այն ջերմ մթնոլորտից, որի կերտողն ինքն էր: Նախ՝ ձանձրալի էր լսել հանդիսության բանախոսներին և , ապա, անհրաժեշտ էր վերջնականապես համոզվել, թե նախասրահում դրված հյուրասիրության սեղանները բոլոր մասնակիցների համա՞ր էին, թե՞ միայն ըտրյալների: Նախասրահում, ուր դրված էին սպիտակ սփռոցներով ծածկված սեղանները, միջանցքից սահմանազատված էր մետաքսե կապույտ գույնի ժապավեններով: Այդ արգելափակոցի երկայնքով` միմյանցից մի քանի մետր հեռավորության վրա, կանգնած էին ոստիկանները: Արարողության մասնակիցների մուտքը դեպի սրահ արգելվում էր: Այլևս, կասկած չմնաց, որ արարողության ավարտից հետո, ոչ բոլորը կարող էին մոտենալ սեղաններին, դրանց թվում նաև ինքն, ով ոչ հրավիրատոմս ուներ, ոչ էլ որևէ ազդեցիկ ծանոթ այդ միջավայրում: Գիշերով այդ վայրից ձեռնունայն տուն վերադառնալը կավերեր իր տրամարությունը, մանավանդ, որ ուշ ժամին դադարած կլիներ ավտոբուսային երթևեկությունը և հարկադրված կլիներ մինչև տուն ընկած հինգ կիլոմետր ճանապարհը ոտքով անցնել: Ուրիշ բան, եթե երկարաձիգ այդ ճամփորդությանը նախորդած լիներ հյուրասիրությունը: Այդ դեպքում ոչ թե կալորիազուրկ, ջլատված ու հոգնած մարմինը պիտի քարշ տար, այլ վայելքով լիցքավորված, կայտառ ու անհոգ, ասես, գետնին չդիպչելով, թռչելով տուն կհասներ, չզգալով, թե ինչպես անցավ ճամփան: Եթե ինքն ոչինչ չձեռնարկեր և անձկությամբ սպասեր ճակատագրի վճռին, ապա իրեն զրկանքից ու տառապանքից բացի, ոչինչ բաժին չէր հասնի: Արարողության ավարտին, հարյուրավոր այցելուների պես իրեն էլ ելքի դուռ պիտի մղեին ու դուրս հրեին հաստատությունից, որպեսզի բացառվեր հյուրասիրության սեղաններին մոտենալու հնարավորությունը, իսկ, երբ բազմությունը գնացած լիներ իր բանին և շրջակայքում հանդարտություն տիրեր, ընտրյալների փոքրաթիվ խումբն, ով գիտե, որ մուտքով կհոսեր սրահ, ուր ընտիր ուտեստներով ու խմիչքներով ծանրաբեռնված սեղաններն էին: Շատ հնարավոր էր, որ հյուրասիրությունից բռնի օտարվածների մեջ լինեին այնպիսիք, ովքեր իրենց արժանիքներով շատ ավելի բարձր էին, քան այդ անգրագետ պաշտոնյաները, բայց քանի որ իշխանությունն ու իրադարձությունների տնօրինությունը նրանց ձեռքին էր, ապա կվարվեին իրենց ուզածի պես, կհոգային միայն իրենց ու մերձավորների որկորների մասին, իսկ մնացածները սոված գայլերի պես անարդարությունից թող ոռնային, անքուն շան պես լուսնահաչ տային. ո՞վ էր նրանց տրտունջի հանդեպ ականջ կախողը:
Երբ Հուսիկ Արոյանը դուրս եկավ դահլիճից և վերստին արգելափակող ժապավեններն ու հսկող ոստիկանների մռութները տեսավ` ներսում ընդվզման ալիքը բարձրակետին հասավ: Մի քանիսի հետ ժապավենների երկայնքով քայլելով` արգելափակոցի վերջին հասավ: Ոստիկաների հսկողությունն այդտեղ համեմատաբար թույլ էր, և որպես դրա հետևանք, մարդիկ ոտնատակ էին տվել ժապավեններն և արգելափակոցից այն կողմ անցել: Գուցե նրանց այդ քայլին էր մղել բնական պահանջը: Զուգարաններն արգելափակոցի մյուս կողմում էին: Փլուզված արգելքն անցնելով`կարելի էր անարգել մոտենալ սեղաններին: Հուսիկ Արոյանի համար այլընտրանք չկար, քան նախասրահ թափանցելն ու մի անկյունում դարանակալելը, մինչև այն պահն, երբ կավարտվեր արարողությունն և կսկսվեր հյուրասիրությունը: Գետնատարած ժապավենի վրայով նա հատեց սահմանն և մի քանի տասնյակ մետր խորացավ սրահի մեջ:
Այն հարթակն, որի վրա կանգ առավ, միջին բարձրության վրա էր: Վերևում, մարզասրահի վերին շարքերը տանող մուտքերն ու լայնատարած առաստաղն էր, իսկ ներքևուն` նախասրահն, որի մեջտեղում տեղակայված էին հյուրասիրության սեղանները: Մատուցողներից բացի, ովքեր մերթընդմերթ մոտենում էին սեղաններին ու իսկույն աներևութանում, սրահում ուրիշ մարդ չկար: Անտեսանելի դառնալու համար Հուսիկ Արոյանը քաշվեց մի անկյուն, պայուսակից թուղթ ու գրիչ հանեց և սկսեց իրադարձության տեղեկատվությունը կազմել: Որևէ զբազմունքն ամենալավ միջոցն էր սպասումի տաղտուկը չեզոքացնելու համար: Դեպի դահլիճ վերադարձ չկար: Եթե այնտեղ գնար` պիտի ընդմիշտ մոռանար վերստին սրահ թափանցելու մասին: Արարողության ավարտից հետո, ոստիկաններն իրեն ելքի դուռն էին ցույց տալու, իսկ իր պատսպարանից անարգել կարելի էր անցնել սեղանատուն ու միանալ այն ընտրյալների խմբին, որին հանդիսության ավարտից հետո ճոխ ընթրիք պիտի մատուցվեր: Անգրագետ վերնախավն, որն առաց այդ էլ լողում էր նյութական առատության ծովում և յոթը պորտն ապահովված էր ժողովրդի ընչազրկության հաշվին գոյացած գումարներով, մեկ անգամ ևս պիտի հափռեր ունեզուրկներին ու թոշակառուներին չնչին ողորմություն շպրտող պետբյուջեի առատ նվիրատվությամբ պատրաստված սեղանների բարիքներն, իսկ իր նմաններն, որ այդպիսի վայելքի մասին միայն երազել կարող էին, պիտի զրկվեին կյանքում սակավադեպ հանդիպող վայելքի պահն օգտագործելու հնարավորությունից: Այդ անարդարության դեմ ընդվզումով և այն գոնե մեկի` տվյալ դեպքում իր համար շտկելու աննահանջ մղումով լցված` նա վճռեց ոչ թե լքել պայքարի ասպարեզն, այլ մնալ ու մարտնչել:
Աշնան ցերկվա վախճանը շուտ վրա հասավ: Անմարդ այն տարածությունում, որի խորշերից մեկում պատսպարվել էր նա, լույսեր չէին վառվում: Բնական լույսի վերջին փշուրներն օգտագործելով` նա շարունակեց գրավոր խոսքն և երբ մթության մեջ անհնար էր այլևս տողեր շարելը, դադարեցրեց գրելը:
Թաքստոցում նրան հասնում էր մարդաշատ դահլիճի հևքը: Այնտեղ, ելույթներից հետո, սկսվել ու բուռն թափով շարունակվում էր հանդիսության համերգային մասը: Մեկ ժամը, որ տրամադրվել էր գրելուն, աննկատ էր անցել, իսկ թե որքա՞ն էր տևելու համերգը և ինքը դեռ որքան էր սպասելու` հայտնի չէր: Ամեն դեպքում, գրելը դադարեցնելուց հետո սառն ու խավար միջավայրում, երբ ամեն պահ առկախ էր հայտնաբերվելու և արտաքսման հարկադրանք դիմակայելու վտանգը, անձուկ սպասումը շատ ավելի դժվար դարձավ: Լույս էլ չկար, որ ժամացույցին նայեր, վայրկյանները հաշվեր: Երկար նստել էլ չէր կարելի, քանզի նստատեղով մարմարի սառնությունը հասնում էր աղիներին, որոնք այդ շփմանն արձագանքում էին ցավագին գալարումներով: Տևական ժամանակ ոտքի վրա մնալն էլ վաթսունին մոտ ծերունու համար դյուրին չէր: Փոխնեփոխ նստելով ու վեր կենալով, նա ուզում էր դժգույն սպասումի վերջը բերել, բայց այն թվում էր անվերջանալի, քանզի համերգը, որին պիտի հաջորդեր սպասումի վախճանը, շարունակվում էր նոր պոռթկումներով: Վերջը չերևացող աղմկոտ երաժշտությունը, երգիչ- երգչուհիների ծեքծեքուն ելույթներն երբեք այդքան անտեղի ու տհաճ չէին թվացել: Դրանք գուցե տանելի լինեին չափի շրջանակներում, սակայն, երբ տվել- անցել էին բոլոր սահմանները, խորշանք էին հարուցում:
Վեր կացավ և մի հարմար դիտակետ ընտրելով` ներքև նայեց: Սեղանատանը նույն թափուր վիճակն էր: Ամբողջ հասակով ծառացած, ձգված` ջանում էր հասկանալ իրադրությունը: Ուշացումով գլխի ընկավ, որ թաքստոցից դուրս գալն ու աչքի զարնվելը խոհեմ արարք չէ: Նա տեսնում էր ներքևում սեղանների շուրջ վխտացող մատուցողներին և, գուցե, նրանք էլ իրեն էին տեսնում: Վերևում, մենավոր երկոտանու ի հայտ գալը, նրանց մեջ կասկած պիտի առաջացներ և նրանք այդ մասին կտեղեկացնեին ոստիկաններին և կլիներ այն, ինչն ամենից անցանկալի էր: Բացառված չէր, որ հայտնաբերվելուց հետո, նրա վրա չարագործի պիտակ կպցնեին: Այլապես ինչո՞վ պիտի արդարացվեր մթության մեջ մենակ դարանակալելն, երբ քիչ այն կողմ, իր նման հարյուրավորները վայելում էին երգ ու երաժշտության հմայքը: Ավելի ուշ մտաբերեց, որ լուսավոր տարածության մեջ եղածի համար, մթության մեջ գտնվողն անտեսանելի է: Այնուամենայնիվ, վերստին ետ` դեպի իր թաքստոցը վերադարձավ, որպեսզի ավելի ապահով լիներ: Դրսից լույսի մի խուրձ հորդեց նրա ապաստարանի ուղղությամբ: Հուսիկ Արոյանի վայրկենական մտածումն այն եղավ, որ ահա լուսարձակի օգնությամբ որոնում են ծպտվածին և շուտով իր արկածախնդրությունը կբացահայտվի: Գտնում էր, որ շատ դժվար, գրեթե անհնար կլիներ իրեն հետապնդողների գլուխները մտցնել, որ իր արարքն ընդամենը վայելքի հնարավորությունը ձեռքից բաց չթողնելու նպատակ է հետապնդում և ինքը շատ հեռու է պայթեցում, կամ որևէ այլ չարագործություն կատարելու մտադրությունից: Շատ հնարավոր էր, որ իրեն ոստիկանատուն քարշ տային և հետաքննություն սկսեին: Սակայն, շուտով տագնապալի այս ենթադրությունն ևս տեղի տվեց սառը դատողությանն, որը նրան հուշում էր, որ, թերևս, լուսարձակի աղբյուրը դրսում շրջադարձ կատարող որևէ ավտոմեքենա էր, որը մեկնումից առաջ իր դիրքն էր կագավորում:
Այդ միջադեպն էլ անցավ, սակայն, լարվածությունը, կապված համերգի հետ, շարունակվում էր: Ե՞րբ պիտի, վերջապես, լռեր այն: Սպասումն արդեն ժամեր էր տևել, համբերություն չէր մնացել: Երաժշտական յուրաքանչյուր կատարում, թվում էր վերջինն է լինելու, սակայն, դրա ավարտին հետևող կարճ դադարից հետո, նորն էր պոռթկում: Ի վերջո դադարն ավելի երկար տևեց, որից հետո տարածվեց սելավի քչքչոց հիշեցնող աղմուկը: Մեծ իմաստություն պետք չէր հասկանալու համար, որ հանդիսականները դուրս էին հորդում դահլիճից: Սակայն, պետք չէր թաքստոցից դուրս գալ և այդ իրադարձությանը հետևել: Երբ աղմուկը դադարեր` կնշանակեր, որ դահլիճն, այլևս, դատարկ է: Այնժամ պիտի հետևեր, թե սեղանատանն ի՞նչ իրավիճակ է և ձեռնամուխ լիներ այն նպատակի իրականացմանն, որին դարանակալ հետամուտ էր:
Կրկին լքեց թաքստցն ու դիտակետ հասնելով` ներքև նայեց: Սեղանատանը հայտնվեցին ավետաբեր առաջին այցելուները: Սակայն նրանք դեռ այնքան շատ չէին, որ հնարավոր լիներ իրենց շարքում ինքնակոչ մեկին աներևույթ դարձնել: Հարկավոր էր քիչ էլ սպասել, մինչև այնտեղ բազմությունը ստվարանար: Եվ, երբ սեղանների շուրջ խմբվածների թիվն ավելացավ, Հուսիկ Արոյանը պոկվեց տեղից և հաստատուն քայլերեվ իջավ սեղանատուն: Երկյուղն ու անվստահությունը գործին չէին նպաստելու, ընդհակառը` փչացնելու էին այն: Հյուրասիրվողներից ոչ-ոք նրա վրա ուշադրություն չդարձրեց: Նրանք զբաղված էին շատ ավելի կարևոր գործով` մեծ հաճույքով վայելում էին ընտիր ուտեստեղնն ու խմիչքը:
Սառն ուտեստները` ապխտած միսն, երշիկեղենը, խավիարը, պանիրն անտեսվեց, քանզի տաք մատուցվում էր երեք տեսակ` խոզի, հավի և թառափի խորոված: Հուսիկ Արոյանն երկու գավաթ կոնյակ խմեց և խորոված կերավ: Բազմազան էր և մրգերի տեսականին, որոնցից նախընտրեց խաղողը, դեղձը և տանձը:
Ուտելու պահին, երբ թիկունքից լսեց «Քեզ լավ ես նայում, ընկեր…» խոսքը, թակարդն ընկածի զգացողություն ունեցավ, քանզի հասարակական վայրերում հյուընկալվելիս` մեկ անգամ չէ, որ հանդիպել էր շուրթերի շարժմանը հետևող, իր կերած պատառները հաշվող հետաքրքրասերների: «Է՞ս ով է…» հարցրեց ինքնիրեն: Մինչ հապաղում էր շրջվել ու պատասխանել իրեն հղված բառերին` երկրորդ անգամ կրկնվեց նույն խոսքը: Անհաղորդ մնալն այլևս անկարելի էր: Հուսիկ Արոյանը ուսի վրայով ետ նայեց: Հայացքը դեմ առավ ծանոթ դեմքի: Երբեմնի խմբագիրն էր այն հաստատության պարբերականի, որի հոբելյանը նշվում էր այդ օրը: Պարբերականի հրատարակության դադարեցումից հետո նա զբաղեցնում էր նույն հաստատության մամլո պատասխանատուի հաստիքը: Երբ անսպասելի հայտնված այդ ծանոթն երրորդ անգամ կրկնեց «Քեզ լավ ես նայում, ընկեր …» հայտնի բառերը, դժվար էր հասկանալ, թե նրա ասածի մեջ հեգնական, թե՞ մտերմական երանգ կար: Ամեն դեպքում Հուսիկ Արոյանի վերբերմունքը պիտի հենվեր վերջինի վրա, այլապես, իրադրության բարդացման դուռ կբացվեր:
– Ինչպես բոլորը…,- նրա ասածին արձագանքեց Հուսիկ Արոյանն, ասես հասկանալ տալով, որ ինքն անում է այն, ինչ շրջակայքում անում են բոլորն, և դրանում արտառոց ոչինչ չկա:
Նրանց շփումն այդ կարճ խոսքափոխանակությամբ էլ ավարտվեց: Հուսիկ Արոյանը չգիտեր, թե դիմացինն իր նկատմամբ ինչպես էր տրամադրված, իսկ ինչ իրեն էր վերաբերում, ապա չէր կամենում, որպեսզի անակնկալ այդ հանդիպումը խոսք ու զրույցի միջոցով մանրամասվեր: Պահը հարմար էր նրանից մեկուսանալու, նրա հետ հետագա առնչությունը կանխելու համար: Մասնակիցների բազմամարդությունը նվազեցնում էր տևական որևէ մեկի ուշադրության կիզակետում լինելու պատեհությունը: Ինչպես խիտ անտառում, կարելի էր թաքնվել, անտեսանելի դառնալ մարդկանց հոծ կուտակումների արանքում: Չէր կարծում, որ ծանոթն իրեն կհետապնդի, կամ էլ իր գործակիցներին կիրազեկի հյուրասիրության ինքնակոչ մասնակցի ինքնության մասին, սակայն, ամեն դեպքում հարկավոր էր զգուշանալ և հնարավորինս շուտ լքել ասպարեզը: Դեռ հագեցած չէր: Եվս երկու կտոր խորոված ուտելով և մեկ գավաթ ծիրանի հյութ ըմպելով` գործն ավարտած համարելով դուրս եկավ սրահից: Քայլելով ուղևորվեց դեպի տուն:
Երկար ճանապարհն ոտքով կտրելն արդեն տառապալի չէր, քանզի լցոնված էին եռանդի պարկուճները, իսկ վայելք ընդունածի բարձր տրամադրությունը թույլ չէր տալիս հոգնություն զգալ: