Անի Տոնոյան | Վազիր ինձ հետ

***
արդեն հեռու եմ քեզանից,
իսկ գիշերային լույսերը վառվում են հոգուս ու աչքերիս մեջ
ինչպես տիրամոր հետ զրույցը՝
ամաչկոտ ու մեղսունակ,
և ճանապարհը տուն տանող
անընդհատ դասական մոգությամբ

ես հարբած չեմ սիրելիս,
բնավ,
և կողքովս վազող այս թախիծը երբեք չի եղել մենակության մասին այնքան,
ինչքան հիմա,
ի՞նչ անեմ,
ասա ինձ,
քաղաքի լույսերը երբեք չեն խոսել մենակությունից այնքան, ինչքան հիմա,
ի՞նչ անեմ,
վազիր ինձ հետ,
ու լույսերի մեջ քաղաքի թող զգամ,
որ մենակությունը մառախուղի պես կանցնի առավոտ կանուխ

փողոցով անցնող այս տղաները կեսգիշերն անց
ինչո՞ւ քնած չեն,
և ու՞ր են շարժվում մեքենաները այս ժամին,
իսկ շներն ինչո՞ւ են հաչում գիշերով,
մենակությունը բնավ,
բնավ խաղաղություն չէ
սիրելիս

 

***
ինչո՞ւ մեռար այսքան հեշտ,
այսքան շուտ,
այդքան դժվար ծնվելուց հետո,
այդքան սպասված լինելուց հետո,
ինչո՞ւ մեռար,
ինչո՞ւ մեռար,
քո բակում դեռ խաղում են բարալիկ աղջիկները
և բարալիկ տղաները դաշնամուր են նվագում
և նիհար մայրդ վերջանում է
այդքան դժվար ծնելուց հետո
մայրդ,
վերջանում է,
հողի նման վերջանում ու մաղվում է վրադ,
այդքան երկար սպասելուց հետո
դատարկ-դատարկ հողի վրա վերջանում է հույսը,
և փողոցում ծածանվում է անունդ՝
կողքին 19-ը,
ինչո՞ւ,
ինչո՞ւ մեռար

 

***
և ինչի՞ս են պետք գրված բանասեղծությունները այսքան քո մասին,
չէ՞ որ հիմա տարիների մաղձից ճաքճքած պատերի ներսում
իմ սիրտը դեռ բաբախում է
ցույց տալու համար,
որ ես կարողացա առանց քեզ
ամենևին,
ամենևին պետք չեն բանաստեղծություններ քո մասին փնտրել,
կարդալ կամ գրել
չէ՞ որ հիմա հիշողությունը ծիծաղելի մի դեպք է,
դեմքիդ ժպիտ տղայական սրտխփոցի մասին,
ես կարողացա առանց քեզ
առանց ոչ մեկի նույնիսկ.

 

***
ինչու՞ եմ քեզ մոտ այդքան,
ինչու՞ ես ինձ մոտ այսքան,
և զարմանալի կապույտ աչքերդ
և գանգուրներդ դեղին
և մարգարտե երեսդ
գրկիս մեջ այդչափ հուսահատ,
այսչափ հուսահատ մնալ
ու դիպչել մարմարե դեմքիդ
ու դիպչել մարմարե դեմքիդ
չի կարելի,
և նույնիսկ քեզ փրկիչ
գալ որպես փրկիչ
չեմ կարող,
ներիր,
դու մեռնում ես ձեռքերիս մեջ աղջիկ
մարգարտե երեսդ պաղ
ու աչքերդ զարմանալի կապույտ
փակել չեմ կարող
ու մազերդ ոսկե դեղին
որպես հույս հիմա պետք է հյուսեմ զգույշ
որ գլուխդ մնա թեթև թևերիս վրա
և զարմանալի կապույտ աչքերդ
և գանգուրներդ դեղին
և երեսդ մարգարտե
այդչափ հանկարծակի հիշողության մեջ որպես ընտրություն գույնի
դու մեռնում ես աղջիկ գրկիս մեջ այսչափ հուսահատ
ինձ ներիր
դու մեռնում ես

 

***
գալիս եմ
երևանյան տանիքների վրայով
մոտդ
սովորական բողոքողի պես
որ պատմեմ
թե ինչ դժվար է ապրել շոգին այս քաղաքում
գալիս եմ
Արևելքի խոր ավազներում թաղված արև ու քամի որպես
որ պատմեմ`
ինչ դժվար է ապրել բուրգերի ու ավազե բլուրների հետ
գալիս եմ մոտդ
պատմելու թե ինչ հրաշալի են բուրում փարիզյան առավոտները
բայց ես տեղս չեմ գտնում
ու գալիս եմ հեռվից
սառցե սարերի ու խոր ջրերի տակից պատմելու
թե ինչ ձանձրալի է անցնում պինգվինների կյանքը այնտեղ
մոտդ
գալիս եմ ամերիկյան անճանաչելի ինքնությամբ
գտնելու թե ով եմ ես
ներսս խառնած ամենքին
ասիական աստվածներից մինչև Զևսի կատարելություն
գալիս եմ
պատմելու պարսկական ձիերի վայրագության
մակեդոնցու սրտի
ու բրիտանացիների ճաշակի մասին
գալիս եմ
հնդկական համեմունքի դառնությամբ
որ պատմեմ խայտաբղետ լվացքի
կապիկների
ու աղբանոցների մասին
մոտդ գալիս եմ
ռուսական անտաշությամբ
գոռոզության ու խմիչքի մասին պատմելու
տեղս չեմ գտնում տիեզերական նավերի արանքում
հռոմեական գերեզմաններում
աֆրիկյան ցեղերում
ոչ մի տեղ
ու գալիս եմ մոտդ խնդրելու
որ ուրիշ աշխարհներ հորինես

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *