Վերա Պավլովա | Բանաստեղծություններ

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

***
Քայլում եմ ճոպանի վրա:
Հավասարակշռության համար
երկու երեխա եմ պահել ձեռքերիս:

***
Ժամանակն է՝ զիջելու տեղս
նրան, որ ինձ էր զիջել իր տեղը
հանրային փոխադրամիջոցներում
երթևեկի լարված ժամերին

***
Իմ արտացոլքն ինձ սիրում է,
իսկ ես նրան՝ ոչ:
Իմ ստվերն ինձ սիրում է,
հետևիցս քաշքշվելով,
կոտրտվելով, խոնարհվելով:
Հանգցնում եմ լույսը:
Իմ բանաստեղծություններն ինձ սիրում են,
ես էլ՝ նրանց:

***
աչքերս
ինչո՞ւ եք տխուր
չէ՞ որ ես ուրախ եմ
բառերս
ինչո՞ւ եք կոպիտ
չէ՞ որ ես նուրբ եմ
գործերս
ինչո՞ւ եք հիմար
չէ՞ որ ես խելոք եմ
բարեկամներս
ինչո՞ւ եք մեռած
չէ՞ որ ես ուժեղ եմ

***
Իմ թախիծը ջրհոր է՝ առանց դույլ,
քոնը՝ չորացած ջրհորի դույլ է:
Ո՞վ ավելի կծարավի:
Ո՞վ ավելի շուտ կխմի:
Ո՞վ կստի,
թե չի դիմանա մինչև առավոտ:

***
Հոգու տենչա՞նք: Հեշտոցի քմծիծա՞ղ:
Սպանվածի լռությո՞ւն, չբեղմնավորված որդու ճի՞չ:
Իսկ գուցե այս համառ թախիծի մեջ մեղավոր են
երևակայական ցավե՞րը կտրված պորտի:

***
«Ե՛ս քու մաման»,
ասաց պապան,
ես էլ ասացի.
«Անպայմա՛ն»:

***
Փորձը փորձանք չէ:
Փորձանք չէ փորձը երկրորդ:
Իսկ երրորդ փորձը
բավական նման է փորձանքի:
Չորրորդը՝ փորձանք է:
Իսկ հինգերորդ փորձանքը փորձ է՝
ներշնչելու դահիճիդ,
որ փորձը փորձանք չէ:

***
Տասներեք օր, և Նոր Տարին
ծերացավ: Ի՜նչ չարախնդությամբ
ես աղբանոց քարշ տվի տոնածառը:
Դե, մեզնից ո՞վ է հավերժորեն կանաչ,
ո՞վ է երկար սպասված, ո՞վ է շքեղ,
ուրախության հոգին, լուսամուտի մեջ՝ լույս:
Եվ եղևնին պատասխանեց՝ դուն:

***
ձեռքը ձեռքին մէջ
կյանքի երկու գիծ
խաչ և փաչ

***
Քամին ինձ ասում է՝
ժամանակն է սանրվածքդ փոխես:
Արևն ինձ ասում է՝
ժամանակն է մաշկդ փոխես:
Ավազն ինձ ասում է՝
ժամանակն է անունդ փոխես:
Ծովն ինձ ասում է՝
ոչ մի բան էլ պետք չէ փոխել:

***
Երբ ես երջանիկ եմ, ինձ թվում է, թե կողքիս ծով կա:
Իսկ երբ ես երջանիկ եմ և կողքիս իսկապես կա ծով,
ինձ թվում է, թե կողքս մի ուրիշ ծով էլ կա,
ավելի տաք, թափանցիկ, քնքուշ, խորունկ, մոտիկ:

***
ողջ կյանքդ
փնտրել
նրան
ում
կարող ես
սիրել
ողջ կյանքդ

***
գնալ լողանալ ծովում
երբ չես ուզում միզել

գրավել դատարկ կինոթատրոնում
քո տեղն՝ ըստ տոմսակի

տրամվայով երթևեկի վարձը
վճարել կիրակի երեկոյան

ամուսնանալ սիրեկանի հետ

արվեստ արվեստի համար

***
Փռված
սեր անելուց հետո.
–Նայի՛ր,
ողջ առաստաղը
աստղերի մեջ է:
–Եվ մեկի վրա
հավանաբար
կյանք կա…

***
այս քերթվածը
դիր ափիդ մեջ
բռունցքդ սեղմի՛ր
փչի՛ր
բա՛ց
ի՞նչ մնաց

Ռուսերենից թարգմանեց՝      ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ

Share Button

1 Կարծիք

  • Զավեն says:

    Լուրջ բանաստեղծությունները հայտնագործությություններ են զգացականի ոլորտներում: Վերոտպյալ բանաստեղծություններում առկա են մի շարք ինքնատիպ հայտնագործություններ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *