Վերջին դասաժամն էր, ուսումնական տարին ամփոփելու և տարեկան գնահատականներ նշանակելու օրհասական պահը:
Դասարանցիները երկու բանակի էին բաժանվել` լավ սովորողները ինքնավստահ հանգստությամբ “երեքի” փոխարեն “չորս”, “չորսի” փոխարեն “հինգ” էին ակնկալում: Մենք ճպուռներն էինք` տարվա ընթացքում վերվերի պարողներս, որ հիմա գառների նման կուչ էինք եկել, սպասելով ահեղ դատաստանին: Ու այդ բանակների միջև Գաբրիել հրեշտակապետի անկործանելիությամբ ճեմում ու իր բարձունքից շանթ ու կրակ էր բեկում ընկեր Եսայանը: Լռությունը խտացել էր ու խոնավ շապիկի նման պարուրել բոլորիս: Հրեշտակապե՞տ… Բայց ո՞վ է հրեշտակապետը, ինչացո՞ւ է նա, եթե գոյություն ունի ընկեր Եսայանը, որը բարեխիղճ համառությամբ շաբաթը երկու անգամ դասարան էր մտնում ու չարագուշակ եռանդով կտրում էր մեզ առօրյա անհոգ իրականությունից: Այդ նա էր, որ ճոճելով իր անտեսանելի, բայց անագորույն սուրը, կարող էր մի թվանշանով վերջակետ դնել մեր գորշ գոյությանը: Երբեք չէր ժպտում, դատելով դեմքի մշտապես անթափանց արտահայտությունից նա “երկու“ նշանակելիս խղճի խայթ չէր զգում: Իսկ մենք… Մենք պարզապես ուզում էինք վայելել մեր անամպ մանկությունը առանց դիալոգների ու դիֆտոնգների, առանց Պրովանսի ու պրոնանսի: Թեև պնդել, թե ֆրանսիական ամեն բան խորթ էր մեզ, ճիշտ չէր լինի, քանի որ Դյումային, Ժյուլ Վերնին, Ժան Մարեին ու Բրիջիդ Բարդոյին մեծահոգաբար թույլատրում էինք մխրճվել մեր առօրյայի մեջ: Ու եթե դասարանում ինչ-որ մեկը կապիտան Նեմոյի կամ Ժակ Պագանելի մասին անգամ չէր լսել, բայց ընկեր Եսայանի կողմից “գերազանց” էր գնահատվում, մեզ պարզապես ողորմելի էր թվում նեանդրթալցու իր մտահորիզոնով:
Խոստովանեմ, որ ընկեր Եսայանը մեզ` թշվառներիս նախօրոք ապսպրել էր մի բան սովորել հանուն վերջին օրվա փրկության:
Առաջինը Ներսեսը հրավիրվեց “քավարան” ու կարկամեց հենց առաջին նախադասությունը արտաբերելիս: Արդարացավ նրանով, որ սովորել է երկխոսության Պիեռի տեքստը:
-Ոչինչ, Պիեռի խոսքերը կարտասանես, – շատ լավ կռահելով աշակերտի միամիտ խորամանկությունը, առաջարկեց ուսուցիչը և Լյուսիի անունից ինչ-որ բան հարցրեց:
Ներսեսը չհասկացավ անգամ, թե ինչի մասին պետք է խոսել, որովհետև նույն հաջողությամբ կարող էր լռել նաև “չիներեն”: Նա լուռ էր, ինչպես պարտիզանը գեստապոյի զնդանում` հերոսության համար կյանքում միշտ տեղ կա: Անգամ դա չօգնեց մեր դժբախտ ընկերոջը` նրա անվան դիմաց մատյանում հայտնվեց անհաղթահարելի “անբավարարը” և Ներսեսը սրտաճմլիկ հեզությամբ գրավեց իր տեղը, չհապաղելով հընթացս բշտել գերազանցիկ Աշոտին:
Հաջորդը ես էի: Հարկ էր արտասանել կենդանաբանական այգու մասին բանաստեղծությունը, բայց ամեն անգամ տողերին նայելիս զուգահեռներ էի անցկացնում մեր դասարանցիներ Ուղտի, Փղի, Ջայլամի ու վանդակներում հեծեծող իրական կենդանիների միջև: Որքան ճոխ էր լինում համեմատությունը, այնքան հեռանում էր ինձանից ֆրանսերեն բանաստեղծությունը և ես այդպես էլ չէի կարողացել անգիր անել այն: Երկար լռեցի, բայց երբ ճգնավորի տոկունությամբ ինձ զննող ընկեր Եսայանը նշան արեց, փորձեցի անէանալ իրականությունից և խորասուզվել պոետիկ էքստազի մեջ: Դասարանից ակնդետ ինձ էին նայում իրական փիղը, ջայլամը, ուղտը, իսկ թե ինչպես էին հնչում նրանց անունները ֆրանսերեն, ոչ մի կերպ չկարողացա հիշել: Ինչ-որ բաներ քրթմնջացի, սպասելով, թե բարեգութ մեկը կհուշի, սակայն միշտ զգոն ուսուցիչը սաստել էր բոլորին: Թերևս իմ ֆրանսերենը թաթար-մոնղոլական երգեցողության էր նմանվում, քանի որ ընկեր Եսայանը տհաճությունից ծամածռեց դեմքը: Ես տապալվեցի, թեև երբևէ Ներսեսի նման կոճգամներ չէի շարել ուսուցչի աթոռին, Սուրիկի նման, որն իր անբարիշտ վարքի համար “Հիտլեր” մականունն էր ստացել “ընկեր Եզոյանով” չէի դիմել հրեշտակապետին: Իսկ տապալման համար ես էի մեղավոր, որիշ ոչ ոք`օրինակ վա՞տ կլիներ տիրապետել ֆրանսերենին, որ կարողանայի Ժաննա դ’Արկի հետ մտովի զրուցել: Այդ քաջասիրտ աղջկա կերպարը դուրս չէր գալիս իմ մտքից ու մտածում էի, թե որքա՜ն ստոր պետք էր լինել նման հերոսուհուն անգլիացիներին հանձնելու համար:
– Լավ, ինչպե՞ս վարվեմ քեզ հետ, – տայգայում մոլորվածի հուսահատությամբ արտաբերեց ընկեր Եսայանը:
Ես արդեն համակերպվել էի կատարվածի հետ ու միևնույնն էր արդեն` գնդակն էր խոցելու, թէ՞ գիլյոտինն էր գլխատելու ինձ: Ու այդ ծանր պահին, երբ պարզապես քշվում էի հորձանուտով, հայացքս կանգ առավ ուսուցչիս ճակատին, ուր հանդիսավոր բազմած էր մի պատկառելի ճարպագունդ:Իհարկե, առաջին անգամ չէի տեսնում այն, ավելին` դա աշակերտներիս սիրված թեմաներից մեկն էր ու թե ինչու փոխանակ կուլ տալու լռելայն ծաղրը, չէր դիմում բժշկի ու ձերբազատվում այդ անհաճո “պոպոզից”, մեզ անհայտ էր: Այդ մասին ոչ այնքան նրբանկատ “Հիտլերն” անգամ չէր հանդգնում հարցնել “ընկեր Եզոյանին”: Ահա այս ճակատագրական պահին ինձ կրկին զբաղեցրեց ճարպագունդը: Մտորումներս ընդհատեցին ուսուցչի ձայնը: Դա մոլորյալ գառնուկին դեպի հոտը կանչող սիրառատ հովվի կանչն էր, նրա վերջին փորձը:
-Խոնարհիր “être”[1] բայը ”passé compose”[2]-ով:
Ա՜խ, այդ չարաբաստիկ “être” բայը իր բազմաթիվ տարբերակներով, որոնք բոլորովին նման չէին իրար: Ինչ ՞էր դա, ինչի՞ համար էր ստեղծված, ի՞նչ նպատակով էր պետք այն անգիր անել, ես չէի հասկանում: Միայն գիտեի, որ դա ընկեր Եսայանի զվարճանքի գագաթնակետն էր, նրա լեզվաբանական կտղուցքը: Ու ստիպելով մեզ սովորել խոնարհումները, տեղի-անտեղի ստուգել մեր իմացությունը, նա ամեն անգամ փորձում էր մեզ խոնարհել, խոնարհել, խոնարհել, մինչև ստորանանք, ընդունենք մեր անպիտանի ու փուչ լինելը` չէ՞ որ ինքը աղոթքի նման գիտեր բոլոր կանոնովոր ու անկանոն բայերը, նրանց բազմաթիվ, բազմաչարչար դրսևորումները: Գոնե բացատրեր մարդկային պարզ ու մատչելի լեզվով, թե ի՞նչ է նշանակում այս կամ այն սյունակում առանձնացված բառերը, հասկացներ իմաստը, կիրառական նշանակությունը: Ինչպե՜ս չէ… Նա պարզապես դիվային հաճույք էր զգում մեր անտաղանդությունից: Ու ստիպում էր անգիր անել` կարևոր չէր, հասկանում էինք, թե՞ ոչ: Ինձ թվում էր, թե նա անգամ հրճվում էր, որ չենք ընկալում ասածը: Հոգուս մեղք չանեմ` գուցե բացատրել էր, երբ ես բացակա եմ եղել, գուցե գերազանցիկները գիտեին այդ խորախորհուրդ առեղծվածը ու չարախնդում էին մեր անգիտության վրա: Գուցե մենք էինք այնքան բութ, որ հասու չէինք այդքան պարզ ու հասարակին: Ինչևէ, տուգանային գոտում գտնվողներիս թվում էր, թե այդ խոնարհումները ստեղծվել են պարզապես մեզ տանջելու, նվաստացնելու և նշանակված “անբավարարները” արդարացնելու նպատակով: Իսկ աննպատակ անգիր անելն ու դասը պատմելը ինձ անհարգելի ու անազնիվ բան էր թվում: Եթե չէի հասկանում իմաստը, դասը չէի սովորում: Բայց եթե չէի սովորում, արդարացի “անբավարար” էի վաստակում ու ոչ մեկը չէր հետաքրքրվում, թե ինչո՞ւ այդպես ստացվեց: Գերազանցիկները երբեմն ջրի նման արտասանում էին, բայց եթե հանկարծ ընդհատեին, տեղապտույտ էին տալիս, հետո լաց լինում հույժ ամոթալի “չորս” ստանալու համար: Նման իրավիճակ մեզ, իհարկե, չէր սպառնում և մեր ուղեղները պարզապես չէին ընկալում,թե ինչպես կարելի է արտասվել “չորս” ստանալու պատճառով:
Ինչևէ, ստիպված էի այդ խոնարհումները երբեմն ներկայացնել հանրության դատին ու այս անգամ էլ փորձեցի կատարել մի վերջին հույսով, որ ճահճից դուրս եմ գալու: Մի քանի բառից հետո մոռացա ասելիքս ու շվարած նայեցի դասարանին. “Ախր սովորել է՜ի…”
Ինչպես միշտ ճակատագրական պահերին, մի հարց ծագեց. “Տեսնես ընկեր Եսայանը ֆրանսիացի հեղինակներին բնագրո՞վ է կարդում:” Չեմ կարծում` ախր շատ հողեղեն էր նա, զուրկ ոգու թռիչքից ու թեմայից դուրս արտասանած միակ արտահայտությունը, որ պարբերաբար լսում էինք նրանից “Enfant terrible”[3]-ն էր:
Հոգեմաշ լռություն էր տիրում: Նահատակվում էի: Բայց պարզ ճակատով, զերծ ամոթալի խարանից: Համոզված էի, որ անգամ հակառակորդ բանակի մարտիկները սգալու են իմ կործանումը: Լուռ էր նաև ընկեր Եսայանը: Դա հղի էր վտանգով, քանի որ նա սովորաբար ճոխ մեկնաբանություններով էր համեմում իր վերաբերմունքը մեր նմանների նկատմամբ: Բայց արի ու տես, որ լռում էր` դրանից իմ տագնապն ու տառապանքը անտանելի էին դառնում: Փնթփնթալը և դժգոհելը սովորական էր` նա գերազանցիկներին անգամ երբեք չէր գովում: Պարզապես դժգոհ տեսքով ինչ-որ բան էր մրմնջում, “հինգ” նշանակում ու ասում:
-Assieds-toi[4]!
Ես տոկում էի` հերոսները կանգնած են մեռնում:
-Դու քո կոտրած ձեռքով նշանակիր քո գնահատականը, – անսպասելի էր ոչ միայն առաջարկը, այլ նաև ժպիտը: Այն երբևէ նրա ռազմավարական հնարքների մեջ տեղ չէր ունեցել:
Ես անշարժ էի:
-Ինչ թվանշան էլ նշանակես, կթողնեմ անփոփոխ: Խոսք եմ տալիս, – շարունակեց ընկեր Եսայանը, – իրավունք եմ տալիս ինքդ գնահատես քեզ: Ինչ կթելադրի խիղճդ…
Թերևս գիշերը չէր քնել ու լուսաբացից քիչ առաջ, երբ խավարը դեռ չէր նահանջել, այնուամենայնիվ հայտնագործել էր տանջանքի այս դիվային եղանակը: Ես ոչ միայն չէի հավատում նրան, այլև մտածում էի, թե ի՞նչ խութ է թաքնված այս ամենի տակ` ընկեր Եսայանը և նման առատաձեռնությո՞ւն: Անհնար էր:
-Մոտեցիր մատյանին ու նշանակիր քո թվանշանը, – պնդեց նա հաստատակամությամբ, – արագ շարժվիր, ժամանակ չկա:
Ավելի շուտ բնազդաբար, քան որոշելով անելիքս, մոտեցա սեղանին: Ընկեր Եսայանը դասասենյակի հանդիպակաց կողմից հայացքով ինձ դրդում էր հանցագործության: Գայթակղությունը մեծ էր` խոստացել էր, կարող եմ անգամ “հինգ” նշանակել ի հեճուկս նրան:
-“Չորս” նշանակիր, “չո՛րս”, – խեղդվելով անհամբերությունից, շշնջաց “Հիտլերը”:
Ինքնասպանի հուսաբեկությամբ վերցրեցի գրիչը ու անշարժացա: Մի անգամ էլ նայեցի ընկերներիս, որոնք հայացքով հիպնոսում էին ինձ: Ես ազգանվանս դիմաց ջանասիրաբար նկարեցի և՛ լողացող կարապ, և՛ խայթելու պատրաստ կոբրա հիշեցնող “երկու” թիվը: Ձեռքիս շարժումից բոլորը հասկացան, թե ինչ նիշով եմ գնահատել իմ գիտելիքները` սյուքի նման թեթև մի հոգոց թևածեց օդում: Հրեշտակապետը տեղից չշարժվեց մինչև դասի ավարտը: Դասարանը ափսոսանքով ընդունեց իմ մարտիրոսությունը, միայն “Հիտլերը” ցուցամատը բազմանշանակ պտտեց քունքի մոտ, երբ սահելով նրա կողքով գրավեցի իմ տեղը:
Վերջում խոսեց ընկեր Եսայանը: Ներսեսից ու ինձնից բացի Աշխենի տարեկան գնահատականը նույնպես “անբավարար” էր: Մյուսները հաղթահարեցին այդ արգելքը և թեթևացած շունչ քաշեցին: Ու հանկարծ մատնացույց արեց ինձ.
– Ազնվությանդ համար քեզ “երեք” եմ նշանակում: Բայց մյուս տարի պետք է սովորես` այլևս ոչինչ չի փրկի քեզ:
Գրքեր կարդում էի, կինոնկարներ դիտում էի, բայց միայն այժմ հասկացա, թե ինչ է նշանակում խեղդվողի համար մի ումպ օդը: Շրջապատս դարձավ երերուն դոնդող, ես այդ դոնդողի վրայով քայլում էի ու զարմանալի էր, որ չէի սայթաքում: Հասկացա, որ սիրում եմ բոլորին` ընկերներիս, գերազանցիկ Աշոտին, բախտակից Ներսեսին: Անգամ ընկեր Եսայանի միջնադարյան ինկվիզիտորի կերպարը ասես լուսավորվեց: Ուսերիս հասած հարվածներից ու շնորհավորանքներից հասկացա, որ ուսուցիչը դուրս է եկել դասասենյակից և մենք կարող ենք անկաշկանդ դրսևորել մեր զգացումները:
Մինչդեռ երկու հոգի դառնաղի հեկեկում էին`արդեն իսկ երկտարեցի Աշխենը և գերազանցիկ Գայանեն, որի տարեկան գնահատականը իջել էր “չորսի”: Ներսեսը անտարբեր էր` միևնույնն է, որոշել էր թողնել դպրոցը և համալրել հեգեմոն դասակարգի շարքերը: Ցանկացած առարկա նրա համար նույնն էր, ինչ ինձ համար բայերի խոնարհումը ու նա պարզապես գերադասում էր երբևէ չտառապել: Ես երկու առարկայից էի կաղում, ուստի ստիպված էի ստեպ-ստեպ անդրադառնալ հոգեմաշ այդ խոհերին: Բայց քանի որ լուսավորն ու հետաքրքիրը կյանքում ավելի շատ էին, տհաճ մտքերը նույնքան արագ էին նահանջում: Ճիշտ է, երբեմն ընդվզում էի ինքս իմ դեմ` չէ՞ որ մյուս առարկաները սովորում էի հաճույքով: Քիմիան այնքան էի սիրում, որ ի վերջո իմ պիրոտեխնիկական կրքերը դրսևորվեցին զգալի մի պայթյունով,որը բառիս բուն իմաստով ցնցեց ողջ դպրոցը:
Իսկ շարադրություն գրելը, պատմության ու աշխարհագրության զարտուղիներով շրջելը այնքան հեշտ էր, ինչպես ընկեր Եսայանի համար փարիզյան առոգանությամբ Գավրոշի մասին պատմելը:
Եթե միայն ֆրանսերեն լեզուն լիներ իմ վիշտը… Բայց կար նաև մաթեմատիկան:
Ընկեր Մանուչարյանը չէր սիրում աշակերտներին: Նա պարզապես զզվում էր իր մասնագիտությունից, պարտականություններից ու դասարան էր մտնում անբեկանելի համոզվածությամբ, որ մենք նրան մահու չափ ձանձրացրել ենք: Ուստի չոր ու ցամաք, անկիրք անտարբերությամբ լրացնում էր իր դասաժամը, հասցնելով մեկ-երկու անգամ բամփել մեզ այդ ընթացքում ու թողնում էր դասարանը առանց ցտեսության արժանացնելու մեզ: Նա ընկեր Եսայանի նման վերջին դատաստան չսարքեց, միայն հարցրեց “Հիտլերին”, թե ինչ անկյուն է գծված գրատախտակին: Պատասխան չստանալով արտիստիկ դանդաղկոտությամբ բռնեց նրա ականջից, դեմքը մոտեցրեց գրատախտակին ու ասաց.
– Կրկնիր` իմ ուղեղի նման անկյուն:
“Հիտլերը” կրկնեց:
-Եվ ի՞նչ անկյուն է դա, – հարցաքննությունը շարունակեց մաթեմատիկայի ուսուցիրը:
“Հիտլերը” չկռահեց ու մնաց նույն դասարանում ու երբ նստում էր իր տեղը, Մանուչարյանը շպրտեց ետևից.
-Բութ անկյուն, բո՛ւթ:
Հետո բարեհաճեց ինձ տեղեկացնել, որ վերաքննություն եմ ստանում մաթեմատիկայից: Դա նույնպես արդարացի էր, քանի որ չէի հասկանում, թե ինչի համար են այն բազմաթիվ թեորեմաներն ու հավասարումները, որոնք պետք էր ապացուցել, լուծել, բացատրել: Աքսիոմաները հասկանալի էին` ասվածը հարկ էր ընդունել առանց առարկության, այստեղ հարկ չկար գլուխ կոտրելու: Թեորեմաների կիրառական կողմը ինձ համար մութ էր մնում, իսկ եթե չես օգտագործելու այլ տեղ, բացի գրատախտակի մոտ մտքիդ փայլատակումները դրսևորելուց, միթե՞ ավելորդ և անիմաստ չէր դրանք սովորելը: Ցավոք, ընկեր Մանուչարյանը ոչ միայն այդ փայլուն գաղափարին հիացմունքով չէր վերաբերվում,այլև պնդում էր, որ եթե ծրագրում կա այդ դասը, հարկ է իմանալ այն: Ահա այդ անտագոնիստական տարաձայնության հետևանքով էր, որ վերաքննություն ստացա մաթեմատիկա առարկայից և առաջին անգամ տարին փակեցի անհաջող: Ասել թե բոլորովին չէի սովորում, ճիշտ չէր լինի: Ստուգողականների ժամանակ ազնվորեն փորձում էի լուծել հավասարումներն ու խնդիրները: Չէի արտագրում, ծածկաթերթիկ չէի օգտագործում երբեք: Պարզապես նայում էի մեր մյուս գերազանցիկի` Սեյրանի քթին: Եթե այն ծածկված էր լինում քրտինքի մանր կաթիլներով, ես հանգիստ խղճով գրիչս վայր էի դնում` եթե Սեյրանն անգամ դժվարանում է, ուրեմն դա իմ խելքի բանը չէ` անիմաստ է փորձել գրկել անընդգրկելին: Ընտանիքում լրջորեն անհանգստանում էին իմ անլրջությամբ,բայց ապարդյուն:Ու հայրս սպառելով համոզելու,ստիպելու, հորդորելու բոլոր հայտնի միջոցները, մի օր դիմեց ամենաազդեցիկ փաստարկին.
– Ուզում ես վիրաբույժ դառնալ:Եթե երկրաչափություն չգիտես, ինչպե՞ս ես իմանալու, թե քանի աստիճանի տակ պետք է կտրվածք անես…
Ճիշտն ասած,այդ մասին երբևէ չէի մտածել: Ակնհայտ էր, որ եթե երկու օր առաջ ֆրանսերենի դասին չկատարվեր հրաշքը, ես կդառնայի երկտարեցի:Եվս մի բան էր պարզ` կարդացած գրքերից ոչ միայն հաճույք պետք է ստանալ, այլև դասեր քաղել կյանքի համար, այլապես ընթերցանությունը կվերածվի “être” բայի խոնարհման կամ Պյութագորասի թեորեման ապացուցելու անշնորհակալ փորձերին: Իմ դեպքում հարկ էր ապավինել հայր Դյումայի իմաստությանը` “Սպասել և հուսալ”:
Տանը հայտարարեցին ընտանեկան խորհրդի որոշումը` քանի որ վերաքննություն ունեմ, հարկ է պարապել ամռանը: Այդ դամոկլեսյան թուրը վաղուց կախված էր իմ գլխավերևում, բայց հաջորդ հարվածը գոտկատեղից ցածր էր: Բանն այն էր, որ մեր ընտանեկան համեստ բյուջեն միշտ զսպում էր ամառային հանգստի ախորժալի հավակնությունները, ուստի մեկնել Լոռվա ձորերից անդին երազել անգամ չէինք կարող: Բայց արի ու տես, որ առաջին անգամ մեր ընտանիքը որոշել էր մեկնել ծովափ: Այն իրականություն դարձավ, բայց առանց ինձ` ծնողներս ու երկու կրտսեր եղբայրներս մեկնեցին Գագրա, իսկ ինձ որպես պատիժ ուղարկեցին Լոռի` տատիկիս ու պապիկիս մոտ:
Որքա՜ն մեծ էր հիասթափությունս ու դաժան էր թվում աշխարհը այդ օրերին: Ես զրկվել էի առաջին անգամ ծովը տեսնելու, հորիզոնում ալ առագաստներ փնտրելու, լող տալու ու արևկող անելու երանությունից: Երազանքներս անէացան, ինչպես միրաժը անապատում:
Ահավոր ծանր էր պարապել ամառանոցում, այն էլ երբ ընկերներդ ողջ օրը անհոգ վազվզում են, իսկ դու վերաքննություն ունես: Մանավանդ, երբ քո հարազատ պապը վաստակավոր ուսուցիչ է ու մաթեմատիկայի մասնագետ: Իրավիճակների ավելի անհաջող զուգամիտում դժվար է պատկերացնել անգամ երկրաչափական խնդիրներում: Երանելի անցյալում անգամ, երբ տարին փակում էի հաջողակ, պապս հանգիստ չէր տալիս ինձ, ստիպելով հիշել, որ աշխարհում խաղերից ու գեղարվեստական գրականությունից զատ գոյություն ունեն Էվկլիդես, քառակուսի արմատ, բուրգի ծավալ ու հանրահաշվական հավասարումներ: Ի՞նչ էր լինելու իմ վիճակը հիմա, երբ կրում էի վերաքննության փալանը իմ փխրուն ուսերին:
Տեղ հասնելուն պես այգում, հենց ծառի վրա,առանց քաղելու, մի խնձոր կծեցի ու համոզվելով, որ խակ է, վազեցի գրադարան: Իհարկե, մաթեմատիկայի դասագրքերը չէ, որ հետաքրքրում էին ինձ` այդ բարիքով լի էին պապիկի գրապահարանները: Տուն վերադարձա արդեն իսկ ըմբոշխնելով Մալոյի “Առանց ընտանիքին” կարդալու հաճույքը:
-Ի՞նչ գիրք է, – հարցրեց պապս:
Հպարտությամբ ցույց տվեցի, հանկարծ հիշելով ընկեր Եսայանին: “Հետաքրքիր է, նա կարդացել է այն ամբողջությամբ, – մտածեցի, – թե՞ միայն դասագրքում տպագրված հատվածին է ծանոթ”:
-Ուրեմն այսպես, – մի կողմ դնելով գիրքը, առաջարկեց պապս, – հիմա նստիր և կազմիր քո օրվա ռեժիմը, ուր տեղ կգտնեն առաջին հերթին մաթեմատիկայի պարապունքները: Նաև մի փոքր ժամանակ ընթերցանության, ավելի քիչ` խաղերի համար: Դու հասկանո՞ւմ ես քո վիճակի լրջությունը` անդունդի եզրին ես կանգնած:
-Հիմա արձակուրդներ են, – փնթփնթացի ես, – ի՞նչ օրվա ռեժիմ:
Բայց մանկավարժ պապս անկոտրում էր:Սահուն ու զգույշ, որպեսզի հանկարծ անդունդ չգլորվեմ, անցա նրա աշխատասենյակ, ուր սկսվելու էին, բայց վերջ չէին ունենալու իմ տառապանքները: Հակառակվելու մասին մտածելն անգամ անիմաստ էր` պապս խիստ էր ու հետևողական: Նա խրախուսում էր գիտելիքներ ձեռք բերելու ցանկացած միջոց, միայն թե իր հարուստ գրադարանից օգտվելն իսկ պետք է լիներ իր թույլատրությամբ, գիրք կարդալը իր ընտրությամբ: Դե իհարկե,նա չէր ենթադրում,որ ես արդեն կարդացել էի “ Մանոն Լեսկոն” նրանից գաղտնի: Երեկոյան ժամերին, երբ բոլորս հավաքված էինք լինում, հաճախ ներս էր մտնում պապս որևէ գիրք ձեռքին ու սկսվում էր պոեզիայի ժամը: Դա անհամեմատ հետաքրքիր էր,քան մաթեմատիկան:
Ես իհարկե, կազմեցի օրվա ռեժիմը սկսած աքլորականչից մինչև քուն մտնելը և ինձանից գոհ ներկայացրեցի, թեև բարի ու սիրասուն տատս փորձեց պաշտպանել իմ ոտնահարված իրավունքները
-Դե թող երեխան մի քիչ շունչ քաշի էլի¯…
-Ամբողջ տարին թոռդ լիաթոք շնչել է, թող հիմա մի փոքր նեղություն տա իրեն ու շունչը պահի, – անդրադարձեց պապս ու խորացավ իմ օրվա ռեժիմի մեջ:
Ու հանկարծ հոմերական քրքիջը ցնցեց սենյակի պատերը, տատ ու թոռ զարմացած նայում էինք նրան` ես հո գիտեմ, որ չունեմ հումորի այնքան զգացում, որ կարողանամ պապիս ծիծաղը հարուցել: Չէ՞ որ նա Շվեյկի մասին է կարդացել, Օստապ Բենդերի,Աբիսողոմ աղայի…Իսկ ես ընդամենը օրվա ռեժիմ էի կազմել: Ուրեմն ի՞նչն է պատճառը:
-Դու փորձիր գումարել ժամերը, – մի կերպ իրեն զսպելով բացականչեց պապս, – և քո ծիծաղն էլ կգա: Բաց թողնենք առավոտյան մարզանքն ու հարդարանքը: Պարապմունք` երեսուն րոպե, ֆուտբոլ խաղալ` երկու ժամ, ընթերցանություն` երեք ժամ, պարապմունք` քառասուն րոպե, ընդմիջում` երկու ժամ…
Եվ այդպես շարունակ: Ու երբ գումարվեցին բոլոր ժամերը, պարզվեց, որ օրը ոչ թե քսանչորս ժամ ունի, ներառյալ քունը, այլ երեսուներկու: Ընդ որում խաղերն ու ընթերցանությունը ընդմիջումների հետ միասին կազմում էին քսան ժամ:
-Հիմա հասկացա՞ր թե ինչու է անհրաժեշտ մաթեմատիկա իմանալը թեկուզ տարրական թվաբանության մակարդակով, – լրջացավ պապս, – մա°րշ աշխատասենյակ:
Ի վերջո ես ըմբռնեցի մաթեմատիկայի կիրառական նշանակությունը իմ անհոգ թվացող կյանքում: Այն իրոք անհոգ էր մինչև այդ պահը, չնայած միայն վերջերս էի հաղթահարել երկու փորձությունները դպրոցում: Հասկացա նաև, որ իմ կազմած օրվա ռեժիմը պապիս համար ոչ մի նշանակություն չուներ` նա իր սկզբունքներն ուներ ինձ նման անբարեհույս թոռան դաստիարակության հարցերում:
Սահեցին թե գլորվեցին ամռան ամիսները, դժվար է ասել` օրը սկսվում էր մաթեմատիկայի վարժություններով ու ավարտվում էր դրանցով: Շաբաթվա ընթացքում մեկ անգամ կինո, մեկ անգամ գրադարան, մեկ ժամ ֆուտբոլ խաղալ և վերջ: Սևագրությունները պարտավոր էի մաքրագրել, հետո ներկայացնել: Պապս համբերատար բացատրում էր դասերը, առաջադրանքներ տալիս, ստուգում կատարածս ու վա¯յ ինձ, եթե շեղվեի հունից: Ոչ մի նշանակություն չուներ, որ բաց լուսամուտից լսվում էին ընկերներիս աշխույժ ձայները, որոնք խաղում էին կամ բարձրաձայն վիճում ինչ-որ կարևոր հարցի շուրջ: Ես կղզու վրա էի ապրում և միայն մաթեմատիկան էր այն օդը, որով պետք էր գոյատևել: Դաժան ամառ էր…
Ամռան վերջում, երբ ձեռքս առա ծայրեծայր գրված տետրերի կապոցը, ինքս ինձանից պատկառեցի` ուսումնական տարվա ընթացքում բոլոր առարկաներից միասին այդքան բան թերևս չէի գրել: Սակայն չկա չարիք առանց բարիքի` մաթեմատիկան արդեն այնքան սարսափելի հրեշ չէր և պարզվեց, որ կարելի է այն հաղթահարել: Համենայն դեպս նախկինում կատարյալ մութ թվացող սենյակի թանձր վարագույրները փոքր-ինչ բարձրացան և ես կարողացա ինչ-որ բան ընկալել այդ տարածքում:
Մեր տանը հովեկներ էին ապրում, նրանց որդին իմ տարիքին էր: Նա ոչ մի հոգս ու պարտականություն չուներ, բացի լավ ուտելուց և խաղալուց, ուստի ինձ մնում էր երանությամբ հետևել նրա առօրյային ու ծանր հառաչել իմ չարաբախտ ճակատագրի համար:
Մերոնք վաղուց վերադարձել էին և արևայրուկից բրոնզագույն դարձած եղբայրներս զարմանահրաշ բաներ էին պատմում ծավափնյա հանգստի մասին: Օգոստոսի վերջին տասնօրյակն էր: Հովեկները վերադառնում էին, մենք նույնպես պատրաստվում էինք Երևան մեկնելու, քանի որ նշանակված էր վերաքննության օրը: Ու երբ հրաժեշտ էինք տալիս իրար, անհոգ ու երջանիկ այդ տղան մոտեցավ ինձ.
-Արի°, քեզ բան պետք է ասեմ:
Երբ առանձնացանք այգու նստարանին, նա ասես անհարմար զգալով նայեց աչքերիս.
-Երեկ պատահաբար իմացա` ծնողներս էին խոսում: Դու ոչ մի վերաքննություն չունես:
-Ինչպե՞ս թե, – ապշեցի:
Ֆուկոյի ճոճանակը կանգ առավ` իմ ներսում մի բան կտրվեց ու գահավիժեց:
-Չունես վերաքննություն, պարզապես ծնողներդ մաթեմատիկայի ուսուցչի հետ պայմանավորվել են այդպես ասել քեզ, որ ստիպված լինես պապիկիդ հետ պարապել…
-Որ անդունդ չգլորվեմ, – կարողացա արտաբերել ու գլուխս առա ափերիս մեջ:
Նա վախեցած ավելացրեց:
-Հանկարծ չիմանան, որ ես եմ քեզ պատմել: Մենք քիչ հետո մեկնելու ենք:
Երկար նստեցի այգու նստարանին: Ամենքը զբաղված էին իրենց գործերով ու անգամ չէին նկատում իմ բացակայությունը: Վիրավորանքը խեղդում էր ինձ, մտածում էի, թե ո՞վ է պատասխան տալու տառապալի ամիսների, հանիրավի կորսված ամռան ու դառը հիասթափության համար: Վերջապես որոշեցի, որ եթե մեծերը իրավունք ունեն գաղտնիքներ ունենալու, ես նույնպես կարող եմ օգտվել այդ արտոնությունից: Ոչ ոք չիմացավ, որ գիտեմ իրականությունը,միայն թե դարձել էի կենդանի ուրվական`անխոս էի,անտարբեր ու վհատ: Երևան վերադառնալով դպրոց ներկայացա տետրերի հաստ կապոցը ձեռքիս: Միայն մի վայրենի ցանկություն ունեի` պատասխանել ընկեր Մանուչարյանի հարցերին, լուծել բոլոր վարժությունները և դուռը աղմուկով շրխկացնելով դուրս գալ դասարանից: Ավա¯ղ… Նա տետրերիս վրա հայացք անգամ չձգեց, չտվեց և ոչ մի հարց, միայն համոզված տոնով հիշեցրեց, որ միևնույնն է, ինձանից մարդ դուրս չի գա, թեև իր ողորմածությամբ փոխադրվում եմ հաջորդ դասարան:
Գաղտնիքս ես այդպես էլ պահեցի: Հասունանալուց հետո միայն ընկալեցի բաներ, որ չէի հասկացել մանկական տարիքում: Կյանքը ստիպեց ծանոթանալ մաթեմատիկայի օգտակար կողմերին` հաշվել գլանի ծավալը, եռանկյան մակերեսը կամ ծաղկամարգ ձևավորելիս շեղանկյունը այնպես գծել, որ հանդիպակած կողմերը զուգահեռ լինեն իրար:
Պարզապես հաճույքի համար փորձեցի և եռանկյունաչափական ֆունկցիանների միջոցով ապացուցեցի, որ մեկը հավասար է մեկի:
Անցան տարիներ, դառը հիշողությունները մոռացվեցին ու նոր հոգսեր ծնվեցին, որոնք օրեցօր հարկ էր հաղթահարել: Երանությամբ էին հիշվում դպրոցական օրերը, երբ աշակերտի համար ամենամեծ դժբախտությունը ծնող կանչելն էր թվում:
Ես ուսանող էի արդեն, ամուսնացել էի: Երկրորդ բալիկս ծնվեց ու սիրահարված աչքերով էի նայում աշխարհին, երջանիկ ու եթերային էի, քանի որ այդ օրը ծննդատնից դուրս էին գրելու իմ նորածին դստրիկին: Ու հանկարծ ավտոբուսի մեջ տեսա ընկեր Մանուչարյանին: Նա նստած էր մեր աշխարհագրության ուսուցչի կողքին և հանգիստ զրուցում էր: Երկար նայեցի նրանց` դպրոցն ավարտելուց հետո առիթ չէի ունեցել հանդիպելու: Չկար չարություն, ափսոսանք, ահա առաջին անգամ ես անկախ էի նրանից ու նա չուներ ոչ մի զորություն իր նախկին աշակերտի վրա: Ոչինչ չկար, բացի համատարած սիրուց` ես բալիկ էի ունեցել և շուտով գրկելու էի նրան:
Մոտեցա ուսուցիչներիս, երկու տոմս մեկնեցի նրանց: Նայեցին ինձ, չճանաչեցին: Ես ժպտում էի, աչքերս ժպտում էին, շուրթերս ժպտում էին, հոգիս ժպտում էր` ներկայացա: Հիշեցին, հարցրեցին ի՞նչ եմ անում, ինչպե՞ս են գործերս:
-Ուսանող եմ, բժշկականում եմ սովորում, – ասացի:
Հետո կատարվեց ճիշտ այնպես, ինչպես Վարդանիկի և ընկեր Մարգոյի անեկդոտում: Տեսնելով ծուռ ժպիտը, մի պահ լռեցի,հետո ամբարտակը պատռվեց.
-Ընկեր Մանուչարյան, դուք միշտ ասում էիք, որ ինձանից մարդ դուրս չի գա: Ես արդեն երկու բալիկ ունեմ ու այսօր փոքրիկիս տուն եմ տանելու ծննդատնից:
15-16 հունիսի 2011թ.
ք. Երևան
[1] Լինել
[2] Անցյալ կատարյալ ժամանակ
[3] Անտանելի երեխա
[4] Նստի՛ր