Մհեր Արշակյան | Վերջին անգամ սիրո մասին

«Վերջին անգամ սիրո մասին» շարքից

* * *
Ես բոլոր էջերից հավաքել եմ բառերը,
որոնք քո մասին չեն:

Նրանք արդեն ու միայն իմ մասին են:
Քաղաքից հավաքել եմ բոլոր փողոցները,
որտեղ այլևս չեմ սիրում քեզ…

Քաղաքի ամեն կտորը ցավում է
իմ չսիրո հետևողականությունից,
որը քո գալու թրթիռներն ունի
մյուսների մեջ:

Հիմա ես կգնամ հավաքելու
հավատը,
որի տեղը չգիտեմ, քանզի
ամեն սիրո արանքում բացակա է
մի Աստված…

Ես գիտեմ,
որ ինչ-որ պահից չսիրել հնարավոր է
միայն սիրո մեջ:

Եվ քո բացակայությունն
ընդամենը քո հեռավորությունն է այս աշխարհից:

Ես գիտեմ,
որ անդառնալին այժմ և միշտ
շռայլում է իրեն որտեղ ասես…

Հիմա այս աշխարհում
եկեղեցիներն անգամ Աստծուն
դավաճանելու մասին են, զի
նրանց կողքով ուրիշ մի սեր է
անցել…

Բոլորը փնտրում են նրան,
որը մի քիչ ուրիշ կդարձնի
այս աշխարհը:

Իսկ ես` նրան, որն այս աշխարհից չէ…

 

«Սևագրություն» շարքից
* * *
Քանի՜ բանաստեղծություն
խցանվեց մատներիս մեջ,
երբ դու եկար…

Անհնար էր նայել քո աչքերի մեջ
առանց կողմնակի երևակայության…

Անհնար էր հիշել,
թե ինչ գույն ուներ ձյունը:

Անհնար էր գտնել միակ բառը
առանց ավելորդ բառերի…

Անհնար էր քեզ հետ լինել ըստ մտահղացման,
երբ կար միայն սերը:

Քեզնից հետո
այս ինչքան բանաստեղծություն
իրար հերթ չի տալիս
մեկ տողի մեջ…

Մհեր Արշակյան

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *