Աշխարհի ցանկացած եզերքում մի բան որ լինում է, հենց այնպես չի լինում։ Չկա ծուխ առանց կրակի։ Այս դեպքում կրակը կար, ծուխը չէր նշմարվում։ Հիմա, երբ շատ ջրեր են հոսել ու ամեն-ինչ անցել գնացել է, կարող եմ հանգիստ խոստովանել, նույնիսկ մեղքերի թողություն հայցել, մանավանդ որ հենց այդ կրակի պատճառով էլ կամա թե ակամա մկրտվեցի ու արտաբերեցի երանելի բառերը՝ հույս, հավատ, սեր։ Կարող եմ պատմել, թե հեռավոր մի օր ոնց ընկերներով պատմության լուսանցքից համարյա ներս մտանք, ու քիչ էր մնում մեր թեթև ձեռամբ Սովետը փլվեր։ Բայց ամենակարևորը, ուզում եմ անպայման պատմել, թե ոնց ես ու հայրս մի անմոռանալի ցուրտ գիշեր երկար ու անհոգ թափառեցինք մեր քաղաքի փողոցներով, զրուցեցինք աշխարհի անցուդարձից, մինչ մայրս օրվա հոգսից հոգնած մուշ-մուշ քնած էր տանը, իսկ դրսում շռնդալից դղրդում էր աշխարհի ամենամեծ հրավառությունը։
Թե չէ հիմա, որ ամեն մեկն ափեղ-ցփեղ սալյուտ է խփում, եփած հավի ծիծաղը գալիս է։ Տո ինչներիդ վրա եք հրճվում, իբր պատերազմը հաղթել, ծովից ծով հայրենիքը մերօրյա իրականություն դարձրել, դրախտում տեղն ապահովագրել, հրեշտակները թևերով հով են անում, մնում է սալյուտ խփեք։ Իբր ձեր ծնունդն ու հատկապես կնունքը, էլ չասած սրբազան պսակադրության մասին, այնպիսի մի նշանակալի իրադարձություն է, որ եթե ոչ համայն մարդկությունը, գոնե մոտակա թաղերի բարեպաշտ բնակիչները պիտի ըմբոշխնեն ավետաբեր լուրը, քանի դեռ մեռոնաջուրը ճակատին չի չորացել։ Սրտառուչ կլկլոցն ու հոգեպարար մուղամն առանց սալյուտ ինչ, ոնց որ արաղն առանց զակուսկի, ի վերջո, հո փողոցից չենք գտել ձեզ։ Չինացիները ժամակին որ վառոդը հնարել են, պարզապես մոռացել են զգուշացնել, որ այն հորթային խրախճանքի համար չի մտածված, այլ թշնամուն սպանելու։ Մի խոսքով, չշեղվեմ իմ հիմնական ասելիքից, գրական հայերենով ասած` դուք հլը ու՞ր էիք, երևի մայկա-բուլավկա էիք հագնում, աթոռի տակից վազելով անցնում, երբ մեր բակի Մանուկը, որ այդ տարի մի տարի ուշացումով դպրոցն էր ավարտում, եկավ ու ասաց․
– Աշխարհի ամենամեծ սալյուտն ենք խփելու,- Սովետի երրորդ զինապահեստը պիտի պայթեցնենք։
– Այ քեզ բան,-,զարմացանք մենք, որ մի երկու տարի փոքր էինք Մանուկից,- էդ ինչի որ, այ ախպեր։
– Որ ավելի շուտ փլվի,-,բացատրեց Մանուկը,- համ էլ հաջորդ շաբաթ բանակ են տանում, բա չնշե՞նք կարգին։
– Ասա բանակի քեֆի սալյուտ ես ուզում,-,քմծիծաղ տվեց տղերքից մեկը, արդեն չեմ հիշում թե ով։
Հանուն արդարության ասեմ, որ Մանուկի ասածները միշտ չէ, որ իրականանում էին, թեև կայսրության փլվելու մասով արած կանխագուշակման շրխկան ձայնը շուտով լսելու էինք։ Վերջին անգամ իր սարքած ինքնաշեն ատրճանակը թաղի ամենաթափառական ու ամենակծան շան՝ Փուրթուլի վրա փորձարկելուց հետո հասկացանք, որ Մանուկը մեկ-մեկ էլ վրիպում է։ Երբ վիրավոր շան աղեկտուր ու գնալով խլացող կլանչոցը սղոցեց մեր թմբկաթաղանթը, իսկ գիշերը խղճի խայթից շուռումուռ գալով լուսացրինք ու համարյա լաց եղանք, դեռ գլխի չէինք գլխներիս գալիքը։ Բանն այն է, որ լուսադեմին իր ամբողջ հմայքով վեր հառնեց Փուրթուլը, որ կուրծքն առաջ գցած հպարտ-հպարտ անցավ բակով՝ մեզ թեթևացած շունչ քաշելու բերկրանք պարգևելով։ Կրակոցը մի տեսակ հաղթածի վեհություն էր հաղորդել շան կեցվածքին, իբր՝ դուք շատ փոքր եք, որ ինձ վերացնեք, էն էլ ո՞նց՝ մի ստից կրակոցով, միամիտներ, սկի Զուլո գամփռը, որ հիմա հողի տակ փտում է, ժանիքները ջարդեց իզուր։
Հաջորդ հատուկ գործողությունը ինքնաշեն մի ռումբով երկաթգծի պայթեցումն էր, որ կկանխեր սովետական գնացքի անխափան երթը, գնացք, որն իբր զենք էր տեղափոխում հավանական թշնամու համար։ Թե ինչու էր այդպես որոշել, ոչ ոք չգիտեր։ Մանուկը որ ասում էր, ուրեմն մի բան գիտեր, այլապես նույն դասարանում չէր մնա։ Երևի գլխի ընկաք, որ պայթեցումից հետո գնացքը ոնց մինչ այդ գնում էր, նույն ձևով էլ մեր տարակուսած հայացքների ներքո անցավ-գնաց, միատարր չքչքոցի հետ մի արհամարհական սուլոց արձակելով շչակից։
Ու որպեսզի հանկարծ չմտածեք թե Մանուկը միայն զինագործական փորացավով էր տառապում, ասեմ, որ հիպնոսի ու բժշկության խառնուրդ փորձեր էլ էր անում՝ քսան անգամ խոր շունչ քաշելու ու կրծքավանդակը սեղմելու միջոցով քնեցնելով սուր զգացողությունների սիրահարներին։ Բարեբախտաբար փորձերը անհաջողության էին մատնվում, բացառությամբ էն զվարճասերների դեպքում, որոնք սուտքուն էին մտնում, պարզ չէ՝ Մանուկին չնեղացնելու համար, թե զուտ դերասանական հակումներից ներշնչված։ Այդպես ուղտի ականջում քնած էլ մնալու էինք, եթե այդ պատմական օրը Մանուկը չգար ու ասեր․
– Ամեն ինչ հաշվարկել եմ, վառոդը, պայթուցիկի հեռահար բռնկման ժամացույցը, քուղի երկարությունն ու այրվելու արագությունը, քարտեզն ու մնացած բաները, գնացինք։ Եթե բռնվենք՝ իրար չենք ճանաչում։
Աշխարհի ցանկացած անկյունում մի բան որ լինում է, հենց այնպես չի լինում։ Էլ ուր մնաց ամենամեծ ռազմական կայսրության երրորդ զինապահեստի պայթյունը։ Պատից կախված հրացանն էլ է երբեմն կրակում։ Հրավառություն է, դժբախտ պատահար թե զորավարժություն, թող ամեն մեկն իր համար որոշի։
– Էս ինչ կարևոր մարդ ա պսակվել,- մի տեսեք ինչ սալյուտ են բռնել,- ենթադրեց բակում հավաքված մարդկացից մեկը։
– Տո չէ, երևի զորավարժություն են անում,- հանդիմանեց մյուսը։
– Ինչ հրավառություն, ինչ զորավարժություն, էս դժբախտ պատահարի ա նման, գործից բան չեք հասկանում, ոնց ա երևում, որ բանակում չեք ծառայել,- եզրակացրեց երրորդը։
Վեճը թող շարունակվի, ես էլ մեր արածից սարսափահար, հուզմունքս ատամի տակ խեղդած մտնեմ տուն։
– Սովետի երրորդ ամենամեծ զինապահեստն են պայթեցրել, մեր տնից տասը կիլոմետրի վրա, հենց նոր էվակուացիա հայտարարեցին, քաղաքի հյուսիսային շրջաններից, հագնվեք, գնում ենք,- հրահանգեց հայրս։
– Ես չեմ գալիս, մինուճարիդ առ, գնացեք,- հանդիմանեց մայրս։
– Ես առանց քեզ չեմ գնա,- իբր ըմբոստացա ես։
– Կգնաս,- հանգստացրեց մայրս ու համբուրեց այտս։
Եվ այսպես, աշխարհի ամենամեծ հրավառությունն արհամարհած, պայթյունների ներդաշնակ դղրդոցի տակ մուշ-մուշ քնած մայրիկին մենակ թողած, ես ու հայրս ոտքով ճամփա ենք ընկնում, չգիտես թե ուր։ Իբր մեր դարդը քիչ էր` շենքի անկյունում մի քանի մետր հետ ընկած մեզ է միանում Փուրթուլը։
– Ինչքան հիմար մարդ կա էս աշխարհում,- ասում է հայրս,-նման մեկը երևի ծխախոտն է անզգուշաբար գցել պայթուցիկների մեջ, հեռուստացույցով հայտնեցին, որ հարյուր հիսուն հազար արկ ու հրթիռ պիտի պայթի քսանչորս ժամվա մեջ։
– Տո չէ, մեր բակի Մանուկն ասում էր զինապահեստից ահագին զենք են ծախել ու հանցանքը կոծկելու համար կազմակերպել այդ հրդեհը,- համարյա արդարանում եմ ես։
Հետևից լսվում է Փուրթուլի գռմռոցը, որն ավելի է մոտենում։ Էս շները շան հոտառություն ունեն՝ հենց այնպես անցնում է մտքովս։ Գող՝ սիրտը դող, բա ինչի հոտառություն պետք է ունենան, մտքում ժպտում եմ։
– Շուտով կսկսվի, ինչքան մեզ պետք կգար,- ասում է հայրս,- էս շունն ինչ կպավ մեզ։
– Ի՞նչը,- իբր չեմ հասկանում ես,- մամային իզուր թողեցինք, տղամարդու անելու բան չէր։
– Մի վախեցիր, փամփուշտը մամաներին չի կպնում, նրանք հրեշտակային հովանու տակ են,- ծիծաղում է հայրս,- մեկ էլ երբ ենք միասին քայլելու՝ հեր ու տղա։
– Ես երևի հետ դառնամ,- մտմտում եմ ես։
– Մամայի բալիկ, վազի, վազի տուն,- խնդմնդում է հայրս։
– Լավ, երևի մինչև առավոտ կդադարեն պայթյունները,-մտքափոխ եմ լինում ես։
– Շուտով ամեն ինչ կսկսվի,- ասում է հայրս,- նախավարժանք է, իսկ դավաճանները վխտում են, փոխանակ զենքը փայփայեն վաղվա համար, պայթեցնում են, որ զվարճանան։
– Մեր բակի Մանուկն էլ էր նման մի բան ասում,- քիչ է մնում Մանուկին մատնեմ ես, հազիվ եմ ինձ զսպում։
Հետևից լսվում է Փուրթուլի գռմռոցը, ավելի է մոտեցել, համարյա ներբաններիս է քսվում։ Տեսենես մեջքը քերծած անհաջող կրակոցի համար է կպել-գալիս, թե զինապահեստի պայթյունի՝ մտորում եմ ես։
– Երևի ճիշտ ես, մամային իզուր թողեցինք,- չգիտես ինչու ասում է հայրս,- երևի դրա համար է էս շունը գռմռում, մի վատ բան արել ենք։
– Ու՞ր ենք գնում,- հարցնում եմ ես՝ մտածելով, որ կասի թե ինչպես է շուտով Սովետը փլվելու, ու մենք կանգնելու ենք փաստի առաջ, ինչպես վերջերս հաճախ կանխատեսում էր։
– Սաթիկ մորաքույրենց տուն, ոտքերս ինքնաբերաբար այնտեղ են տանում,-պատասխանում է հայրս։
Հիշում եմ, որ գյուղի ազգուտակում ինչքան մարդ կար, Սաթիկ մորաքույրենց տուն էին գալիս, որ բախտ կամ դժբախտություն էր ունեցել բնակվելու ավտոկայանի ամենամոտ տանը։
– Գուցե հետ դառնանք մամայի մոտ,- մի վերջին անգամ տարակուսում եմ ես,- ոտքերս սառել-փայտացել են, ոչ մի բան չեմ զգում, երևի կոշիկներս ջուր են քաշում։
– Կարևորը գլուխդ ջուր չքաշի,- ուսիս է թփթփացնում հայրս,-մնացածը անցողիկ է։
Ես ու հայրս շատ բաների մասին ենք խոսում, միջուկային սպառնալիքի ու գրաքննության, վրեժի ու այլախոհության, անձի պաշտամունքի ու ազատության։ Հայրս ասում է, որ շուտով կսկսվի, իսկ երբ փորձում եմ հակաճառել՝ հետևից ուժգնանում է Փուրթուլի գռմռոցը։
Երբ հասնում ենք Սաթիկ մորաքույրենց տան մոտ, Փուրթուլը քշտում է լինդերը ու սաստիկ հաչոցը գցում գլուխը, արդեն կորցնելու բան չունի։ Քիչ է մնում շալվարիս փողքը բռնի՝ մի կերպ մեզ գցում ենք շենքի մուտքից ներս ու դուռը շխկացնում Փուրթուլի դնչին։
Սաթիկ մորաքույրենց տանը հավաքվել են ազգուտակի այն մարդիկ, որ հիմնականում քաղաքի հյուսիսային թաղերում են ապրում, նրանց ոտքերն էլ է ինքնաբերաբար այստեղ բերել։ Սառած-փայտացած ոտքերս տաք ջրի մեջ, ուղեղս ընդարմացած լսում եմ, թե ինչ պատուհաս է պատել մեր ազգին։ Մեկն առաջարկում է հետաքննություն սկսել՝ բացահայտելու համար այդ դավաճանին ու շան նման սատկացնել, մյուսն ասում է, որ հրապարակային կախաղանն էլ քիչ է։ Փակում եմ աչքերս ու մտածում, թե կախաղանի պարանի հանգույցն է ավելի անդուր, թե տաք փամփուշտի շամփրոցը սրտում։ Հետո պատկերացնում եմ, թե գազազած շների ոհմակն է հարձակվում վրաս Փուրթուլի գլխավորությամբ, ես էլ փորձում եմ բարձրանալ ծառը։ Հետո գոռում եմ, որ երևի դժբախտ պատահար է, պետք չէ ոգևորվել, ոչ մի բան էլ չի սկսվելու, ոչ մի գրողի տարած կայսրություն էլ չի փլուզվելու։ Համ կոկորդիս հանգույցն է ավելի խեղդում, համ սիրտս է վառվում, ոնց որ թեժ վառարանի մեջ լինեմ։ Քանի ինձ մի բան չի եղել, ուզում եմ կարևոր բան ասել։ Ոռնում եմ, որ պայթյունը ես եմ սարքել, Մանուկը կապ չունի, ինքն ընդամենը ուզում էր աշխարհի ամենամեծ հրավառությունը տեսնել։
– Երեխան զառանցում է, տենդի մեջ վառվում է,- ասում է ձեռքը ճակատիս դրած Սաթիկ մորաքույրը,- սառը ջուր բերեք ու մի մեծ սրբիչ։
Ինձ փաթաթում են սառը սրբիչի մեջ։ Հետո մեկն ասում է, որ լույսն արդեն բացվում է ու ինձ անհապաղ պետք է մկրտել, հենց կողքի Սուրբ Սարգիս եկեղեցում։
Դրսում հրավառություն է, աշխարհի ամենամեծ հրավառությունը, որ ազդարարում է չարիքի կայսրության փլուզումը։ Կարող ես կկոցել աչքերդ ու պատկերացնել, թե ինչեր են դեռ մեզ սպասվում։ Մի բան պարզ է, երևի այլևս երբեք ես ու հայրս այդքան երկար ճանապարհ չգնանք ոտքով մի ցուրտ ու անմոռանալի գիշեր ու խոսենք աշխարհի անցուդարձից։ Ոչ էլ մայրս առօրյա հոգսից հոգնած մուշ-մուշ կքնի քաղաքի հյուսիսային մասում գտնվող մեր տանը։ Եթե գնանք էլ, ոչ մի Փուրթուլ էլ մեր հետևից չի գռմռա` մատնելով, թե մի վատ բան ենք արել։ Սա երևի կլինի վերջին մեծ հրավառությունը կայսրության վախճանից առաջ, Մանուկի բանակի քեֆը, թե կուզեք։
Հույս, հավատ, սեր և մկրտություն։ Երբ Սուրբ Սարգիս Եկեղեցու քահանան մեռոնով ցայում է երեսս, բարձրացնում եմ գլուխս, մայրս ժպտում է ու ասում, որ այս անգամ էլ փրկվեցի։ Հետո ասում է, որ հանգիստ լինեմ, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել արկերի և հրթիռների պայթյունից, միայն մի գառ է թեթև վիրավորվել, այն էլ տեղում մորթել ու մատաղ են արել։
– Ընդունելի լինի,- թեթևացած ասում եմ ես ու բռնում մորս ձեռքը։