Մհեր Արշակյան | Վերջին խոսք տեղում

Լուսանկարը՝ Լուսի Սարգսյանի

Ու հերթը ինձ հասավ ասելու…

…Որ մայրս արդեն չկար, երբ ես ծնվեցի.
մնացածը՝ ըստ այդմ:

Ու ձյուն եկավ մամայի փոխարեն,
ու ես սիրեցի ձյունը,
ինչպես չխմած կաթն են սիրում:

Ու հերթը ինձ հասավ ասելու…

…Որ այդ օրից Ձյունը ծաղկում է իմ սրտում,
երբ մարտի մեջ է խցկվում գարունը,
երբ հունիսի մեջ է խցկվում ամառը,
երբ սեպտեմբերի մեջ է խցկվում աշունը…

Չժպտաց ինձ կյանքը, մայր, և չուղեկցեց
դեպի սերը առաջին պատահածի:

Հենց սկզբից գլուխս առա ափերիս մեջ
ու հավատացի բոլոր հեքիաթներին.
ուրիշները
ապրելիս դա նկատի են ունենում:

Իմ հերթն է, ուրիշը չի ասի…

…Որ մարդը քամուց տարբերվում է լկստվելով,
ու ես քամի եմ, սիրելիս, քամի,
այսօր ինձ չսպասես:

Ու ես բանաստեղծություն գրեցի,
որպես,-ասելու բան չէ,-մարդ լինելու
ջանք:

Եվ պատահեց այնպես…

…Որ ես սիրեցի Աստվածաշունչ կերածի դեմքով
մի աղջկա,
որն արդեն ասել էր իր խոսքը սովածներին:

Հետո նա թթվեց իմ մեջ,
ինչպես միրգը, որից թորում են օղին:

Ու պատահեց մնացածը…

Քաղաքական առոգանությամբ ես լռեցի
բոլոր կարևոր բաների մասին:

Հավաքեցի կամուրջների վերևն ու ներքևը:

Ես սովորեցի «Համլետը» կարդալ միայն
Շեքսպիրի բացակայությամբ:

Ուրիշ ոչ մի բացակայություն այդ օրից
չիմացա:

Եվ այդ օրից ես հաճույքով եմ պատմում
այն ամենը,
ինչն ինձ հետ չի կատարվել:

Ու հաշտ եղա…

…Որ ապրել կարող ես ամեն օր՝
այդպես էլ կյանքի մեջ չմտնելով,
որովհետև նույն դուռը չունեն:

…Որ յուրաքանչյուր տղամարդ
գոնե մի ղզիկոտ ստիխ պիտի գրի,
եթե գոնե մի օր եղել է երջանիկ:

…Որ վարքի շեղումներով կահավորվում է
մահվան վերնահատակը:

…Որ ամբողջ ապագան
հեռացող երկինք է՝
մեռնելու տեղից չպակասելով:

…Մայր, տեսնու՞մ ես ինչեր են կատարվում
ու ի՜նչ լավ է, որ չկաս…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *