Ելենա Շիրման | Վերջին նամակ

 

(1908-1942թթ.)

Ծնվ. 1908թ. Դոնի Ռոստովում, հայրը ծովագնաց էր, մայրը՝ ուսուցչուհի: Ստացել է բանասիրական կրթություն, աշխատել գրադարանում, զբաղվել բանահավաքչությամբ: Խմբագրել է մի շարք թերթեր, մանկական ստեղծագործական խմբակ վարել: Համաշխարհային պատերազմի սկսելուն պես հրապարակել է մի շարք սատիրայական բանաստեղծություններ իր խմբագրած քարոզչական թերթում: 1942թ. ծեր ծնողների հետ ստիպում են հեռանալ մոտակա գյուղերից մեկը, ուր գերի են ընկնում գերմանացիներին: Նրա աչքի առաջ սպանում են ծնողներին, ստիպում գերեզման փորել ձեռքերով, իսկ հաջորդ օր ստիպում են փորել նաև սեփական գերեզմանը:
Ելենան վաղ տարիքում փախչում է տնից՝ որպես բողոքի ակցիա մանր բուրժուական կենցաղավարությանը: Ամուսնանում է առաջին պատահածի հետ, արագորեն բաժանվում: Երկրորդ ամուսնությունը ևս ավարտվում է բաժանությամբ, իսկ երկրպագուները քիչ չէին, իսկ նրանցից անհետաքրքիր մեկն էլ՝ ոմն Իվան, քայլ-քայլ հետապնդում է Ելենային: Ելենան հարցը որոշում է լուծել յուրովի. սափրում է գլուխը: Քույրը պատմում է, որ մի կարճ շրջան երկրպագուները հանգիստ են թողնում, մի մասն էլ չքվում են պարզապես: Ամենատարօրինակ սերը վերջինն էր. տղան զինվորագրվում է, իսկ հանդիպել էին նրանք ընդամենը մի երկու անգամ: Մտերիմները պնդում են, որ Ելենան ինքն էլ զարմացած էր իր սիրո համար, իսկ ամեն ինչ սկսվել էր այսպես. Ելենան գրական խորհրդատուն էր «Լենինի թոռնիկներ» պիոներական թերթի և պատահաբար հայտնաբերում է Վալերիյ Մարչիխինի բանաստեղծությունները, որ բնութագրում է «բացառիկ»: Վալերին 15 տարեկան էր, Ելենան՝ 29: Հանդիպումները զուսպ էին, իսկ պոլտավյան հանդիպումը, ուր, ինչպես ենթադրում է Ելենայի քույրը, Վալերին գուշակել էր գլխին եկածը՝ հասուն կնոջ սերը, և ավելի սառն էր, բացի այդ նա զինվորագրվում էր: Նամակագրությունը տևում է վեց տարի, 1942թ. սկսած Վալերին այլևս նամակներ չի գրում: Նա զոհվել էր:

 

Վերջին նամակը

Այս տողերը երևի վերջինն են,
Մարդն իրավունք ունի մահից առաջ խոսելու,
Եվ ուստի խիղճս չի տանջում:
Ես փորձեցի անընդհատ քաջ լինել,
լինել արժանի բարեհոգությանը քո
կամ գոնե որ ինձ լավով դու հիշես:

Բայց մի տեսակ չի ստացվել ինձ մոտ,
և օրեցօր ավելի վատ է ստացվում,
իսկ հիմա երևի էլ երբեք…
և նամակներն իրար գրած՝ մի կյանք տևողությամբ,
և հանդիպումները մեր՝ ցամաք ու խեղճ,
անիմաստ ու ցավոտ փորձեր էին՝
մի ցատկով շրջանցելու օրենքները տարածության ու ժամանակի,
ու դու ինձնից շուտ գլխի ընկար
և ուստի քո նամակները պոլտավյան հանդիպումից հետո
դարձան հստակ ու զուսպ՝ սեղմ զեկույցի նման,
հետաքրքրասեր՝ մրցույթի հարցերի պես
և անտարբեր, ինչպես քաղաքավարությունը տրամվայում:
Դրանք ընդհանրապես քո նամակները չեն: Դու գրում ես՝ քեզ մի կերպ ստիպելով,
ու գրածներդ էլ ինձ չեն ուրախացնում,
այլ ճնշում են, ինչպես մուրճը՝ մեխի գլխին:
Եվ անքնությունը խլացնում է երկրաշարժի պես:
…Դու ինձնից պահանջում ես խոհեմություն,
բանաստեղծություններ՝ սոցիալական կարևորության, ու նաև ուրախ
նամակներ,
Բայց չեմ կարող, չի ստացվում…
(Ահա գրում եմ այս տողերն ու տեսնում,
Թե ինչպես են շուրթերդ բարի հագնում հակաժպիտը չար
ու սիրտս կանգնում է նախապես):
Բայց ես միայն այն եմ, ինչ եմ, ոչ ավելի, ոչ պակաս.
հոգնած ու միայնակ մի կին՝ մոտ երեսուն տարեկան,
անխնամ մազերով, մի թեթև սպիտակած,
քայլվածքն ու հայացքը՝ ծանր,
այտոսկրերը լայն են, մաշկը՝ քամահար,
ձայնը՝ զիլ, շարժուձևը՝ շփոթ,
Հագին՝ դարչնագույն կոպիտ շոր,
մեկը, որ չգիտի դիմահարդարվել ու դուր գալ:

Ու թեև իմ բանաստեղծություններն անհեթեթ են զգեստներիս պես,
ապաշնորհ, ինչպես կյանքս, ինչպես ամեն բան, որ չափազանց շիտակ է ու անկեղծ:
Բայց ես այն եմ, ինչ եմ: Եվ ասում եմ մտածածս՝
մարդ չի կարող ապրել առանց վաղվա ուրախության,
մարդ չի կարող ապրել՝ դադարելով հուսալ,
դադարելով երազել, թեկուզ անիրականի մասին:
Դրա համար էլ ես խախտում եմ արգելքները բոլոր
Եվ ասում եմ այն, ինչ ուզում եմ,
ինչն ինձ լցնում է ցավով ու ուրախությամբ,
ինչն ինձ խանգարում է քնել և մահանալ:
…գարնանը բաժակիս մեջ մորու ծաղիկներ կային,
թերթիկները սպիտակ էին, երակները՝ խամրած յասաման,
հուզելու չափ կորացած, ինչպես կոպերը քո,
ու ես անզգուշորեն քո անունը տվեցի դրանց:
Աշխարհի բոլոր սիրուն բաներն եմ ուզում քո անունով կոչել.
ծաղիկները բոլոր, բոլոր խոտերը, բոլոր բարակ ճյուղերը՝ երկնքի ֆոնին,
բոլոր առավոտներն ու ամպերը բոլոր` դեղնավարդագույն եզրերով,
բոլորը, բոլորը նման են քեզ:
Զարմանում եմ՝ ոնց մարդիկ չեն տեսնում գեղեցկությունը քո,
ոնց են հանգիստ սեղմում ձեռքդ,
ախր ձեռքերը քո մարտկոցներ են երջանկության,
ու արձակում են տաքություն հազարավոր մետրերով,
ու կարող են հալեցնել այսբերգներն արկտիկական,
բայց ինձ չի հասնում դրանց հարյուրերորդ մասն անգամ:
Իմ բաժինը տառերն են ծանծաղ գորշ ծրարներում՝
չափված ու ձևված, անյուղ պահածոների պես,
չճառագող ոչինչ և ոչ մի հոտ չարձակող.
(Ես այն եմ, ինչ եմ և ասում եմ ուզածս):
…Ինչպես մեծ կինոյում, դու կիջնես էկրանից,
կանցնես սրահի միջով՝ իսկական ու շողշողուն,
կանցնես իմ միջով չհիշվող երազի պես,
ու ես չեմ լսի շնչառությունը քո:
…Քո մարմինը երևի նման է երաժշտությանը այն,
որ Բեթհովենը չհասցրեց գրել,
ոնց կուզեի այն զգալ ու լսել գիշերուզօր
ու խեղդվել նրա մեջ, ինչպես ծովի ալիքների:
(սրանք վերջին տողերն են, ու խիղճս էլ չի տանջում ոչ մի բանի համար):
Այն աղջկան եմ ասում, որ սիրելու է քեզ,
թող հատ-հատ համբուրի քո ամեն մի թարթիչը
ու չմոռանա ականջիդ ետևի փոսիկը հանկարծ:
Թող մատները նուրբ լինեն իմ մտքերի պես,
(ես այն եմ, ինչ եմ, և դա այն չի, ինչ պետք է):

…Ես կարող էի ոտաբոբիկ հասնել Բելգրադ,
ու ձյունը կծխար ներբաններիս տակ,
ու բոլոր ծիծեռնակները կգային ինձ ընդառաջ,
բայց սահմանը փակ է սրտիդ պես
վերից վար կոճկված՝ քո շինելի նման,
և ինձ չեն թողնի ներս: Այլ մեղմ ու կիրթ
կխնդրեն դառնալ ետ:
Ու եթե առաջվա պես ոչինչ հաշվի չառնեմ ու գնամ էլի առաջ,
սպիտակահեր մի ժամապահ հրացանը կպարզի,
ու ես չեմ էլ հասցնի կրակոցը լսել.
ինչ-որ մեկը կամացուկ կձայնի,
կտեսնեմ քո գունատ ժպիտը շատ մոտ,
դու առաջին անգամ շուրթերդ կհպես շուրթերիս,
բայց ես չեմ զգա, թե ինչ են զգում համբույրի վերջում:

Թարգմանությունը ռուսերենից՝ Հասմիկ Սիմոնյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *