Դորոթի Փարքեր | Վերջին թեյախմություն

Շագանակագույն կոստյումով երիտասարդը մոտեցավ սեղանին, որտեղ արհեստական կամելիայով զարդարված աղջիկն արդեն քառասուն րոպե նստած սպասում էր։
— Ուշացել եմ, չէ՞։ Կներես, որ սպասեցրի, — ասաց նա։
— Աստծու սիրուն։ Ես էլ հենց նոր հասա, մի վայրկյան առաջ։ Ողղակի առաջ ընկա ու պատվիրեցի։ Մեռնում էի մեկ բաժակ թեյ խմելու ցանկությունից։ Այնպես որ, ես ինքս էլ ուշացել եմ։ Մի րոպե էլ չկա, որ այստեղ եմ։
—Դե լավ է։ Վա՜յ, վա՜յ, այդքան շաքար մի ավելացրու։ Մի կտորը բավական է։ Էդ թխվածքն էլ մի կողմ տար։ Ահավոր է։ Սարսափելի վատ եմ։
—Լավ չես զգո՞ւմ։ Ի՞նչ է եղել, — hարցրեց աղջիկը։
—Մեռած եմ։ Ահավոր վիճակում եմ։
—Վա՜յ, խեղճ տղա։ Լավ չէս զգում, բայց եկել, հասել ես այստեղ ինձ տեսնելու։ Պետք է չգայիր, ես կհասկանայի։ Միայն պատկերացրու, այքսան վատ լինելով՝ եկել, հասել է այստեղ։
—Օ՜հ, ամեն ինչ կարգին է, — ասաց տղան։ —Միևնույնն է, այստեղ եմ, թե մի ուրիշ տեղ: Էս վիճակում, որտեղ էլ լինեմ, նույնն է: Ա՜խ, ամբողջովին սպառված եմ:
—Ինչ ահավոր է, —ասաց աղջիկը։ —Ինչ է քեզ եղել, խեղճ տղա։ Աստված իմ, հուսով եմ գրիպ չէ։ Ասում են հիմա լավ տարածված է:
—Գրի՞պ,—ասաց նա։ — Երանի թե գրիպ լիներ։ Թունավորվել եմ։ Վերջացավ, էլ երբեք չեմ խմելու։ Գիտե՞ս քանիսին եմ քնել։ Առավոտյան հինգն անց քսանին։ Բայց ի ՜ նչ գիշեր էր, ի ՜ նչ երեկո։
— Ինձ թվացել էր պետք է գրասենյակ գնայիր ու մինչև ուշ գիշեր աշխատեիր, — ասաց աղջիկը։ — Չէի՞ր ասում, որ այս շաբաթ գիշերներն էլ ես աշխատելու։
— Հա, բայց նյարդայնանում էի, որ հիշում էի պետք է էլի գնամ, գրասեղանի առաջ նստեմ ու աշխատեմ։ Մեյի մոտ էի գնացել։ Խնջույք էր կազմակերպել։ Ի դեպ, մեկը կար, որ ճանաչում էր քեզ։
—Լո՞ւրջ: Տղամա՞րդ, թե՞ կին։
—Կին, —պատասխանեց տղան։ —Անունը՝ Քերոլ Մքքոլ։ Ո՞նց մինչև հիմա չեմ իմացել նրա մասին։ Ա՜ յ թե աղջիկ եմ ասել։ Իսկական գեղեցկուհի։
—Իսկապե՞ս, —ասաց նա։ — Հետաքրքիր է, երբեք չեմ լսել, որ ինչ որ մեկը նրան սիրուն համարի։ Լսել եմ, որ ասել են, քիչ շպարված լավիկն է։ Բայց երբեք չեմ լսել, որ նրան սիրուն համարեն։
—Իրոք լավիկն է, —ասաց տղան։—Ինչ էլ սիրուն աչքեր ունի։
—Իսկապե՞ս: Չեմ նկատել, որ սիրուն աչքեր ունի։ Բայց երկար ժամանակ է, նրան չեմ տեսել։ Իսկ մարդիկ երբեմն փոխվում են։
—Ասաց, որ նույն դասարանից եք եղել։
—Ուղղակի նույն դպրոցն ենք հաճախել, —ասաց աղջիկը։ — Պետական դպրոց եմ գնացել, որովհետև այն հենց մեր տան կողքին էր։ Բացի այդ, մայրս չէր ուզում, որ փողոց անցնեի։ Բայց նա ինձնից երեք, թե չորս դասարան առաջ էր։ Ինձնից մեծ է։
—Բոլորից էլ երեք-չորս դասարան առաջ էր,—ասաց տղան։ —Էդ ո՜նց էր պարում։ Անընդհատ ասում էի, «էնքա՜ն լավն ես, էնքա՜ն կրակոտ»։ Երևի շատ ոգևորված ու խառնված էի։
—Ես էլ էի երեկ երեկոյան պարելու գնացել,—ասաց աղջիկը, — Ուոլի Դիլոնի հետ։ Գլուխս տարավ հրավիրելով։ Աստված իմ, էդ ո՜նց է պարում։ Չգիտեմ ժամը քանիսին եմ տուն հասել։ Ահավոր տեսք ունեմ, չէ՞։
—Ամեն ինչ կարգին է, —ասաց տղան։
— Ուոլին լրիվ խենթ է։ Էնպիսի բաներ էր ասում։ Գլուխն է մտցրել, որ գեղեցիկ աչքեր ունեմ, ու բոլորի մոտ դրա մասին էր խոսում։ Չգիտեի, որ կողմ նայել։ Ամոթից մեռնում էի։ Ինձ թվում էր, բոլորն ինձ են նայում։ Ամոթից կարմրել էի։ Գեղեցիկ աչքեր…չէ մի չէ։ Լրիվ գիժ է։
—Չէ, նորմալ է, — ասաց նա։ — Լսիր, էս փոքրիկ Մքքոլը կինոյում նկարվելու էնքան առաջարկ է ստացել։ Իրեն ասել եմ, «Ինչի՞ չես ընդունում»։ Բայց ասում է, որ չի ուզում։
—Երկու տարի առաջ ամռանը մի մարդու հանդիպեցի լճի մոտ։ Ինչ որ հայտնի կինոընկերությունում ռեժիսոր էր, կամ նման մի բան։ Ի՜նչ ազդեցիկ մարդ էր։ Անընդհատ ասում էր, որ պետք է կինոյում նկարվեմ։ Ասում էր, Գարբոի նման դերեր կխաղամ։ Ծիծաղում էի ասածների վրա, պատկերացնո՞ւմ ես։
— Միլիոն հատ առաջարկ ունի։ Ասացի, որ պետք է ընդունի դրանք։ Անընդհատ առաջարկներ է ստանում։
—Իսկապե՞ս, —ասաց աղջիկը։— Լսիր, հիշում էի, որ մի բան պետք է հարցնեմ քեզ։ Երեկ գիշերն ինձ զանգե՞լ ես։
—Ե՞ս։ Չէ, չեմ զանգել։
—Մայրս ասաց, երբ տանը չէի ինչ որ տղամարդ անընդհատ զանգում էր, —ասաց նա։ — Ինձ թվաց, դու ես եղել։ Հետաքրքիր է՝ ով է եղել։ Լավ, ոնց որ հասկացա ով է։ Այո, նա է։
—Չէ, չեմ զանգել, —ասաց տղան:—Երեկ գիշերը հեռախոս անգամ ձեռքս չեմ վերցնել։ Ի՜նչ վատ էի առավոտյան։ Ժամը տասի կողմերը զանգեցի Քերոլին։ Ասաց, որ իրեն հրաշալի է զգում։ էդ աղջիկը գիտի ոնց պետք է խմել։
—Մի հետաքրքիր բան ասեմ իմ մասին: Մի տեսակ սիրտս խառնում է խմող աղջիկներից։ Էդքան էլ դեմ չեմ, որ տղամարդն է խմում, բայց ահավոր է երբ աղջիկն է հարբում։ Չգիտեմ, ես էլ էդպիսին եմ։
—Խմում է, իսկ հաջորդ օրն իրեն հրաշալի է զգում։ Ի՜նչ աղջիկ եմ ասել։ Էդ ի՞նչ ես անում։ Էլ թեյ չեմ ուզում, շնորհակալ եմ։ Ես թեյ խմող տղա չեմ։ Էս թեյարաններից նյարդայնանում եմ։ Մի հատ էն ծեր կանանց նայիր, ու հերիք է, որ նյարդայնանաս։
—Դե իհարկե, եթե նախընտրում ես խմելու գնալ չգիտեմ ինչ մարդկանց հետ, ես ոչինչ չեմ կարող անել, —ասաց աղջիկը։— Գիտե՞ս ինչքան մարդ է ինձ թեյի հրավիրում։ Չես էլ պատկերացնի, թե քանի հոգի է զանգում ու խնդրում, որ թեյ խմելու գնանք։ Այո, շատերն են։
—Լավ, լավ, բայց հիմա այստեղ եմ, չէ՞: Մի բորբոքվի՛ր։
—Կարող եմ բոլորին թվարկել, —ասաց աղջիկը։
—Լավ, ի՞նչ կարիք կա կռիվ անելու։
—Աստծու սիրուն, իմ գործը չէ, թե ինչ ես անում։ Ուղղակի նյարդայնանում եմ, որ ժամանակդ վատնում ես մարդկանց վրա, որոնք քեզ արժանի չեն։ Այդքան բան։
—Անհանգստանալու կարիք չկա, —ասաց նա։ —Ինձ մոտ ամեն ինչ կարգին է։ Մի՛ անհանգստացիր։
—Ուղղակի չեմ ուզում, որ ժամանակդ վատնես։ Գիշերները չքնես, հաջորդ օրն էլ էս վիճակում լինես։ Մոռացա էլ հա, որ հիվանդ ես։ Ինչ վատն եմ, չէ՞։ Հանդիմանում եմ քեզ՝ մոռանալով, որ լավ չես զգում։ Խեղճ տղա։ Ո՞նց ես հիմա։
—Լավ եմ, —ասաց տղան։—Ուրիշ ինչ որ բան կուզե՞ս, թե՞ հաշիվը խնդրենք։ Մինչև ժամը վեցը պետք է մեկին զանգեմ։
—Իսկապե՞ս։ Քերոլի՞ն ես զանգելու։
— Ասաց հնարավոր է էս կողմերում լինի։
— Հանդիպելո՞ւ եք երեկոյան, — հարցրեց նա։
—Հենց զանգեմ, կասի։ Երևի միլիոն հատ ժամադրության առաջարկ ունի։ Ինչո՞ւ ես հարցնում։
— Ուղղակի հետաքրքիր էր,—ասաց աղջիկը։—Աստված իմ, պետք է վազեմ։ Պետք է Ուոլիի հետ ընթրեմ։ Երևի արդեն սպասում է։ Լրիվ գիժ է։ Հարյուր անգամ զանգել է էսօր։
—Մի րոպե սպասի՛ր, հաշիվը փակեմ, —ասաց տղան։ —Քեզ էլ մինչև կանգառ կճանապարհեմ։
—Մի՛ անհանգստացիր, կանգառը խաչմերուկում է։ Լավ, պետք է վազեմ։ Երևի դու էլ ցանկանում ես մնալ ու այստեղից ընկերոջդ զանգել, չէ՞։
—Լավ միտք է, —ասաց նա։—Իրոք մենակ կգնա՞ս։
—Իհարկե, —պատասխանեց աղջիկը։ Շտապելով՝ սեղանից վերցրեց ձեռնոցն ու դրամապանակը ու կանգնեց։ Տղան թեթևակի տեղից վեր կացավ, երբ աղջիկը կանգնեց կողքին։
—Ե՞րբ կտեսնեմ քեզ, —հարցրեց աղջիկը։
—Կզանգեմ քեզ, — պատասխանեց նա։ —Էնքան զբաղված եմ հիմա․․․աշխատանքն ու մնացած ամեն ինչ: Այնպես որ, ես քեզ կզանգեմ։
—Անկեղծ ասած այնքան հանդիպումներ ունեմ։ Ահավոր է։ Չգիտեմ, երբ ազատ ժամանակ կունենամ։ Բայց դու զանգի՛ր։ Կզանգես, չէ՞։
—Կզանգեմ, —պատասխանեց նա։—Լավ մնա։
—Դու էլ քեզ լավ նայիր։ Հուսով եմ շուտ կլավանաս։
—Օ՜, ես լավ եմ, —պատասխանեց տղան, —արդեն վերակենդանանում եմ։
—Կասես ինձ ինչպես ես, —ասաց աղջիկը, —կասես, չէ՞։ Լավ, առայժմ։ Լավ երեկո եմ մաղթում։
—Շնորհակալ եմ։ Ես էլ քեզ եմ լավ օր մաղթում։
—Օ՜, իհարկե, —պատասխանեց աղջիկը։ —Հուսով եմ, այդպես էլ կլինի։ Լավ, պետք է վազեմ։ Տես հա, արդեն մոռանում էի։ Շատ շնորհակալ եմ թեյի համար։ Հիանալի էր։
—Արի ձևականությունների հետևից չընկնենք, լավ՞, — ասաց նա։
—Բայց իսկապես հիանալի էր, — ասաց աղջիկը, —լավ, չմոռանաս զանգել ինձ։ Չես մոռանա, չէ՞։ Լավ, առայժմ։
—Առայժմ։
Աղջիկը շարունակեց քայլել՝ անցնելով կապույտ ներկված սեղանների փոքրիկ շարքի միջով։

Թարգմանությունը անգլերենից՝ Լիլիթ Գասպարյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *